Եթե Վինսենտ վան Գոգը իր ականջը չկտրեր, հնարավոր է այսքան
հայտնի չլիներ, մինչդեռ կտրել է ոչ թե ականջը, այլ ծայրը … Եթե իր
“Կարտոֆիլ ուտողները” կամ “Արևածաղիկները” չնկարեր, դարձյալ հայտնիության
աստիճանը կնվազեր… Նա հայտնի է անկախ ամեն ինչից:
Մեծ հոլանդացին վրձնել է ավելի քան 2000 ստեղծագործություններ` սրանց
հետ մեկտեղ "նկարելով" իր բոլորիս հայտնի, բայց և թաքուն կյանքի
պատմությունը … Տաղանդավոր այս նկարիչը մեծ դեր ունեցավ Նոր ժամանակների
նկարչության սկզբնավորման մեջ, դարձավ էքսպրեսիոնիստների վառ
ներկայացուցիչներից մեկը:
Վան Գոգ-Փարիզի տանիքները |
Վան Գոգի նկարները բացի թանգարաններից պահվում են նաև տասնյակ մասնավոր
հավաքածուներում, ուստի հազվադեպ են ցուցադրվում: Սրանք մեկտեղ հավաքելը
բավականին բարդ է, ցուցադրելն ու ցուցահանդեսը համադրելը` առավել ևս:
Այսօր հոլանդացու` հանրությանը պակաս ծանոթ նկարները ցուցադրվեցին
Լոնդոնյան Eykyn Maclean մասնավոր պատկերասրահում: Ցուցահանդեսը կրում է
“Վան Գոգը Փարիզում” խորագիրը: Ներկայացված էին նաև նկարչի ընկերների`
Կամիլ Պիսարոյի, Կլոդ Մոնեի, Անրի Թուլուզ-Լոտրեկի և Պոլ Գոգենի կտավները:
Կամիլ Պիսարո-Մոնմարտր.Կեսօրից հետո |
Ցուցահանդեսի համադրողը Նիկոլաս Մակլինն է: Նա մի հարկի տակ է հավաքել
29 աշխատանքներ, որոնց մեծ մասը հավաքածուներում գտնվող գործեր են:
Ցուցահանդեսը նպատակ ունի ներկայացնել հանրությանը նկարչի այն
աշխատանքները, որոնք Վինսենտը նկարել է իմպրեսիոնիստների ու
ավանգարդիստներից ազդվելով:
Վան Գոգ-Կոշիկների զույգ |
Այդ պատճառով էլ նկարները ցուցադրվում են “Վան Գոգը Փարիզում” անվան
տակ, քանի որ ստեղծագործական այս շրջանն անց է կացել հենց Ֆրանսիայի
մայրաքաղաքում /1886-88թթ./: Սրանք դժվար տարիներ էին նկարչի համար, ներքին
խռովքի, հուզականության ու ինքնամփոփ տարիներ: Այս ընթացքի
տրամադրությունները լավագույնս արտահայտում է նրա "Կոշիկները" կտավը:
Սակայն մռայլ գույները ժամանակավոր էին, վան Գոգը դեռ նոր է ապրելու իր
կյանքի և ստեղծագործության զարթոնքը: Շուտով կտավներում գերակշռելու են վառ
և մաքուր գույները: Նկարիչը Փարիզում կատարելագործվում է և մեկնում
այնտեղից աշխույժ գունաշարով ու պայծառ տրամադրությամբ:
Պոլ Գոգեն-Երազ |
Արվեստի գործերը ցուցադրված են երկու սրահներում, որոնցից մեկում
ճապոնական գրավյուրաներ են: Ի դեպ, Վան գոգը մեծ սեր ուներ դեպի
փորագրությունը: Հատկապես նրան գրավում էին ճապոնական
փորագրանկարչությունները, որոնք բազմազան էին ինչպես իրենց գունաշարով և
թեմատիկայով, այնպես էլ տեսակներով /բիձին-գա /գեղեցիկ կանայք/, յակուսյա-է
/թատրոնի դերասաններ/, սյունգա /էրոտիկ գրավյուրաներ/, կատյո /թռչուններ/,
ֆուկեյ-գա /բնանկարներ/, մուսյա-է /սամուրայներ/, օկուբի-է, սումո-է
/ըմբշամարտիկներ/ և այլն…/:
Անրի Տուլուզ-Լոտրեկ-Ժաննա Ավրիլ |
Վան Գոգն ուներ ճապոնական տպագրությունների մի ամբողջ հավաքածու, որոնք
ներառում էին ավելի քան 10 տարատեսակներ: Հիշեցնենք, ցուցահանդեսը
հանդիսատեսի համար բաց կլինի մինչև նոյեմբերի 29-ը:
Նավասարդյան Գոհար
աղբյուրը` http://henaran.am/index.php