Հռոմի ճարտարապետությունը ներկայացնող շատ աղբյուրներում `Հռոմեական շքեղ կոթողների ֆոնի ներքո, ուշադրության կենտրոնից դուրս է մնում մի փոքրիկ և գողտրիկ, բայց շատ յուրահատուկ շինություն` Սուրբ Կոնստանցիայի դամբարանը:
Շինությանը հասնելը բավականին հեշտ է, Թերմինի կայարանից ընդամենը մի քիչ հեռու:
Սուրբ Կոնստանցիայի դամբարանը կառուցվել է 4-րդ դարում, իր անտիկ նախնիների օրինակի հիմքի վրա, առաջին հերթին` Պանթեոնի, Օգոստոսի և Ադրիանայի դամբարանների: Դամբարանի ինտերիերը կոմպոզիցիոն ձևով բաղկացած է երկու սյունաշարային օղակներից: Ներկայումս դամբարանը Սան-Ֆուորի-լե-Մուր համալիրի մի մասնիկն է, բայց նախկինում այն մի մեծ բազիլիկի կազմի մեջ էր մտնում, որը կառուցվել է 337-361 թվականներին, Կոնստանդին Մեծ կայսեր դստեր` Կոնստանցիայի պատվերով:
Կոնստանցիայի հայրը` Կոնստանդինը Սուրբ Ելենայի (ում շնորհիվ քրիստոնեությունը մեծ տարածում ստացավ Հռոմում)որդին էր:Նա հայտնի է, որպես քրիստոնյա կայսր, առաջիններից ով մկրտվեց: Բայց այն վարկածը,, որ Կոնստանդինը հրամայել էր սպանել սեփական որդուն և կնոջը, ոչ միշտ է հիշատակվում:
Հետաքրքիր է, թե ինչ անուններ է տվել կայսրը Ֆաուստայի հետ ամուսնությունից ծնված իր երեխաներին`Կոնստանցիա` դստերը, Կոնստանտին II, Կոնստանցիյ II և Կոնստանտ I որդիներին: Ժամանակակիցների բնորոշմամբ, դուստրը առանձնապես տաղանդավոր և բարեպաշտ չէր: Պատմիչ Արմիան Մարցելլին նրան անվանել է «շրջազգեստով Մեգերա» (հունական դիցաբանության մեջ դաժանության և վրեժի աստվածուհին), հայտարարելով, որ Կոնստանցիան իր ամուսնուց` Գալլից պակաս արյունարբու չէր: Եկեղեցականները, ուշադրություն չդարձնելով պատմիչի բնորոշումներին, Կոնստանցիային դասեցին սրբերի շարքը:
Ահա թե ինչ է գրում հերոսուհու մասին Պավել Մուրատովը. «Կոնստանցիան, թեև դասվում է սրբերի շարքը, այնուամենայնիվ, շատ հեռու էր հռոմեացի բարեպաշտ և առաքինի կնոջ կերպարից: Ավելի շուտ նա այն կանանցից էր, ով իր ցանկությունների և շահասիրության պատճառով բավական վնաս հասցրեց Բյուզանդիային»:
Ըստ ավանդության, աղոթելով իր սիրելի Սուրբ Ագնեսսային, Կոնստանցիան բուժվում է ծանր հիվանդությունից: Հենց այդ կապակցությամբ էլ, Սուրբ Ագնեսսայի դամբարանի մոտակայքում կառուցվում է Կոնստանդինի բազիլիկան: Ցավոք, բացի Կոնստանցիայի դամբարանից, շինության մնացած հատվածները մեզ չնչին ավերակնորով են հասել:
Դամբարանը ունի կլոր հատակագիծ և ռոտոնդա է (երբ գմբեթը սյունաշարով առանձնացված է պատերից): Կենտրոնում գտնվում է գույնզգույն մարմարից խորանը:
Գմբեթի տրամագիծը` 22,5 մետր է, ժամանակին այն ծածկված էր հիասքանչ խճանկարով, իսկ պատերը ծածկված էին մարմարով: Ցավոք 1620 թվականին դրանք վերջնականապես վերացան, որմնանկարները նույնպես: Բայց միևնույն է շինությունը ունի դիտորդին զարմացնելու շատ ու շատ կողմեր:
Շատ լավ է պահպանվել կենտրոնական սրահի մուտքի մոտ գտնվող խճանկարը:
Քրիստոսի դիմանկարը արված է մի շրջանակի մեջ, որտեղ նա ասես Դիոնիսոսը լինի, շրջապատված է խաղողի որթերով և թռչուններով: Աջ կողմում պատկերված են մարդիկ, ովքեր ոտքերով կանգնած են խաղողի կույտի վրա, և ինչպես ընդունված էր հնում, պարելով գինի են պատրաստում` համատեղելով ծիսակատարությունը աշխատանքի հետ:
Շինության սրահներից մեկում մի ժամանակ գտնվում էր Կոնստանցիայի սարկոֆագը: XVIII վերջին այն տեղափոխեցին Վատիկանի թանգարան և փոխարենը դրեցին գիպսե կրկնօրինակը:
Ինչպես մյուս Քրիստոնեական շինություններում, այստեղ նույնպես հավաքվում են հավատացյալները և կատարվում են ծիսական արարողություններ:
Նյութը պատրաստեց Անետ Ռիդլը
Комментариев нет:
Отправить комментарий