суббота, 18 мая 2013 г.

Թանգարանների պատմությունից

Աշխարհում կա մոտ 1,5 մլն. թանգարան: Եթե վերցնենք, որ օրական միջին հաշվով ցանկացած թանգարան այցելում է 10-20 մարդ, ուրեմն <<աշխարհի թանգարանն>> ամեն օր ունենում է միջինը 25 մլն. այցելու: Սակայն այս մարդկանցից քչերն են տեղյակ Թանգարանի /որպես հատուկ գոյական/ կենսագրությունից, քչերն են մտածում ինչ ֆունկցիաներ ունեն թանգարանները, ինչի համար և երբ են ստեղծվել, ինչ նպատակ են դրանք հետապնդում: Կխոսեմ <<թանգարան>> կոչվածի, նրա գործառույթների, աշխարհի առաջին թանգարանների ու նրանց ունեցած նշանակության մասին:  
Ինչ է թանգարանը. <<սոցիալական հիշողություն>> կամ ազգի կենսագրություն: Չնայած նրան, որ <<թանգարան>> տերմինը որպես այդպիսին ավելի ուշ է գործածվել, այնուամենայնիվ, թանգարանային նմուշներ սկսել են հավաքել դեռևս հնագույն ժամանակներից: Հայաստանում թանգարանների նախատիպեր եղել են դեռևս մ. թ. ա. IX–VI դարերում: Արվեստի կոթողներ էին ժողովված քաղաք-ամրոցներ Տուշպայում, Մուսասիրում, Էրեբունիում (Արինբերդ), Թեյշեբաինիում (Կարմիր բլուր) կառուցված տաճարներում: Հետագայում յուրատեսակ թանգարան-ավանդատներ են դարձել հին հայկական հեթանոսական տաճարները և արքայական պալատները: Նշանավոր էր  Անահիտ աստվածուհու տաճարը Երզնկայում: Ժամանակակից թանգարանների նախատիպերն ստեղծվել են միջնադարում: Պատմիչ Հովհաննես Դրասխանակերտցին հիշատակում է 3 տիպի թանգարան՝ արքունական, իշխանական տների և եկեղեցական: Միջագետքի, Եվրոպայի երկրներում ևս տարբեր ժամանակաշրջաններում մարդկանց ընտանիքներում գտնվել ու պահվել են արվեստի նմուշներ, որոնք դեռ  ուղղակի հանդիսանում էին տանտիրոջ սեփականությունը: Եգիպտական և հունական քաղաքակրթություններում գալիս է մի ժամանակ, երբ նախկինում ստեղծված արվեստի գործերը մղվում են հետին պլան, այս երկրների մոտ սկսվում է մշակութային ռեգրեսիվ ժամանակաշրջան: Ստեղծված իրավիճակից դուրս գալու համար հին հույները սկսում են փնտրել անտիկ քանդակներ, եգիպտացիները` նաև ռելիեֆներ: Ցանկացած հունական անտիկ քանդակ դառնում է ակտուալ, և յուրաքանչյուր մարդ ձգտում էր ունենալ որքան հնարավոր է շատ քանդակներ: Սկսվում է քանդակների կրկնօրինակման շրջան, ամենուրեք տարածվում են անտիկ ոճով ստեղծված արվեստի նմուշներ: Արդյունքում տները վերածվում են արվեստի գործերի պահոցների: Թանգարանների նախատիպերը երևան են եկել հասարակության զարգացման այն փուլում, երբ առարկաների բնատիպերը սկսել են պահպանել որպես վավերական վկայություններ և գեղագիտական արժեքներ: Այդպիսիք էին Հին Եգիպտոսի տաճարների հավաքածուները (մ. թ. ա. III հազարամյակ), Կնոսի պալատի պահոցը Կրետե կղզում (մ. թ. ա. XVI դար), Նինվեի պալատի գրադարանը (մ. թ. ա. VII դար) և այլն:

M

Այստեղից հետևում է, որ թանգարանի ստեղծվելուց առաջ ընթանում է նմուշներ հավաքելու պրոցես, այսինքն` ցանկացած թանգարան ստեղծվում է նախաթանգարանային հավաքչության արդյունքում:
Վերածննդի շրջանում Եվրոպայում արվեստի հուշարձանները պահպանելու նպատակով կենտրոնացրել են թանգարաններում: Թանգարանային գործն առավել զարգացել է XVI–XVII դարերում: Մեծ հռչակ են ունեցել պալատական հավաքածուները՝ կունստկամերները (թանգարան): Այդ շրջանում են ստեղծվել նաև անտիկ արվեստի հուշարձանների հավաքածուները Ֆլորենցիայում, Հռոմում, Դրեզդենում: Եվրոպայի և Ամերիկայի այժմյան թանգարանների զգալի մասն ստեղծվել է XVIII–XIX դարերում:
Թանգարաններից համեմատաբար հին պատմություն ունի Դրեզդենի պատկերասրահը: 1560թ.-ից սկսած Ֆրիդրիխ Իմաստունն իր արքունիքում սկսում է հավաքել հայտնի ու հասարակության կողմից ընդունված արվեստի գործեր: 1600թ.-ից այն բացվում է որպես ցուցադրության վայր: Մի շարք ցուցադրության սրահներ են բացվում Ֆրանսիայում, հետևաբար նաև Ռուսական կայսրությունում /Ռուսաստանն անմիջականորեն համարվում էր Ֆրանսիայի հետևորդը/:
17-րդ դարում հայտնաբերվում են շուրջ 1600 տարի գետնի տակ անցած Պոմպեյ, Հերկուլանիում և Ստաբիա քաղաքները, որոնք կործանվել  էին Վեզուվ հրաբխի ժայթքումից: Այս տարածքների պեղումների հետևանքով հայտնաբերվում են սյուների և որմնանկարների ֆրագմենտներ, քանդակներ, կիրառական արվեստի նմուշներ, սպասք և այլ արվեստի տարրեր: Աշխարհի ցանկացած երկրում սկսվում են պեղումներ, սկսվում է արվեստի գործեր հայտնաբերելու <<համաճարակ>>: Հայտնաբերված իրերը խնամքով պահվում էին, հավաքվում մի քանի վայրերում: Աստիճանաբար հավաքված գործերը սկսում են նաև ուսումնասիրել: Եթե նախկինում մարդկանց հետաքրքրում էր միայն քանդակը, ապա այժմ փորձում էին ճշտել ամեն ինչ իրենց ձեռք բերած արվեստի գործի մասին. թե ով է հեղինակը, որ թվականին է ստեղծվել, որ երկրում, ինչ տնտեսական պայմաններում, ինչ նպատակով և վերջապես, ինչքանով է այն արժեքավոր:

Գնալով արվեստը սկսում է հետաքրքրել ոչ միայն միջին խավի մարդկանց, այլև բարձրաստիճան ազնվականներին: Հավաքածուներ են սկսում ստեղծել Եվրոպայի թագավորները, Ռուսաստանի կայսրերը /սա երբեմն բխում էր ոչ միայն արվեստի հանդեպ հետաքրքրությունից, այլև կիրթ ու մտավորական մարդու կերպար ստեղծելու ձգտումից/:
Արվեստով տարվելով` նույնիսկ շատերը լքում էին իրենց բնակարանները, որպեսզի գործերը դառնային ոչ միայն իրենց, այլև հանրության սեփականություն: 1753թ. Լոնդոնում հիմնվում է Բրիտանական թանգարանը:
1793թ. Ֆրանսիայի լավագույն հավաքածու ունեցողների արվեստի գործերը հավաքվում են աշխարհում ամենահայտնի թանգարանում` Լուվրում /այստեղ այժմ ցուցադրվում է 35000 արվեստի գործ: Լուվրի հավաքածուի հիմնադիր ընդունված է համարել Ֆրանցիսկ 1-ինին, քանի որ նկարների հիմնական մասը հավաքել է նա: Նույն թվականին Ռուսաստանում որպես թանգարան հասարակության առաջ բացվում է Պետրոս 1-ինի կառուցած Պետերգոֆը: Այսպես հավաքված և արդեն ուսումնասիրված գործերը սկսում են նաև ցուցադրվել: Աստիճանաբար ձևավորվում է <<թանգարան>> հասկացությունը:
19-րդ դարի սկզբին լոնդոնյան Մէրիլեբոն շրջանում բացվում է Մադամ Տյուսոյի մոմե արձանների թանգարանը, որի հավաքածուն մինչև օրս էլ թարմացվում է ներկայիս հայտնի մարդկանց մոմե արձաններով:

1852թ. ռուսների համար բացվում է Էրմիտաժը /այժմ 3 միլիոնանոց հավաքածուից պարտադիր ցուցադրվում է 60000 նմուշ/: Սրանից ավելի քան մեկ դար անց Ֆրանսիայում կառավարությունը բյուջե է հատկացնում թանգարանին` արվեստի գործեր որոնելու ու ձեռք բերելու համար: Արդյունքում հայտնաբերվում են այժմ համաշխարհային գլուխգործոցներ համարվող Ռոզետյան քարը, որի միջոցով հնարավոր է դառնում վերծանել եգիպտական հիերոգլիֆները, Համմուրապպի սալիկը, որը հանդիսանում է ամենահին օրենքների ժողովածուներից մեկը, նաև Թութանհամոնի դամբարանը և բաբելոնյան մի քանի հարթաքանդակներ:
ermitaj
1877թ. Դրեզդենում լույս է տեսնում <<Թանգարանագիտություն>> ամսագիրը, որով հիմք է դրվում այսպես կոչված թանգարանագիտությանը կամ թանգարանաբանությանը: Նույն թվականին Փարիզում առաջին անգամ ֆիքսվում են թանգարանի գործառույթները` հավաքել,  պահպանել,  ուսումնասիրել և ցուցադրել:
Թանգարանների տարածվելուն ու շատանալուն զուգընթաց` դրանք տարորոշվում են մի քանի տեսակների: Առաջ են գալիս տեղական արվեստի /Գյումրիի ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարան/, ազգային, որն իր հերթին բաժանվում է պատմության /Երևանի պատմության թանգարան/ և կենցաղի, նաև արվեստի /Հայաստանի ազգային պետական պատկերասրահ/, որը բաժանվում է ժողովրդական, ժամանակակից և կոնցեպտուալ արվեստի թանգարանների:  Թանգարանի ուրույն տեսակ են գիտության, արվեստի և գրականության անվանի գործիչների տուն-թանգարանները, որտեղ պահվում են նրանց անձնական իրերը, ձեռագրերն ու ստեղծագործությունները. այսպիսիք են Խաչատուր Աբովյանի /Քանաքեռում/, Հովհաննես Թումանյանի /Դսեղում/, Ավետիք Իսահակյանի /Երևանում և Գյումրիում/:
1880թ. բացվում է Կանադայի ազգային պատկերասրահը /Ջոն Դուգլաս Սեզերլենդ Կեմբելի ջանքերով/: Թագավորական, կայսերական, ապա նաև պետական թանգարաններից բացի կային նաև մասնավոր թանգարաններ: Իր ժամանակի ամենամեծ արվեստի մասնավոր հավաքածուն ուներ Ս. Տրետյակովը: Նա իր անվամբ 1893թ. հիմնում է պատկերասրահ:  Քիչ ժամանակ անց <<թանգարանների դաշտ>> է մտնում նաև ժամանակակից արվեստը: 1938թ. Նյու Յորքում բացվում է մոդեռն արվեստի <<MoMa>> թանգարանը:
MoMa museum
1939թ Սալամոն Գուգենհայմի ֆինանսական աջակցությամբ այստեղ բացվում է գեղանկարչության թանգարան, որտեղ  ներկայացված էին Ամերիկայի և Եվրոպայի աբստրակտ նկարիչների աշխատանքներ: Այս նույն ժամանակահատվածում ստեղծվում է Գուգենհեյմի ֆոնդը, որը հովանավորում էր նորահայտ և տաղանդաշատ նկարիչներին: Սալամոն Գուգենհեյմի մահից 10 տարի անց 1959թ. Նյու-Յորքում` 5-րդ Ավենիուում, բացվում է աբստրակտ արվեստների թանգարանը: Նյու-Յորքյան թանգարանի հաջողություններից հետո` 1997-ին, ֆոնդը բացում է մեկ այլ թանգարան, որն արդեն գտնվում է Իսպանիայի խոշորագույն քաղաքներից մեկում` Բիլբաոյում: Գուգենհեյմի ֆոնդի Բիլբաոյի բաժանմունքը իր պատերի ներքո պահպանում և ցուցադրում  է ժամանակակից արվեստի արտասովոր և անգին գլուխգործոցներ:
Թանգարաններ են հիմնվել հատկապես 19-րդ դարում։ Խաչատուր Աբովյանը 1886թ. Երևանի գավառական դպրոցին կից հիմնել է հնությունների սենյակ: Թանգարաններ են ստեղծվել Վասպուրականի Վարագավանքում /1858/, Էջմիածնում /1868/, Երուսաղեմի և Պոլսի պատրիարքարաններում, Վենետիկում և այլուր, որտեղ պահվել են պատմական արժեք ներկայացնող եկեղեցական աշխարհիկ իրեր։ Հայաստանում նախաթանգարանային հավաքչությունը սկսվում է Անիից: Հայկական հավաքածուն ձևավորվելուց հետո Անիում շատ քիչ է ցուցադրվում, հետագայում գործերի մեծ մասն անհետանում և ոչնչանում է: 1921թ. հիմնադրվում է Հայաստանի ազգային պետական թանգարանը: 1968թ. բացվում է Էրեբունին:
Երեք տարի անց Գալուստ Գյուլբենկյանը` պարոն 5%-ը, Լիսաբոնում հիմնում է արվեստի թանգարան: Նրա գեղարվեստական ձեռքբերումները ներկայացնում է աշխարհի լավագույն հավաքածուներից մեկը: Արվեստի իր հին ու բացառիկ հավաքածուն ամբողջությամբ կտակել է <<Գյուլբենկյան>> հիմնադրամին: Նույն տարիներին Երևանում Հենրիկ Իգիթյանի ջանքերով հիմնվում է Ժամանակակից արվեստի թանգարանը /1972թ./: 1984թ. բժիշկ Արամ Աբրահամյանի՝ Հայաստանին նվիրաբերած գեղանկարչական հավաքածուի հիման վրա հիմնադրվում է Ռուսական թանգարանը, որն այժմ ունի  8 ցուցասրահ, գեղանկարչության և դեկորատիվ-կիրառական արվեստի 333 ցուցանմուշ:
20-րդ դարի վերջին աշխարհում կար արդեն 1 մլն. թանգարան: Թանգարանը գիտամշակութային հիմնարկ է, որը հավաքում, պահպանում, ուսումնասիրում և հանրությանն է ներկայացնում բնապատմական, նյութական ու հոգևոր մշակույթի արժեքները: Թանգարանների ֆոնդերում հիմնականում պահվում են իրեր, գրավոր աղբյուրներ և արվեստի ստեղծագործություններ: Թանգարաններ այսօր էլ հիմնվում  են, սակայն փոխվել են <<արվեստի գործերի չափանիշները>>:  Օր օրի աճում են տարօրինակ հավաքածուներով թանգարանները: Այժմ արվեստի հայտնի թանգարանների հավաքածուների կողքին կան նաև Մահվան /Հոլիվուդ/, Հեռախոսների /Վավինա/, Ջեյմս Բոնդի /Մեծ Բրիտանիա/, Փլավի /Օսակա/, Այլմոլորակայինների, Բանանի /Կալիֆորնիա/, Պաղպաղակի /Իտալիա/, Մազերի, Անհեթեթ ու անպետք տեխնոլոգիական իրերի, նույնիսկ Վատ արվեստի /Միացյալ թագավորություն/, Դժբախտ սիրո /Զագրեբ/, Զուգարանների /Նյու Դելի/ թանգարաններ:

Գոհար Նավասարդյան
ԵԳՊԱ ԳՄ արվեստաբանության բաժին, 3-րդ կուրս