среда, 14 ноября 2012 г.

Գլխից դուրս / Out in head

Գիծը սկսվեց, գիծն ավարտվեց… սկսվեց գիրը. այս մտքով ու այսպիսի տպավորությամբ դուրս եկա 5-րդ հարկից: Այս անգամ ցուցադրվող օբյեկտը զուտ գծի ու գույնի համադրում չէր: Երկու տարբեր ոլորտներ ներկայացնող արվեստագետների ստեղծագործություններ` համադրված ոչ մեծ ստվարաթղթերի վրա, մեկը մյուսին լրացնող ու շարունակող: Արվեստի մշտական ցուցահանդեսների հաջորդական շարքը խախտված էր. նկարչության կողքին կար նաեւ պոեզիա:

Գիծը պատկերվող առարկայի համաչափության, մտքի արտահայտման հաճախ սեւագիր համարվող միջոց է, եւ ինքնին, անկախ ընդհանուր պատկերից, ունի իր գեղագիտական արժեքը: Գիրը գաղափար արտահայտելու մի միջոց է /այստեղից էլ` գաղափարագիր/, որը, ի տարբերություն գծանկարում առկա գծերի, միտքը փոխանցում է դիտողին տողեր դարձած բառերի միջոցով: Թերեւս այս երկու արտահայտչամիջոցների տարբերությունը կայանում է նրանում, որ գիծը /նկարը/ տեսնելիս առաջին ազդակն ուղղվում է աչքին, գիրը /տեքստը/ տեսնելիս` ուղեղին: Գծի ու գրի համադրումը մասնագիտական եւ գեղարվեստական գրականության մեջ հաճախ հանդիպող երեւույթ է, որն օգտագործվում է տեքստն ավելի ընկալելի ու պարզ դարձնելու համար: Նույնը չենք կարող ասել արվեստի մասին: Նկարչությունը պոեզիայի, պարի կամ արվեստի այլ բնագավառների հետ համատեղ չի ցուցադրվում /խոսքը չի վերաբերում այն ցուցահանդեսներին, որոնք ընթանում են երաժշտության ուղեկցությամբ/:

  Արվեստում գիծ-գիր սերտ կապը փորձեցին ընդգծել Գյումրիի "5-րդ հարկ" արտիստական խմբավորման երիտասարդ արվեստագետներ Սարգիս Հովհաննիսյանն ու meLo-ն: Գրող-արվեստագետ meLo-ի տողերը գրվել էին գրաֆիկ-լուսանկարիչ Սարգիսի գծերի կողքին` ստեղծելով միեւնույն գաղափարի այլընտրանքային մատուցում: Երկու տարբեր անհատ-ստեղծագործողներ ցույց են տալիս խոսքի, երեւույթի կամ ֆորմաների ներկայացումը տարբեր արտահայտչամիջոցներով: Ի սկզբանե գործերում եղել է գծանկարը, այնուհետեւ դրա գաղափարից ելնելով գրվել է համապատասխան քառյակը /արվեստում եւս գիծն ավելի հին պատմություն ունի` սկսած ժայռապատկերներից/: Հետեւաբար գծանկարների բովանդակությունը կրկնվում է նաեւ տողերում. տարբեր են միայն արտահայտչամիջոցները, գիծն այստեղ հանդիսանում է գաղափարի փոխանցման մեկ այլ տարբերակ:
Գծանկարի ու պոեզիայի համադրման նոր մեթոդը ֆիզիկական դիֆուզիա է հիշեցնում. գրի բառերը ներթափանցում են գծերի մեջ, նկարի գծերը` տողերի մեջ: Գույներ չկան, կան միայն գծեր, տարածության մեջ տարածված բազմապիսի գծեր, գծերից` գլուխներ, գլուխներից դուրս` ճարտարապետական ֆորմաներ եւ ընդհանուրից` նախագծի խորագիր` "Գլխից դուրս"… Առօրյա խոսքում հաճախ հանդիպող այս դարձվածքն իրականում ոչ մի առնչություն չունի նախագծի բուն գաղափարի հետ եւ դրա իմաստը կապ չունի գլխից "դուրս եկած" քաղաք հիշեցնող շենքերի հետ: Համընկնում են միայն համանուն արտահայտությունները:

15x15 չափերի ստվարաթղթերի վրա գրված տողերի կողքին նկարված սյուրռեալիզմ հիշեցնող կերպարների գլուխներից դուրս են գալիս ճարտարապետական ֆորմաներ: Սրանք խորհրդանշում են քաղաքը, որն անկախ ամեն ինչից դուրս է մարդու գլխից: Գլուխն ինքնին հանդիսանում է մարդու կապը իր եւ "իր աշխարհի" կամ քաղաքի միջեւ: Գլխում առաջացած մտքերը նախքան իրագործվելը հասու չեն քաղաքին: Մտքում, կամ որ նույնն է գլխում քաղաք կոչվածն անէանում է, դառնում անզոր, բայց իր հետքը չթողնել չի կարողանում:
Մարդը քաղաքում` դուրս է քաղաքից,
Հակաքաղաքն է թափանցել նրա մեջ.
Նա փախնում է, քաղաքն էլ` նրա միջից. [1]
"Հակաքաղաք"-մարդ կապը գնալով սերտանում է, մարդը հետզհետե դուրս է գալիս քաղաքից` կորցնելով մարդ-քաղաքացու, մարդ-անհատի, մարդ-մտածողի քաղաքի հետ եղած կապը: Գլխում ի հայտ է գալիս նոր գիտակցություն` հինը փոխելու, նորը ստեղծելու, "Ես"-ն ու քաղաքը վերափոխելու…մարդը ձգտում է փոխակերպումների…Ներկայացված աշխատանքներում գիծը փոխակերպվում է գրի` չկորցնելով հիմնական իմաստը: Գիծը գրին փոխանցում է արտահայտչականություն, դիտողի աչքում գիրը գծի միջոցով դառնում է պատկերային:
Ճարտարապետական կառույցներն ակամայից "քաղաքից ու գլխից դուրս գտնվող" կերպարներին փոխանցում են շարժում, ստատիկ վիճակը խաթարվում է` ընգծելով քաղաք-մարդ կապը տարածության եւ շարժման մեջ: Կարծես անիրական կերպարները լիովին համապատասխանում են զուգահեռ գրված տեքստերին, որոնք իրենց հերթին մարդկային գլուխներից դուրս եկած ֆորմաների նման սյուրռեալիստական են, ինչից եւ բխում է ցուցադրության էքսպոզիցիան: Նկարները թվում են առանց հենարանի, կախված են թափանցիկ թելերից, որոնք տարածությունը բաժանում են մեծ ու փոքր մասերի: Նկարները ցրված են օդում, ինչպես մտքերը` գլխում: Ցուցադրության սենյակը կարելի է ասոցացնել գլխի հետ, որից դուրս արտաքին աշխարհն էր` միանգամայն այլ միջավայր: Երկու տարբեր "աշխարհներն" իրար կապում էր առաստաղին ու պատերին ամրացված "օդից կախված" փայտե շրջանակը: Սենյակից /գլխից/ դուրս ցուցադրություն չկար, գծեր ու գրեր չկային /քաղաքն էր/:

Ստեղծված միջավայրն ու առաջացած տպավորությունները ստիպում էին "ցուցահանդեսի շրջակայքում" տեղ գտած ցանկացած առարկա նույնացնել գլխի հետ, նույնիսկ աշխատանքների տողերում փնտրել "գլուխներ". "Արվեստի գործիքը կլոր ձեւ ունի, գանգատուփը նման է շենքի"…արվեստի գործիքը նույն ինքը գլուխն է /առանց որի արվեստի գործ չի ստեղծվի/: Գանգատուփն համեմատվում է շենքի հետ` երեւի թե հաշվի առնելով շենքի հարկերի ու ուղեղի ծալքերի նմանությունը կամ նույնացումը:
Նախագծի գաղափարից հետեւում է միջավայրի անտանելի, նույնության` հոգնեցնող լինելը: "Գլուխներին" փոխակերպումներ են պետք: Փոխակերպումներ էին պետք նաեւ Սարգիսի գծերին ու meLo-ի բառերին: Նախագծում տեղ գտած աշխատանքներում առկա ինքնատիպ փոխակերպումները գիծն ու գիրը դարձրեցին միմյանց լրացնող արտահայտչամիջոցների նոր այլընտրանքներ: Գիծը փոխակերպվեց գրի, գիրը` գծի: Մի խոսքով, "գիրը գծի վերածվեց, գիրը գծվեց գծով…": [2]

________________________
[1] [2] - մեջբերումներ կոնցեպտից /հեղինակ` Հովհաննես Սմոյան/


Հեղինակ` Գոհար Նավասարդյան
 ԵԳՊԱ արվեստաբանության բաժին, 3-րդ կուրս
Լուսանկարները` Սարգիս Հովհաննիսյանի
աղբյուրը`  http://www.arteria.am