понедельник, 12 ноября 2012 г.

20-րդ դարի հանճար-խելագարի՝ Գաուդիի իրական ավազե դղյակը' Բարսելոնայի հրաշքը. Սագրադա Ֆամիլիա



Գաուդիի ստեղծագործություններում անսանձ երեւակայությունը միահյուսվել է մաթեմատիկական նուրբ հաշվարկներով, կարողությամբ  եւ շինարարական նորագույն նյութերով էքսպերիմենտ անելու ցանկությամբ: Նա սկսել է շինարարությունը՝ չունենալով պատրաստի գծագրեր: Քանի որ յուրաքանչյուր պատրաստի կառույց Գաուդին համարում էր կենդանի էակ, ապա հավատում էր, որ իր յուրաքանչյուր շինությանը անհրաժեշտ է հասակի ազատություն: Նա համարյա երբեք չի աշխատել գծագրողների հետ: Իրենից հետո Գաուդին չի թողել ոչ մի գծագիր: Նա շատ ընկերներ չուներ: Նրա կյանքի շատ հանգամանքներ մինչեւ այսօր էլ պարզված չեն: Իսկ ի՞նչ են ասում Գաուդիի մասին կատալոնացիները.  նրանք  Գաուդիին աստվածացնում են:
    
    Անտոնիո Գաուդիի ամենագլխավոր նպատակը, գայթակղությունը, ցավը եւ խնամքը «Սուրբ ընտանիքի» տաճարն է՝ «Սագրադա Ֆամիլիան»: Այն գտնվում է Բարսելոնի Էշամպլե թաղամասում: Տաճարի շինարարությունը սկսվել է 1882թ. մասնավոր նվիրատվություններով: Առաջին նախագծի հեղինակը ճարտարապետ Դել Վիլյարն էր, որը շուտով թողեց նախագիծը պատվիրատուների հետ ունեցած անհամաձայնության պատճառով, եւ որի փոխարեն 1883թ. վերջում հրավիրվեց Անտոնիո Գաուդին, ով զգալիորեն փոխեց սկզբնական նախագիծը: Նախաձեռնողների որոշմամբ տաճարի շինարարության ֆինանսական աշխատանքը պետք է իրականանար բացառապես հանգանակությունների հաշվին, ինչն էլ հանդիսանում է այդքան երկարատեւ շինարարության պատճառներից մեկը:
    Տաճարի ֆունդամենտի առաջին քարը դրվել է 1882թ. մարտի 19-ին, եւ այդ օրը համարվում է տաճարի շինարարության սկիզբը: Սկզբնական ճարտարապետ Դել Վիլյարի նախագծի համաձայն կառուցվելու էր նորգոթական բազիլիկ՝ լատինական խաչի ձեւով՝ կազմված 5 երկայնական եւ 3 լայնական նեֆաներով: Նախագծված էր հսկայական աբսիդ՝ կազմված 7 զանգակատներից եւ խմբի հետեւում շրջանցիկ սրահներից, իսկ շինությունը շրջապատող կլուատրը նախատեսված էր եկեղեցու 3 մոնումենտալ ֆասադների միացման համար: 1883-1889թթ. Գաուդին  վերջացրեց կլուատրը, որը սկսել էին նախորդները: Դել Վիլյարի շինության սկզբնական կառուցումից հետո իրականացվել էր ավելի բարձր կամար՝ թույլ տալով բացել պատուհանները դեպի դուրս: Կամարները զարդարված են զարմանալի գեղեցիկ քարե դղյակով՝ ռելիեֆով, որն արված է Ավետման թեմայով: Այստեղ ապահովված է ցերեկային լույսի մուտքը: Գաուդիի նախագծման համաձայն՝ շինությունը պետք է ունենար դեպի վերեւ ուղղված բազմաթիվ մոնումենտալ աշտարակներ, իսկ դեկորացիայի բոլոր տարրերը պետք է ունենային խորը սիմվոլիկ նշանակություն՝ կապված եկեղեցական ծեսերի հետ:
    1892թ. ճարտարապետը սկսեց աշխատանքը Ծննդյան ֆասադի վրա: Նա սկսեց հենց այդ ֆասադից նրա համար, որ չէր ուզում վախեցնել քաղաքի բնակիչներին Չարչարանքի ֆասադի գաղափարի իրականացմամբ, որտեղ դաժանորեն պատմվում է Քրիստոսի խաչելիության մասին: 1895թ. ավարտվեցին նորգոթական աբսիդի աշխատանքները: Նրա առանձնահատկություններից են համարվում աշտարակների դեկորատիվ վերջավորությունները  եւ երկաթյա ջրատար խողովակները՝ տեղական ֆլորայով եւ ֆաունայով, թեփամորթերով եւ խխունջներով, որոնց հնարավոր է առատորեն հանդիպել շրջակայքում: Մոտավորապես այդ ժամանակ կառուցվել է կլուատրի մասը՝ սբ. կույս Ռոզարիայի պորտալը՝ զարդարված հարուստ օռնամենտներով եւ լի սիմվոլիզմով: Սբ. կույս Ռոզարիայի պորտալի կառուցումը ավարտվել է 1899թ-ին: 1909-1910թթ. ապագա գլխավոր ֆասադի տեղում կառուցվել է ժամանակավոր եկեղեցական-ծխական դպրոցի շենքը: Այն ստեղծել է Գաուդին կառուցվող եկեղեցու ծխական երեխաների համար: Որպես ժամանակավոր շինություն այն չուներ հիմնական պատեր: Չնայած իր վաղանցիկ բնույթին, այդ դպրոցը ուներ յուրահատուկ կառուցվածք: Շինության ամրությունը մեծանում է տանիքների եւ փոփոխական միջնորմների օգտագործման հաշվին, որոնք թույլ են տալիս առանց ջանքի փոխել ներքին տարածության նախագծումը:
    1911թ. Գաուդին ստեղծեց երկրորդ ֆասադը՝ Չարչարանքների ֆասադը: Այստեղ նեֆերի եւ կամարների վերջնական ճարտարապետական լուծումը հայտնվեց միայն 1923թ., իսկ այդ ֆասադի շինարարությունը սկսվել է Գաուդիի մահից հետո:
    Երրորդ ֆասադի՝ Փառքի ֆասադի շինարարության ուրվագծերը նույնպես թվագրվում է 20-րդ դարի 10-ական թթ.: Ցավոք սրտի, այդ աշխատանքներից մեզ է հասել միայն  կառուցվածքա-ծավալային  վերլուծություններ եւ խորհրդանշական սրբապատկերային բնույթի ուրվագծեր: Ըստ ճարտարապետի՝ այն պետք է ներկայանար որպես «սյուների անտառ»՝ ողողված լույսով, որը ներթափանցելու էր տարբեր բարձրությամբ վիտրաժներից: 1925թ. նոյեմբերի 30-ին ավարտվել է Ծննդյան ֆասադի 100մետրանոց զանգակատունը՝ նվիրված սբ. Վառնովին: Այն հանդիսանում է միակ զանգակատունը ճարտարապետի օրոք կառուցված, ով տաճարի շինարարությանն է նվիրել իր կյանքի ավելի քան 40 տարիները:
    1954թ. սկսվում է Չարչարանքի ֆասադի կառուցումը. աշխատանքների հիմքում դրված էին Գաուդիի իրականացրած հետազոտությունները: 1961թ. նրանում բացվում է թանգարան՝ նվիրված նախագծի պատմական, տեխնիկական, նկարչական եւ սիմվոլիկ ասպեկտներին: 1977թ. կառուցվել է Չարչարանքների ֆասադի 4 աշտարակները, իսկ 1986թ. սկսվեցին այդ ֆասադի զարդարման համար նախատեսված քանդակների աշխատանքները, որոնք ավարտվեցին 21-րդ դարի սկզբին: Մոտավորապես այդ ժամանակ տեղադրվել են վիտրաժները՝ նվիրված Հիսուս Քրիստոսի հարությանը ու Աստծուն:
    1978-2000 թթ. կառուցվել է գլխավոր նեֆը եւ միջնապատը, նաեւ նրանց կամարները եւ ֆասադները: 21-րդ դարի առաջին 10-ամյակում ավարտվել են սրահի կամարների կառուցումը, իսկ 2010թ. պետք է հայտնվեին միջնախաչերը եւ աբսիդը: Նրանց վրա պետք է տեղակայվեն երկու աշտարակներ՝ գլխավոր ջահի 170 մետրանոց խաչով պսակված աշտարակը եւ Մարիամ կույսին նվիրված աբսիդների աշտարակը: Ըստ նախագծի՝ շինության այդ հատվածը պետք է պարունակի եւս 4 աշտարակներ՝ ի պատիվ ավետարանիչների: Մոտավորապես բոլոր շինարարական աշխատանքները ավարտված կլինեին 21-րդ դարի առաջին եռամսյակում, երբ պետք է ավարտվի Փառքի ֆասադի կառուցումը, որն սկսվել է 2000թ.-ին: Իր չափերով անսովոր մեծ աբսիդը, որի տակ տեղակայված է կրիպտը /գետնախորշ/, ներառում է 7 մատուռները եւ խոռի հետեւում գտնվող շրջանցիկ սրահը:  Կլուատրը շրջապատող շինությունը պետք է միացնի եկեղեցու բոլոր ֆասադները՝ հարավային Քրիստոսի չարչարանքների ֆասադը, արեւելյան Փառքի ֆասադը եւ հյուսիսային Քրիստոսի ծննդյան ֆասադը: Շինությունը պետք է պսակվի 18 աշտարակներով: Աշտարակներից 12-ը, որոնք նվիրված են ավետարանիչներին, տեղադրված են յուրաքանչյուր ֆասադում 4-ական, ունեն 98-112 մետր բարձրություն: Դրանք շրջապատում են 170 մետրանոց Հիսուսի աշտարակին: Իսկ չափերով ավելի փոքր Մարիամ կույսի զանգակատունը տեղակայվելու է աբսիդի վրա: Համաձայն նախագծի՝ ավետարանիչների աշտարակները պետք է զարդարվեն ավանդական սիմվոլների քանդակներով՝ ցուլ, հրեշտակ, արծիվ եւ առյուծ: Հիսուս Քրիստոսի աշտարակի կենտրոնական ծայրին պետք է լինի հսկայական խաչ: Մնացած աշտարակները զարդարվելու են ցորենի խուրձերով եւ խաղողի ողկույզներով՝ խորհրդանշելով Սուրբ Հաղորդությունը: Ծննդյան ֆասադը, որի մեծ մասը ստեղծվել է Գաուդիի կյանքի օրոք, կազմված են 3 պոռտալներից՝ մեծարելով քրիստոնեական առաքինությունները՝ Հավատը, Հույսը եւ Գթասրտությունը: Պորտալները զարդարված են ռեալիստական ոճի քանդակներով՝ նվիրված Քրիստոսի երկրային կյանքին: Հույսի ձախ պորտալին ներկայացված են տարբեր տեսարաններ՝ «Մարամի եւ Հովսեփի նշանադրությունը», «Փախուստ Եգիպտոս» եւ «Մանուկների կոտորածը»: «Մանուկների կոտորածը» տեսարանի համար Գաուդին հաճախել է անատոմիական թատրոն, որտեղ նկարել է մահացած նորածին երեխաների գիպսե ձուլվածքները: «Հավատի» աջ պորտալը պարունակում է քանդակային պատկերներ՝ «Հիսուսը եւ փարիսեցին», «Տաճար բերումը» եւ «Հիսուսը հյուսնի արհեստանոցում աշխատելիս»: Ծննդի ֆասադի բոլոր կերպարները ունեն իրական նախատիպեր. փոքրիկ Հիսուսը աշխատողներից մեկի թոռն էր, Հուդան՝ հարբեցող պահակը, Պոնտայի Պիղատոսը՝ գեր այծապահը, Դավիդ թագավորը՝ գեղեցկադեմ  ծեփագործը  /սվաղչին/:
    Աշտարակ-զանգակատան իլիկանման ձեւը, հիշեցնելով ավազե դղյակներ, առանձնանում է ոլորապտույտ աստիճանների մեջ գտնվող կառուցվածքում: Յուրաքանչյուր աշտարակ նվիրված է իր առաքյալին, որոնց արձանները տեղադրված են աշտարակների ձեւով՝ քառակուսիից կլոր կտրվածքի փոփոխման տեղում: Աշտարակների վերեւի մասում Գաուդին նախատեսում էր տեղադրել խողովակաձեւ զանգեր, որոնց ղողանջը պետք է զուգակցվի 5 երգեհոնների հնչումով եւ 1500 երգողների ձայներով, որոնք ճարտարապետի մտքերի համաձայն, տեղադրվելու են երկայնակի նեֆերի երկու կողմերում եւ Փառքի ֆասադի ներսի կողմում: Յուրաքանչյուր զանգակատանը վերեւից ներքեւ տեղադրված է «Փառք ամենաբարձրյալին» մակագրությունը: Դեկորներում լայնորեն օգտագործված են պատարագների տեքստեր: Չարչարանքների ֆասադի գլխավոր դարպասները զարդարված են Աստվածաշնչից տարբեր լեզուներով արված մեջբերումներով, այդ թվում կատալոներենով:
    Հասկանալով, որ իր կենդանության օրոք տաճարի շինարարական աշխատանքները չեն ավարտվի, Գաուդին նախագծեց ներքին բազմաթիվ դետալներ: Ծննդյան ֆասադի ներքին մասերի ձեւավորման ժամանակ Գաուդին օգտագործել է կլոր կտրվածքով սյուներ կամ կրկնակի գելիկոիդ պատկեր՝ բնի /ցողունի/ վերեւի հատվածում, իսկ Ռոզարիայի պորտալում փոփոխվում են հյուսված սյուները կանելյուռների հետ, որոնք ներմուծված են մեկ կամ մի քանի գելիկոիդ ձեւի մեջ: Շրջանաձեւ եւ էլիպսաձեւ պատուհանները եւ վիտրաժները, հիպերբոլիկ կամարները, գելիկոիդ աստիճանները, բազմաքանակ աստղերը, որոնք առաջացել են տարբեր գծային մակերեւույթների հատման տեղերում եւ զարդարում են էլիպսոիդ սյուները, կազմում են տաճարի դեկորացիայի երկրաչափական դետալների ոչ ամբողջական թվարկումը: Եկեղեցու կառուցվածքի հիմնական ծավալային տարրերը հանդիսանում են սյուները, որոնք տեղակայված են բոլոր աշտարակներում եւ կամարներում: Կախված ծանրաբեռնվածության չափից՝ սյուները առանձնանում են կտրվածքի լայնությամբ եւ բարձրությամբ: Սյուների հիմքի կտրվածքը ունի աստղի ձեւ՝ տարբեր թվով գագաթներով /4-10/: Ըստ բարձրության՝ սյուների հատման ձեւերը աստիճանաբար աստղից վերածվում է շրջանի, որ առաջացնում է ջրհորդան՝ թվի մեծացման հաշվին: Կամարին մոտենալով՝ սյուները ճյուղավորվում են՝ ստեղծելով անտեսանելի անտառի տպավորություն: Այդ անսովոր ճարտարապետական լուծումը մտածված էր եղել՝ ելնելով կառուցվածքային անհրաժեշտությունից. այն է՝ ծանրության կենտրոնը սյուներից դեպի կամարները տեղափոխելը: Ներքին տարածությունը նման է այգու: Սյուները, ցողունները ստեղծում են գմբեթ, որի միջոցով երեւում է աստղային երկինքը: Շինությունը գծագրվել է այնպես, որ զանգերը հնչեն ինչպես իսկական երգեհոն, իսկ քամին, անցնելով աշտարակի բացվածքներից, երգեր ինչպես իսկական խոռ: Կան նստարաններ 30000 աղոթողների համար:
    Շինարարության շուտափույթ ավարտին խոչընդոտում են քարե սալիկների պատրաստման դժվարությունը: Համաձայն համակարգչային մոդելի՝ դրանցից յուրաքնչյուրը պահանջում է անհատական մոտեցում եւ մշակում:
    Գաուդին բոլոր փողերը, որ աշխատում էր տաճարի կառուցման համար, ներդնում էր տաճարի կառուցմանը: Նա երկար տարիներ աշխատել է անվճար՝ իրեն անթույլատրելի համարելով օգտագործել ժողովրդի փողերը, իսկ տաճարը կառուցվում էր հարուստ եւ աղքատ բարսելոնացիների ներդրումով:
    Գաուդին աշխատանքների ղեկավար էր հաստատվել դեռեւս 1883թ-ին: Մինչ այժմ էլ հասկանալի չէ, թե ինչպես են այդ վիթխարի մեծամաշտաբ ծրագիրը հանձնարարել սկսնակ ճարտարապետի, մանավանդ որ երիտասարդ տարիքում Անտոնիոն հայտնի էր եկեղեցու հանդեպ հեգնական վերաբերմունքով:
    2008թ. իսպանացի մշակույթի ավելին քան 400 գործիչների խումբը կոչ արեց դադարեցնել տաճարի շինարարական աշխատանքները: Նրանց կարծիքով մեծահռչակ ճարտարապետի ստեղծագործությունը դարձել է անփույթ եւ անհմուտ ռեստավրացիայի զոհը տուրիստական շահույթի համար: Ի դեպ՝ ըստ El Periodico de Catalunya թերթի՝ 2006թ. այցելել է 2,26 մլն մարդ: Այս ցուցանիշով տաճարը կարող է մրցել Պրադոյի թանգարանի եւ Ալգամբրայի պալատների հետ:  
 Տաճարի արտասովոր տեսքը նրան դարձրեց Բարսելոնայի գլխավոր տեսարժան վայրերից մեկը: Ըստ Իսպանիայի իշխանական տվյալների՝ տաճարի շինարարության ամբողջական ավարտը կլինի 2026 թվականից ոչ շուտ: 2010թ. նոյեմբերի 7-ին Հռոմի պապ Բենեդիկտ 16-րդը օրհնեց Սագրադա Ֆամիլիա տաճարը եւ պաշտոնապես հայտարարեց պատրաստ ամենամյա ժամերգությունների:
 
   Գաուդին հակասությունների միասնություն է: Տաճարում միավորված է տեսանելին եւ անտեսանելին, երեւացողն ու գաղտնին: Գաուդիի համար ելակետը կատարելությունն է: Գաուդիի երազանքը մարդուն բնությանը ներդաշնակ տեսնելու մեջ է, տաճարի փիլիսոփոյական հիմքը՝ մարդկային-երկրային սկիզբը,  աստվածային-երկնային հավերժության մեջ տեսնելու գաղափարն է:
    Ընդհանուր արվեստում կան հանճարներ, որոնք բացում են արահետ, եւ կան մեծություններ, որ բացած արահետով են գնում: Գաուդին առաջիններից էր՝ ճարտարապետության հանճար կամ խելագար: Գաուդիի ամենամեծ ներդրումն այն էր, որ նա կերտեց երազանք:
     20-րդ դարի խոշորագույն ճարտարապետին, որի ստեղծագործությունները այժմ եւ հավիտյանս որոշեցին Բարսելոնայի դիմագիծը, թաղեցին կիսավարտ «Սագրադա Ֆամիլիա» տաճարում՝ սյունե «ճյուղերով» հյուսված կամարի տակ:
     Հանրաճանաչ ճարտարապետն ունի բոլոր շանսերը դառնալու «ամենաավանգարդ սուրբը» կատալոնական եկեղեցու պատմության մեջ: Իսպանացի կաթոլիկները մեկ անգամ չէ, որ խնդրանքով դիմել են Հռոմի Պապին՝ Գաուդիին սրբացնելու համար: 1998թ. Բարսելոնայի արքեպիսկոպոսը սկսեց Անտոնիո Գաուդիին սրբերի շարքը դասելու գործընթացը: Եվ ինչո՞ւ ոչ: Չէ որ նա իր առաքելությունը տեսնում էր նրանում, որ հասկանա աշխարհի կառուցվածքը, եւ նրա ստեղծման համար աշխատի Աստծու հետ:
Վարդուհի Կարապետյան
ԵԳՊԱ արվեստաբանության բաժին 4-րդ կուրս

Комментариев нет:

Отправить комментарий