«Դուք, հնարավոր է, տեսել եք մտքերի մեջ ընկած երեխայի մի նկար` մեծ ու
թախծոտ աչքերով: Միանգամայն հնարավոր է, որ այդ նկարը ես եմ նկարել: Դժբախտաբար,
ես այնքան դժբախտ էի, որքան և այն երեխաները, որոնց նկարում էի: Ես մեծացել եմ Միացյալ Նահանգների հարավային
մասում, մի շրջանում, որը հաճախ «Աստվածաշնչի գոտի» են անվանում: Հնարավոր է, որ հենց միջավայրն ու
իմ տատիկն իմ մեջ առաջացրին մեծ հարգանք դեպի Աստվածաշունչը, չնայած այն
հանգամանքին, որ նրա մասին շատ քիչ բան գիտեի….Ես մեծացել եմ Աստծուն հավատալով,
բայց մի շարք հարցերի պատասխաններն այդպես էլ չգտնելով: Ես բարդույթներով երեխա
էի, միայնակ ու ամաչկոտ, բայց ինձ մոտ նկարելու տաղանդը նկատվեց բավականին վաղ
հասակում…»: Սրանք ամերիկացի
նկարչուհի Մարգարետ Կինի /Margaret Keane/ խոսքերն են: Մի կին, ով իր կյանքի երկար տարիների
ընթացքում նկարել է հարյուրավոր մեծ աչքեր, տխուր ու լացող փոքրիկներ, ավելի ուշ նաև թախծոտ աչքերով մտազբաղ կանայք: Շրջապատից մեկուսացված երեխան տարիներ անց իր զգացմունքային ներաշխարհը ցույց է տվել իր արվեստի միջոցով: Նա տասնյակ անգամներ պատկերել է իր մանկությունը: Նրա նկարած փոքրիկները հենց իր մանկությունից են, նրանց թաց ու վախեցած աչքերը հենց իրենն են...
Մարգարետ Կինը ծնվել է 1927 թվականին ԱՄՆ-ի Թեննեսի
նահանգում: Առաջին չստացված ամուսնությունից հետո 50-ական թվականներին նա
ամուսնանում է նկարիչ Ուոլտեր Կինի հետ, որը խաբեությամբ բավականին երկար ժամանակ
իր անվան տակ է ներկայացնում կնոջ արվեստը: Կինի աշխատանքները մեծ ճանաչում են
գտնում 60-70-ական թվականներին: Սրանք նկարչուհու «վերելքի տարիներն» էին, երբ նրա «մեծ
աչքերը» տարածվել էին աշխարհով մեկ: Վերելքի տարիներ, երբ նա, գիտենալով իրականությունը, ստիպված էր մնալ
ամուսնու կեղծ հանճարի ստվերում, որն իրականում իրեն էր պատկանում: Այս ժամանակ էլ նկարչուհու մոտ ծագում է մեծ աչքերով կանայք նկարելու գաղափարը: Մինչ այդ նա միայն երեխաների էր նկարում, սակայն որպես դրանց հեղինակ ամերիկյան հասարակությունը ճանաչում էր Ուոլտերին:
Միայն 1986
թվականին է Մարգարետը բարձրաձայնում հանրությանը, որ նրանց կողմից այդքան սիրված «մեծ աչքերը» պատկանում
են իր վրձնին: Գործը հասնում է դատարան, ու նրա հայցը արադարացվում է: Նկարչուհուն
որպես փոխհատուցում տրվում է 4 մլն ԱՄՆ դոլար: Հայտնի արվեստագետների ու արվեստաբանների համար Կինի
ստեղծագործությունները գուցե և արվեստի գործեր չեն, ոմանք նույնիսկ դրանք ճեպանկարներ
են համարում, սակայն Մարգարետի հանճարը հենց իր նկարների պարզության մեջ է: Նրա հերոսներն
անսովոր ձգողականություն ունեն:
2015
թվականին հանդիսատեսի դատին հանձնվեց ռեժիսյոր Թիմ Բյորտընի «Մեծ աչքեր» ֆիլմը: Այն
նկարահանված է նկարչուհու կենսագրության հիման վրա: Ֆիլմում նկարագրված է
Մարգարետի գեղարվեստական կարիերայի սկիզբը, անարդար ընթացքն ու նրա աշխարհից թաքուն փառքի գագաթնակետը:
Այն հարցին, թե ինչու է իր հերոսներին
Կինը նկարում մեծ ու արտահայտիչ աչքերով, նկարչուհին պատասխանում է. «Հետաքրքրասեր
բնավորությունս ինձ միշտ ստիպել է հարցեր տալ կյանքի իմաստի մասին, ինչու կա ցավ,
դժբախտություն ու մահ, եթե Աստված բարի է…Միշտ «ինչուներ»
էին: Այս հարցերը, ինձ թվում
է, ավելի ուշ իրենց արտացոլումը գտան իմ նկարներում պատկերված մանուկների աչքերում:
Նրանք ասես մերժված են աշխարհի կողմից: Հայացքը ասես թափանցում է հոգու մեջ…»:
Մարգարետ Կինը երիտասարդ տարիներին |
Նկարչուհին այժմ |
Մարգարետի աշխատանքները հոգեհարազատ են շատերին: Վերջին
տարիներին նա եղել է Ամերիկայի ամենամեծ պահանջարկ ունեցող արվեստագտներից մեկը:
Նրա ստեղծագործությունները վաճառվում են բավականին բարձր գներով:
Չգրված օրենք է դարձել մադկանց ու նրանց վաստակը մահից հետո գնահատելը, սակայն արվեստագետները,
որոնք ապրում են մեր օրերում, այժմ ևս ուշադրության կարիք ունեն: Նկարչուհին այժմ
88 տարեկան է: Նա շարունակում է նկարել ու աշխարհը լցնել իր «մեծ աչքերով»:
Դե եսիմ` Գ. Ն.
Комментариев нет:
Отправить комментарий