вторник, 12 мая 2015 г.

Դավիթի կերպարը արվեստում



Համաշխարհային կերպարվեստը լի է աստվածաշնչյան թեմաներով: Դրանցից մեկը Դավիթի ու Գողիաթի պատմությունն է: Ինչպես նշվում է Հին կտակարանում, Դավիթը մի հրեա պատանի էր, ով տավիղ էր նվագում ու ոչխարներ էր արածացնում, մինչև այն պահը, երբ սպանեց թշնամի երկրի հսկա Գողիաթին ու դարձավ իր ժողովրդի ու թագավորի սիրելին, տարիներ անց նաև թագավոր:
Գվիդո Ռենի- Դավիթը սպանում է Գողիաթին
 Այսպես է սկսվում նրա պատմությունը.
<<Այլազգիների ճակատից գէթցի մի զօրեղ մարդ դուրս եկաւ, որի անունն էր Գողիաթ։ Նրա հասակի բարձրութիւնը վեց կանգուն եւ մէկ թիզ էր, գլխին սաղաւարտ կար, հագել էր պղնձից ու երկաթից լանջապանակ, մի զրահ, որի քաշը հինգ հազար սիկղ էր։ Նրա ազդրերին պղնձէ սռնապաններ կային, իսկ թիկունքին՝ պղնձէ վահան։ Նրա գեղարդի բունը նման էր ոստայնանկների գլանի, իսկ նրա երկաթէ տէգը վեց հարիւր սիկղ էր կշռում։ Նրա զինակիրն իր առջեւից էր ընթանում։ Նա եկաւ կանգնեց, ձայն տուեց իսրայէլացիների բանակին՝ ասելով. «Ինչո՞ւ էք մեր դէմ ելել պատերազմելու։ Չէ՞ որ ես այլազգի եմ, իսկ դուք՝ եբրայեցիներդ, Սաւուղի ստրուկներ։ Ձեր միջից ընտրեցէ՛ք մի մարդ, որ իմ դէմ ելնի։
Տիցիան- Դավիթը և Գողիաթը
  Եթէ նա կարողանայ կռուել իմ դէմ եւ ինձ սպանել, մենք ձեզ ծառայ կը լինենք, իսկ եթէ ես յաղթեմ ու սպանեմ նրան, դո՛ւք մեզ ծառայ կը լինէք ու մեզ կը ծառայէք»։
 
Այլազգին աւելացրեց. «Ահաւասիկ ես այսօր Իսրայէլի զօրքը խայտառակելու եմ։ Մի մարդ տուէ՛ք, եւ ես ու նա երկուսով մենամարտենք»։
 Երբ Սաւուղն ու բոլոր իսրայէլացիները լսեցին այլազգու խօսքերը, ահաբեկուեցին, շատ վախեցան։
Գաբրիել Ժոզեֆ Մարի Ավգուստին- Դավիթը հաղթում է Գողիթին
 Յուդայի երկրի Բեթղեհէմ քաղաքից եփրաթացի մի մարդ կար, նրա անունը Յեսսէ էր։ Նրա երեք աւագ որդիները Սաւուղի հետ պատերազմի էին գնացել։ Դաւիթը կրտսերն էր: Նա Սաւուղի մօտից վերադարձաւ, որ Բեթղեհէմում գտնուող իր ոչխարներն արածեցնի։ Այն այլազգին քառասուն օր, առաւօտ կանուխ ու երեկոյեան, գալիս արձանացած կանգնում էր իսրայէլացիների առաջ։ Յեսսէն ասաց իր որդի Դաւթին. Այս մէկ արդու խարկած ցորենը եւ տասը նկանակը ա՛ռ ու շտապի՛ր բանակ, տո՛ւր քո եղբայրներին։ Այս տասը գլուխ պանիրը տո՛ւր հազարապետին։ Նաեւ իմացի՛ր, թէ եղբայրներդ ողջ-առո՞ղջ են, եւ հարցրո՛ւ, թէ որեւէ բանի պէտք ունե՞ն»։
Կարավաջո- Դավիթը սպանում է Գողիաթին
  Սաւուղը եւ բոլոր իսրայէլացիները Կաղնու հովտում էին հաւաքուել, որ այլազգիների դէմ պատերազմեն։ Դաւիթը վաղ առաւօտեան վեր կացաւ եւ ոչխարներին թողնելով հովիւներին՝ այդ բաներն առաւ ու գնաց, ինչպէս Յեսսէն էր հրամայել իրեն։ Երբ հասաւ տափարակ տեղը, զօրքերն արդէն շարուել էին՝ ճակատ կազմելու եւ պատերազմի աղաղակներ էին արձակում։
 
Իսրայէլացիները եւ այլազգիները միմեանց դէմ էին կանգնել ճակատ առ ճակատ։
Էդգար Դեգա- Դավիթի և Գողիաթի մենամարտը
 Դաւիթն իր բերածները յանձնեց բանակի մթերապահին եւ վազեց դէպի զօրքը ու հետաքրքրուեց իր եղբայրների առողջութեամբ։ Մինչ նա խօսում էր, այլազգիների ճակատից դուրս եկաւ յամինացի այն փղշտացին, որի անունն էր Գողիաթ։ Նա գէթացի էր։ Նա կրկնեց նոյն խօսքերը, եւ Դաւիթը լսեց դրանք։
 Բոլոր իսրայէլացիներն այդ մարդուն տեսնելով՝ նրա առաջից փախան եւ սաստիկ վախեցան։
Ջովաննի Ֆրանչեսկո Բարբիեր- Դավիթը Գողիաթի գլխի հետ
 Իսրայէլացիներն ասացին. «Տեսա՞ք այս մարդուն, որն Իսրայէլին խայտառակելու է դուրս եկել։ Ով որ սպանի նրան, արքան մեծ հարստութեամբ կը լիացնի նրան, իր աղջկան նրան կնութեան կը տայ եւ նրա հօր տունը Իսրայէլի մէջ ազատ կը դարձնի»։
 Դաւիթն իրեն շրջապատող մարդկանց ասաց. «Ի՞նչ կ՚անեն այն մարդուն, որ այլազգուն կը սպանի եւ Իսրայէլի նախատինքը կը վերացնի։ Ո՞վ է այդ անթլփատ այլազգին, որը կենդանի Աստծու զօրքին վիրաւորանք է հասցնում»։
Անտոնիո դե Բելլիս- Դավիթը Գողիաթի գլխի հետ
   Եւ ժողովուրդը նոյն խօսքերը կրկնելով՝ նրան ասաց. «Այսպէս ու այսպէս կը լինի այն մարդը, որ կը սպանի նրան»։ Երբ նրա աւագ եղբայր Եղիաբը լսեց նրա զրոյցը այդ մարդկանց հետ, Դաւթի վրայ խիստ բարկանալով՝ ասաց. «Դու ինչո՞ւ ես եկել այստեղ, անապատում ո՞ւմ ես յանձնել այն փոքրաթիւ ոչխարները։ Ես գիտեմ քո մեծամտութիւնը եւ սրտի չարութիւնը, դու պատերազմը դիտելու համար ես եկել»։
 
Դաւիթն ասաց. «Ի՞նչ եմ արել, բան էր՝ ասացինք»։ Եւ նրանից հեռանալով՝ նոյն հարցը տուեց, եւ մարդիկ նոյն խօսքերով պատասխան տուեցին։
Մարկանտոնիո Ռայմոնդի- Դավիթը Գողիաթի գլխի հետ
 Դաւթի խօսակցութիւնը յայտնի դարձաւ, եւ երբ այդ մասին պատմեցին Սաւուղին, նա նրան կանչել տուեց իր մօտ։
 Դաւիթն ասաց Սաւուղին. «Գողիաթի պատճառով իմ տիրոջ սիրտը թող չկոտրուի։ Քո ծառան կը գնայ ու կը մենամարտի այդ այլազգու դէմ»։ Սաւուղն ասաց Դաւթին. «Գուցէ չկարողանաս գնալ կռուել այլազգու դէմ, քանզի պատանի ես, իսկ նա մանկութիւնից ի վեր պատերազմող մարդ է եղել»։ Դաւիթն ասաց Սաւուղին. «Քո ծառան իր հօր ոչխարներն էր արածեցնում, եւ երբ առիւծ կամ արջ էր գալիս եւ հօտից ոչխար էր տանում, ես նրան հետապնդում էի, զարկում եւ կորզում ոչխարը նրա երախից։ Իսկ եթէ ինձ վրայ էր յարձակւում, բռնում էի նրա կոկորդից, հարուածում ու սպանում նրան։ Քո ծառան առիւծ էլ է սատկեցրել, արջ էլ։ Նոյն կերպ կը վարուեմ ես այդ անթլփատ այլազգու հետ։ Արդ, ինչո՞ւ չգնամ, չսպանեմ նրան եւ այսօր եւեթ վերացնեմ Իսրայէլի նախատինքը։ Ո՞վ է այդ անթլփատը, որ կենդանի Աստծու զօրքն է նախատել»։ Դաւիթն ասաց. «Եթէ Տէր Աստուած ինձ փրկել է առիւծի ու արջի ճանկերից, ինձ կը փրկի նաեւ այդ անթլփատ այլազգու ձեռքից»։
 Սաւուղն ասաց. «Գնա՛, Տէրը քեզ հետ թող լինի»։ Սաւուղը Դաւթի ուսերին գցեց իր թիկնոցը, գլխին դրեց պղնձէ սաղաւարտը եւ հագցրեց իր զրահները։
Գուստավ Դորե- Դավիթը Գողիաթի գլխի հետ
   Դաւիթը նրա սուրը կապեց թիկնոցի վրայից եւ գնալ-գալիս մէկ երկու անգամ սայթաքեց։ Դաւիթը Սաւուղին ասաց. «Սրանցով չեմ կարող քայլել, որովհետեւ սովոր չեմ». եւ զրահը հանեցին նրա վրայից։
Նա ձեռքն առաւ ցուպը եւ հեղեղատից հինգ ողորկ քարեր ընտրելով՝ դրեց իր հովուական տոպրակի մէջ, որի մէջ սովոր էր քարեր հաւաքել։ Նա պարսատիկն իր ձեռքն առնելով՝ գնաց դէպի այլազգին։ Այլազգին նոյնպէս եկաւ ու մօտեցաւ Դաւթին։
 Նրա վահանակիրն իր առջեւից էր գնում։ Երբ այլազգին նայեց ու տեսաւ Դաւթին, արհամարհեց նրան, քանզի նա խարտեաշ ու գեղեցիկ աչքերով մի պատանեակ էր։
Միքելանջելո Բուոնարոտտի- Դավիթ և Գողիաթ. հատված որմնանկարից
  Այլազգին ասաց Դաւթին. «Ինչպէ՞ս թէ, մի՞թէ ես շուն եմ, որ ցուպով ու քարերով ես գալիս ինձ վրայ»։ Դաւիթն ասաց. «Դու շնից էլ վատթար ես»։ Եւ այլազգին իր աստուածներով նզովելով Դաւթին՝ ասաց նրան.
 «Ե՛կ ինձ մօտ, եւ ես քո մարմինը կը տամ երկնքի թռչուններին ու երկրի գազաններին»։ Դաւիթն ասաց այլազգուն. «Դու ինձ վրայ ես յարձակւում սրով, գեղարդով եւ վահանով, իսկ ես քեզ վրայ եմ յարձակւում Իսրայէլի զօրքի զօրութիւնների Տիրոջ անունով, Իսրայէլի, որին դու այսօր նախատեցիր։
Լորենցո Հիբերտի- Դավիթը կտրում է Գողիաթի գլուխը
  Տէրը քեզ այսօր իմ ձեռքը կը մատնի, ես կը սպանեմ քեզ, քո գլուխը կը կտրեմ, քո լէշն ու այլազգիների բանակի դիակները այսօր երկնքի թռչուններին ու երկրի գազաններին կը տամ։ Ամբողջ երկիրը կ՚իմանայ, թէ Աստուած գոյութիւն ունի Իսրայէլի մէջ, այս ամբողջ բազմութիւնը կ՚իմանայ, թէ Տէրը սրով ու գեղարդով չէ, որ փրկում է, քանզի սա Տիրոջ պատերազմն է, եւ Տէրը ձեզ մեր ձեռքը պիտի մատնի»։
Միքելանջելո Բուոնաևոտտի- Դավիթ
  Վեր կացաւ այլազգին ու եկաւ մօտեցաւ Դաւթին, իսկ Դաւիթն շտապեց եւ այլազգու դէմ ճակատելու գնաց։ Դաւիթը ձեռքը մտցրեց տոպրակի մէջ, այնտեղից մի քար առաւ ու այն պարսատիկով նետելով՝ հարուածեց այլազգու ճակատին։ Քարը սաղաւարտը ծակելով մտաւ ճակատի մէջ, եւ Գողիաթը երեսնիվայր գետին ընկաւ>>:
  Այսպիսով Դաւիթը պարսատիկով ու քարով յաղթեց այլազգուն, հարուածեց ու սպանեց նրան։ Դաւթի ձեռքին, սակայն, սուր չկար, ուստի Դաւիթը վազեց, կանգնեց այլազգու վրայ, բռնեց նրա սուրը, բռնելով քաշեց հանեց պատեանից, սպանեց ու գլխատեց նրան։
Դոնատելլո- Դավիթ
 Երբ այլազգիները տեսան, թէ իրենց հզօր մարդը մեռաւ, փախան։ Իսրայէլացիների ու Յուդայի երկրի մարդիկ վեր կենալով՝ աղաղակեցին, յարձակուեցին ու հետապնդեցին նրանց մինչեւ Գէթի մուտքը եւ Ակկարոնի դարպասները։ Վիրաւոր այլազգիներն ընկան ճանապարհների վրայ մինչեւ Գէթի ու Ակկարոնի դարպասները։
Վերոկկիո- Դավիթ
 Իսրայէլացիները այլազգիներին հալածելուց յետոյ վերադարձան ու կողոպտեցին նրանց բանակատեղին։ Դաւիթը վերցրեց այլազգու գլուխը եւ այն բերեց Երուսաղէմ, իսկ նրա զէնքերը բերեց իր վրանը։
 (Ա.Թգ 17:56-58)
Անտոնին Մերսիե- Դավիթը Գողիաթի գլխի հետ
Տարբեր արվեստագետներ այս տեսարանը ներկայացրել են տարբեր կերպ: Իրականում Դավիթը հսկային պարսատիկով է սպանում, սակայն շատ նկարիչներ նրան հերոսացնելու համար ձեռքին թուր են պատկերել: Ոմանք ներկայացրել են այն տեսարանը, երբ Դավիթը պատրաստվում է մարտի, ոմանք այն պահը, երբ հսկան ընկնում է: Շատերը նկարագրում են Գողիաթի գլուխը կտրելու  պահը: Աստվածաշնչյան այս թեման տեղ է գտել ինչպես գեղանկարներում, այնպես էլ ռելիեֆներում, որմնանկարներում ու  քանդակագործության մեջ:
Բերնինի- Դավիթ
Դավթի քանդակների շարքն, իհարկե, գլխավորում է Միքելանջելոյի Դավիթը, սակայն այն միակը չէ: Դեռևս Միքելանջելոյից առաջ Դավթի կերպարին անդրադարձել են Դոնատելլոն, ապա Վերոկկիոն` դա Վինչիի ուսուցիչը: Վերածննդից հետո Դավթին քանդակել է բարոկկոյի ժամանակաշրջանի հայտնի արվեստագետ Լորենցո Բերնինին: Թեև բոլոր քանդակագործներն էլ անդրադարձել են նույն կերպարին, այնուամենայնիվ, նրանցից յուրաքանչյուրը պատանուն պատկերել է տարբեր պահերի. Միքելանջելոն քանդակել է այն պահը, երբ Դավիթը պատրաստվում է մարտի, Բերնինին` երբ նետում է պարսատիկը, Վերոկկիոն, Դոնատելլոն ու Մերսիեն` երբ արդեն կտրել է գլուխը:

Դե եսիմ` Գ.Ն.


Комментариев нет:

Отправить комментарий