понедельник, 23 сентября 2013 г.

Լիաննա Մակարյանի քանդակների աշխարհը


Դեռ 16-րդ դարից սկսած տեսաբանները իրենց ժամանակակից արվեստագետների մասին հանրությանը տեղեկություններ էին տալիս կարճ նկարագրությունների կամ արձակ աշխատությունների միջոցով: Այս կերպ հայտնի էր դառնում թե՛ արվեստագետը, որի մասին գրվում էր, թե՛ արվեստաբանը, արվեստի պատմաբանը, որը տալիս էր տվյալ արվեստագետի մասին կենսագրական տեղեկություններ և ստեղծագործության ընդհանուր բնութագիր: Պատմության մեջ առաջին հայտնի տեսաբանը Ջորջո Վազարին է` իր “Կենսագրականներ” աշխատությունով, որտեղ անդրադառնում է 14-16-րդ դարի արվեստի ներկայացուցիչներին: Նա առաջինն էր, որ արվեստը սահմանեց որպես պատմական իրադարձություն, այսինքն` արվեստը դարձրեց պատմության մի մաս կամ “առանձին պատմություն”…
Վազարիով հիմք դրվեց նկարիչների, քանդակագործների կենսագրականներ գրելուն, ավելի ուշ ձևավորվեց նաև արվեստի գործերի շուրջ վերլուծական, քննադատական հոդվածներ գրելը /արվեստի առաջին քննադատը Դենի Դիդրոն է /18-րդ դար//, ինչը զարգանալով հասել է մինչև մեր օրերը…
Դե եսիմ-ը սկսում է նոր բաժին` “Մեր օրերի արվեստագետները” խորագրով: Նախորդ դարերի արվեստի ներկայացուցիչների մասին ժամերով կարող ենք խոսել, վերլուծել նրանց աշխատանքները, նշել թերություններն ու ընդգծել առավելությունները, սակայն նրանցից յուրաքանչյուրի մասին արդեն իսկ խոսել են իրենց ժամանակի տեսաբանները, յուրաքանչյուր արվեստագետի քննադատել է իր ժամանակի քննադատը: Խոսվել է նաև այդ արվեստագետների մահվանից հետո, նրանց թողած ստեղծագործական ժառանգությունը արվեստի պատմաբանների կողմից  վերլուծվում ու ուսումնասիրվում է մինչև օրս. սակայն արդյո՞ք նոր խոսք կա ասելու, մի՞թե ամեն ինչ արդեն ասված չէ….
Հետևելով Վազարիի օրինակին` ներկայացնենք մեր ժամանակակիցներին: Խոսքը ոչ միայն ժամանակակից արվեստով զբաղվողների մասին է, այլև մե՛ր օրերի արվեստագետի: Առաջին անդրադարձը պատմում է ծնունդով գյումրեցի երիտասարդ քանդակագործ Լիաննա Մակարյանի մասին, ում աշխատանքները շնչում են թարմությամբ, կանացի են, նուրբ, դիտողին միանգամից հիշեցնում են “քանդակագործուհու” մասին, բայց իրենց կատարման վարպետությամբ չեն զիջում և ոչ մի քանդակագործի քանդակներին: 
Պար
Լիաննա Մակարյանը ծնվել է 1989թ. Գյումրիում, նկարել սկսել է վաղ հասակից: Բարձրագույն կրթություն ստացել է Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղում, սովորել է քանդակի բաժնում` Զավեն Կոշտոյանի ղեկավարած կուրսում: Ակադեմիայում ուսանելուն զուգընթաց աշխատել է  Ս. Մերկուրովի անվան նկարչական դպրոցում` որպես քանդակի ուսուցիչ:Այժմ Լիաննան ուսանող չէ, դասավանդում է նկարչական դպրոցում` աշակերտներին փոխանցում իր գիտելիքներն ու արվեստի հմտությունները:
Լիաննա Մակարյանի առաջին անհատական ցուցահանդեսը բացվել է 2005թ. մայիսին 41 կրթարանում: Ցուցահանդեսին ներկայացվել են հիմնականում գրաֆիկական և գեղանկարչական աշխատանքներ:  <<Փոքր ժամանակ ինձ որ հարցնում էին, թե ինչ պիտի դառնամ, ասում էի <<հայտնի նկարչուհի>>, որովհետև շատ էի սիրում նկարել. նկարում էի առանց հանգստանալու, առանց հոգնելու…>>,-ասում է երիտասարդ արվեստագետը, ով իր առաջին ցուցահանդեսին գյումրեցի շատ արվեստագետների կողմից լսել է ընդամենը մի խորհուրդ` շարունակել ճանապարհն արվեստում: Խորհրդին 15-ամյա աղջիկը հետևել է, արդյունքում դարձել Գյումրիի եզակի կին քանդակագործներից մեկը:
Մի մարմին
Լիաննան շարունակ նկարում էր, կիրառում գեղարվեստական նոր միջոցներ, իր համար բացահայտում գույների աշխարհը: Մատիտն ու ներկապնակը գրավեցին աղջկան այնքան ժամանակ, մինչև տարվեց հոր արվեստով. <<Հայրս քանդակագործ է, միշտ նայում էի իր քանդակներին, խաչքարերին, հետևում աշխատանքային պրոցեսին, մի փոքրիկ կավի կտոր էի փախցնում ու սկսում ձև տալ անշունչ կավին. այն ստանում էր մի ձև, որը ես էի նրա համար որոշում. դա ինձ դուր էր գալիս,-իր մտքերով կիսվում է Լիաննան,-քանդակագործության մեջ առաջ գնալուս նպաստեց քանդակագործ Զավեն Կոշտոյանը: Նա մեծ դեր ունեցավ ապագայիս հարցում: Նրա խորհրդով, հայրիկիցս ժառանգած շնորհքով որոշեցի ընդունվել քանդակի բաժին: Մինչ այդ միայն նկարում էի, քանդակագործ դառնալու մասին չէի մտածում: Ակադեմիայում էլ հեշտ չեղավ, միշտ տղաների հետ էի, բայց չէի ուզում զիջել նրանց: Հետո ինքս իմ մեջ ուժ գտա, հասկացա, որ կավը սեռ չի հարցնում>>:
Լիաննայի ստեղծագործական թեմաները տարբեր են`  մարդկային ֆիգուրներից մինչև կենդանիներ, սիրուց մինչև ատելություն ու մերժում, տարբեր զգացմունքներ ու զգացումներ: Գերակշռող թեմա չկա: Ստեղծագործական ոճերը ևս այս քանդակագործի մոտ բազմազան են: Գերակշռում են ռեալիստական քանդակները, սակայն կան նաև աբստրակտ քանդակներ:  Թե' կիրառած տեխնիկաները, որոնք համապատասխանաբար հաջորդում են մեկը մյուսին, թե' ոճերն ու թեմաները, ամեն ինչ  համազոր է, զարգանում է հավասարաչափ:

<<Մերժում>> քանդակում հեղինակը քանդակել է երիտասարդ զույգերի, տղան փորձում է համբուրել, բայց աղջիկը մերժում է թե՛ համբույրը, թե՛ տղայի սերը:
Յուրօրինակ նրբությամբ է աչքի ընկնում <<Զգուշություն>> քանդակը, որի պլաստիկան, կերպարի կեցվածքը ասես զգացնել են տալիս, որ քանդակի հեղինակը կին է:
<<Պար>> քանդակում քանդակագործը փորձել է  ցույց  տալ սպորտային պարերի և դասական բալետի միաձուլումը: Այսպես է ամենուրեք, կյանքն իր պրոգրեսիվ ընթացքն առաջ է տանում հակադրությունների միջոցով. ավանդականի կողքին միշտ ժամանակակիցն է, հնի կողքին` նորը:
Մերժում
Դժվար չէ կռահել, թե ով է Լիաննայի սիրած քանդակագործը. <<Ես պաշտում եմ Կլոդելին...նա յուրահատուկ է իր արվեստում: Որպես կին ուժեղ է, տաղանդավոր, բայց և դժբախտ: Կին քանդակագործները քիչ են, Կլոդելն է, Մուխինան, նրանք են հայտնի: Ռոդենին էլ եմ սիրում, բայց Միքելանջելոն հանճարի գագաթնակետն է>>,-մեզ հետ զրույցում նշեց Լիաննան:

Ուսանողական տարիներին Լ. Մակարյանը մասնակցել է մի շարք խմբակային ցուցահանդեսների ինչպես Գյումրիում, այնպես էլ Երևանում: Երկրորդ անհատական ցուցահանդեսը բացվեց 2009թ. Գյումրու Ս. Մերկուրովի անվան նկարչական դպրոցում: Ցուցահանդեսի առանցքում քանդակներ ու գրաֆիկական աշխատանքներ էին:
2012թ.  Հայաստանի նկարիչների միությունում երիտասարդ արվեստագետը մասնակցեց  միության 80-ամյա հոբելյարին նվիրված ցուցահանդեսին` “Թավջութակահարը” աբստրակտ ոճի քանդակով, որը ցուցադրվեց մի շարք հայտնի քանդակագործների աշխատանքների կողքին:
Թավջութակահարը
2013թ. Գյումրին ԱՊՀ մշակութային մայրաքաղաք հռչակվելու շրջանակներում Լիաննան մասնակցություն ունեցավ <<Երբ հանդիպում են արվեստի ճյուղերը>> ցուցահանդես-համերգին, որի ժամանակ  քանդակները կարծես ձուլվել էին երաժշտության հետ: Այժմ քանդակագործը պատրաստվում է անհատական նոր ցուցանդեսի: 
 
  Լիաննայի գեղանկարչական աշխատանքներից.
Սոս Սարգսյան, Մհեր Մկրտչյան
<<Երբ ավարտում եմ քանդակս ու տեսնում, որ ստացվել է, հաճույք եմ ստանում: Թերություններ միշտ էլ կան, բայց չեմ նեղվում. հակառակը, դրանք ինձ առաջ գնալու ուժ են տալիս: Եթե շտկելու բաներ կան, ուրեմն միշտ առաջընթաց կա: Կավը սիրում է, երբ իր հետ աշխատում են: Միայն շատ աշխատելուց հետո է այն մշակվում: Կավը քանդակագործին է հղկում, քանդակագործը` կավին...>>,-այսպես եզրափակեց իր խոսքը երիտասարդ քանդակագործը:
Այո, կավն իրոք քանդակագործի սեփականությունն է, ներքին խոհանոցը, որը ձև ստանալուց հետո դառնում է բոլորի սեփականությունը: Այն ցուցադրվում է, մտնում թանգարաններ, հանրային տարածք: Կավի հետ աշխատել կարող են բոլորը` առանց տարիքի, սեռի խտրականության: Իսկ երիտասարդ արվեստագետները, որոնց կարիքը Հայաստանն իրոք ունի, էլ ավելի են զարգացնում քանդակագործությունը` հասցնելով այն բարձր մակարդակի: Գյումրին ևս ունի երիտասարդ մտածողների կարիք, ովքեր ներկայացնում են իրենց փոքրիկ քաղաքը Հայաստանում և դրա սահմաններից դուրս:

Գոհար Նավասարդյան
ԵԳՊԱ ԳՄ արվեստաբանության բաժին
4-րդ կուրս