среда, 16 апреля 2014 г.

Անիի Մայր տաճարը


Բագրատունիների մայրաքաղաքի եկեղեցիների մեջ Անիի Մայր տաճարն առանձնահատուկ տեղ ունի, որովհետև Տրդատ ճարտարապետի այդ բարձրարվեստ ստեղծագործությունը առավել լիարժեք Է արտահայտում դարաշրջանի ոճական նոր ուղղությունները, իր ծավալատարածական հորինվածքով ու մասշտաբով իրոք մայրաքաղաքային Է։ Տաճարի հիմնադրումը կատարվել Է 988 թ. Սմբատ Բ Բագրտտունու օրոք։ Նրա մահվանից հետո շինարարությունն ավարտվել Է Գագիկ Ա Բագրատունու կնոջ՝ Կատրամիդե թագուհու ջանքերով 1001 թ.:



Իր հատակագծային ու ծավալատարածական հորինվածքով Մայր տաճարը վերարտադրում Է 7-րդ դարի գմբեթավոր բազիլիկների (Գայանե, Մրեն) տիպը։ Ընդարձակ (22,0X34,0 մ) ադոթասրահի կենտրոնում տեղադրված չորս փնջավոր մույթերը ու դրանք իրար կապող սլաքաձև (երկկենտրոն) չորս կամարները կրում են ծածկի ողջ համակարգը՝ գմբեթով հանդերձ։

Մայր տաճարում Տրդատ ճարտարապետը մեծ վարպետությամբ ու բացառիկ հնարամտությամբ Է կսպմակերպել ներքին տարածությունը, ցուցաբերելով խիստ տրամաբանական ու սկզբունքորեն նոր մոտեցում։ Կենտրոնական նավը զգալի լայնացնելու, իսկ կողմնայինների լայնությունը նվազեցնելու միջոցով, նա կարողացել Է հասնել վաղ միջնադարյան գմբեթավոր դահլիճներին (Պտղնի, Արուճ, Դդմաշեն) հատուկ ներքին տարածության միասնական ընկալման։ Ապա մի շարք համահնչյուն միջոցների (փնջավոր մույթեր, սլաքաձև կամարներ, որմնակամարներ) օգնությամբ տաճարին հաղորդել Է շեշտված վերասլացություն, դինամիկ լարվածություն։ Եկեղեցու ներսի տարածության կազմակերպման այս նոր սկզբունքը, որի շնորհիվ ծածկն ասես ճախրում Է աղոթասրահի վրա, ինչպես բազմիցս նշված Է հետազոտողների կողմից, որդեգրվում ու լայն կիրառություն Է գտնում 12-14-րդ դարերում Արևմտյան Եվրոպայի մի շարք երկրներում տարածում ստացած գոթական ճարտարապետության մեջ։
Նույն այդ վերասլացության սկզբունքն իր արտահայտությունն Է գտել Մայր տաճարի արտաքին ճարտարապետության մեջ՝ բոլոր պատերի պլաստիկական մշակմամբ՝ բարակ սյուների վրա հենվող դեկորատիվ որմնակամարների, խորշերի, նաև գմբեթի թմբուկի ու այն պսակող վեղարի (որոնք կործանվել են 1319 թ. երկրաշարժից) վերասլացությամբ ու այլ միջոցներով՝ կապ ստեղծելով ներքին ու արտաքին ճարտարապետության միջև, միասնական և համահնչյուն դարձնելով դրանք։ Պատերի հարթությունների հարդարումը, դեկորատիվ այլ և այլ միջոցների (ուղղանկյուն, կամարաձև և կլոր պատուհանների պարակալներ, խորշերի պսակների զարդանախշեր, փնջաձև կիսասյուներով մշակված շքամուտքերը և այլն) կիրառումը նույնպես նոր մոտեցման արդյունք են։ Այնուհանդերձ, հարկ Է նշել, որ դեկորատիվությունն այս հուշարձանում հասնում Է տրամաբանական այն սահմանին, որից անցնելը պիտի դիտվեր բացասական երևույթ, ծանրաբեռնվածություն։

 Դեկորատիվության տպավորությունը «կարդացվում» Է նաև հատակագծի պարզ ու հստակ, ֆունկցիոնալ տեսակետից միանգամայն պատճառաբանված նկարվածքով։ Դրանում յուրաքանչյուր տարր հարազատորեն արտահայտում Է արտաքին և ներքին ճարտարապետության մտահղացումը։ Ավագ խորանի (որի երկու կողմերում ավանդատներ են), կլոր պատը մասնատված Է ռիթմական կարգ ստեղծող 13 խորշերով, բոլոր ճակատներին արտաքուստ տեղավորված եռանկյունաձև կտրվածքով խորշերը, բացի արևելյանից, լոկ դեկորատիվ են, մուծված ճակատների հարստացման համար։ Նույնպիսի դեր են կատարում տաճարի 3 (արևմտյան, հարավային ու հյուսիսային) շքամուտքերը, որոնք առաջակարկառ են ու մշակված սյունափնջերի օգնությամբ։
Միայն ընդհանուր գծերով քննարկված ահա այս ճարտարապետագեղարվեստական արժանիքների շնորհիվ Մայր տաճարն անշուշտ առաջատար նշանակություն ձեռք բերեց ոչ միայն Անիում, այլև ողջ Բագրատունյաց շրջանի եկեղեցական ճարտարապետության մեջ։ Այն իրավացիորեն համարվում է հայկական ճարտարապետության մեծագործ գոհարներից մեկը։

Նյութը պատրաստեց  Զառա Սիմոնյանը
Վարազդատ Հարությունյանի <<Հայկական ճարտարապետության պատմություն>> գրքից

Комментариев нет:

Отправить комментарий