вторник, 5 мая 2015 г.

Ռեմբրանդտ վան Ռեյն..Դանայա



Մի հունական առասպել կա Արգոսի Ակրիսիոս արքայի և նրա դստեր` Դանայա անունով աղջկա մասին: Ակրիսիոսին կանխագուշակում են, որ նա  մեռնելու է հարազատ թոռան ձեռքով: Սա իմանալով, արքան դստերը` Դանայայինփակում է մեծ աշտարակում, որպեսզի նրան երկրի կտրիճներից ոչ ոք չսիրահարվի և չառևանգի: Սակայն աղջկա մոտ անձրևի տեսքով ներս է թափանցում աստվածների հայր Զևսը: Դանայայի ու Զևսի սիրո պատմությունից ծնվում է Պերսևսը: Ակրիսիոսը բարկանալով համհարզներին հրամայում է դստերն ու նորածին թոռանը դնել տակառի մեջ ու նետել ծովը: Այսպես էլ անում են, սակայն նրանց հաջողվում է փրկվել: Ժամանակ է անցնում, Պերսևսը դառնում է քաջ երիտասարդ: Մի անգամ սկավառակ նետելիս սկավառակը պատահաբար դիպչում է Դանայայի հորը, և կատարվում է կանխագուշակությունը....
Շատերը  Դանայային շփոթում են դանայուհիներից մեկի հետ, և այս կտավների անվանումները պարզապես որպես հայերեն թարգմանում <<Դանայուհին>>, մինչդեռ իրականում կինը առնչություն չունի Դանայոսի 50 դստրերի` դանայուհիների հետ, ովքեր իրենց հարսանիքի օրը սրախողխող արեցին իրենց փեսացուներին, բացի մեկից: Այդ մեկը Հիպեմնեստրան էր, ով խղճաց իր երիտասարդ ամուսնուն` Եգիպտոսի 50 որդիներից մեկին` Լինքեոսին: Նրանց սերը աստվածները օրհնեցին և քաջ ու գեղեցիկ սերունդներ պարգևեցին նրանց: Վերը նշված Ակրիսիոսը նրանց թոռներից մեկն է, Դանայան` փաստորեն վերջիններիս ծոռը, իսկ կապը դանայուհիների հետ միայն ազգակցական է:
Այս լեգենդը իր տարածումն է գտնում արվեստում և գրականության մեջ: Դանայայի ու Զևսի հանդիպումը պատկերող գրեթե բոլոր կտավներն ունեն միևնույն հերոսները //: Ներկա է Դանայան` հիմնականում անկողնում պառկած, նրա կողքին սպասուհին է, որ ձեռքին մի պարկ է պահում, որի մեջ պետք է լցվի ոսկե անձրևը և Ամուրը` սիրո աստվածուհու որդին: Ռեմբրանդտի <<Դանայա>> կտավում ոսկե անձրև չկա, իսկ Ամուրը, չգիտես` ինչու, լաց է լինում: Իսկ Դանայան, կարծես, ոչ թե սպասում է իր սիրեցյալին այլ նայում է հենց իր դիմաց:
1656 թվականին Ռեմբրանդտը սնանկանում է: Նա կորցնում է իր ունեցվածքը և ստեղծագործություններից շատերը: Նկարչի աչքի առաջ իր աշխատանքների կրկնօրինակներն էին անում, որպեսզի բարձր գներով վաճառեն: Նկարներից մեկի կրկնօրինակն անելու ժամանակ էլ նա հաստատում է, որ Ամուրի հետ պատկերված կինը Դանայան է: Այս փաստն է, որ շատ արվեստաբանների հեռու պահեց այն մտքից, որ Ռեմբրանդտի հերոսուհին բոլորովին էլ Դանայան չէ, քանի որ նկարը պատկերված չէ ըստ հունական լեգենդի: Ինչևէ, Ռեմբրանդտն անձամբ է հաստատել ստեղծագործության անվանումը, և մեզ մնում է միայն մտածել, թե ինչու է հեղինակը թեման պատկերել իր պրիզմայով, ոչ թե ըստ հունական լեգենդի: Ինչու՞ ոսկե անձրև չկա նկարում և ինչու՞ են Ամուրի ձեռքերը շղթայված և  ինչու՞  վերջինս լաց լինում

Նկարի պատմության հետ կապված կա ևս մի հետաքրքիր փաստ: Ամենայն հավանակությամբ, Դանային Ռեմբրանդտը նկարել է 1636 թվականին: Այս տարիներին իր գրեթե բոլոր ստեղծագործություններում, անկախ նրանից, դիցաբանական կլիներ սյուժեն, աստվածաշնչյան թե կենցաղային, նկարիչը որպես բնորդուհի ընտրում էր իր կնոջը` Սասկիային: Մինչդեռ այս նկարում պատկերված կինը Սասկիան չէ…
Այս առեղծվածը բացահայտեց միայն 20-րդ դարում արված ռենտգետնային հետազոտությունը: Պարզվում է, 1636 թվականին այս նկարը բոլորովին էլ այսպիսին չի եղել: Կնոջ ու սպասուհու հայացքներն ուղղված են եղել դեպի առաստաղը, դեպի թափվող ոսկե անձրևը: Սպասուհին պատկերված է եղել կոմպոզիցիայի կենտրոնում: Դանայան հրաժեշտ է տվել իր սիրեցյալին, նրա ձեռքի ժեստը այժմ ևս դա է վկայում: Համաշխարհային արվեստում ձեռքի նման դիրքը հրաժեշտի խորհուրդն ունի: Եվ որ ամենահետաքրքիրն է, 1636 թվականին Դանայայի դիմագծերը եղել են Սասկիայինը…Նկարի նախնական տարբերակում Զևսի հեռանալուց հետո Ամուրը լաց է լինում, մտածելով, որ սիրահարները բաժանվեցին ընդմիշտ: Սա ասես կանխազգում է նաև նկարիչը, որովհետև տարիներ անց մահանալու էր իր սիրելի կինը` Սասկիան: 1642 թվականից հետո, երբ Ռեմբրանդտը կորցնում է իր կնոջը, նրա կյանքը գլխիվայր շուռ է գալիս ու անցնում քաոսային` ընդհուպ մինչը մահը:
Վերը նշվածից կարծես թե որոշ հարցեր պատասխան են ստանում: Ի տարբերություն եվրոպական շատ այլ նկարիչների, Ռեմբրանդտը ոչ թե պատկերել է այն պահը, երբ Զևսը այցի է գալիս իր սիրելիին կամ երբ Դանայան սպասում է նրան, այլ այն պահը, երբ հունական աստվածն արդեն հեռացել է, և Դանայան ձեռքով դեռ հրաժեշտ է տալիս նրան...
1647 թվականին Ռեմբրանդտը որոշում է փոփոխել նկարը: Որոշ փոփոխություններ են մտցվում կոմոպզիցիայում, որոշները` կերպարներում: Սյուժեի հիմքում մնում է հունական լեգենդը: Թե ինչու է նկարիչը հանգել այս որոշմանը, ոչ ոք հստակ չի կարող ասել: Հնարավոր է, որ նա ուզեցել է է’լ ավելի ընդծել երջանկության վաղանցիկությունը, սիրահարների բաժանումը: Ըստ մի վարկածի, նկարի երկրորդ տարբերակում, այսինքն այն Դանայայի կերպարում, որը մեզ է հասել, պատկերված է Գերտիա Դիրքսը, որի հետ 40-ականների կեսերին կապի մեջ է եղել նկարիչը:
Որոշ ակնարկներում ու հուշերում հանդիպում ենք, որ Ռեմբրանդտը չէր սիրում կյանքը գեղեցկացնել: Նա ամեն ինչ պատկերում էր այնպես, ինչպես տեսնում էր: Էությամբ նա ռեալիստ էր: Մարդկանց ևս նա պատկերում էր առանց գեղեցկացնելու, հերոսացնելու: Եվ իրոք, նրա Դանայան բոլորովին էլ հմայիչ կին չէ: Բնորդուհին պատկերված է այնպիսին, ինչպիսին եղել է:
Ստեղծագործությունն ունի հետաքրքիր գունաշար: Այն կառուցված է ոսկեգույնի երանգներով: Վարագույրները, մահճակալի ոտքերը, հատակին դրված ոտնամանները, Ամուրի մարմնի գույնը ոսկեգույնի տարբեր երանգներով են պատկերված: Նույնիսկ Դանայայի մարմինը, որը ողողված է լույսով, դարձյալ ասես նուրբ ոսկեգույն լինի: Կոմպոզիցիայի գունաշարում աչքի է ընկնում սեղանի կարմիր ծածկոցը, սակայն վերջինս չի խախտում ներդաշնակությունը:
Նկարը, իհարկե, շուրջ 500 տարիների ընթացքում կորցրել է իր գույների արտահայտչականությունը: Նախնական տարբերակի ոսկե անձրևը, որը հետագայում փոխվել է լույսի, Ռեմբրանդտը նկարելիս ներկերին խառնել է մանրացված սաթ /янтарь/.: Այժմ, ցավոք այդ լույսն ամբողջությամբ տեսնել մենք չենք կարող: 1985 թվականին Էրմիտաժ այցելած մի մարդ չորս անգամ թթու  է լցրել նկարի վրա, որը քայքայել է ներկի շերտերը: Արդյունքում գլուխգործոցի 27%-ը ոչնչացվել է: Ինչպես հետագայում պարզվեց, հանցագործն այս արաքին դիմել է քաղաքական պատվերով:
1997 թվականին ավարտվում են նկարի վերականգնողական աշխատանքները: Բարեբախտաբար, Ռեմբրանդտն աշխատել էր ներկերի հաստ շերտերով ու օգտագործել էր լաք, ինչը փոքր-ինչ դանդաղեցրել էր թթվով քայքայումը: Նկարն այժմ ևս բաց է արվեստասերների համար, սակայն իր նախկին փայլը չունի…

 Դե եսիմ` Գ.Ն.

Комментариев нет:

Отправить комментарий