Մետաղի վրա փորագրությունը գրավյուրայի ամենատարածված տեսակներից է: Այն սկզբնավորվել է 12-13-րդ դարերում` զարգացման հասնելով 16-րդ դարում: Տեխնիկան թե' հետաքրքիր է, թե' աշխատատար: Մետաղը /որպես կանոն, ցինկ, պղինձ կամ պողպատ/ ծածկում են թթվադիմացկուն լաքի շերտով /գումմիարաբիկ/, ապա նկարը փակցնում մետաղին և փորում ասեղով: Այնուհետև ուրվագծվում է պատկերը այնպես, որ փորագրաասեղը, լաքը քերծելով, հասնի մետաղին: Հետո տախտակը այրում են թթվով, որը ներգործում է միայն քերծված տեղերի վրա: Տարբեր խորությունների ստացման համար տախտակի այն հատվածները, որոնք դրոշմվածքում պետք է ավելի թույլ լինեն, նորից են լաքապատում: Մի անգամ ևս թթվով քայքայելով տախտակը` այն գծերը, որոնք լաքով պատված չեն, բնականաբար ավելի ցայտուն են դառնում: Դա կարելի է կրկնել մի քանի անգամ, մինչև որ տախտակի վրա ստացվի ցանկալի արդյունք: Քայքայելուց հետո տաք ջրով մաքրում են լաքը և նկարը պատրաստում տպագրման: Տպագրության ժամանակ ներկը մետաղից անցնում է թղթին: Այս կերպ օֆորտը համարվում է խորը տպագրության ձևերից մեկը: Հաճախ օգտագործվում են տարբեր միջոցներ, որոնք նկարին հաղորդում են տոնային լուծումներ /կանիֆոլ` եղևնու յուղ/: Ամենատարածված մետաղը ցինկն է, որի կիրառությունը հարմարավետ է նրանով, որ հեշտ է քայքայվում ազոտական թթվով, տալիս է տոնային բազմազանությամբ նկարչական տպագրություններ: Նպատակահարմար է օգտագործել 1.5-3մմ հաստությամբ թղթեր:
Էդգար Շահին-Անգործը,չոր ասեղ |
Անկախ այն հանգամանքից, որ փորագրությունն արվում է մետաղի վրա և հանդես գալիս մեկ ընդհանուր անվան` մետաղի փորագրության տակ, այն, այնուամենայնիվ, ունի իր տարատեսակները, որոնք հակիրճ ներկայացված են ստորև`
Չոր ասեղ: Այս տեխնիկան առաջացել է 15-րդ դարի կեսերին և միանգամից բավականին մեծ տարածում գտել: Այն կիրառվում է մեր օրերում ևս: Նկարը մետաղի վրա փորագրվում է չոր ասեղով /որտեղից էլ գալիս է տեխնիկայի անվանումը/ կամ ալմաստի բյուրեղով: Ասեղը հեշտությամբ է փորում այն հատվածները, որոնք դանակն ամբողջությամբ չի փորում: Չոր ասեղի գծերը խորը և ծավալային չեն: Ի տարբերություն օֆորտի` այստեղ դրանք շատ ազատ չեն, սակայն հատիչին գերազանցում են: Գծերի վերջավորությունները հիմնականում սուր են, քանի որ տարված են ասեղով: Չոր ասեղի տեխնիկան առավելապես օգտագործել են Դյուրերն ու Ռեմբրանդտը: Ռուսաստանում տեխնիկան տարածվել է 18-րդ դարում: Հայտնի վարպետներից է Ե. Պ. Չեմեսովը: Հայ կերպարվեստում չոր ասեղի տեխնիկան օգտագործել են Էդգար Շահինը /«Ադա», «Աճպարար», «Անգործը». նկ. 7/ և Տիգրան Փոլադը /«Փարիզի Էդգար Քինեի շուկան», «Պոլ Վեռլեն», «Շարպոնի դաշտը»/:
Կետախածագծումը /ռուս.` пунктир, ֆրանս.` puktieren-ընգծել կետերով/ մետաղի վրա փորագրելու տեսակներից է: Հայտնի է 15-րդ դարի վերջից: Ինչպես մատիտի տեխնիկան, սա ևս կիսով չափ հանդիսանում է հատիչային գրավյուրայի, կիսով չափ օֆորտի տարատեսակ: Աշխատանքի առաջին էտապն իրականանում է օֆորտի գրունտի, իսկ քայքայումից հետո` անմիջապես տախտակի վրա: Նկարը կառուցվում է տարբեր խորություններով: Նկարը կազմված է հստակ գծերից, որոնք երբեմն եռանկյունաձև են, երբեմն` անկյունային: Գունավոր տպագրությունները արվում են մեկ տախտակից: Կետագծային գրավյուրայի վարպետներ էին Ջուլիո Կամպանոլոն և Լյուտմա Կրտսերը: Այս տեխնիկայով արված փորագրություններ ունի անգլիական դպրոցի ներկայացուցիչ Բարտոլոցցի Ֆրանչեսկան /«Լռություն»/: Եվրոպայից Ռուսաստան այս տեխնիկան թափանցել է ասեղի, օֆորտի և հատիչի հետ զուգընթաց` 1730-ական թվականներին: Հայտնի ստեղծագործողներից էր Գ. Ի. Սկոռոդումովը:
Բարտոլոցցի Ֆրանչեսկա- Լռություն, պունկտիր |
Մեցոտինտոն /իտալ.`mezzo-միջին, tinto-զարդարված/ ևս մետաղի վրա գրավյուրայի տեսակներից է: Այն առաջացել է 17-րդ դարում: Առանձնահատկությունը «թավշյա», լույսի անցումներով լի, բայց քիչ քանակությամբ տպագրություններ տալն է: Լուսային և տոնային անցումները կտրուկ չեն, մի տոնը ձուլված է մյուսին, տարորոշվում է աստիճանաբար: Գունավոր նկարը տպագրվում է մեկ մետաղյա տախտակից: Յուրաքանչյուր տպագրությունից հետո մետաղը ներկվում է նորից: Այս տեխնիկան առաջին անգամ փորձել է Գերմանիայում ստեղծագործող հոլանդացի նկարիչ Լյուդվիգ Ֆոն Զիգենը 1642 թ.: Նրա օրինակով աշխատել են նաև Ռիչարդ Իրլոմը, Մաուրից Կորնելիս Էշերը և այլ նկարիչներ: Ռուսաստանում մեցցոտինտոն զարգացրել են Ի. Շտենգլինը և Ի. Սելիվանովը: Հայ նկարիչներից իր փորագրություններում մեցոտինտոն շատ է օգտագործել Հակոբ Կոջոյանը /«Ալեքսանդր Սպենդիարյանի «Ալմաստ» օպերայի պարտիտուրայի ֆորզացը»/:
Մետաղի վրա փորագրության տեսակներից է հատիչով գրավյուրան: Սա հաճախ համարում են որպես գրավյուրայի առանձին միջոց, սակայն իր բնույթով նման է օֆորտին և եթե օֆորտ չի համարվում, ապա օֆորտի նախահիմքերից մեկն է, քանի որ դասվում է խորը տպագրության շարքին:
Ալբրեխտ Դյուրեր-Մելանխոլիա,հատիչ |
Հատիչ կամ գրավյուրա հատիչով /ռուս.` резец, գերմ.` stich, ֆրանս.` gravure au
burin, անգլ.`engraving/:
Սա մետաղի վրա փորագրության ամենահին տեխնիկաներից է, որի ժամանակ նկարը դնում են մետաղի վրա /ավելի հաճախ` պղնձի/ և փորագրում սուր, կտրող գործիքով` հատիչով: Ապա մետաղը մանրակրկիտ մաքրում են առաջացած փոշուց, ներկում լաքով այնպես, որ լաքը լցվի խորը փորված հատվածների մեջ: Նկարի հարթ մասերից ներկը մաքրում են և տպագրում: Այս կերպ տեխնիկան դասվում է խորը տպագրության /ռուս.`глубокая
печать/ դասին: Տեխնիկայի հիմքում ընկած են արհեստները, մասնավորապես մետաղյա իրերի վրա զարդանախշեր փորագրելը: Հիմնականում սա հուշանվերների, զարդերի և զենքերի պատրաստման ոլորտում է կիրառվում: Այս տեխնիկան օգտագործել են Մ. Շոնգաուերը և Ա. Դյուրերը /«Քրիստոսի չարչարանքը» սյուիտը, «Ադամի և Եվայի արտաքսումը դրախտից», «Մելանխոլիա»/ Գերմանիայում, Ա. Մանտենյան և Մ. Ռայմոնդին Իտալիայում, Լ. Լեյդենսկին Նիդերլանդներում, Վորտման Ալբերտը Ռուսաստանում /Եկատերինա 1-ինի դիմանկարը/, Քաթանյան Հովհաննեսը Հայաստանում /«Ուգոլինոյի մահը»/ և այլ նկարիչներ: Ինչու՞ է հենց հատիչը դառնում առաջինը և ունիվերսալը վերատպողական տեխնիկաների մեջ: Այս տեխնիկայում փորագրողի աշխատանքային պրոցեսը, որի ընթացքում տախտակի առանցքի շուրջն է պտտվում հատիչը, համընկնում է նույն նկարչի կամ տպագրողի աշխատանքի հետ: Այսինքն, նկարիչը, փորագրողն ու տպագրողը հատիչի տեխնիկայի դեպքում միևնույն մարդն են և նրանք բոլորն էլ աշխատում են հատիչով ստեղծված նույն նկարի վրա: Հիմնականում նկարելու համար ընտրվում են այնպիսի առարկաներ կամ պատկերներ, որոնք նկարելիս առավելագույնս հնարավոր է ցույց տալ հատիչի հնարավորությունները: Հատիչով արված նկարի կետերն ունենում են եռանկյունու տեսք, քանի որ ստացվում են գործիքի ծայրով:
շարունակելի...
հատված կուրսային աշխատանքից
թեմա՝ <<Փորագրանկարչություն>>
Գոհար Նավասարդյանթեմա՝ <<Փորագրանկարչություն>>
ԵԳՊԱ ԳՄ արվեստաբանության բաժին
3-րդ կուրս
կարդացեք նաև՝ Փորագրության գաղափարախոսությունը
Քսիլոգրաֆիա. փայտափորագրություն
Օֆորտը և իր տեխնիկաները
Գրավյուրայի պատմությունից
Լինոգրավյուրա և լիթոգրաֆիա