суббота, 10 ноября 2012 г.

Հայկական հետքերը Հնդկաստանում

   Վաղնջական ժամանակներից են սկիզբ առնում հայ-հնդկական բարեկամական կապերը, որոնք ավանդաբար միշտ էլ ջերմ են եղել: Դարերի հոլովույթում թրծված այդ ամուր կապերի և անկեղծ բարեկամության խթանման և զարգացման գործում անուրանալի է երբեմնի ծաղկող և բարգավաճ հնդկահայ պատմական գաղութի դերը, որն այսօր էլ փորձում է պահել իր ազգային դիմագիծն ու նկարագիրը: Հնդկաստանում հայերը բարի անուն և համբավ են թողել բոլոր այն վայրերում, ուր ապրել և գործել են։ Նրանք իրենց աշխատասիրությամբ, բիզնեսի մեջ սուր հոտառությամբ, խելացիությամբ, հյուրասիրությամբ և բարեգործություններով ոչ միայն բարձր են պահել հայ մարդու անունը Հնդկաստանի հյուրընկալ հողում, այլ նաև իրենց անգնահատելի նպաստը բերել երկու ժողովուրդների ազգային-քաղաքական, մշակութային և հասարակական կյանքում:
    Անկախ քեզանից հպարտության անօրինակ զգացում ես ապրում, երբ Հնդկաստանի զանազան քաղաքներով շրջելիս հանդիպում ես հայկական եկեղեցիների, հայերեն և հայերի մասին արձանագրությունների, մեծանուն հայորդիների շիրիմների, հայ մարդու ձեռքով և շատ անգամ նրանց բարերարությամբ և անմիջական նախաձեռնությամբ կառուցված բազմաթիվ կանգուն շինությունների, կրթական և բարեսիրական հաստատությունների: Ահա այդ ժամանակ է, որ հազա՜ր երանի ես տալիս երևելի հնդկահայերին, իրապես զարմանում և հիանում, առավել խորությամբ հասկանում նրանց և յուրովի փորձում արժևորել այդ ամենը: Բայց հոգուդ խորքում նաև անհանգստություն ես ապրում` տեսնելով հնդկահայ գաղութի ներկան և մշուշոտ ապագան: Մեկ բան շատ հստակ է, որ հյուրընկալ Հնդկաստանը շատ հայերի համար դարձավ հայրենիք, որտեղ հայ մարդը կարողացավ լիարժեքորեն ապրել իր ազգային, մշակութային և հոգևոր բուռն կյանքով:
    Հնդկահայ գաղութի պատմությունը լի է վերելքներով և անկումներով: Հետաքրքրական է, որ Հնդկաստանում երբեք չեն գործել հայ քաղաքական կուսակցությունները, քանզի գաղութի համախմբողը երեկ և այսօր Հայ Եկեղեցին է: Բազմակրոն և զարմանահրաշ Հնդկաստան աշխարհում հայերն ապրել ու գործել են` իրենց հոգում և սրտում միշտ ունենալով Մայր Հայրենիքի և Ս. Էջմիածնի սերը:

Կալկաթայի հայկական եկեղեցին


    Հայերի վիճակը զգալիորեն բարելավվեց Մուղալ կայսրության կառավարիչների օրոք, որոնք շատ լավ ըմբռնել էին հայի հոգեբանությունն ու մտածողության նրբությունները: Դեռևս 16-րդ դարում Աքբար թագավորի (1556-1605) իմաստուն և հեռահայաց քաղաքականության արդյունքում հայերի շնորհիվ երկրում զարգացավ արհեստագործությունն ու առևտուրը, հայ վաճառականներին տրվեցին բազում իրավունքներ և արտոնություններ: Այդ ժամանակ ազգությամբ հայ էին երկրի գլխավոր դատավորը` Միր Ադըլը կամ Աբդուլ Հայը, պալատական բժշկուհի Հուլիանան: Կայսրության պորտուգալերենի թարգմանիչն էր հայազգի Դոմինգո Պիրեսը: Եվ վերջապես հայուհի էր թագավորի կանանցից մեկը` Մարիամ Զամանի Բեգումը:
    Հայերի նկատմամբ այս բարյացկամ քաղաքականությունը շարունակեց նաև Աքբարի հաջորդներից Աուրանգզեբ կայսրը (1658-1707): Նա 1665 թ. հատուկ ֆարմանով հայերին հողակտոր հատկացրեց Բենգալիա նահանգի Սեյդաբադ քաղաքում, ուր մեր նախնիք 1758 թ. Խոջա Պետրոսի ջանքերով կառուցեցին Ս. Աստվածածին եկեղեցին: Մինչև այսօր էլ դեռ պահպանվել է կայսեր հատկացրած այդ հողակտորը, որն իր մաքրութամբ և բարեկարգ վիճակով առանձնանում է շրջապատից: Այս ժամանակ էր ստեղծագործում Պարսկաստանից Հնդկաստան եկած սուֆիզմի խորհրդապաշտ մտածող հայազգի Սարմադը, որի բանաստեղծական տաղանդը շատերը համեմատում են Ֆիրդուսու, Սաադիի, Հաֆեզի և Օմար Խայամի հետ: Այսօր էլ Ջամա մզկիթի մոտ գտնվող նրա գերեզմանն ուխտատեղի է մահմեդականության այս ճյուղի հետևորդների համար: Ժամանակի նշանավոր վաճառականներից էին Խոջա Փանոս Քալանթարը, Խոջա Իսրայել Սարհադը, Խոջա Վազեդը և ուրիշներ, ովքեր իրենց հեղինակությամբ կարողանում էին նաև ամենատարբեր խնդիրները լուծել պետական մակարդակներում:
    Յուրաքանչյուր հնդիկի համար նվիրական անուն է Գորգին Խանը (Գրիգոր Հարությունյան), ով բենգալական բանակի հրամանատար էր նշանակվել Բենգալիայի Միր Կասիմ իշխանի կողմից և գործուն մասնակցություն ունեցել 1762-1763 թթ. հնդիկ-անգլիական կռիվներին: Նրա առաջնորդությամբ հնդկական բանակը բազում հաղթանակներ է տարել անգլիացիների դեմ: Վերջիններս անգամ փորձել են կաշառել Գորգին Խանին, բայց հայ զորավարն անպատվաբեր է համարել ուխտադրուժ լինելը և մերժել նմանատիպ առաջարկները:
    Պատմականորեն Հնդկաստանում ունեցել ենք 10 հայկական եկեղեցի: Ցավոք, այսօր այլևս չկան Ագրայի եկեղեցին և Սուրաթի մատուռը, որտեղ սակայն, դեռևս պահպանվում են հայկական գերեզմանոցները: Միաժամանակ ուրախությամբ պետք է արձանագրել, որ չնայած խիստ փոքրաթիվ հայությանը, վերջին մի քանի տարիների ընթացքում Վեհափառ Հայրապետի օրհնությամբ, Կալկաթայի եկեղեցական վարչության և հնդկահայոց հոգևոր հովվի միասնական ջանքերի շնորհիվ հիմնովին նորոգվել են Սեյդաբադի Ս. Աստվածածին, Մադրասի Ս. Աստվածածին, Կալկաթայի Ս. Գրիգոր Լուսավորիչ, Տինգրայի Ս. Երրորդություն եկեղեցիները։ Խնամյալ և բարեկարգ վիճակում են Բոմբեյի Ս. Պետրոս, Չինսուրահի Ս. Հովհաննես եկեղեցիներն ու եկեղեցապատկան տարածքները: Հավանաբար 18-րդ դարի հայկական մատուռ ունենք նաև Դելիում, ուր վաղուց այլևս հայեր չեն բնակվում: Այն ամբողջությամբ շրջապատված է հարակից շենքերով։ Մատրան տարածքում դեռ պահպանվել են հայերեն և պարսկերեն արձանագրություններով 15 գերեզմանաքարեր: Իսկ հայկական գերեզմանների մի մասի վրա կառուցված են տներ, որոնց ներսում այժմ էլ կարելի է տեսնել հնամենի հայկական շիրմաքարերը։

Մադրասի հայկական եկեղեցին


    Չպետք է մոռանալ, որ բացի Հնդկաստանից, հայկական եկեղեցիներ ունենք նաև ժամանակին Հնդկաստանի Բենգալիա նահանգի մաս կազմող, այժմ` Բանգլադեշի մայրաքաղաք Դաքքայում, Մյանմարի (Բիրմա) մայրաքաղաք Ռանգունում, Բաթավիայում (այժմ` Ջակարտա): Եթե 1781 թ. կառուցված Դաքքայի Ս. Հարություն եկեղեցին խնամում է Բանգլադեշի վերջին հայերից Մայքլ Մարտինը, ապա մյուսների վիճակի մասին ընդհանրապես տեղեկություններ չունենք, որոնք ևս մեր հոգևոր ժառանգության մաս են կազմում և թերևս կարոտ են խնամքի։ Բարեբախտաբար, այնտեղ որտեղ այլևս հայեր չկան, մեր եկեղեցիները երբեմն խնամվում են քրիստոնյա հնդիկների կողմից:
    Դժբախտաբար, հարուստ և լուսավոր անցյալ ունեցող հնդկահայ գաղութի պատմությունն այսօր միայն հիշողություն է: Միակ հայաշունչ քաղաքն այժմ Կալկաթան է, ուր ապրում են շուրջ 150 հայեր: Մնացած քաղաքներում` Սեյդաբադում, Չինսուրահում, Մադրասում (այժմ` Չենայ), Սուրաթում, Գվալիորում, Ագրայում և այլուր այլևս հայեր չկան: Բոմբեյում (այժմ` Մումբայ) ապրում են 3 hայուհիներ, որոնց շնորհիվ դեռ հնչում է հայ մարդու աղոթքը 1796 թ. հիմնադրված Ս. Պետրոս հայկական եկեղեցում:
    Դեռևս 1947 թ. հեղափոխությունից հետո հատկապես Կալկաթայից սկսված արտահոսքը դեպի Անգլիա, Ավստրալիա, ԱՄՆ և այլ երկրներ շարունակվում է ցայսօր: Ցավալի է նաև, որ այսօրվա կալկաթահայերի գերակշիռ մեծամասնությունը հայերենին չի տիրապետում, անտեղյակ է գաղութի հարուստ պատմությանը, շատացել են խառն ամուսնությունները, չկան նոր ծնունդներ: Մի տեսակ խզում է առաջացել ներկայի և անցյալի միջև:
    Կալկաթայում ունենք երեք հայկական եկեղեցի` Ս. Նազարեթը, Ս. Գրիգոր Լուսավորիչը և Ս. Երրորդությունը: Այժմ կանոնավորապես Ս. Պատարագներ և եկեղեցական արարողություններ են կատարվում Կալկաթայի 300-ամյա Ս. Նազարեթ հայկական եկեղեցում, որը քաղաքի ամենահին քրիստոնեական աղոթատունն է: Ի դեպ` հենց այս եկեղեցու բակում է գտնվում Բենգալիայի ամենահին քրիստոնեական գերեզմանը` 1630 թ. մահացած Ռզաբիբե հայուհու շիրիմը։ Փաստորեն պատմական այս գերեզմանը ոչ միայն մեր ժողովրդի պատմության անքակտելի մասն է, այլև դարձել է հենց Հնդկաստանի պատմամշակութային հարուստ ժառանգության մի մասնիկը: Մյուս հայկական եկեղեցիներում Ս. Պատարագներ և եկեղեցական արարողություններ են կատարվում տարին մի քանի անգամ: Երբեմնի հայաշատ այս քաղաքում ունենք նաև կալկաթահայ նշանավոր բարերար Խաչիկ Աստվածատուրյանի անվան ծերանոցը, ուր ապրում են հայ համայնքի տարեցները: Այստեղ է գործում նաև եկեղեցական վարչությունը, որը կառավարում և համակարգում է համայնքային կյանքը:
    Այժմ Կալկաթայի ամենահայաշունչ հաստատությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին պատկանող 187-ամյա Հայոց Մարդասիրական ճեմարանն է` շուրջ 80 աշակերտներով: Վստահ ենք, որ առանց Մարդասիրական ճեմարանի, հնդկահայ գաղութն ապագա չունի, ուստի ամեն ինչ պետք է անել` զորացնելու և առավել խնամյալ դարձնելու այն: Ո՞վ գիտե, գուցե ճեմարանականներից ոմանք ցանկանան մնալ Հնդկաստանում և դառնալ ապագա հնդկահայը, ով քաջ կգիտակցի իրեն վերապահված առաքելությունը։ Այսօր Պարսկաստանից, Հայաստանից և Իրաքից ժամանած հայ երեխաների շնորհիվ ճեմարանում նշվում են մեր ազգային-եկեղեցական տոները, որոնց մասնակցում են նաև համայնքայինները: Ամեն ինչ արվում է գաղութի կյանքում նոր շունչ և վերազարթոնք ապահովելու համար: Անշուշտ, մեր օրերում հնդկահայ գաղութին կենդանություն է հաղորդում նաև Դելիում ՀՀ դեսպանությունը:
    Չնայած այս ամենին, Կալկաթայում բազմաթիվ կանգուն շինություններ կան, որոնց հայերեն արձանագրությունները կամ պատմությունը վկայում են դրանց երբեմնի հայկական պատկանելության մասին։ Օրինակ` Կալկաթայի կենտրոնական փողոցի շինությունների մեծ մասը ժամանակին պատկանել են հայերին։ Դրանք առանձնանում են իրենց ճարտարապետական լուծումներով և գեղեցկությամբ: Այդ շենքերի պատերի վրայի փոքրիկ արձանագրությունները փաստում են, որ դրանք պատկանել են Թադեոս Մեսրոպ Թադեոսին և Հովհաննես Կարապետ Գալսթունին: Վերջինս այնքան հարգված անձնավորություն է եղել, որ երբ 1921 թ. դեկտեմբերին Ուելսի արքայազնը` ապագա Էդուարդ Ը թագավորը, ժամանել է Կալկաթա, իջևանել է մեծ հայորդու տանը: Դժբախտաբար, այսօր ոչ մի հայ չի ապրում այդ շենքերում, հայերի մասին հիշեցնող միակ վկայությունն այդ շենքերից մեկի երկրորդ հարկում զետեղված հայկական ակումբն է, ուր երբեմն հավաքվում են հայերը և ժամանակ անցկացնում: Բացի սրանից, հայերն ունեն նաև մարզական ակումբ, ուր երբեմն սպորտային միջոցառումներ են կազմակերպվում:
    Կալկաթայի ամենաբարձրակարգ հյուրանոցներից մեկը` «Օբերոյ Գրանդ»-ը նույնպես ժամանակին պատկանել է հայի` Ջուղայեցի վաճառական Արաթուն Ստեփանին, ով անխոհեմաբար կորցրել է սեփականության իրավունքը։ Նրան են պատկանել նաև մի շարք այլ հյուրանոցներ և կառույցներ։ Այս մասին այժմ հիշեցնում է միայն «Օբերոյ Գրանդ» հյուրանոցի երկրորդ հարկում, ամենքի աչքից հեռու տեղադրված հայ վաճառականի կիսանդրին: Ցավոք, այլևս այլ հիշատակ չկա։ Թերևս նաև Արաթուն Ստեփանի Կալկաթայում բնակվող տարեց թոռնուհին է, ով ամեն ամիս հիշեցնում է երբեմնի հյուրանոցատիրոջ մասին։ Իբրև սեփականատիրոջ ժառանգ` նրան իրավունք է տրված ամիսը մեկ օր անվճար մնալ այդ հյուրանոցում և օգտվել նրա ծառայություններից:
    Կալկաթայում ունենք նաև հայկական փողոց, որին հարակից շենքերը մի ժամանակ հայերով լի էին: Այս շենքերից մեկում էր ապրում նաև 18-րդ դարի հայ ազատագրական շարժման նշանավոր գործիչ Հովսեփ Էմինը (1726-1809), ով թաղված է նույն փողոցի վրա գտնվող Ս. Նազարեթ հայկական եկեղեցու բակում: Բայց ժամանակի ընթացքում զանազան պատճառներով հայերը կորցրել են նաև այդ շինությունները։
    Կալկաթայի միջով է հոսում Գանգեսի վտակներից Հուղլի գետը, որն իրար է միացնում քաղաքի երկու մասերը: 18-րդ դարում հայ վաճառականներից Ներսես Հովհաննիսյանը գետի եզերքին կառուցում է «Հայկական նավամատույցը»: Հայերն իրենց նավակներով գետի այս ծայրից մյուսն էին տանում մարդկանց և գումար վաստակում: Չնայած այսօր հայերն այլևս չեն զբաղվում այս գործով, բայց նավամատույցը պահպանել է իր հայկական անունը:
    Հատկանշական է, որ Կալկաթայում Մայր Թերեզայի անվան քույրերի միաբանության ներկայիս շենքը, որտեղ ամփոփված է սրբակյաց քույրի մարմինը, նույնպես պատկանել է հայի։ Հայազգի բարերարը շենքը նվիրել է Մայր Թերեզային` իր առաքելությունը լիարժեք իրականացնելու համար: Ի դեպ` միշտ էլ շատ ջերմ են եղել Մայր Թերեզայի և Հայ Եկեղեցու հարաբերությունները: Նա բազմիցս այցելել է Հնդկաստանի մեր եկեղեցիներն ու հայկական հաստատությունները: Եթե առիթ ունենաք և լինեք նրա անվան քույրերի միաբանությունում, ապա բազմաթիվ հետաքրքրական պատմություններ կլսեք Մայր Թերեզայի և հայերի հարաբերությունների մասին:
    Հայկական հետքն առկա է նաև Բոմբեյում։ Այսօր այս քաղաքում հայերին է պատկանում միայն բարձրահարկ շենքի մեկ հարկաբաժինը, ուր ապրում է 93-ամյա հայուհի Ռոզ Էկնայանը: Շենքի ճակատին մինչև այժմ էլ անգլերեն լեզվով պահպանվում է «Արարատ» գրությունը: Ս. Պետրոս հայկական եկեղեցու խնամակալն է նախանձախնդիր հայուհի Զաբել Ջոշին, որի դուստրը` «Վարդակակաչ Ջոշին» Բոլիվուդի ժամանակակից կինոաստղերից է:
    Մադրասում նույնպես ունենք հայկական փողոց և գրեթե բոլոր եկեղեցիներում կարելի է հանդիպել հայկական գերեզմանների: Երբեմնի մշակութային ծաղկում ապրող հայկական այս քաղաքում բազմաթիվ են նշանավոր հայ վաճառական Պետրոս Ոսկանի կառուցած շինությունները` քաղաքի երկու մասերը կապող կամուրջը, Ս. Թովմայի բլրի վրա եկեղեցի տանող աստիճանները, նրա բարերարությամբ կառուցված զանազան եկեղեցիները և այլն: Հայ վարպետների վրձնի արդյունքն են նաև նույն այդ եկեղեցում կախված հայերեն արձանագրություններով առաքյալների պատկերները, որոնք ստեղծվել են նույն Պետրոս Ոսկանի բարերությամբ: Ցավալիորեն, Մադրասին մեծ ծառայություններ մատուցած այս հայորդու գերեզմանն իր իսկ գումարով կառուցած կաթոլիկ եկեղեցու բակի անշուք մի անկյունում է, որի մասին անգամ անտեղյակ էր նաև եկեղեցու սպասավոր քահանան:
    Փաստորեն, Հնդկաստանի տարածքում գտնվող հայկական արժեքները ոչ միայն մեր ժողովրդի պատմամշակութային ժառանգության անքակտելի մասն են, այլ իրենց նշանակությամբ և արժեքով դարձել են հենց Հնդկաստանի պատմական ժառանգության անբաժանելի մասը: Ուստի հույս ունենք, որ անկախ հայերի թվից, դեռ երկար դարեր կանգուն կլինեն մեր եկեղեցիներն ու հայկական հաստատությունները` միշտ ազդարարելով հայ մարդու ներկայության մասին:
Նաիրա Աբրահամյան 
ԵԳՊԱ արվեստաբանության բաժին 4-րդ կուրս

Комментариев нет:

Отправить комментарий