четверг, 21 мая 2015 г.

Գյումրիի Մայր Հայաստան հուշահամալիրը



Գյումրի քաղաքի այցեքարտերից մեկն, իրավամբ, <<Մայր Հայաստան>> հուշահամալիրն է: Այն գտնվում է նախկին Ալեքսանդրապոլի ամրոցի, ներկայիս Սև ղուլի տարածքում: Քանդակը մարմնավորում է հայ կնոջ հավաքական կերպարը: Քանդակագործը Արա հուշահամալիրի ճարտարապետը Ռաֆիկ Եղոյանն է: Գյումրիում արձանը տեղադրվել է 1975 թվականին: Այն ընդգրկված է Գյումրիի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում:  Երբ Լենինականն ունեցավ իր <<Մայր Հայաստանը>>, Երևանում արդեն 25 տարի է, ինչ հպարտ կանգնած էր Արա Հարությունյանի սուրը ձեռքին կինը /1950թ./:

Սկսած Հայրենական մեծ պատերազմի տարիներից Արա Սարգսյանի ստեղծագործական որոնումներում իր մշտական տեղն է ունեցել հայրենիքը խորհրդանշող հավաքական կերպարը, որին նա անդրադարձել է տարբեր վերնագրերի տակ /<<Ի զեն իմ ժողովուրդ>>, <<Մայր Հայաստան>>, <<Սովետական Հայաստան>> և այլն/, տարբեր կոմպոզիցիոն լուծումներով և մեկնաբանություններով: Եվ, ինչպես տեսանք ոչ մեկի մեջ էլ հաջողությունը կատարյալ չի եղել: Ահա բոլոր այդ քանդակների մանավանդ <<Սովետական Հայաստանի>> բերած փորձի վրա 1965-1968թթ. Նորից ու նորից անդրադառնալով իր այդ գուրգուրած թեմային, վարպետը ստեղծում է իր վերջին <<Մայր Հայաստանը>>, որն իր վերջին ստեղծագործությունն էր ընդհանրապես: Ավարտում է, ձուլում գիպսից, բայց նյութի վրա փոխադրել չի հասցնում:
Նախորդ քանդակները նրան չէին կարող չհուշել, թե այդ նվիրական թեմայի վրա աշխատելիս ինչից պետք է խուսափել: եվ այս քանդակում չկան Սովետական Հայաստանը մարմնավորելու կոչված նահապետական կինը, կոմպոզիցիայի մեջ ամեն ինչ ներգրավելու, ամեն ինչ ասելու անհեռանկար կիտումը ակադեմիական անկիրք պաշտոնականությունը:
Մտահղացմամբ այս քանդակը, ինչպես պատշաճում է հավաքական լայն գաղափարներ արտահայտող ստեղծագործություններին, հեռու մնալով մանրախնդիր կոնկրետությունից, այլաբանական է ու սիմվոլիկ, պատկանելիքներով ժուժկալ:
Դասականորեն գեղեցիկ ու ամրակազմ կին, ժամանակակից հայուհու տիպականացված դեմքով, որը, սակայն, կրում է նաև <<հավերժական հայկականություն>> կնիքը, գլխին դիադեմ, աջ ձեռքով վեր է բարձրացրել դափնու շյուղջ` որպես հաղթանակների խորհրդանիշ, առաջ պարզած ձախ ափում պահում է հայկական մի խոյակ: Եվ ստացվում է, որ ընդամենը երկու աքսեսուարը` դափնին ու խոյակը, միանգամայն բավական են Մայր Հայաստանի մասին գլխավորն ու առավել ճշմարտացին ասելու համար:
Սա սուր պարզած Մայր Հայաստանը չէ, ոչ էլ ավերակների վրա անհույս որբացողը: Հիրավի, Մայր Հայաստանը իր բազմադարյան գոյության ընթացքում ամենամեծ հաղթաակները տարել է հոգու մաքառումներում, խաղաղ ու ստեղծագործ կերտումներում: Եվ Արա Սարգսյանը նրան այդպիսին է տեսել, այդպիսին մեկնաբանել:
Դելակրուայի <<Ազատության>> նման նրա կուրծքը բաց է, և դա ներկա դեպքում արտահայտված է ըստ ամենայնի, քանի որ վերին աստիճանի տեղին աղերս է ստեղծում դասակն կերպարների հետ, ստեղծվում է դեկորատիվ-գեղագիտական ընկալման մոտիվ, իսկ հանձին կյանքով լի ու կենարար ստինքների` շեշտված է մայրությունը:
Դասականորեն խմբագրված ժամանակակից կերպարանագծերն ու <<հավերժական>> հայկականության կնիքը, որոնք վերն ակնարկեցինք, հեղինակին հնարավորություն են տվել խորհրդանշելու ոչ թե ժամանակից ու տարածությունից դուրս Հայաստանն ընդհանրապես, ներառյալ նաև նրա ներկան, այլ որոշակիորեն արդիական Հայաստանը, որն իր մեջ ներառել է իր հողի ու իր ժողովրդի պատմությունը, ժառանգությունը, տիպականը:
Եվ այդ ամենի շնորհիվ ստեղծվել է մի կոթող, որում ճիշտ են հարաբերված  ու իմաստվաորված սոցիալիստականն ու ազգայինը: <<Նայր Հայաստանի>> այլաբանական հոլանի մարմինը դրված է սլացիկ ուղղահայացի մեջ, որը, սակայն, հատված է ձախ ուսից իջնող թիկնոցի ալիքավոր թևքով: Դրա շնորհիվ քանդակն ստացել է իր մոնումենտալ վեհությունը չխաղտող ասիմետրիա և դինամիկա, լույսի և ստվերի հարուստ խաղ: Մարմնի ստորին մասերի ծալքերն ավելի խորունկ են և լավ են արտաթափանցում իրենց ծածկված մարմնաձևերը` ապահովելով քանդակված մարմնի ձևերի հավաքվածությունն ու ամբողջական ընկալումը:
Քանդակը նախատեսված էր Երևանի համար, սակայն նրա իրականացման բարեբախտությունը բաժին ընկավ Լենինականին /այժմյան` Գյումրի/, և շուտով արձանագործի երախտագետ աշակերտներից մեկի Ե. Վարդանյանի կողմից նյութի մեջ մարմավորված նա կզարդարի Շիրակի ոստանը:

Դեպի քանդակն են տանում տասնյակ աստիճաններ, իսկ աջ կողմում անհայտ զինվորին նվիրված կոթողն է` անմար կրակով: Այն նվիրված է 1941-1945թթ. Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհված մարտիկներին: Հուշաքարը կրում է հետևյալ մակագրությունը. <<Անունը քո անհայտ է, սխրանքը` անմահ>>:
Նյութը պատրաստեց Միրոյան Կարինեն
Վահան Հարությունյանի <<Արա Սարգսյան>> գրքից

Комментариев нет:

Отправить комментарий