пятница, 5 сентября 2014 г.

Սալվադոր Դալի. Քաղաքացիական պատերազմի կանխագուշակումը



1956 թվականի Փարիզում լույս տեսավ մի գիրք` «Рогоносцы старомодного современного искусства» վերնագրով: Գրքի առաջին էջին գրված էր «Ավիդադոլլարս»`   բաղկացած Սալվադոր Դալիի անվան և ազգանվան խառը տառերից: Այս մականունը նկարչին տվել էր մեկ այլ սյուրռեալիստ` Անդրե Բրետոնը: Բառացի թարգմանաբար այն  նշանակում է «жадный до долларов»:
Ինքն իր մասին Դալին ասել է` «Դեռ պատանի հասակում, երբ իմացա որ Միգել դե Սերվանտեսը, գրելով իր անմահ «Դոն Կիխոտը», մահացել է ծայրահեղ աղքատության մեջ, և Կոլումբոսը, Նոր աշխարհ հայտնաբերելով, նույնպես մահացել է աղքատ վիճակում, ես որոշեցի  լսել իմ զգուշության ձայնին, որը ինձ  խորհուրդ էր տալիս  որքան հնարավոր է շուտ գոնե մուլտիմիլիոնատեր դառնալ»: Միգուցե այս և այլ էքստրավագանտ հայտարարությունների իմաստն այն էր, որ նկարիչը հասարակության ուշադրությունը կենտրոնացնի իր վրա… Պետք է խոստովանել, որ դա նրան հաջողվեց:  Դեռ երեսուն տարի առաջ նրա մասին գրում էին որպես  մի անձնավորության, ով ատում էր դատարկությունը իր բոլոր դրսևորումներով: Որպես մի մարդու, ով կախվածություն ուներ ճանաչված լինելուց, որպես սյուրռեալիզմի խոշորագույն ներկայացուցչի:
Եվ իրոք, իսպանացի մեծ սյուրռեալիստի համբավը տարածվեց լեգենդներով և բնութագրվեց տարբեր եզրույթներով` միստիկ, սկանդալային, հանելուկային, փիլիսոփայական, որոնցից յուրաքանչյուրին էլ Դալիի արվեստը բնորոշ է:
Սալվադոր Դալի. Քաղաքացիական պատերազմի կանխագուշակումը.
կտավ, ուղաներկ. 100×99, Ֆիլադելֆիայի Գեղարվեստի թանգարան
Ամեն ինչ սկսվես նրանից, որ նա դեռ փոքր տարիքից իրեն հանճարեղ նկարիչ ճանաչեց` չհուսահատվելով անգամ այն փաստից, որ իրեն դուրս արեցին Մադրիդի Սան Ֆերնանդո ակադեմիայից: Սալվադորը համոզված էր, որ գերազանցել է անգամ իր ուսուցիչներին: Ստեղծագործական կյանքի սկզբում ազդեցություն կրելով իմպրեսիոնիզմից և կուբիզմից, հետագա գործունեության ընթացքում Դալին կողմնորոշվում է դեպի սյուրռեալիզմը: Սյուրռեալիզմը` ֆրանսերեն surrealisme` գերիրական բառից, առավել շատ էր համապատասխանում նկարչի փիլիսոփայական հայացքներին: Եվ իզուր չէ նա ասել` «Սյուրռեալիզմը ես եմ» 
Սալվադոր Դալին, հիրավի, ողջ աշխարհում  ճանաչվեց  սյուրռեալիզմի առաջնակարգ վարպեստ: Նրա ստեղծագործությունները ապշեցնում էին ոչ միայն քննադատներին, այլև նկարիչ ընկերներին: Ամեն ինչում նա տեսնում էր արվեստի կերպար, և ցանկացած սովորական առարկա կարող էր դարձնել երևակայության աղբյուր: Շատ հաճախ, անգամ չհասկանալով թե ինչ միտք է ցանկացել փոխանցել իր նկարով հեղինակը, դիտորդները պարզապես շատ երկար ժամանակ մնում էին դրա ազդեցության տակ:


Այժմ անդրադառնանք Դալիի ամենահայտնի ստեղծագործություններից մեկին` «Քաղաքացիական պատերազմի կանխագուշակումը» (իսպ.` Premonición de la Guerra Civil): Աշխատանքն այլ կերպ անվանում են նաև «Եփված լոբով փափուկ կոնստրուկցիա» (Мягкая конструкция с варёными бобами): Կտավը ստեղծվել է 1936 թվականին: Երբ Իսպանիայում սկսվեց քաղաքացիական պատերզամը, Դալին ընտրեց ֆալանգիստների կողմը: Նա գեներալ Ֆրանկոյի մեջ տեսնում էր քաղաքագետի, ով կարող էր ժողովրդին առաջնորդել այնպես, ինչպես ոչ մի կառավարիչ: Բայց ինչպես ասել է Ռոժինը`  «Դալիի մեկնաբանությունները ամեն ինչի և ոչ մի բանի մասին պետք չէ միշտ բառացի հասկանալ»: Նրա հակասական բնավորությունը հատկապես արտահայտիչ է, երբ նա մի ձեռքով մասնակցում է քաղացիական պատերազմին, մյուսով ստեղծում իր ամենահայտնի և ամենյուրահատուկ աշխատանքներից մեկը:
Իսպանիայի տեղադրվածությունն ու Դալիի ֆիգուրների դիրքը



Եվ իրոք, երկու մեծ կերպար` դեֆորմացված, մարմնի մասերի մուտացիայի ենթարկված ձևերով, որոնցից մեկը նման է ցավից գոռացող և աղավաղված մարդկային դեմքի, իսկ մյուսը  անհասկանալի տեղից դուրս եկող և անորոշության մեջ ջղաձգված ձեռքերի: Նրանք կարծես պայքարի մեջ են իրար հետ: Ըստ երևույթին, ֆիգուրներից մեկը մարմնավորում է Երկրորդ Իսպնական Հանրապետությունը, մյուսը` ընդդիմությունը, որի կողմնակիցն էր ֆաշիստական Իտալիան: Եվ, քանի որ պատերազմում հաղթանակ տարան վերջիններս, ուստի վերևի ֆիգուրը հենց խորհրդանշում է նրանց:

 Կոմպոզիցիայի կենտրոնում պատկերված ֆիգուրներն իրենց դիրքով խորհրդանշում են Իսպանիան: Եթե ուշադիր նայեք աշխարհագրական քարտեզին, Իսպանիան իր տեղադրվածությամբ համապատասխանում է Դալիի պատկերած ֆիգուրների օրինաչափություններին
Այս կերպարները պատկերված են սովորական իսպանական բնապատկերի ֆոնին: Հեռվում` լեռների մոտ երևում են քաղաքային տեսարաններ:  Հորիզոնի ցածր գիծը ավելի է շեշտում առաջին պլանում պատկերված կերպարների լարվածությունը: Երկնքի ամպերը` իրենց անհանգիստ շարժումով էլ ավելի են ըդգծում մարդկային կրքերը, որ բնորոշ են այս երկու կերպարներին: 
 Կտավը չափսերով շատ մեծ չէ, բայց այն ընդունակ է ահռելի ազդեցություն թողնել դիտորդի վրա` շնորհիվ իրական բնության և մուտանտ-կերպարների զուգորդման: Կոմպոզիցիայի ձախ կողմում մարդկային մի ռեալիստական ֆիգուր է` հիմնական կերպարներից խիստ տարբերվող: Սա, հնարավոր է մարդկությունն է, որն ասես խոնարհված է պատերազմի առաջ, մյուս կողմից ես նմանեցնում եմ վան Գոգին... նայեք ինքներդ.
Հատակին լոբու հատիկներ են թափված: Ինչպես նշեցինք նախորդիվ, ստեղծագործությունն անվանում են նաև «Եփված լոբով փափուկ կոնստրուկցիա»: Այսինքն, հատակի լոբիները պատահական չեն: Հնարավոր է, որ փափուկ կոնստրուկցիան հենց ֆիգուրներն են, իսկ լոբին, որ գրեթե չի երևում, ուղղակի կոմպոզիցիայի բաղկացուցիչ  մաս է: Սակայն, նկարի աբսուրդն էլ կայանում է հենց նրանում,թե ինչ կապ ունեն իրար հետ մերկ ֆիգուրները, պատերազմն ու լոբին...Սա Դալիի սյուրռեալիզմն է, որը, թերևս, ոչ ոք հասկանալ չի կարող...
Լոբու հատիկները. ֆրագմենտ
Հակապատերազմյան այս աշխատանքը միաժամանակ և´ սարսափ է հաղորդում, և´ զզվանք, որով նա արթնացնում է մարդկային գիտակցությունը, մերկացնում իրականությունը անիրական կերպարներով:
Ինքը` նկարիչը, ասել է «Սրանք ուղղակի իսպանական պատերազմի հրեշները չեն, առհասարակ պատերազմի հրեշներն են»:

Նյութը պատրաստեց Անետ Ռիդլը

Комментариев нет:

Отправить комментарий