понедельник, 20 мая 2013 г.

Մարտին Հայդեգեր...Ո՞վ է Նիցշեի Զրադաշտը

Հայդեգեր
Հարցը, կարելի է կարծել, հեշտ պատասխան է ենթադրում: Քանզի մենք պատասխանը գտնում ենք հենց իր` Նիցշեի մոտ` պարզորոշ արտահայտված և անգամ ցրիվով տպագրված դրույթներում: Դրանք մենք գտնում ենք Նիցշեի այն երկում, որն էլ Զրադաշտի կերպարն է ներկայացնում: Գիրքը բաղկացած է չորս մասից, հղացվել է 1883-ից մինչև 1885 թթ. և կրում է «Այսպես խոսեց Զրադաշտը» վերնագիրը:
Նիցշեն այս գիրքը ուղեկցել է մի ենթավերնագրով: Այն ազդարարում է. «Գիրք ամենքի և ոչ ոքի համար»: «Ամենքի» – սա, անշուշտ, չի նշանակում` ամեն մեկի, իբրև ուզածդ ոքի: «Ամենքի» – սա նկատի ունի. յուրաքանչյուր մարդու` իբրև մարդու, յուրաքանչյուրին մասնավորապես և այնքանով, որքանով նա իր էությամբ արժանի է հիշատակության:
«… և ոչ ոքի»,- սա ասում է. չորս կողմը լցված հետաքրքրասեր պարապ-սարապներից ոչ մեկի համար, ովքեր այս գրքի սոսկ առանձին հատվածներով և անսովոր ասույթներով են արբենում և կուրորեն խարխափում են նրա կիսով երգող, կիսով աղաղակող, կիսով դատողական, կիսով փոթորկահույզ, հաճախ վսեմական, մերթընդմերթ տափակ լեզվի մեջ` փոխանակ ոտք դնեն մտքի ճանապարհին, որը այստեղ իր խոսքն է փնտրում:
«Այսպես խոսեց Զրադաշտը: Գիրք ամենքի և ոչ ոքի համար»: Ստեղծագործության այս ենթավերնագիրը ի՜նչ ահավոր ճիշտ դուրս եկավ իր լույս տեսնելուց ի վեր յոթանասուն տարիների ընթացքում,- սակայն ճիշտ հակառակ իմաստով: Այն դարձել է գիրք ամեն մեկի համար, և ցայժմ ոչ մի մտածող չի հայտնվել, ով աճած լինի այս գրքի հիմնական մտքի համար և կարողանա չափել, թե նրա ծագումը ի՞նչ ընդգրկումեր կարող է ունենալ: Ո՞վ է Զրադաշտը: Եթե մենք ուշադրությամբ ենք կարդում ստեղծագործության հիմնական վերնագիրը, մի նշան ենք նշմարում. «Այսպես խոսեց Զրադաշտը»: Զրադաշտը խոսում է: Նա խոսող է: Ի՞նչ տեսակի: Ժողովրդական հռետո՞ր կամ ընդամենը քարոզի՞չ: Ո’չ: Խոսնակ (der Sprecher) Զրադաշտը «հավատարմատար» է (Fursprecher»)1: Մեզ այս անվան մեջ գերմաներենի մի շատ հին բառ է հանդիպում և այն էլ` բազմանշանակ: «Fur»-ը (համար) իրականում նշանակում է «vor» (առջև): «Furtuch»-ը (ֆարտուկ) այսօր էլ դեռ ալեմաներենում գոգնոցի գործածական անվանումն է: «Fursprecher»-ը խոսում է ինչ-որ մեկի առջև և խոսք է ասում: Սակայն «fur» միաժամանակ նշանակում է` ի նպաստ և ի արդարացում: Հավատարմատարը ի վերջո նա է, ով մեկնում և բացատրում է այն, ինչի մասին և ինչի համար նա խոսում է:
Զրադաշտը հավատարմատար է այս եռակի իմաստով: Բայց նա ի՞նչ է ասում: Ի նպաստ ո՞ւմ է նա խոսում: Նա ի՞նչ է փորձում շարադրել: Զրադաշտը սոսկ ինչ-որ հավատարմատա՞ր է ինչ-որ բանի համար, թե՞ նա հավատարմատարն է այն մի բանի, ինչը նախ և առաջ և մշտապես դիմում է մարդուն:
«Այսպես խոսեց Զրադաշտը»-ի երրորդ մասի վերջերում կա մի գլուխ, որը վերնագրված է «der Genesende»` «Առողջացողը»: Դա’ է Զրադաշտը: Բայց ի՞նչ է նշանակում «առողջացողը»: «Genesen»` «առողջացում»-ը նույն բառն է, ինչ հունարեն nevomai, novsto”: Վերջինս նշանակում է. տուն, հայրենիք դառնալ:- Կարոտախտը տան կարոտն է, տան թախիծը: «Առողջացողը» նա է, ով հավաք- վում է տուն դառնալու համար, ասել է թե` իր սահմանվածություն մտնելու համար: Առողջացողը ինքն իրեն տանող ճանապարհին է, այնպես որ նա իր մասին կարողանա ասել, թե ով է ինքը: Հիշյալ հատվածում առողջացողն ասում է. «Ես` Զրադաշտս, հավատարմատարը կյանքի, հավատարմատարը տառապանքի, հավատարմատարը շրջանի»…
Զրադաշտը խոսում է ի նպաստ կյանքի, տառապանքի, շրջանի, և նա դա է հայտարարում: Այս երեքը` «կյանք-տառապանք-շրջան», պատկանում են միմյանց, նույնն են: Եթե մենք կարողանանք այս եռակիությունը իբրև մի բան և նույնը ճիշտ մտածել, ապա ի վիճակի կլինենք կռահել, թե ում հավատարմատարն է Զրադաշտը և ինքն իբրև այդ հավատարմատարը` ով կարող է լինել: Ճիշտ է, մենք այժմ կարող ենք կոպիտ մի բացատրությամբ միջամուխ լինել և անառարկելի ճշտությամբ ասել. «կյանք» Նիցշեի լեզվով նշանակում է` առ իշխանություն կամքը` իբրև հիմնական գիծը ողջ գոյավորի և ո’չ միայն մարդկանց: Թե ինչ է նշանակում «տառապանք»` Նիցշեն ասում է հետևյալ բառերով. «Ամենայն ինչ, որ տառապում է, ուզում է ապրել», ասել է թե` այն ամենը, ինչ կամք առ իշխանության կերպով է: Սա նշանակում է. «Կերպավորող ուժերը բախվում են իրար»: «Շրջանը»` օղակի նշանն է, որի ձգտումը հետ է ձգվում ինքն իր մեջ և այդպես մշտապես հասնում է վերադարձող նույնին:
Ըստ այսմ Զրադաշտը ներկայանում է իբրև այն բանի հավատարմատարը, որ ողջ գոյավորը առ իշխանություն կամք է, որը իբրև արարող, իբրև բախվող կամք` տառապում է և այդպես ինքն իրեն է կամենում նույնի հավերժական վերադարձով:
Այս ցուցումով մենք Զրադաշտի էությունը հանգեցրեցինք ինչ-որ սահմանման, ինչպես դպրոցականորեն են ասում: Մենք կարող ենք այս սահմանումը արձանագրել, դաջել մեր հիշողության մեջ և առիթի դեպքում առաջ քաշել: Մենք անգամ կարող ենք այս առաջադրված սահմանումը հաստատել այն դրույթներով, որոնք Նիցշեի ստեղծագործության մեջ, ցրիվով ընդգծված, ասում են, թե ով է Զրադաշտը:
Արդեն հիշատակված «Առողջացողը» հատվածում մենք կարդում ենք. «Դ ո ւ (այն է` Զրադաշտը) ո ւ ս ո ւ ց ի՜ չ ն ե ս հ ա վ ե ր ժ ա կ ա ն վ ե ր ա դ ա ր ձ ի»…
Իսկ ողջ գրքի առաջաբանում գրված է. «Ե ս (այն է` Զրադաշտը) ձ ե զ գ ե ր մ ա ր դ ն ե մ ո ւ ս ո ւ ց ա ն ո ւ մ»:
Ըստ այս նախադասությունների` Զրադաշտը, հավատարմատարը, «ուսուցիչ» է: Նա ակնհայտորեն երկու բան է սովորեցնում. նույնի հավերժական վերադարձը և գերմարդը: Բայց նախ և առաջ չնկատելու է տրվում, որ այս երկուսը, ինչը նա սովորեցնում է, պատկանում են միմյանց, չնկատելու է տրվում, թե դրանք ինչպես են միմյանց պատկանում: Սակայն անգամ եթե այդ կապը պարզվի, էլի հարցական կմա` մենք հավատարմատարի՞ն ենք լսում, թե՞ սովորում ենք այդ ուսուցչից: Առանց այդ լսելու և սովորելու մենք բնավ չենք իմանա, թե ով է Զրադաշտը: Ուրեմն, բավական չէ միայն նախադասությունները համադրել, որոնցից հետևում է, թե հավատարմատարն ու ուսուցիչը իր մասին ինչ է ասում: Մենք պետք է ուշադրություն դարձնենք նրա վրա, թե նա ի ն չ պ ե ս է դա ասում, ի’նչ առիթով և ի’նչ մտադրությամբ: Վճռորոշ խոսքը` «Դու ուսուցիչն ես հավերժական վերադարձի», Զրադաշտը իրենից ելնելով ինքն իր մասին չի ասում: Դա նրան ասում են նրա կենդանիները: Նրանք անվանվում են ստեղծագործության նախաբանի հենց սկզբում և ավելի պարզորոշ` նրա ավարտին: Այստեղ ասվում է. «… երբ արևը կանգնած էր կեսօրին:- Այդժամ նա (Զրադաշտը) հարցական նայեց վերև – քանզի իր վերևում զիլ կանչը լսեց մի թևավորի: Եվ ի՜նչ: Մի արծիվ էր լայնատարած պտույտներով ճախրում օդում, և մի օձ էր կախված նրանից, ոչ ավարի նման, այլ հանց քույր,- քանզի օղակ-օղակ փաթաթված էր նրա վզի շուրջը»: Մենք այս վզի շուրջը խորհրդավոր փաթաթվելու մեջ արդեն կռահում ենք, թե արծվի պտույտներով և օձի փաթաթվելով ինչպես են շրջան և օղակ անխոս փակվում: Այսպես փայլում է մատանին, որը anulus aeternitatis է կոչվում. կնքամատանին և տարին հավերժության: Երկու կենդանիների վրա հայացք գցելիս պարզվում է, թե նրանք իրենք, պտտվելով և օղակվելով, ինչին են պատկանում: Քանզի նրանք ամենևին էլ նախ պտույտ և օղակ չեն կատարում, այլ հոդվում են դրա մեջ` այդպես իրենց էությունը ձեռք բերելու համար: Երկու կենդանիների վրա հայացք գցելիս հայտնվում է այն, ինչը հարցականորեն վերև նայող Զրադաշտին է վերաբերում: Դրա համար տեքստը շարունակում է. «Իմ կենդանիներն են դրանք,- ասաց Զրադաշտը, և նրա սիրտը խայտաց: Ամենահպարտ կենդանին ներքո արեգական և ամենախելոք կենդանին ներքո արեգական,- նրանք ելել են հետախուզման: Նրանք ոզում են իմանալ` Զրադաշտը դեռ ապրո՞ւմ է: Արդարև, ես ապրո՞ւմ եմ դեռ»: Զրադաշտի հարցը իր կշիռը պահպանում է միայն այն ժամանակ, երբ մենք «կյանք» անորոշ բառը հասկանում ենք «կամք առ իշխանություն» իմաստով: Զրադաշտը հարցնում է. իմ կամքը համապատասխանո՞ւմ է այն կամքին, որը, իբրև կամք առ իշխանություն, գոյավորի ամբողջությանն է թափանցելով տիրում: Նրա կենդանիները քննում են Զրադաշտի էությունը: Նա ինքն իրեն հարց է տալիս, թե ինքը դեռ, ասել է թե` արդեն նա՞ է, ով իրականում կա: «Այսպես խոսեց Զրադաշտը»-ի հետմահու գրառումներից մեկում ասված է. «Ես ժամանակ ունե՞մ ս պ ա ս ե լ ո ւ իմ կենդանիներին: Եթե դրանք ի մ կենդանիներն են, ապա կարող են ինձ գտնել: Զրադաշտի լռությունը»: Այսպես, նրա կենդանիները վերոհիշյալ տեղում` «Առողջացողը» հատվածում, նրան ասում են հետևյալը, ինչը մենք չպետք է անտեսենք ցրիվով տպագրված նախադասության մեջ: Նրանք ասում են. «Զի քո կենդանիները լավ գիտեն, օ, Զրադաշտ, թե ո’վ ես դու ո’վ պիտի դառնաս. տե’ս, դու ուսուցիչն ես հավերժական վերադարձի,- այժմ սա’ է քո ճակատագիրը»:
Այսպիսով պարզվում է. Զրադաշտը պետք է նախ և առաջ դ ա ռ ն ա նա, ով է’: Զրադաշտը վախենում է նման կայացումից: Վախը ձգվում է ողջ ստեղծագործության միջով, որը պատկերում է նրան: Այդ վախն է որոշում ոճը, ողջ ստեղծագործության ձգվող և գնալով ավելի ծորուն ընթացքը: Այդ վախը խեղդում է Զրադաշտի ողջ ինքնավստահությունը և ինքնապաստանությունը արդեն նրա ուղու սկզբում: Ով հաճախ հավակնոտ հնչող և հաճախ էլ սոսկ աղմկելով շարժվող բոլոր ճառերից նախ և առաջ այդ վախը չի լսել և մշտապես չի լսում, նա չի կարող իմանալ, թե ով է Զրադաշտը:
Քանի որ Զրադաշտը դեռ պետք է հավերժական վերադարձի ուսուցիչը դառնա, ապա նա չի կարող անմիջապես սկսել այդ ուսմունքով: Այդ պատճառով էլ նրա ուղու սկզբին մի այլ բառ է ընկած. «Ե ս ձ ե զ գ ե ր մ ա ր դ ն ե մ ո ւ ս ո ւ ց ա ն ո ւ մ»:
«Գերմարդ» բառի առկայությամբ մենք, անշուշտ, նախապես պետք է հեռու պահենք ողջ կեղծ և շփոթության մատնող տոները, որոնք հնչում են սովորական կարծիքի համար: «Գերմարդ» անվամբ Նիցշեն հենց սոսկ սովորական չափերը գերազանցող` մինչայժմյան մարդուն չէ, որ անվանում է: Նա ոչ էլ նկատի ունի մարդու մի տեսակ, ով դեն է նետում հումանիզմը և մերկ կամայականությունն ու տիտանական մոլեգնությունն է կանոն դարձնում: Գերմարդը ավելի շուտ, եթե բառը լրիվ բառացիորեն վերցնենք, այն մարդն է, ով բարձրանում է մինչայժմյան մարդու վրա, միայն ու միայն որպեսզի մինչայժմյան մարդուն նախ և առաջ նրա դեռ բացակայող էության մեջ մտցնի և այն ամուր դնի այնտեղ: «Զրադաշտի» հետմահու մի գրառումն ասում է. «Զրադաշտը չի ուզում մարդու անցյալից ոչինչ կ ո ր ց- ն ե լ, ամեն ինչ համաձուլվածքի մեջ նետել»: Բայց որտեղի՞ց է ծագում գերմարդու կոչը: Ինչո՞ւ այլևս չի բավարարում մինչայժմյան մարդը: Որովհետև Նիցշեն ճանաչել է պատմական պահը, երբ մարդը պատրաստվում է երկրի վրա ամբողջությամբ տիրապետության անցնել: Նիցշեն առաջին մտածողն է, ով հայացք նետելով առաջին անգամ ծագող համաշխարհային պատմության վրա` դնում է վճռական հարցը և այն խորհրդածման է ենթարկում իր ողջ մետաֆիզիկական հեռահարությամբ: Հարցը ազդարարում է. մարդն իբրև մարդ իր մինչայժմյան էությամբ պատրա՞ստ է երկրի վրա տիրապետությունը ստանձնելուն: Եթե ոչ, ապա մինչայժմյան մարդու հետ ի՞նչ պետք է լինի, որ նա երկիրը իրեն «ենթակա» դարձնի և այդպես հին ուխտի խոսքը իրագործի: Մինչայժմյան մարդը չպե՞տք է ինքն իրենից վ ե ր բարձրանա, որպեսզի կարողանա համապատասխանել այդ կոչումին: Եթե այդպես է, ապա ճիշտ մտածված «գեր-մարդը» բնավ չի կարող անսանձ, այլասերված և դատարկության մեջ տապալող ցնորամտության արդյունք լինել: Նրա տեսակը, սակայն, նույնքան քիչ կգտնես պատմականորեն` ժամանակակից դարաշրջանը վերլուծության ենթարկելով: Այդ պատճառով էլ մենք չենք կարող գերմարդու էութենական կերպարը փնտրել այն կերպարների մեջ, ովքեր, իբրև մակերեսային և խեղաթյուր մեկնաբանված կամք առ իշխանության գլխավոր դերակատարներ, խցկվել են դրա կազմակերպչական տարբեր ձևերի վերնախավի մեջ: Մենք, անշուշտ, մի բան պետք է իսկույն նկատենք. այդ միտքը, որը ուսուցչի կերպարն է նախապատրաստում, որը գեր-մարդն է սովորեցնում, վերաբերում է մեզ, վերաբերում է Եվրոպային, վերաբերում է ողջ երկրին, ո’չ միայն դեռ այսօր, այլև նախ և առաջ վաղը: Դա այդպես է` միանգամայն անկախ նրանից` մենք այդ մտքին այո՞ ենք ասում, թե՞ պայքարում ենք դրա դեմ, այն շրջանցո՞ւմ ենք, թե՞ կեղծ տոներով ընդօրինակում: Յուրաքանչյուր էական միտք անձեռնմխելիորեն անցնում է բոլոր կողմնակիցների և հակառակորդների միջով:
Ուրեմն հարկ է, որ մենք նախ ուսուցչից սովորենք սովորել, իսկ դա թեկուզ այն լինի, որ մենք հարց տանք նրա մասին: Միայն այդպես մենք մի օր կիմանանք, թե ով է Նիցշեի Զրադաշտը, կամ էլ երբեք չենք իմանա: Անշուշտ, մնում է մտածել, թե Նիցշեի մտքի մասին հարց տալը կարո՞ղ է դրա իսկ շարունակությունը լինել, թե՞ այն մի քայլ հետ է լինելու:
Մնում է նախ և առաջ մտածել, թե այդ «հետ»-ը սոսկ պատմականորեն հաստատելի անցյա՞լ նկատի ունի, որը կարող է վերարծարծվել (օրինակ, Գյոթեի աշխարհը), թե՞ «հետ»-ը ցույց է տալիս մի եղած, ինչի սկիզբը դեռևս սպասում է մի հիշատակման, որպեսզի դառնա մի սկիզբ, ինչը լուսաբացն է ծագեցնում:
Սակայն այժմ մենք սահմանափակվում ենք նրանով, որ փոքր-ինչ և նախնականորեն ծանոթանում ենք Զրադաշտին: Դա, ըստ էության, տեղի կունենա այն ժամանակ, երբ մենք կփորձենք համաքայլ գնալ առաջին քայլերի հետ ուսուցչի, որը նա է: Նա սովորեցնում է ցույց տալով: Նա նախապես նայում է գերմարդու էության մեջ և այն տեսանելի կերպարի է հասցնում: Զրադաշտը միայն ուսուցիչն է, սակայն դեռ ոչ ինքը` գերմարդը: Եվ մյուս կողմից` Նիցշեն Զրադաշտը չէ, այլ հարցնողը, ով փորձում է մտածման են- թարկել Զրադաշտի էությունը:
Գերմարդը գերազանցում է մինչայժմյան և այսօրվա մարդու տեսակը և այդպիսով անցում (Ubergang) է, կամուրջ: Որպեսզի մենք սովորելով կարողանանք հետևել գերմարդուն սովորեցնող ուսուցչին` կերպարի մեջ մնալու համար պետք է հասնենք կամրջին: Անցումը մենք շատ թե քիչ լրիվ կմտածենք այն ժամանակ, երբ ուշադրության առնենք երեք բան.
1. Այն, որտեղից անցնողը հեռանում է:
2. Ինքը` անցումը:
3. Այն, դեպի ուր անցնողը անցնում է:

 (Ծանոթագրությունը` Սերգեյ Ստեփանյանի: Ավելի մանրամասն տես` Վ. Գ. Լայբնից, Մետաֆիզիկական երկեր, ֆրանս. թարգմանեց` Սուսաննա Խաչատրյան, Երևան, «Սարգիս Խաչենց» հրատարակչություն, 2001թ., էջ 75, 88):

 Գերմաներենից թարգմանեց Հակոբ Մովսեսը
 աղբյուրը` http://granish.org