1910 թվականի ձմեռը շատ խստաշունչ էր Ռուսաստանում: Մոսկվայից 20
կմ հեռու գտնվող մի հաջողակ և հայտնի հյուրանոցի համար վատ ժամանակներ էին:
Շաբաթներ շարունակ ոչ ոք չէր մնում այնտեղ,
և հյուրանոցի տերն աշխատանքից ազատել էր աշխատակիցներից շատերին:
Մի երեկո նա զարմացավ` լսելով դռան թակոցը: Դուռը բացելով`
նա տեսավ ալեխառն մորուքով, ցնցոտիավոր մի ծերունու:
Ծերունին մի քանի օր դրսում` ձյան տակ էր եղել:
Նա սառած էր և համարյա սովամահ: Նա հարցրեց, թե հյուրանոցի տերը կարո՞ղ էր իրեն ուտելիք և մի գիշերվա օթևան տալ:
«Իհարկե,
կարողեմ,- ասաց հյուրանոցի տերը:-
Մի գիշերվա օթևանի և ճաշի գումարը կկազմի 3 ռուբլի: Կարո՞ղ եք վճարել»:
Ծերունին խոստովանեց, որ դրամ չուներ, սակայն եթե իրեն վռնդեին,
ապա նա հաստատ ցրտամահ կլիներ:
Հյուրանոցի տերը խղճաց ծերունուն և ներս հրավիրեց նրան:
Տարավ ծերունուն խոհանոց, որտեղ օջախի վրա եփվում էր բորշչ`
ճակնդեղով ապուր: Հյուրանոցի տերը լցրեց մի մեծ թաս ապուր,
ավելացրեց թթվասեր, այցելուին տվեց տարեկանի կես հաց: Ծերունին շատ քաղցած
էր և արագ կերավ ապուրն ու հացը: Հյուրանոցի տերը ծիծաղեց` տեսնելով, որ
ճակնդեղը ծերունու մորուքի վրա լաքա էր թողել:
Ցնցոտիավոր ծերունին
շնորհակալություն հայտնեց հյուրանոցի տիրոջը ճաշի համար և ասաց. «Առավոտյան
հեռանալիս դու ինձ չես տեսնի: Թեև ես հիմա դրամ չունեմ, բայց կվճարեմ քո 3
ռուբլին, երբ ունենամ»: Հյուրանոցի տերը ոչինչ չասաց, սակայն չէր
ակնկալում երբևէ կրկին տեսնել ոչ ծերունուն, ոչ էլ 3 ռուբլին:
Վերջապես ձյունը հալվեց, և հյուրանոցի վիճակը շատ լավացավ: Մարդիկ սկսեցին հյուրանոց գալ և մնալ ավելի հաճախ, քան նախկինում:
Լինելով
բարեպաշտ մարդ, գարնանը հյուրանոցի տերը որոշեց գնալ քաղաքի եկեղեցի և
երախտագիտություն հայտնել Աստծուն հյուրանոցի վիճակի բարելավման և
հաջողության համար: Հասնելով մայրաքաղաք, նա ուղղվեց անմիջապես դեպի
եկեղեցի: Ներս մտնելուն պես նա դիտեց եկեղեցին և աչքն ընկավ պատերը
զարդարող սրբապատկերներին: Նա հայացքը հառեց հատկապես հեռավոր անկյունում
գտնվող մի սրբապատկերի:
Դրանում պատկերված էր ալեխառն մի ծերունի, ում
դեմքն աղոտ կերպով ծանոթ էր թվում: Մոտենալով` հյուրանոցի տերը ծերունու
մորուքի վրա ճակնդեղի լաքա նկատեց, ապա տեսավ սրբապատկերի տակ գրվածը`
«Սուրբ Նիկողայոս»:
Հյուրանոցի տերը ցանկացավ մոմ վառել սրբապատկերի
մոտ, և երբ մատներով փորփրեց հողը` տեղավորելու մոմը, ապա շոշափեց մի
փոքրիկ կոշտ բան: Դա դրամ էր` ռուբլի, կողքին կար ևս 2 ռուբլի: Հյուրանոցի
տերը վերցրեց դրամները և կրկին նայեց սրբապատկերին. ճակնդեղի լաքան անցել
էր, իսկ ծերունու դեմքը ժպտում էր:
Комментариев нет:
Отправить комментарий