Երևանի Գեղարվեստի պետական
ակադեմիայի Գյումրու մասնաճյուղը հիմնադրվել է 1997 թվականին: Իր գործունեության երկար տարիների ընթացքում Ակադեմիան կարողացել է ձեռք
բերել այն դիրքը, որն այժմ ունի Գյումրիում: Բուհն ունի գրաֆիկայի, գեղանկարի, հագուստի
մոդելավորման, ընդհանուր դիզայնի, կերպարվեստի պատմության և տեսության, քնդակագործության,
կիրառական արվեստի բաժիններ, որոնցից որոշները բուհում գործում են կառույցի հիմնադրման
հենց սկզբից, որոշները համեմատաբար երիտասարդ բաժիններ են: Արվեստաբանության բաժինը
դեռևս տվել է շրջանավարտների ընդամենը երեք սերունդ, դիզայնի բաժինը բացվել է 2012
թվականին: Բուհում դասավանդում են բարձրակարգ
մասնագետներ, որոնցից յուրաքանչյուրը արվեստագետ է յուրովի և ապրում է ստեղծագործական
բուռն ներկայով: Ակադեմիայում գործում է այլ բուհերից միանշանակ տարբերվող միջավայր:
Այստեղ ուսանողն ուղղակի դիմորդ և շրջանավարտ չէ, այլ արվեստագետ, մտածող անհատ:
Գյումրու արվեստների պետական ակադեմիա......այս անվանումը կունենա այն հաստատությունը, որը նպատակ ունի ստեղծվելու կամ չի ստեղծվի` բողոքների հիման վրա: Նույն մասնաշենքում գտնվող երեք բուհերը` Գեղարվեստի, Կինոյի և թատրոնի ինստիտուտի, Կոնսերվատորիայի Երևանի մասնաճյուղերը, որոնք երկար տարիների ընթացքում գրավել են իրենց արժանի տեղը Գյումրիում և միասին վերցրած համարվում են Գյումրու արվեստի միակ բարձրագույն հաստատությունը, բոլորովին էլ միավորման կարիք չունեն: Եթե շատերի կարծիքով միավորումն ունի դրական կողմեր, և դրա արդյունքում Գյումրին կունենա Երևանից առանձին գործող Արվեստների ակադեմիա, ապա հարկ է նշել նաև այս միավորման բացասական կողմերը, որոնք շատ են: Կերպարվեստը երաժշտության, թատերական արվեստի և կինոյի հետ միավորել պետք չէ. առանց այն էլ երեք
տարբեր կառույցներ գտնվում են միևնույն մասնաշենքում: Ակադեմիայի ուսանողներից շատերի մոտ այնպիսի տպավորություն է, որ սովորում են ապագա դերասանների կամ երաժիշտների հետ: Երեք բուհերը միևնույն մասնաշենքում <<տեղավորելը>> արդեն իսկ տալիս է մեկ ընդհանուր բուհի տպավորություն. տարբեր են միայն կրթական ծրագրերն ու սիստեմը, որը միավորման դեպքում, ըստ երևույթին, կդառնա ընդհանուր...
Ակադեմիայում թե՛ դասախոսները, թե՛ ուսանողները շահագրգռված են երեք կառույցների
միացման հարցով: Իրենց կարծիքներով են կիսվում նույնիսկ նախորդ տարիների շրջանավարտները:
<<ԵԳՊԱ Գյումրու մասնաճյուղը տարիների ընթացքում մեծ ջանքերի, ուսնողական և դասախոսական կազմի քրտնաջան աշխատանքի շնորհիվ կայանալով, ձեռք բերելով կայուն միջավայր, տալով բարձր մակարդակի գիտելիքներ, այսօր կանգնել է փաստի առջև: Միավորել բուհեր, որոնք չնայած գտնվում են մեկ մասնաշենքի մեջ, բայց կարելի է ասել ընդհանուր <<արվեստ>> բնորոշումից բացի միավորման այլ հանգամանքներ չունեն… Բազմիցս աչքի ընկնելով թե՛ ուսանողների առաջադիմությամբ ու ստեղծագործական
հաջողություններով, թե՛ դասախոսական կազմի բուռն և ակտիվ
գործունեությամբ` ԵԳՊԱ Գյումրու մասնաճյուղը իր ուրույն և առաջատար տեղն է հաստատել քաղաքի մշակությանին կյանքում: Բուհերի միավորումը կխաթարի կրթական համակարգի բնականոն ընթացքը, միգուցե նաև ունենա ազդեցություն խիստ մասնագիտական կրթություն ստանալու հարցում>>,-այսպիսի բնորոշում է տալիս
ստեղծվելիք ակադեմիային արվեստաբանության բաժնի ուսանող Նաիրա Աբրահամյանը: Նույն բաժնի
մագիստրատուրայի ուսանողուհի Լիլիթ Գալոյանի կարծիքով <<անհեթեթություն է խառնել
երեք տարբեր դիսցիպլիններ ու սկզբունքներ ունեցող բուհերը: Ամբիվալենտությունը միանգամից
նկատելի կլինի, քանի որ այս երեք բուհերը միասին գոյակցել չեն կարող: ԵԳՊԱ ԳՄ-ն կկորցնի
իր դիմագիծը, ինչը ձեռք է բերել երկար տարիների ընթացքում: Կառուցվելիք հաստատությունը,
որն ուղղակի անհեթեթություն է, սկիզբ ու վերջ չի ունենա…>>:
ԵԳՊԱ Գյումրու մասնաճյուղ,
ինչպես նաև Կինոյի և թատրոնի ու Կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղեր դիմորդներից
շատերը ընդունվում են միայն մի պատճառով` բուհերը Երևանի մասնաճյուղեր են, իսկ ուսանողներից
շատերը հնարավորություն չունեն Երևանում սովորելու: Դիմորդներին կրթություն ստանալու
հնարավորություն են ընձեռում նույն հաստատությունների Գյումրիում գտնվող մասնաճյուղերը.
արդյունքում ուսանողները ստանում են նույնպիսի կրթություն, ինչպիսին Երևանի տվյալ բուհեր
ընդունված դիմորդները…. 3 բուհերի միավորումից հետո հաստատությունը կանվանվի Գյումրու
արվեստների ակադեմիա, սակայն արդյո՞ք ստեղծվելիք Ակադեմիան ուսանողների պակաս չի ունենա:
Գյումրու արվեստների ակադեմիան ավարտած ուսանողը Երևանում հեշտությամբ աշխատանք կգտնի՞.
այսօրվա շրջանավարտի համար սա է կարևոր. առանց այն էլ Գյումրին ունի երիտասարդ կադրերի,
առավել ևս արվեստագետների աշխատանքի խնդիրը:
Շատերի համար կարևորը ուսման
վերջում ստացվելիք դիպլոմն է, որը Երևանի ակադեմիայից չի տրվի, եթե Գյումրին ինքն ունենա
Արվեստների ակադեմիա: Հարցը ավելի բարդ է առաջին կուրսեցիների համար, ովքեր անտեղյակ
լինելով իրավիճակին, ընդունվել են Ակադեմիայի Գյումրու մասնաճյուղ, միացման դեպքում
ավարտելու են Գյումրու Արվեստների ակադեմիան` կորցնելով կապը Երևանի մայր բուհի, նրա
ուսանողության և ստեղծագործական ընթացքների հետ: Արդյո՞ք նոր կառույցը, որպես արվեստի
բուհ, կապեր կհաստատի ԵԳՊԱ-ի հետ…
Հոդվածը երևի թե եզրափակենք Ակադեմիայի նախկին ուսանողուհի արվեստաբան Վարդուհի
Կարապետյանի խոսքերով. <<Միգուցե շատերը մտածեն, որ Գյումրուն՝ հարուստ մշակութային ժառանգություն ունեցող քաղաքին, անհրաժեշտ է մի կրթական հաստատություն, որն անկախ կլինի մայրաքաղաքից, կունենա տեղային բնույթ…Սակայն փոփոխություններից առաջ պետք է գիտակցել պատճառահետեւանքային շղթայի յուրաքանչյուր օղակի կարեւորության մասին, պետք է նախեւառաջ հասկանալ, թե ինչ ասել է՝ միավորում: Արդյո՞ք այդ հանգամանքը շահեկանորեն կանդրադառնա ակադեմիայի դասախոսական անձնակազմի եւ, հետեւաբար, հենց ուսանողների վրա: Արդյո՞ք միավորումը չի նպաստի կրթության որակի նվազմանը: Ի վերջո, պետք է հասկանալ, որ ակադեմիան նախեւառաջ միջավայր է, որում թրծվում են արվեստագետներ, հետեւաբար ուսանողի՝ որպես արվեստագետ ձեւավորման եւ կայացման գործում մեծ ներդրում ունեն դասախոսներից՝ տվյալ դեպքում արվեստագետներից յուրաքանչյուրը: Իսկ այս փաստը վտանգի տակ է դրվում վերոհիշյալ միավորման դեպքում: Յուրաքանչյուր բնույթի փոփոխություն, մինչեւ իր դրական արդյունքին հասնելը, անցնում է որոշակի ճանապարհ ու փուլեր, գուցեեւ տարիներ հարկավոր կլինեն տվյալ «բարեփոխման» հետեւանքով կրթական մակարդակում բարձր նշաձող սահմանելու համար: Արժե՞ սակայն, որ դրանից տուժեն արվեստագետներ, այն դեպքում, երբ մեծ ջանքերի գնով այսօր ԵԳՊԱ Գյումրու մասնաճյուղը արդեն իսկ հասել է մեծ նվաճումների: Մի բան միանշանակ է՝ հարկավոր չէ վտանգել սերունդների ճակատագիրը՝ Գյումրիին ու գյումրեցի ուսանողին դարձնելով փորձերի թիրախ>>:
Գոհար Նավասարդյան
ԵԳՊԱ Գյումրու մասնաճյուղ
Արվեստաբանության բաժին,
4-րդ կուրս
Комментариев нет:
Отправить комментарий