вторник, 28 мая 2013 г.

Ռենե Դեկարտ /1596-1650/



Ֆրանս Հալս-Ռենե Դեկարտի դիմանկարը

Ինդուկցիան իր սահմանափակումների եւ միակողմանիության համար երբեւէ չի բավարարել Նոր ժամանակի փիլիսոփայության հիմնադիր, դարաշրջանի մեծագույն բնագետ, մաթեմատիկոս եւ փիլիսոփա Ռենե Դեկարտին: Ինդուկցիան բավարար չէ տեսական-փիլիսոփայական գիտելիքի հավաստիության հիմնավորման համար: Սկեպտիկների փաս­տարկները այս հարցում ունեն իրենց ուժեղ կողմը: Դեկարտին  հետաքրքրում է կասկածի մեթոդաբանական կողմը: Դեկարտի համար կասկածը գիտելիքի հավաստիության հիմնա­վորման միջոց է: Որտեղ պետք է փնտրել գիտելիքի հավաստիության հիմնավորման գոր­ծոնները: Եթե այն չպետք է որոնել բեկոնյան փորձի մեջ, ապա մնում է այն որոնել բանական մարդու մտածողության, մտքի ինտելեկտուալ ինտուիցիայի մեջ: Նա արմատական շրջա­դարձ է կատարում դեպի մտածող մարդը: Ոչ ոք չի կարող հասնել ճշմարտության, եթե «չի լսելու բանականության ձայնը» եւ «չի հետեւելու ճշմարիտ,գիտական մեթոդին` բանականությանը լավ ուղղություն տալու եւ գիտությունների մեջ ճշմարտություն որոնելու համար»:
Բանական, մտածող մարդն է փիլիսոփայության եւ' ելակետը, եւ' կենտրոնը, եւ'  ավար­տը: Միայն բանականությունն է ընդունակ «ճշմարիտը սխալից ջոկելու»: Այս տեսանկյու­նից, երբ նա ավարտում է Եվրոպայի ամենահռչակավոր դպրոցներից մեկը, իր համար  պարզում է զարմանահրաշ մի երեւույթ. «Ինչ սովորել է, կասկածելի է թվում»:
Դեկարը միայն մի բանի վրա չի կասկածում: Դա այն է, որ ինքը կասկածում է: Մարդկային բոլոր գիտելիքները մարդը, ըստ Դեկարտի, ստանում է երկու  ճանապարհով՝ զգայական վարձից եւ ինտելեկտուալ ինտուիցիայի արդյունքներից: Իսկ վերջինս պարզաբանում է այն, ինչ մարդու մեջ կա ի ծնե:
Դեկարտն առաջնորդվում Է այն մտքով, որ առարկաների մասին մտքի մեջ պետք Է պարու­նակվի նրա գոյության երաշխիքը: Մարդը գոյություն ունի, եթե նա մտածում Է: Իսկ ինչպես վարվել այն իրողության հետ, որ մտածելու համար պետք Է գոյություն ունենալ: Այս պարա­դոքսը լուծվում Է Դեկարտի փիլիսոփայական դուալիզմով.
Չի կարելի մտածող մարդու եւ բնության համար ընդունել մեկ սուբստանցիա: Բնությունը աոարկայական-մարմնական Է, մարդը` բանական: Բնության սուբստանցիան տարածականությունն Է, մարդունը` մտածո­ղությունը: Սրանից վերեւ, ըստ Դեկարտի, կանգնած Է դրանց միակ արարիչը Աստված: Նա արարել Է դրանք իրարից անկախ, ինքնաբավ եւ դրել շարժման մեջ, դրանց օժտել ինքնու­րույն օրենքներով: Բայց գիտելիքը մտածողության մենաշնորհն Է, որի հավաստիության  հիմքը միտքն Է: Բնության մասին գիտելիքներ կարելի Է ձեռք բերել փորձի զգայություննե­րի եւ իմացության ինդուկտիվ մեթոդի միջոցով: Բայց ինդուկցիան, հենվելով զգայական փորձի վրա, մի կողմից չի տալիս ակնհայտ ճշմարիտ տեսական գիտելիք, մյուս կողմից, այն մտքի պրոցես Է, որը փորձնական ճանապարհով չի կարող հասնել, ասենք, կետի, գծի, հարթության զգայական ըմբռնման: Դրանք միտքը կարող Է պատկերացնել: Այդ բնածին գաղափարների հավաստիության հիմնավորումները անհնար Է գտնել փորձում (ինչպես, ասենք, Աստծո եւ նրա գոյության գաղափարը, սուբստանցիայի գաղափարը): Միայն պարզ միտքը, անցնելով դեդուկցիայի բոլոր օղակներով, հանգեցնում Է փորձի փաստին: Ինչպե՛ս Է այն տեղի ունենում: Դա հասկանալու համար պետք Է դիմել Դեկարտի իմա­ցության տեսությանը: Ըստ Դեկարտի, անհրաժեշտ Է ճանաչողության պրոցեսը բաժանել աս­տիճանների`  «պարզագույն ընդունակությունների», այն Է` զգայության, երեւակայության, հիշողության,ինտելեկտի (բանականության): Այնուհետեւ, դրանք պետք Է իրարից տար­բերակել: Տարբերակելով դրանք, Դեկարտը նկատում Է որոշակի հակադրություններ, նյութա­կան եւ հոգեւոր, զգայություն եւ ինտելեկտ, մարդկային եւ Աստծո բանականություն: Մատերիա­կան աշխարհը ունի մեկ սուբստանցիա` տարածականություն, որով չի կարելի ճանաչել այդ  աշխարհի մատերիական իրերից գլխավորին` Մարդուն: Մարդը «մտածող իր» Է, նրա ճանաչողության սուբստանցիան եւ  չափանիշը մտածողությունն Է:  Բայցեւ «մտածողությունն անհնար Է առանց «մտածող իրի»: Միասնական իմացությունը պարտավոր Է լուծել այս պարադոքսը: Եթե մտածողությունն անհնար Է աոանց մտածող իրի, ապա ըստ Դեկարտի, նյութականն ու հոգեւորը, մարմինն ու հոգին միասնական են: Չկա զգայություն առանց ինտելեկտի եւ ինտելեկտ` առանց զգայության :
Ինչպես ապացուցել սա: Դեկարտը գտնում Է, որ բոլոր կարգի ընկալումները եւ մտածո­ղությունը կապված են «մտածող սուբստանցիայի», իսկ զգայությունները` «մարմնական սուբստանցիայի» հետ: Բայց զգայությունը «ինքնին զգայություն» չէ, այլ մարմնի գործու­նեություն է, «հոգեւորի» իմացության գործառնական տարր է: Այստեղից էլ` ինտելեկտը ան­զոր է, քանի դեռ գործ ունի անմարմին օբյեկտի հետ, իսկ զգայությունը պարփակված եւ մե­կուսացված է ինքն իր մեջ: Երբ գործում է ինտելեկտը, «ինքնին զգայությունը» վերածվում է գործունեության: Ինտելեկտի գործունեությունը դեդուկտիվ է: Դեդուկտիվ մտածողությունը սկսվում է ինտելեկտուալ ինտուիցիայից, որը իրի էության անմիջական, բայց բանական  ըմբռնում է: Այն կասկածի ենթակա չէ, որովհետեւ օժտված է ակնհայտ եւ հավաստի ճանաչ­ված հիմնադրույթների ճշմարտությամբ: Այն գիտելիքի պարզ տարրերի առանձնացում է եւ ընթանում է պարզից բարդը' վերընթաց շարժման շնորհիվ: Դեկարտը աստվածացրել է բա­նականության դերը իմացության պրոցեսում: Հենվելով իր դեդուկտիվ (ռացիոնալիստա­կան) մեթոդի վրա, այն է` ընդհանուրից դեպի եզակին մտքի շարժման վրա, Դեկարտը պա­տերազմ է հայտարարել մինչ այդ գոյություն ունեցող ողջ իմացաբանությանը, հիմքից մերժելով եւ «դեն շպրտելով» ամեն ինչ: Դեկարտը կասկածը տարածում է ամենուր:
Իսկ որ գիտելիքները պետք է համարել ճշմարիտ եւ որոնք են դրա չափանիշները: Դեկարտը գտնում է, որ`
1.      Կասկածելը պիտի շարունակել մինչեւ այն սահմանը, քանի դեռ չի գտնվել մի բան, ո­րը կասկածի ոչ մի տեղիք չի տալիս:
2.      Իրերի գոյության մասին մտքի մեջ պետք պարունակվի նրա գոյության երաշխիքը:
3.      Չպետք է հավատալ զգայական տվյալներին:Արեւը փոքր է թվում, բայց իրականում այդպիսին չէ: Զգայական ճշմարտությունը կախված է բանականությունից եւ ղեկավարվում է նրա կողմից:
4.      Անհրաժեշտ է սովորել սովորական կրքերը կառավարել: Դրանք պետք է փոխարինել դատելու եւ ուշադրությունը կենտրոնացնելու կամքով:
Դեկարտը իր գիտական-փիլիսոփայական գործունեության մեջ ղեկավարվել է այդ սկզբունքներով եւ դրանց հիման վրա ստեղծել իր դեդուկտիվ-ռացիոնալիստական մեթոդը:  
Այդ մեթոդը պահանջում էր.
·         Երբեք ճշմարիտ չհամարել ոչ մի միտք եւ դատողություն, եթե պարզ եւ ակնհայտ չլինի, որ դա իսկապես ճշմարիտ է եւ չունենա կասկածելու առիթ:
·         Յուրաքանչյուր բարդ ու դժվարին խնդիր, որ պետք է քննարկվի, անհրա­ժեշտ է բաժանել այնքան մասերի, որքան պետք է դրա լավագույն լուծումը հնարավոր դարձնելու համար:
·         Ղեկավարել մտքերի ընթացքը, սկսել ամենապարզ եւ ամենահեշտ առարկա­ներից եւ աստիճանաբար բարձրանալ մինչեւ ամենաբարդը եւ դժվար իրերի իմացությունը:
·         Այնքան լրիվ թվարկումներ եւ այնքան ընդհանուր տեսություններ կատարել, մինչեւ  կատարելապես վստահ լինել, որ ոչ մի բան բաց չի մնացել:

Նյութը պատրաստեց Գոհար Նավասարդյանը
Սանդրո Հակոբյանի <<Փիլիսոփայության տեսություն և պատմություն>> գրքից