вторник, 1 октября 2013 г.

“Արվեստ և շոկոլադ” նախագիծը Շոկոլադե տնակում



Կիևում գտնվող “Շոկոլադե տուն” արվեստի կենտրոնում այսօր հավաքվել էին շոկոլադի բոլոր սիրահարները: Նրանց համախմբել էր մեկ ընդհանուր “համեղ վերնագիրը”` Արվեստ և շոկոլադ: Այս անգամ միջոցառման լեյտմոտիվը Մարիաննա Աբրամովայի “Ազատության ներկապնակ” ամենամյա հեղինակային ծրագիրն էր: Մարիաննա Աբրամովան Ուկրաինայի Նկարիչների միության անդամ է, հանդիսանում է “ArtLine” նախագծի գեղարվեստական մասի տնօրենը: Նրա աշխատանքները գտնվում են Ուկրաինայի, Սլովակիայի, Շվեյցարիայի, Չեխիայի, Ավստրիայի ու Իտալիայի տարբեր թանգարաններում:

  

Արդեն քանի տարի է, ինչ   “Ազատության ներկապնակ” արտ-նախագիծը Յալտայում միավորում է աշխարհի տարբեր երկրներ ներկայացնող տաղանդավոր նկարիչների: Այստեղ անց է կացվում պլեներ-սիմպոզիում, որի ընթացքում մասնակիցները ստեղծում են իրենց նկարները: Պլեները նկարչության այն ձևն է, երբ նկարները ստեղծվում են տեղում, բաց երկնքի տակ: Ամեն տարի միջոցառման շրջանակներում “ԱրտԼայն” կենտրոնը վաճառքի է հանում իր միջազգային հավաքածուի մի մասը: Միշտ ընտրվում է սոցիալական մի ակտուալ թեմա, որը լուծելուն էլ ուղղվում է վաճառքի արդյունքում գոյացած հասույթը:   Այս անգամ կազմակերպությունը որոշել է գումարը տրամադրել “Շոկոլադե տուն” արվեստի կենտրոնի վերանորոգման աշխատանքներին:        
Շոկոլադե տունը գտնվում է Շելկովիչնայա փողոցում: Այն եղել է հայտնի վաճառական ու մեկենաս Սիմյոն Նիկոլաևիչի առանձնատունը, կառուցվել է 1901թ.: “Շոկոլադե տուն” կոչվել է շոկոլադի նման գույնի և ֆասադների հարուստ զարդանախշերի համար: Այն երկհարկանի կառույց է, ունի բավականին բազմատարր ինտերիեր: Յուրաքանչյուր սենյակ կառուցվել է ինչ-որ մի ժամանակաշրջանում, ըստ դարաշրջանի անվանման էլ կոչել են արվեստի կենտրոնի սենյակները` Վերածննդի, Մոդեռն, Բյուզանդական, Մավրիտանական, Ֆրանսիական, Ռոկոկկո և այլն:
2010 թվականից “Շոկոլադե տունը” կիևցիների առջև բացել է իր դռները որպես մանկական պատկերասրահ: Այն հանդիսանում է Կիևի ռուսական արվեստի ազգային թանգարանի մասնաճյուղ: Այժմ այստեղ անցկացվում են գեղարվեստական ցուցահանդեսներ, դասական երաժշտության համերգներ, մանկական տոներ, երեխաների և մեծահասակների համար արվեստի պատմության վերաբերյալ դասախոսություններ և այլ հետաքրքիր մշակութային միջոցառումներ:
“Արվեստ և շոկոլադ” ցուցահանդեսին ներկայացված էին Լեհաստանից, Ռումինիայից, Մարոկկոյից, Իտալիայից,  Վենգրիայից, ԱՄՆ-ից, Իռլանդիայից և այլ երկրներից եկած արվեստագետների աշխատանքներ:   
Ցուցահանդեսն ընդհանուր առամբ իրենից ներկայացնում է էքսպո-վաճառք, որի արդյունքում տարածքը, որտեղ ներկայացված են աշխատանքները, ունենալու է նոր տեսք:  Ցուցահանդեսին ներկա էին Ուկրանիայում Եվրոխորհրդի ներկայացուցիչներ, տարբեր երկրների դեսպանատների անդամներ, Մշակույթի նախարարության կազմից անդամներ, տարբեր արվեստագետներ, դիզայներներ, լրագրողներ և լուսանկարիչներ: Ցուցահանդեսը ևս մեկ անգամ փորձ էր ապացուցելու, որ մշակութային  կենտրոնները, որոնք հանդիսանում են պետության դեմքը, պահպանել և հարկ եղած դեպքում վերանորոգել է պետք…

Գոհար Նավասարդյան
ԵԳՊԱ ԳՄ արվեստաբանության բաժին, 4-րդ կուրս