вторник, 5 ноября 2013 г.

Գույնի մասին պատկերացումները նախնադարյան մշակույթներում





   Դժվար է ասել, թե երբ է առաջ եկել գույնի մասին գիտությունը: Ըստ երևույթին, այն զարգացել է այն ժամանակաշրջանում, երբ մարդը «տեսել է» գույնը եւ սկսել է օգտվել ներկերից, երբ ի հայտ են եկել գույների անունները և նկատվել դրանց հատկությունները: Հենց նախնադարյան ժամանակաշրջանում են ձևավորվել գույնի մասին մարդու ունեցած հիմնական հասկացությունները և ծնվել գույնի օգտագործման գլխավոր ավանդույթները բոլոր գործունեությունների մեջ: Փորձենք մեկ խոսքով անվանել գլխավորը, որը բանալիի նման բացում է նախնադարյան մարդու գույնին ունեցած վերաբերմունքի իմաստը: Դա առասպելաբանությունն է:
    Հազիվ ոտք դնելով զարգացման այն փուլը, որը առանձնացնում է նրան կենդանուց, մարդը իրականության ճանաչման անհրաժեշտություն է զգում, առավել ևս, ակտիվ ազդեցություն այդ իրականության վրա: Այդ փուլում ճանաչման միակ հնարավոր տարբերակը իրականության «կրկնօրինակումն էր» կամ նրա վերարտադրությունը, զգայական հասանելի կերպարներով՝ իրերի, նկարների, քանդակների, պանտոմիմերի, երաժշտական հնչյունների եւ, վերջապես, խոսքի միջոցով: Արտացոլել, վերարտադրել, կրկնել, ծամածռվել՝ հենց սա էլ նշանակում էր ճանաչել: Այդպիսի «մարմնավորումներ» են և առաջին առասպելները:
  


Կարմիր ներկում նախնադարյան մարդը տեսնում էր արյուն, կրակ, տաքություն, արև: Փորագրելով բիզոն, այնուհետեւ այն լցնելով կարմիր ներկով, մարդը հավատում էր, որ դա կենդանու արյունն է: Տպելով ձեռքի պատկերը քարանձավի մուտքի մոտ, նա վստահ էր, որ դա դևի արյունալի զոհն է: «Ընդունելով» այդ զոհը (առասպելաբանական սկզբունքով ձեռքի հետքը նույնացվում էր ամբողջական մարդու հետ) բավարարված ու կուշտ դևը, այլևս չէր մտնի քարանձավ եւ չէր անհանգստացնի մարդկանց: Հնարավոր է, դրա վրա էր հիմնված «կարմիր ձեռքի» վախեցնող տպավորությունը:
   Սպիտակ գույնը ցերեկվա լույսի առասպելական համարժեքն էր, որը միշտ մարդկանց կողմից ընկալվում էր որպես բարիք: Դա կենսատու սկզբի՝ կաթի եւ սերմի համարժեքն էր: Դա ծարավը հագեցնող եւ մարմինը մաքրող ջրի մոդելն էր: Սպիտակ գույնը նաև վերինի նշանն էր, քանի որ կապվում էր ամպերի, ոչ երկրային գեղեցկության եւ լույսի հետ: Դրա համար արդեն հնագույն ժամանակներում սպիտակ գույնի հետևում ընկալվում է բարիքի եւ սրբության կերպարը:
   Սև գույնը նախնադարյան մարդու պատկերացումներում խորհրդանշում էր խավար, գիշերային մթություն ու գերեզման, փլուզում եւ մահ, ասել է թե չարը:
      Ստեղծելով իրեր, պատելով դրանք բազմապիսի նշաններով ու պատկերներով, մարդը ոչ միայն ուսումնասիրում է ձևերն ու բնության երևույթները, այլև ազդում է դրանց վրա՝ գայթակղում է բարի ուժերին, անիծում է չարերին, աշխարհաստեղծման քաոսում ներմուծում կարգուկանոն: Գույնն ու ներկերը նախնադարյան մարդու առօրյայում շատ կարևոր մոգական-կախարդական միջոցներ էին: Գույնը ինչ-որ կերպ նման էր բառի՝ ծնող կամ սպանող, բարի կամ չար: Միանալով զարդանախշին կամ գեղանկարչական պատկերին, այն կատարում էր արտահայտման նաեւ այլ ֆունկցիաներ, այդ թվում նաև կարևոր՝ շփումը մարդկանց եւ աստվածների (կամ հոգիների) հետ: Այլ կերպ ասած, եթե առաջին խոսքերը իրեր էին, գույնը նույնպես իր է: Այլ առարկաների շարքում այն նույնպես կարևոր էր և արժեքավոր:
    Կարճ ասած, դրա մեջ երևում է առասպելական մտածողության հատկությունը՝ կապելով «բոլորը բոլորի հետ» (Ա.Ֆ. Լոսևի արտահայտությամբ) այն չի թողնում աշխարհում տեղ պատահականի, քիչ նշանակություն ունեցողի, նսեմի համար: Նախնադարյան մարդու համար ամեն ինչ կարևոր է, ամեն ինչ արժեքավոր, ամեն ինչ ունի իմաստ, քանի որ ամեն ինչ փոխկապակցված է: Առասպելական մտածողության կարևոր գծերից է համարվում ամբիվալենտությունը (երբ երկու հակադիր հասկացություններ անվանվում են միևնույն բառով) եւ նրա կերպարների բազմիմաստությունը:
    Նախնադարյան մարդիկ չէին կարող չնկատել իրար հակադիր երևույթների մեկից մյուսին անցումը, մի առարկայից մյուսին փոխակերպումը, անքակտելի կապվածից բաժանումը: Ցերեկը փոխակերպվում է գիշերի, լույսը՝ խավարի, կյանքը՝ մահի, թշնամին՝ բարեկամի, մարդը՝ կենդանու, աստված՝ դևի: Դա հնարավոր է, քանի որ հակադիր երևույթների իմաստն է, մենակ ու միայն նրանց արտաքինն է փոխվում:Դրա համար էլ առասպել-առարկաները եւ առասպել խոսքը չունեն որևէ սահմանափակված, չոր ամրացված նշանակություն: Դրանք կարող են նշանակել հակադիր կամ պարզապես միմյանցից տարբեր հասկացություններ: Օրինակ՝ «հյուր» բառը (եւ ոչ միայն նախնադարյան ժամանակներում) նշանակում էր եւ՛ բարեկամ, եւ՛ թշնամի, եկվոր: Կանացի աստվածությունը՝ երկիրը, եւ՛ ծնում է, եւ՛ մեռցնում. Կնոջ սիմվոլում կոդավորված են եւ՛ կյանքը, եւ՛ մահը: Նախնական բառերն ու առարկաները ոչ միայն ամբիվալենտ էին, այլ նաև բազմիմաստ: Օրինակ՝ շատ դժվար ու բազմանշանակ աստվածություն է «աստված»-ը: Այս բառը ցույց է տալիս եւ՛ հանգուցյալին, եւ՛ քուրմին, եւ՛ցեղի առաջնորդին՝ «հորը», եւ՛տոտեմին:
  Այսպես է նաև գույնի հետ կապված: Ժամանակակից, առավել ևս հին լեզուներում պահպանվել են գույների նշանակության հետ կապված ամբիվալենտության հետքեր, այսինքն, այն երևույթը, երբ նույն բառով անվանում են հակադիր գույներ: Օրինակ՝ լատիներեն flavus արմատից է գալիս եւ՛ դեղին, եւ՛ կապույտ բառերը: Ռուսերեն «половый» բառը, որը գալիս է polv արմատից, տասնյոթերորդ դարում նշանակում էր մեկ դեղնավուն («желтоватый»), մեկ երկնագույն («голубоватый»): Հնարավոր է, նախնադարյան մարդիկ ինտուիտիվ զգում էին հակադիր գույների կապը, նրանց հնարավորությունը փոխակերպվելու մեկից մյուսին:                                                                                  
     Բոլոր այսպես կոչված ժամանակակից ժողովուրդների մոտ պահպանվել է նախնադարյան համայնական կացութաձևը, պահպանվել է նաև մտածողության առասպելական ձևը եւ իրականության ճանաչումը: Ճիշտ է, որ նրանց առասպելներն ու ավանդությունները ձևավորվել են վաղուց. երբեմն մոռացված են նրանց աղբյուրները, կորցված է որոշակի ծեսերի իմաստը, ահռելի ճարտարապետական շենքերն ու քանդակները դարձել են հանելուկային: Աֆրիկայի, Ավստրալիայի, Ամերիկայի անհետացող տեղաբնիկները այլևս չեն ստեղծում ոչ՛ հսկայական որմնանկարներ, ոչ՛ կոսմոգոնիկ (տիեզերածին) առասպելներ, ոչ՛ էլ կիկլոպյան շինություններ: Նրանք արդեն ունիկալ մշակութային արժեքների ստեղծող չեն, բայցևայնպես, իրենց նախորդների աշխարհընկալման շարունակողներն են: Նրանց ֆոլկլորում, կենցաղում, ծեսերում կարծես կոնսերվացված են հին ավանդույթները, որոնց նրանք հաճույքով ենթարկվում են, քանի որ նրանց մտածողության ճանապարհներն ու միջոցները մնացել են հիմնականում նախկինի նման: Այդ ավանդույթները, փոխանցվելով սերնդեսերունդ եւ ամուր պահպանվելով, կազմում են գիտելիքի եւ պատվիրանների համակարգի էությունը, որը կարելի է անվանել գիտություն: Այս գիտության հիմքն են ծառայում նույն այն պրոլոգիական եւ առասպելական հասկացությունները մարդու արտաքին տարերքներից անբաժանելիության, իր կենդանիների, բույսերի եւ առարկաների ազգակցության մասին, մարդու նպատակաուղղված ազդեցությունը բոլոր իրադարձությունների վրա, նույնիսկ առանձնացված տարածության ու ժամանակի մեջ:

Ավանդույթները և գույնի մասին հասկացությունները կպչում են աշխարհին ինչպես էական էլեմենտ նաև ինքնատիպ լեզվական համակարգում, որը ծառայում է որպես հաղորդակցման միջոց մարդկանց, ինչպես նաև մարդկանց եւ աստվածների միջև: Եվ՛ «թեորեապես», եւ՛ պրակտիկորեն «պրիմիտիվ» ժողովուրդների մոտ գույնը հանդես է գալիս մարդու, կենդանիների, աստվածների, հոգիների վրա ներգործելու միջոց: Այս ընդհանուր եզրակացությունները հետևում են նախնադարյան մշակույթներում գույնի օգտագործման փաստերից՝ հավաքված ժամանակակից գիտության կողմից: Այդ փաստերը այնքան հետաքրքիր են, որ չի կարելի չհիշատակել դրանցից գոնե որևէ մասը:
    Ամենալայն ոլորտը, որտեղ օգտագործվում է գույնը, կրոնական եւ մոգական ծեսերն են: Ծեսերը ղեկավարողները (վհուկներ, կախարդներ, քուրմեր) և նրանց մասնակիցները հագնում էին որոշակի հագուստ՝ խիստ նախանշված գույներով, ներկում էին մարմինը եւ դեմքը. օգտվում էին առարկաներին կամ կենդանիներին համապատասխանող գույներից: Այդուհանդերձ, նաիվ կախարդության «ներկապնակը» սահմանափակ էր: Շատ ազգերի մոտ այն սահմանափակվում էր երեք գույներով՝ սպիտակ, կարմիր եւ սև (որոշ դեպքերում կիրառվում էր նաև դեղինն ու կապույտը): Ամեն մի գույնի վերագրվում էր իմաստային նշանակություն եւ մոգական ուժ:

    ՍՊԻՏԱԿ- բարության, ապաքինման, հաջողության գույն էր. հաղթանակ չար ոգիների դեմ, մաքրման, բազմացման, բարի աստվածների հետ շփման գույն: Աֆրիկյան նդեմբու ցեղի մոտ զարգացած է նախնիների պաշտամունքը, որոնց նրանք վերագրում են իրենց գործերի վրա մեծ ազդեցություն: «Երբ նդեմբուները յուրահատուկ սուրբ ծառերի մոտ (որոնք տնկվում էին իրենց գյուղերում ի հիշատակ նախնիների) դիմում էին իրենց նախնիների հոգիներին, նշագրում էին ծառը սպիտակով, այնուհետեւ, մեկ, երեք կամ հինգ սպիտակ գծեր էին անցկացնում գետնի վայով՝ ծառից մինչեւ իրենց ոտքերը, որից հետո նորից սպիտակով ներկում էին քունքերը, ակնախորշերը եւ պորտից վերեւ ընկած հատվածը: Սպիտակ գծերը նշանակում էին, որ նրանց միջեւ չկար «ներքին գժտություն», որը կսևացներ իրենց լյարդը՝ «զգացմունքների հավաքատեղին»»: Սպիտակը գույն էր բարի հոգիներին հարազատ, որը կարմիրի հետ նշանակում էր կյանք: Դրա համար, որտեղ բողոքարկում էին կյանքի ուժերին, օգտագործում էին սպիտակ կամ կարմիր, կամ եւ՛ մեկը, եւ՛ մյուսը միասին:
     Հյուսիսամերիկյան հնդկացիների մոտ զինվորները ներկվում էին կարմիր գույնով: Նույն բանը տեսնում ենք Ավստրալիայի տեղաբնիկների եւ շատ ուրիշ ժողովուրդների մոտ: Սակայն, օրինակ, «Ոսկե ափի» ժողովուրդների մոտ «կանայք, որոնց ամուսինները մեկնում էին պատերազմ, ներկվում էին սպիտակ գույնով ու կրում էին մարգարիտներ եւ թալիսմաններ»: Նույնը դիտարկել է Ֆ. Մարիոտտը աֆրիկյան Ֆրամին քաղաքի նեգրերի մոտ. «Կանայք, որոնց ամուսինները որպես բեռնակիր մեկնել էին պատերազմ, ամուսինների բացակայության ամբողջ ընթացքում պարում էին: Նրանք ներկվում էին սպիտակ գույնով եւ հագնվում կարճ շրջազգեստ: Նրանց գլխավորում էր շատ կարճ սպիտակ շրջազգեստ հագած, թորշոմած պառավ կախարդը:Սպիտակ կիսալուսինները եւ շրջանները ճոխությամբ զարդարում էին դեմքը, կուրծքը, ձեռքերը եւ ոտքերը: Բոլոր կանայք թափահարում էին ձիու կամ գոմեշի պոչից պատրաստված երկար սպիտակ ավելներ: Իրենց պարերով այդ կանայք ձգտում էին պահպանել պատերազմում շատ անհրաժեշտ ակտիվությունը, իսկ սպիտակ գույնը պետք է նրանցից (և իրենց ամուսիններից) վաներ մահվան ուժերը և, ընդհակառակը, գայթակղեր կենսաբեր ուժերին ու բարությանը»:
     Որոշ «պրիմիտիվ» ժողովուրդների թաղման ծեսերում օգտագործվում է սպիտակ գույնը, չնայած այն խորհրդանշում է կյանքն ու բարությունը: Թվում է, թե այստեղ ինչ-որ հակասություն կա: Իրականում այս ամենը լիովին «տրամաբանական» է: Չ՞է որ հանգուցյալը ձեռք է բերում հանդերձյալ աշխարհի ուժերի դիրք, կամ, այլ կերպ ասած, դառնում է Աստված: Այսպիսով, ստացվում է, որ նրան վայել էր հագնված լինել սպիտակ սավան կամ ներկված լինել սպիտակ գույնով, ինչպես դա անում էին նդեմբուները:
Հուղարկավորության  մասնակիցները՝ հանգուցյալի ազգականներն ու ընկերները, հագնվում են ինչ-որ սպիտակ բան՝ հանգուցյալի հետ ուժեղ կապ ունենալու համար: Այսպես, օրինակ, Ավստրալիայում թաղման ծիսակատարության ժամանակ տախտակամածի վրա կանայք եւ տղամարդիկ ներկում էին իրենց սպիտակ կավով, «որովհետեւ սպիտակ գույնը հանդերձյալի հոգու գույնն է: Նրանք պարում ու երգում են տախտակամածի շուրջբոլորը: Հոգուն նույնպես հրավիրում են հրաժեշտի պարին մասնակցելու…»: Սպիտակ գույնը նշանակում է նաև մաքրություն, դրա համար էլ մաքրման բոլոր ծեսերը ուղեկցվում են սպիտակ գույնով ներկմամբ կամ սպիտակ հագուստ կրելով, թալիսմանով և այլն:
    Նդեմբուների մոտ թաղման ծիսակատարությունից հետո «այրի կինը կամ տղամարդը լվացվում են, օծվում են յուղով, սափրում են մազերը, հագնվում են սպիտակ զգեստ, զարդարում են իրենց սպիտակ ուլունքներով, այսինքն, կատարում են հաջորդական գործողություններ, որոնք վկայում են լվացման եւ սպիտակ գույնի սիմվոլիզմի սերտ կապի մասին»: Այս «լվացումը» անհրածեշտ է նրա համար, որ «վերջ դնեն» նախկին կյանքին՝ «մահանան» նրա մեջ և «վերածնվեն» մաքուր՝ նոր կյանքի համար:
  Սպիտակ կենդանիները կամ թռչունները բոլոր ժողովուրդների մոտ համարվում են յուրահատուկ, սուրբ և օգտագործվում են բարի հոգիներին զոհաբերության կամ սրբագործող ծեսերի ժամանակ: Այսպես, Պասխի կղզում բարձր են գնահատում սպիտակ հավերին կամ աքլորներին: Սևամորթ նդեմբուների մոտ հատուկ հարգանքի են արժանի ալբինոսները, քանի որ նրանց դիտում են որպես «նախնիների հոգիների սպիտակության կենդանի կրողներ»:

     ԿԱՐՄԻՐ գույնը ոչ պակաս պատվավոր տեղ է գրավում նախնադարյան ժողովուրդների մշակույթի մեջ: Այն խորհրդանշում է մարդու համար կարևոր հասկացողություններ՝ կյանքը, ուժը, էներգիան: Նա նշում է այն ամենը, ինչը վեհ է, առօրեականից բարձր: Սա թագավորների, աստվածների, քուրմերի գույնն է: Սպիտակի հետ այն մարմնավորում է «կենսահաստատման» զույգ՝ հակադրվող ժխտման, չարի ու մահվան գույնին՝սևին: Համաձայն Պասխի կղզու առասպելի, ինքը՝ մարդը շինված է «գունավոր հողից»՝ գորշակարմիր հրաբխային տուֆից: Առասպելական հերոս Մակեմակեն բեղմնավորեց այս կարմիր նյութը եւ ծնվեց մարդը: Կարմիր գույնը ուղեկցում է մարդուն ծնված օրվանից մինչ մահ՝ օգնելով նրան պայքարել հիվանդությունների և դժբախտությունների դեմ, ոգևորելով դեպի մեծ արարումներ եւ պատերազմներ, նշելով նրա կյանքի կարևոր իրադարձությունները:
   Նորածին երեխաներին ներկում էին կարմիր ներկով (ամբողջովին կամ միայն դեմքը), ձեռքին կապում էին կարմիր ժապավեն: Ծնված տղաներին ներկում էին կարմիր գույնով, որպեսզի նրանց տային ամրություն և ուժ, ինչպես նաև պաշտպանեին չար հոգիներից:
    Բուժական կախարդության մեջ կարմիրը ամենակիրառելի գույնն էր: Համարյա բոլոր հիվանդությունների դեմ օգտագործվել են կարմիր ժապավեններ, թելեր, հմայիլներ. կապելով հիվանդ տեղերին, շփվում էին կարմիր կենդանիների կամ թռչունների հետ եւ այլն: Օրինակ, Էվա Վունդերլիխը գրում է գլխացավի դեմ մի միջոցի մասին, որը օգտագործվում էր Իմերետիում (Կովկասում): Հիվանդի գլխին դնում էին կարմիր գլխով, ոտքերով և թևերով հավ և թույլ էին տալիս, որ նա քայլեր կատարեր գլխի վրա: Արդյունքում ցավը «անցնում էր» հավին և հիվանդը ապաքինվում էր:
   Լայնորեն հայտնի է «պրիմիտիվ» ժողովուրդների ավանդույթը. ներկել զինվորների մարմինը և դեմքը կարմիր գույնով, ինչպես նաև կրել կարմիր գլխարկներ, հագուստներ, թալիսմաններ: Այս դեպքում գույնը կատարում է երկակի դեր՝ ինչպես մոգական պաշտպանիչ, այնպես էլ հոգեբանական ներգործության միջոց (թշնամուն սարսափեցնելու և սեփական ակտիվության գրգռման համար): «Պրիմիտիվ»  ժողովուրդների մոտ ցեղի առաջնորդը կամ գլխավորը հանդիսանում է նաև գլխավոր քուրմը և նույնացվում է Աստծո հետ: Նա կյանք, սնունդ, առողջություն ու բարեկեցություն տվողն է, գլխավոր զինվորն ու չարից պաշտպանողը: Դրա համար էլ նա առանձնանում է կարմիր և սպիտակ գույներով: Դա բոլոր «պրիմիտիվ» ժողովուրդների մոտ ամենատարածված և կայուն գույների համադրությունն է՝ հատուկ ու վայել աստվածների, քրմերի և թագավորների արտաքինին: Այս համադրության կայունությունը մեծամասամբ կապված է էսթետիկական և հոգեբանական ներգործության աստիճանի հետ: Նրա մեջ կա պայծառություն, հագեցվածություն և հակադրություն՝ այն ամենը, ինչը գրավում է ուշադրություն, ուրախացնում է և գրգռում, իսկ որոշ դեպքերում ընդունակ է առաջացնել վախ և այլ ուժեղ զգացողություններ:
   Բայց, ինչպես բոլոր գույները, կարմիրը ամբիվալենտ է: Նդեմբուները համարում են, որ կարմիր իրերը միաժամանակ կարող են բերել և՛ բարիք, և՛ չարիք, քանի որ կարմիր գույնը արյուն է, իսկ արյունը լինում է մաքուր և անմաքուր: Օրինակ, սպանության, կախարդության ժամանակ թափված արյունը համարվում է անմաքուր: Նման մեղք գործող մարդը պետք է անցնի մաքրման ծեսեր, բայց դրանից հետո էլ նա պարտավոր է կրել կարմիր թռչնի փետուր, որպեսզի «կարմիր» անմաքրության մնացորդները անցնեին փետուրին, իսկ նրանից էլ տարածվեին օդում (քանի որ փետուրը սերտորեն կապված է օդային տարերքների հետ):


ՍԵՎ- Կարմիր և սպիտակ պոզիտիվ կենսահաստատ գույներին հակադրվում է սևը, որը պատկերում է չարը, մթությունը, տառապանքը, դժբախտությունը, հիվանդությունը և մահը: Նդեմբուները համարում են, որ «եթե մարդու լյարդը սև է, նա ընդունակ է սպանության, նա չար մարդ է»: Եթե մարդը մահանում է անզավակ, նրա մարմնի վրա սև գծեր են քաշում, որպեսզի նա «հավերժ» ուղարկվի մահվան խավարը և չայցելի կենդանի մարդկանց կյանք:
    Հարկ է նշել, որ որոշ սև ներկեր ունեին բուժիչ ազդեցություն: Օրինակ, Հին Եգիպտոսում աչքերի կոպերը ներկում էին սուրմայով՝ հիվանդություններից պաշտպանվելու համար: Մեկ այլ դեպքում ևս գույնը հանդես է գալիս պոզիտիվ դերում՝ հենց «անձրեւ կառավարելու» մոգական ծեսերի ժամանակ: Ծեսը «ղեկավարվում էր» միֆական ստեղծագործության բոլոր օրենքներով: Սկզբում երկնքում կուտակվում են «ամպերը»` սև հորթին կամ գառին («ամպեր») դնում էին հասարակական հյուղակի կտուրին («երկինք»): Հետո այդ ամպերից անձրև է գալիս: Պատռում էին զոհերի փորերը և փորոտիքը տարածում էին հորիզոնի բոլոր ուղղություններով (Արևմտյան Աֆրիկա): Ինչպես նաև կարելի էր բարձր սարերի վրա զոհաբերել սև այծ, ինչպես որ դա անում էր Ասսամայի գառո ցեղը: Երբեմն երկնքի դերը կատարում էր նախնիների գերեզմանը, սակայն «ամպերը» նախկինի նման սև կենդանիներն էին:
   Ժամանակակից ուսումնասիրողների մոտ հաճախակի հարց է առաջանում՝ ինչու՞ է այսքան նեղ նախնադարյան ժողովուրդների ներկապնակը, ինչու՞ նույնիսկ Հոմերոսի մոտ չի հիշատակվում կապույտ գույնը, իսկ ավստրալական ստանդա ցեղի մոտ՝ դեղին, կանաչ և կապույտ գույները ունեին մեկ անուն: 20-րդ դարի սկզբին այս հարցի շուրջ ծավալվում են աշխույժ քննարկումներ: Լեզվաբանական ուսումնասիրությունները բացահայտել են հին և «պրիմիտիվ» լեզուների կապույտ և կանաչ գույների նշանակության առումով աղքատությունը, որոշ դեպքերում այդ գույների անունների նույնիսկ լիովին բացակայությունը: Դրանից արվել է ոչ ճիշտ եզրակացություն, որ նախնադարյան ժողովուրդների մոտ գույնի զգացողությունը լիարժեք չէր: Այս հիպոթեզը ենթարկվեց արդարացի քննադատության: Հակառակորդները մատնացույց էին անում այն, որ եւ՛ հին եգիպտացիները, եւ՛շումերները, եւ՛ հույները կերպարվեստում ու կիրառական արվեստում լայնորեն օգտագործում էին կապույտ, երկնագույն եւ կանաչ գույները, ինչը հնարավոր չէր լինի այդ գույների հանդեպ կուրության դեպքում: Չէ որ լեզուն կենսափորձի և զգացմունքների համեմատությամբ երկրորդական կազմ է: Այն արտացոլում է կյանքի ոչ բոլոր երևույթները խորապես (ինչը նշել է դեռևս Արիստոտելը), և խորապես չի արտահայտում ամեն ինչ հավասարապես, այսինքն` ճշգրիտ եւ լիարժեք: Բառի և առարկայի միջև միշտ գոյություն ունի «տարածություն» (Մ. Ֆուկոյի արտահայտությամբ): Դրա համար էլ չի կարելի միայն լեզվաբանական ուսումնասիրություններից ելնելով գույնի մասին եզրակացություններ անել:
  Մյուս կողմից էլ և՛ հին հուշարձանների արձանագրություններում(օրինակ «Ի ցզինում»), և՛ հնդկական վեդաներում, կան փաստեր, որոնք հաստատում են կապույտ և մյուս գույների լիարժեք ընկալումը: Ժամանակակից պրիմիտիվ մշակույթների ուսումնասիրությունները նույնպես խոսում են նրանց ստեղծողների և պահանողների գունային լիարժեք տեսողության մասին: Այսպես, օրինակ, չիրոկի ցեղի հնդկացիների մոտ (Հյուսիսային Ամերիկա) կապույտ գույնը նշանակում է պարտություն պատերազմում և ցույց է տալիս Հյուսիսի հոգիներին: Բիսմարկ կղզեխմբի (Գազելի թերակղզի) բնիկների մոտ չկա հատուկ գույնի նշանակության բառեր: Լեզվաբանը կարող է եզրակացություն անել, որ այս ժոզովուրդը ընդհանրապես գույն չի տեսնում: Իրականում այս տեղաբնիկները օժտված էին բացառիկ գունային նրբազգացողությամբ, որը բնորոշ է 20-րդ դարի լավագույն կոլորիստներին: Ահա, թե ինչպես են այդ մարդիկ տարբերում սև գույնի նրբերանգները՝ «կոտկուրը» փայլուն սևն է՝ ագռավի գույնը, «լիկուտանը» ուղղակի մուգ սևը, «տովոռոն»՝ ընկույզի ծառի ածխացած գույնը, «լուլուբան» մանգոյի ծառի տակ գտնվող ճահիճների ցեխի սև գույնն է, «դեպը»՝ սև գույն է, որը ստացվում է կանարյան ծառի խեժի այրումից, «ուտուրը» յուղի հետ խառնած բետելի ածխացած տերևների գույնն է: Սակայն այս բոլոր բառերը չեն հանդիսանում գույնի սպեցիֆիկ նշանակություն: Դրանք նշանակում են այդ գույներն հիշեցնող իրեր:

  Արժանի է զարմանքի, որ մինչև մեր օրերը գրականության մեջ ի հայտ են գալիս նախնադարյան մարդու ոչ լիարժեք գունատեսության մասին Գլադսոնի վաղուց հերկված հիպոթեզի արձագանքները:
 Շարունակելի....
Լիլիթ Բեգոյան
ԵԳՊԱ արվեստաբանության բաժին,
մագիստրատուրա 2-րդ կուրս
          






Комментариев нет:

Отправить комментарий