пятница, 15 ноября 2013 г.

ԵԳՊԱ Գյումրու մասնաճյուղի ուսանողության բաց նամակը հասարակությանը



Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի ուսանողության բողոքն ընդդեմ  Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի և Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղերի միավորմանը և վերանվանմանը որպես Գյումրու արվեստի ակադեմիայի




ԵԳՊԱ Գյումրու մասնաճյուղի ուսանողները դեմ են  Գյումրու արվեստի ակադեմիա ՊՈԱԿ-ի ստեղծման նախագծին և դրա հիմնավորմանը` հետևյալ պատճառներից և հիմնադրույթներից ելնելով.
Ցանկացած իրավահասու ուսանող իրավունք ունի իրազեկ լինել սեփական բուhի հետ կապված փոփոխություններին ու դրանից բխող հետևանքներին: Կառավարությունը նման որոշում կայացնելու համար պետք է ակադեմիային ներկայացնի իր պահանջներն ու բավարար հիմնավորումները, մինչդեռ ներկայացված հիմնավորումները  տեղին չեն, քանի որ`
·         նախագծի հիմնավորման 4-րդ կետում` Կարգավորման նպատակը և բնույթը ենթավերնագրի տակ, նշվում է, որ բուհերի խոշորացման ծրագիրը միտված է մասնագիտական  տեսանկյունից ավելի բարձրորակ և լայն պրոֆիլի կադրեր պատրաստելու, սակայն ակադեմիան արդեն իսկ ունի կրթական բարձր մակարդակ, ինչի ապացույցն են պետական քննությունները, դիպլոմային աշխատանքները և վերջապես քաղաքի երիտասարդ արվեստագետները, ովքեր ևս ակադեմիայի կադրերն են: 1997թ. ԵԳՊԱ Գյումրու մասնաճյուղի հիմնադրումն ազդակ է հանդիսացել արտերկիր  ներգաղթած մի շարք արվեստագետների վերադարձի համար: Այժմ Գյումրին ունի իր արվեստագետների ու մտավորականների կորիզը, իսկ ակադեմիան այսօր նկարիչներին ու քանդակագործներին Գյումրիում պահող օղակ է
·   Արդյո՞ք լայն պրոֆիլի կադրերի պատրաստման դեպքում չի տուժի նեղ մասնագիտական որակավորումը: Արդյունքում ակադեմիան կկորցնի այնպիսի մասնագիտություններ, որոնք ձեռք է բերել մեծ դժվարությունների գնով:
·         նախագծի հիմնավորման 5-րդ կետում` Ակնկալվող արդյունքը ենթավերնագրի տակ, նշվում է, որ Գյումրու արվեստի ակադեմիայի կազմավորումը կնպաստի բուհի հասարակական վարկանիշի, ինչպես նաև դիմորդների շրջանում հաստատության գրավչության  բարձրացմանը: Արդյո՞ք դիմորդը կցանկանա ընդունվել դեռևս ոչ վարկանիշային և նորաբաց հաստատություն. չէ՞ որ այսօր ակադեմիա են ընդունվում այն դիմորդները, ովքեր գիտեն ակադեմիայի բարձր վարկանիշի մասին և ովքեր արվեստագետ/արվեստաբան դառնալու պատրաստակամություն ունեն: Արդյո՞ք ստեղծվելիք բուհի բաժինների թիվը չի պակասի
·         նույն կետում նշվում է նաև, որ Գյումրու արվեստի ակադեմիայի ստեղծման դեպքում <<բեռնաթափվելու են>> Երևանի արվեստի բուհերը, ուսանողների հոսքը ուղղվելու է դեպի Գյումրի: Արդյո՞ք Երևան ընդունվող դիմորդը կդիմի Գյումրիի արվեստի ակադեմիա
·         նույն կետում նշվում է նաև այն, որ պետք է բարելավվի մեկ կուրսում սովորող ուսանողների միջին ցուցանիշը: Արդյո՞ք Գյումրու արվեստի ակադեմիան կունենա դիմորդների բավարար քանակ և կգերազանցի ներկայիս ուսանողների ցուցանիշին: Չէ՞ որ Գյումրիի և Երևանի բնակչության ցուցանիշերը ևս տարբեր են: Այն, որ Երևանի ակադեմիայի, կոնսերվատորիայի կամ թատերական ինստիտուտի Գյումրու մասնաճյուղերում, ի տարբերություն Երևանի մայր բուհերի, սովորում են համեմատաբար քիչ թվով ուսանողներ, դեռ չի նշանակում, որ բուհերը տարածաշրջանում բարձր վարկանիշ չունեն, կամ  պետք է լուծարվեն ուսանողների քիչ քանակության պատճառով:
  
Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի ուսանողությունը առաջ է բերում մի շարք այլ դրույթներ, որոնք նշված չեն կառավարության նախագծում: Ստորև ներկայացնում ենք տվյալ դրույթները`
1.      Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի և Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղերն ի սկզբանե ստեղծվել են մեկ ընդհանուր օրակարգում և ունեցել են <<Գյումրու արվեստների ակադեմիա>> անվանումը: Եթե նմանատիպ գործունեությունն արդարացված էր ու նպատակահարմար, ապա ինչու՞ հաստատությունը բաժանվեց երեք տարբեր բուհերի: Կամ ինչու՞ Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը 2000թ. սկսեցին գործել առանձին` որպես Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիա, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա և Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտ:
2.      Համաձայն ԵԳՊԱ Գյումրու մասնաճյուղի ուսանողի հետ ուսումնառության 4 տարիների համար /բակալավրկնքված պայմանագրի` ցանկացած փոփոխություն չի վերաբերում ուսանողին մինչև տվյալ հաստատությունն ավարտելը /լինի դա կապված տարեկան վարձի հետ թե այլ/: Եթե նույնիսկ Գյումրու արվեստի 3 բուհերը լուծարվեն և ստեղծվի մեկ ընդհանուրը` Գյումրու արվեստի ակադեմիայի ՊՈԱԿ-ը, ապա այն պետք է ազդի սկսած 2014-2015 ուս-տարվանից:
·         Ըստ նույն պայմանագրի` ԵԳՊԱ Գյումրու մասնաճյուղի ուսանողը պետք է ստանա Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի դիպլոմ: Գյումրու արվեստի ակադեմիայի հիմնմամբ  ուսանողը կստանա Գյումրու դիպլոմ, մինչդեռ շատ ուսանողներ ընդունվել են վերը նշված բուհը զուտ մայր բուհի համապատասխան որակավորմամբ դիպլոմ ստանալու համար, քանի որ Երևանում ուսում ստանալու հնարավորություն չի եղել:
3.      Չնայած այն հանգամանքին, որ ԵԳՊԱ Գյումրու մասնաճյուղն իր գործունեության 16 տարիների ընթացքում արդարացրել է իր առջև դրված խնդիրները և ունեցել է մեծ ձեռքբերումներ, այնուամենայնիվ, մասնաճյուղն ունի մայր բուհի հետ կապը պահպանելու անհրաժեշտությունը: Գյումրու մասնաճյուղում դասախոսություններ են կարդում Երևանի ակադեմիայի մասնագետները, շատ ուսանողներ ընդունելության  քննությունները հանձնում են Երևանի ակադեմիայում, դիպլոմային աշխատանքները պաշտպանում են մայր բուհի հանձանաժողովի ներկայությամբ, մագիստրոսական կրթությունը շարունակում են Երևանի բուհում: Արդյո՞ք նորաստեղծ բուհը կունենա բավարար ուսումնական և տեխնիկական պոտենցիալ:
4.      Ակադեմիան մայր բուհի միջոցով համագործակցության, ուսանողների փոխանակման պայմանագրեր է կնքել տարբեր երկրների հետ /Ֆրանսիա, Ավստրիա, Սիրիա և այլն/: Մայր բուհի հետ կապի խզման դեպքում կխզվի նաև կապը արտերկրի հետ: Արդյո՞ք Գյումրու ստեղծվելիք արվեստի ակադեմիան կապահովի արվեստագետ-ուսանողի կապն արտասահմանի հետ, քանի որ ակադեմիայի ուսանողն ունի իր արվեստը հանրապետության սահմաններից դուրս ցուցադրելու կարիքը:
5.      Եվրոպական երկրները ձգտում են իրենց բուհերը դարձնել ավելի հստակ մասնագիտական ուղղվածության, մի քանի բուհեր միացնելու փոխարեն փորձում են նույն բուհում բացել տարբեր բաժիններ: Հայաստանը ևս հետևում է բոլոնյան կրթական համակարգին, սակայն լայն պրոֆիլի կադրերի պատրաստման դեպքում կտուժի նեղ մասնագիտական որակավորումը: Արդյունքում ակադեմիան կկորցնի այնպիսի մասնագիտություններ, որոնք ձեռք է բերել մեծ դժվարությունների գնով:

ԵԳՊԱ Գյումրու մասնաճյուղի ուսանողություն

Комментариев нет:

Отправить комментарий