воскресенье, 3 февраля 2013 г.

Ֆրիդրիխ Շիլլեր.Նամակ Լոտտային

… Ախ, որքան ծանր է ինձ համար պահել այդ գաղտնիքը այն մեծ ծանոթության օրից ի վեր: Այն օրից, ինչ միասին ենք, հաճախ, արիություն դրսևորելով, պատրաստվում էի գալ Ձեզ մոտ` խոստովանելու, բայց չէի կարողանում: Իմ ցանկությունն ինձ թվում էր եսասիրություն, և վախենում էի, որ չկարծեք, թե միայն իմ երջանկության մասին եմ մտածում: Եթե պատահեր այնպես, որ դուք չկարողանայիք ինձ համար լինել այն, ինչ ես էի Ձեզ համար, ուստի կխաթարվեր մի հրաշալի ներդաշնակություն ու նար Ձեր քրոջ բարեհաճությունը: Բայց և այնպես լինում էին պահեր, երբ հույսն արթնանում էր. միասին լինելու երջանկություն. այն վեր էր ամեն ինչից, ես անգամ պատրաստ էի զոհաբերել ամեն ինչ` դրան հասնելու համար: Դուք կարող էիք լինել երջանիկ առանց ինձ, բայց դժբախտ իմ պատճառով` երբեք: Դա ես հաստատ զգում էի, երբ մտածում, հուսադրվում էի: Դուք կարող էիք տրվել ուրիշին, բայց ոչ ոք չէր սիրի Ձեզ այնպես մաքուր ու քնքուշ: Ոչ մեկի համար ձեր երջանկությունը չէր լինի սրբություն, ինչպես ինձ համար: Իմ կյանքի ամենաթանկագինը նվիրաբերում եմ Ձեզ: Եթե ես ձգտում եմ ավելի ազնվանալ, միմիայն Ձեզ արժանի լինելու, Ձեզ ավելի երջանիկ դարձնելու համար: Հոգիների վեհությունն իսկական բարեկամության ու սիրո գրավականն է: Մեր սերն ու բարեկամությունը կլինեն հավիտենական, քանի որ նրանք բխում են ճիշտ այդպիսի զգացմունքներից:
Մոռացեք այն ամենն, ինչ պիտի բռնանա Ձեր սրտին, տրվեք Ձեր զգացմունքներին: Ապացուցեք այն, ինչի մասին ինձ հուսադրեց Կարոլինան: Ասացեք ինձ, որ ուզում եք իմը լինել, և որ դա զոհաբերություն չէ Ձեր կողմից: Համոզեք ինձ գոնե մեկ բանով: Մեր հոգիները վաղուց էին մոտ միմիանց: Թող չքվի օտարը, որ մինչև հիմա կար մեր միջև, և թող ոչինչ չարգելի մեր հոգիների մերձեցմանը: Ցտեսություն, թանկագին Լոտտա: Ես փափագում եմ մի հանգիստ պահ ունենալ, որ նկարագրեմ իմ հոգու տվայտանքները, երբ մերթ երջանիկ էի, մերթ դժբախտ: Դեռ ինչքան բան ունեմ ասելու Ձեզ:
Մի հապաղեք ցրելու իմ կասկածները: Իմ կյանքը, իմ ապագան թողնում եմ Ձեր հայեցողությանը: Վաղուց չեմ պատկերացնում դրանք առանց Ձեր ներկայության: Ցտեսություն, սիրելիս:

Комментариев нет:

Отправить комментарий