Կհմերների պետության հնագույն
մայրաքաղաքը կոչվում էր Անգկոր: Նրա տարածքում է գտնվում աշխարհահռչակ Անգկոր Վատը,
որ թարգմանաբար նշանակում է քաղաք-տաճար: Այն զբաղեցնում է 2 քառ.կմ տարածք, իսկ ողջ
Անգկոր քաղաքը տարածված է մոտ 200 քառ.կմ-ի վրա, որտեղ կա շուրջ 200 տաճար, որոնցից
100-ն է կանգուն մնացել: Համալիրն արևմուտքից արևելք ձգվում է 24կմ, հյուսիսից հարավ`
8կմ: Այն տեղակայված է Տոնլեսապ (Մեծ լիճ) լճի ափին` Կամբոջայի մայրաքաղաք Պնոմպենից
մոտ 240կմ հեռավորություն վրա: Անգկորն աշխարհի ամենահին մեգապոլիսն է համարվում, որն
ունեցել է շուրջ մեկ միլիոն բնակչություն:
Այս հանելուկային քաղաքը հանդիսանում
է յուրահատուկ «Ժամանակի հուշարձան»: Համալիրում գտնվող Պնոմ-Բահկենգ աստիճանային տաճար-բուրգի
վրա գրված է, որ նրա նշանակությունն է` «իր քարերով խորհրդանշել աստղերի շարժումը»:
Անգկորի տաճարները կառուցված
են առանց ցեմենտի կամ այլ կպցնող նյութի:
Քարերն իրար են միացված կողպեքի
սկզբունքով: Այս արվեստի և ճարտարապետության գլուխգործոցը Կամբոջայի ջունգլիներում
պատահաբար հայտնաբերել է իսպանացի միսիոներ Մ.Ռիբանդեյրոն 1601թ.: Սակայն այն ժամանակ
դա ոչ ոքի չհետաքրքրեց:
Աշխարհում ամենամեծ տաճարը
երկրորդ անգամ հայտնաբերում է ֆրանսիացի ճանապարհորդ Անրի Մուոն 1861թ. հունվարի
22-ին: Նա մոլորվում է ջունգլիներում: Եվ հանկարծ նրա դիմաց բացվում է մի հիասքանչ,
զարմանահրաշ և հսկայական տաճարային համալիր: Անգկորի մյուս կոթողներից ամենալավը պահպանվել
է Անգկոր Վատը, քանի որ այստեղ միշտ բուդդայական վանականներ են ապրել: Նրանք այժմ էլ
են այստեղ ապրում:
8-15դդ. Կամբոջա հսկայական
պետությունը ղեկավարող կհմերները համարում էին իրենք իրենց Վիշնուի երկրային մարմնացումը:
Այդ պետության կազմում էին գտնվում ներկայիս Լաոսի, Թայլանդի և Վիետնամի տարածքների
որոշ մասերը: Հատուկ հզորության է այն հասնում 802 թ.` Ջայավարման II-ի օրոք, երբ նա
Ջավայից անկախություն է հռչակում: Նա իշխել է 60 տարի և մի քանի անգամ տեղափոխել մայրաքաղաքը:
Ի վերջո նա կանգ է առնում Անգկորի տարածքի վրա և այնտեղ հսկայական շինարարություն սկսում:
Անգկոր Վատը հսկայական տաճար
է` սրածայր աշտարակներով: Այն սիմետրիայի հրաշք է: Տաճարի շուրջը փորված է և ջուր է
լցված: Հնդկական առասպելաբանության համաձայն` այն խորհրդանշում է աստվածների բնակատեղի
Մերու սուրբ լեռը ողողող օվկիանոսը:
Անգկոր Վատն իրենից ներկայացնում
է բազմաթիվ աստիճաններով ու անցումներով բարդ եռամակարդակ շինվածք: Կենտրոնում հինգ
աշտարակ է կանգնեցված, մեկը` կենտրոնում, չորսը` նրա շուրջը: Կենտրոնական աշտարակի
բարձրությունը 65մ է, որը խորհրդանշում է ողջ աշխարհի կենտրոնը հանդիսացող առասպելական
Մերու սարը: Թվում է, թե աշտարակներն իրենց ձևով կատարյալ են, քանի որ խիստ պահպանված
են բոլոր համաչափությունները: Ընդ որում, եթե տաճարին նայել կողքից, ապա թվում է, թե
այն կարծես սավառնում է գետնից բարձր: Ոչ մի հասարակ պատ չկա, բոլորը զարդարված են
նրբագույն քանդակներով: Սկզբում տաճարը եղել է հինդուիստական, այնուհետև` բուդդայական:
Այժմ այստեղ կարելի է տեսնել միանգամից երկու հավատների հետքերը:
Անգկոր Վատը շատ անսովոր ճարտարապետական
հուշարձան է: Կարելի է միայն զարմանալ, թե երկրաչափական ձևերի խստության դեպքում ինչ
հաջողությամբ են կարողացել համակցել շինանյութերը տարածության հետ: Քարի վրա փորագրված
տեսարանները փայտի փորագրություն են թվում:
1431թ. Հարևան Սիամի (ներկայիս
Թայլանդը) զորքերը հարձակվում են Անգկորի վրա և բավականաչափ ավերածություն գործում:
Բնակչությունը հեռանում է, և ջունգլիները կուլ են տալիս երբեմնի բարգավաճող հսկայական
քաղաքը:
1960-ական թվականների վերջին
ֆրանսիացի հնագետ Բեռնար-Ֆիլիպ Գրոսլիեն սկսում է ավերակների պաշտոնական հետազոտությունը,
սակայն աշխատանքը կանգնեցվում է ավելի քան 20 տարով 1970թ. բռնկված պատերազմի պատճառով:
1973թ. այստեղ ռազմական գործողություններ
են ծավալվում, տաճարն ուսումնասիրող ֆրանսիացի հնագետներին պահանջում են հեռանալ այդտեղից:
Ողջ տաճարային համալիրը դառնում է կարմիր կհմերների ապաստարանը, և նրանք սկսում են
այնտեղ իրենց ավերիչ գործունեությունը:
Կարմիր կհմերների քաղաքական
համոզմունքների համաձայն` երկիրը հարկավոր էր ազատել կրոնական կախվածությունից: Դա
է պատճառը, որ աստվածների բազմաթիվ արձաններ գլխատված են, ամենուր քանդակների վրա կարելի
է հրաձգության հետքեր տեսնել: Անգկորի ողջ տարածքը մինչև վերջերս ականապատված էր: Եվ միայն 20 տարի անց սկսվել
են վերականգնողական աշխատանքները, սակայն արդյո՞ք կկարողանան դրանք անել բարձր մակարդակով
և փրկել համալիրը հետագա ոչնչացումից:
Մինչև վերջերս գիտնականներն
այն կարծիքին էին, թե Անգկորից բնակիչների հեռանալու պատճառը թայերի ներխուժումն է
եղել: Սակայն 2005թ.-ին` տեղանքի մանրազնին ուսումնասիրություններից հետո, արտասահմանյան
գիտնականների խումբը եկել է այն եզրակացության, որ բնակիչների հեռանալու պատճառն է
եղել հողի էրոզիան և քաղաքի ոռոգման համակարգի բարոյական մաշվածությունը: Համալիրի
շուրջը փորված ջրավազանի ջուրը չորային շրջանում օգտագործվել է ոռոգման նպատակով: Բնակիչները
տարեկան երեք անգամ բրնձի բերք են ստացել: Հենց ջրից կախվածությունն էլ
հանգեցրել է քաղաքի ոչնչացմանը 1500 թ., քանի որ քաղաքն արդեն գերբնակեցված էր, իսկ
անտառահատումներն էլ զանգվածային բնույթ էին կրում: Ջրային համակարգը դառնում է անկառավարելի:
Ինչպես նշում են փորձագետները, քաղաքակրթության համար շատ դժվար է գոյատևել անտառում,
քանի որ վերջինս անընդհատ հոգածություն է պահանջում իր նկատմամբ: 1992թ.-ից Անգկորն անցել է
ՅՈՒՆԵՍԿՈ-ի հովանու տակ: Անգկոր Վատ տաճարը կամբոջացիների
ազգային հպարտությունն է և 1863 թ.-ից պատկերվում է երկրի դրոշի վրա:
Նաիրա Աբրահամյան
ԵԳՊԱ արվեստաբանության բաժին 4-րդ կուրս
ԵԳՊԱ արվեստաբանության բաժին 4-րդ կուրս
Комментариев нет:
Отправить комментарий