Պաուլո Ուչելլոն վաղ վերածննդի /կվադրոչենտո/ ներկայացուցիչներից է, գեղանկարիչ, ով ուսումնասիրել և զարգացրել է հեռանկարի օրենքները: Նա ծնվել
է 1397թ. դեկտեմբերի 10-ին:
1407-1411թթ. աշխատել
է Ֆլորենցիայում` Լորենցո Հիբերտիի արվեստանոցում: Ստեղծագործական վաղ շրջանում Ուչելլոն ձգտում
էր ուշ գոթական ավանդույթներին, սակայն Դոնատելլոյի, Ֆիլիպպո Բրունելեսկիի, Մազաչչոյի ազդեցության տակ խիստ հետաքրքրվում է նոր վերածնության արվեստի խնդիրներով: Միացնելով սերը գեղանկարչությանն ու գիտությանը` նա ուսումնասիրում է կենդանիների և բույսերի կազմությունը, հեռանկարի կանոնները: Ուչելլոն հիմք դրեց հեռանկարի տեսությանը, առաջին անգամ կառուցեց այնպիսի հեռանկարով ու ծավալով տարածություններ, որոնցից ելնելով նրանից հետո եկող սերունդը երկար ժամանակ օգտվում էր իր իսկ ստեղծած կանոններից: Արդյունքում նա հասավ այն բանին, որ մտածեց մարդուն հարթության վրա կանգնեցնելու եղանակներ, ճիշտ հեռանկարով կառուցեց կամարներ ու առաստաղ, կառնիզներ ու քիվեր:
Ուչելլոյի առաջին գեղանկարչական աշխատանքը Լելմո հիվանդանոցի որմնանկարներն էին, հատկապես Սբ. Անտոնիոսի պատկերը ուղղանկյուն որմնախորշում՝ Կոզմա և Դամիան սրբերի մեջտեղում: Աննալենա մենաստանում նա նկարել է երկու ֆիգուրաներ, իսկ Սանտա Տրինիտա եկեղեցում՝ ներսի ձախ դռան վրա, Սբ. Ֆրանցիսկի կյանքից տեսարաններ: Սանտա Մարիա Մաժորեում նկարել է մի շինության ինտերիեր, որի մեջ լավագույնս ցույց է տվել, թե ինչպես կարելի է բավականին փոքր տարածությունը դարցնել անսահման ընդարձակ, գույնի ու գծի միջոցով այն դարձնել բնականին շատ մոտ: Մեդիչիների տանը նա նկարել է կենդանիների նկարներ /<<Կռվող առյուծներ>>,<<Օձի և առյուծների կռիվը>>/: Նկարիչը միշտ էլ սիրել է կենդանիներ, հատկապես թռչուններ: Այդ պատճառով էլ նրան անվանել են Ուչելլո /թռչուն/:
1430-1440թթ. Պաուլոյին պատվիրում են տեսարաններ նկարել Սանտա Մարիա Նովելլա մենաստանի համար, որոնք արված են դեպի բակ տանող մուտքի վրա: Սրանք դարձյալ կենդանիներ են, որոնցից յուրաքանչյուրի մեջ ցույց է տալիս տվյալ կենդանուն բնորոշ հատկությունները: Պատկերել է նաև <<Կենդանիների և Ադամի ստեղծումը>>,
<<Եվայի ծնունդը և առաջին մեղք գործելը>>, <<Գոհունակության զոհ>> տեսարանները: Այս բոլոր որմնանկարներում նկարել է այն, ինչ տեսել է՝ ծառեր, թփեր, դաշտեր, բնության այլ մանրուքներ: Ապա շարունակում է ստեղծագործել ու նկարում է <<Ջրհեղեղն ու Նոյի տապանը>> ֆրեսկոն, որտեղ պատկերում է մարդկային զոհեր, ահեղ ջրհեղեղ, ամպրոպ ու սուլող քամի, վախ և զղջում: Նկարի մի անկյունում պատկերել է մարդու, որի աչքերը ագռավը հանում է, մյուսում՝ խեղդվող երեխայի, որի որովայնը ջրից փքվել է: Պատկերված են նաև անտարբեր հայացքներ /իրար հետ վիճող ձիավորները, ցլի վրա նստած ամուսինները, որոնք ընկղմվում են ջրի տակ, բայց չեն իջնում ցլի վրայից/: Այս ստեղծագործությունը Ուչելլոյին մեծ ճանաչում է բերում: Այս ժամանակ է նկարում նաև <<Նոյի արբեցումն ու ծաղրը>> որմնանկարը, որի մեջ Նոյի որդին՝ Քամը, ծաղրում է հորը: Քամին Ուչելլոն նկարել է իր ընկերոջը՝ ֆլորենտացի քանդակագործ ու գեղանկարիչ Դելլոյին նայելով: Մյուս երկու որդիները՝ Սեմն ու Հաբեթը, ծածկում են նրա մերկությունը: Նույն նկարում պատկերված է նաև մի տակառ և խաղողի վազով ծածկված տաղավար: Նկարիչն այստեղ սխալվել է. հատակը համընկնում է տաղավարի գծերի հետ, իսկ տակառը գտնվում է այլ հարթության վրա, ինչը պարզապես այդպես լինել չէր կարող: Հետաքրքիր է, թե ինչպես է ստացվել, որ հեռանկարի օրենքների վարպետ գեղանկարիչը սխալվել է այս հարցում: Երկնքում կարող ենք տեսնել Աստծուն, ով նայում է Նոյի ու զավակների մատուցած զոհին: Սա ամենաբարդ ֆիգուրն է այս ստեղծագործության մեջ, ու թվում է, թե ոչնչով չի տարբերվում մարդուց: Մի խոսքով, Ուչելլոն այս որմնանկարին յուրահատուկ նրբություն է հաղորդել, կերտել է այն մանրակրկտորեն ու թեթև, ավելի ուշադիր ու զգացմունքայնությամբ, քան նրա այլ նկարները:
Սանտա Մարիա դել Ֆիորե եկեղեցում Ուչելլոն նկարում է ֆլորենտացիների անգլիացի կապիտան Ջոն Հոկվուդին /Ջիովաննի Ակուտո/՝ ձիու վրա նստած:
Հետին պլանում պատկերել է մի սարկոֆագ, որի մեջ, ասես, ամփոփված է նրա մարմինը: Ձիու մի կողմի ոտքերը վերև են բարձրացրած, սակայն ձին այսպես կանգնել չի կարող: Բանն այն է, որ Ուչելլոն այնքան էլ չէր ուսումնասիրել ձիերին, ինչպես արել էր մյուս կենդանիների դեպքում: Սարկոֆագի վրա էլ հենց գրված է Pauli Uccelli opus.
Ունի
նաև
ֆանտաստիկ, հեքիաթային, վառ գույներով արված նկարներ, որոնցից են <<Սբ. Գևորգը հրեշի հետ>>, <<Որս անտառում>> նկարները:
Այս նույն եկեղեցում նկարում է նաև մի տեսարան, որի մեջ սատանայի հրամանով ավերվում է մի մենաստան, որի ավերակների տակ մնում է մի սպանված վանական: Հետաքրքիր է նաև փախչող վանականի դեմքի արտահայտությունը, որի զգեստի ծալքերը քամուց օրորվում են: Այս կերպարին հետագայում նախանձելու են Ուչելլոյի հետևորդները: Բավականին ստացված է նաև Սբ. Բենեդիկտոսի կերպարը, ով օրհնում է մահացած վանականին: Նկարում աչքի է ընկնում հաշմանդամ ծեր վանականի կերպարը, որն արտահայտում է հույսը դեպի ամբողջացում: Այս նկարում գունազարդ բնանկար չկա, սակայն զարգացած է հմուտ գծանկարը:
<<Ճակատամարտը Սան Ռոմանոյի մոտ>>:
Կոզիմո
Մեդիչիի պատվերով Ուչելլոն 1456-1460 թթ. նկարում է <<Ճակատամարտը Սան Ռոմանոյի մոտ>> նկարը՝ բաղկացած երեք մասից, որոնցից յուրաքանչյուրն հիմա առանձին նկարներ են ու գտնվում են Եվրոպայի տարբեր թանգարաններում: Պատկերված են տեսարաններ ֆլորենտացիների ու սիենացիների միջև 1432 թ. Սան Ռոմանոյի մոտ տեղի ունեցած մարտից: Սկզբում սա իրենից ներկայացնում էր ամբողջական ֆրիզ՝ 9.5 մ երկարությամբ, տեղադրված Պալացցո Մեդիչիի սենյակներից մեկում: Այս նկարներից առաջինը՝ <<Նիկոլլո դա Տոլենտինոյի հարձակումը>> /Լոնդոնի թանգարան/, պատկերում է ֆլորենտացիների հարձակումը սիենացիների վրա:
Երկրորդը՝ <<Բեռնանդինո դելլա Կառդայի պարտությունը>> /Ուֆֆիցի թանգարան-Ֆլորենցիա/, պատկերում է այն տեսարանը, երբ սիենացիների ղեկավար դելլա Կառդան ընկնում է ձիու վրայից: Վերջին տեսարանը՝ <<Միկելետտո դա Կոտինյոլայի հարձակումը>>/Լուվր/, նկարագրում է այն պահը, երբ Կոտինյոլան օգնության է գալիս Տոլենտինոյի զորքին:
Պաուլո Ուչելլոյի արվեստի վրա
ազդեցություն են ունեցել Դոնատելլոյի, Բրունելլեսկիի և Ջոտտոյի ստեղծագործությունները:
Նա ունեցել է կին և աղջիկ, սակայն ընտանիքը երբեք չի խանգարել Պաուլոյին ստեղծագործել:
Նա հաճախ է կրկնել. <<Որքան դուրեկան բան է այս հեռանկարը>>…և իրոք, չնայած
այն բանի, թե ինչքան էր տարված այս գեղանկարիչը հեռանկարով, այնուամենայնիվ, չլիներ
Ուչելլոն, զարգացում չէր ապրի հեռանկարը, և հետագա սերունդները հենց Պաուլո Ուչելլոյին
են պարտական հեռանկարի տեսության համար:
Նավասարդյան Գոհար
ԵԳՊԱ արվեստաբանության բաժին 3-րդ կուրս