пятница, 14 марта 2014 г.

Հայկական ճարտարապետությունը ֆեոդալիզմի դարաշրջանում



Հայաստանում ստրկատիրությանը հաջորդած ֆեոդալական հասարակարգն իր հետ բերեց արմատական փոփոխություններ սոցիալ-քաղաքական կյանքում, մտածողության մեջ, հավատքում։ Քրիստոնեությունը Հայաստանում փոխարինելով հեթանոսությանը և դառնալով պետական կրոն (301թ.) ու ֆեոդալական հասարակության իշխող գաղափարախոսություն, իր պահանջներն է առաջադրում ճարտարապետությանը, աղդակ հանդիսանում նոր հավատքի համար պաշտամունքային շենքերի բազմազան տիպերի առաջանալուն։
Հայկական ճարտարապետությունը թևակոխում է իր զարգացման առավել նշանակալից ու երկարատև (մեկ ու կես հազարամյակից ավել տևող) բազմահարուստ մի շրջան՝ ենթաբաժանվելով ա) վաղ միջնադարյան (4—7-րդ դդ. բ) զարգացած միջնադարյան (9—11, 12—14-րդ դդ.) գ) ուշ միջնադարյան (17—19-րդ դդ.) դ) նոր ժամանակաշրջանի (19–20-րդ դարի սկիզբ) շջափուլերի։
Խարսխվելով տեղական հին (նախաուրարտական, ուրարտական և անտիկ հայկական հելլենիզմի, հռոմեական) ավասդույթննրի վրա, ինչպնս նաև սկզբնական շրջանում որոշ ազդեցություն կրելով հարևան Սիրիայի (Ասորիքի) վաղ քրիստոնեական եկեղեցական ճարտարապետությունից, հայկական ճարտարապետությունը ֆեոդալական հասարակության զարգացման տարբեր փուլերում մշակում է
հորինվածքային-գեղարվեստական նոր սկզբունքներ, շենքերի տիպեր, կառուցողական յուրովի արվեստ։ Միջնադարյան Հայաստանի ճարտարապետությունը ներկայանում է որպես ստեղծագործական անդադրում որոնումների բովում ընթացող շարունակական զարգացման ու կատարելագործման մի վերին աստիճանի արգասավոր պրոցես։ Եթե վաղ միջնադարյան եկեղեցական ճարտարապետությունը ստանում է առաջատար նշանակություն ու նրանում է արտահայտվում հիմնական նվաճումները, ապա զարգացած միջնադարի մոնումենտալ ճարտարապետության մեջ պահպանելով հանդերձ քանակական առավելություն, այն իր տեղը զիջում է աշխարհիկ ճարտարապետությանը, կրելով ժողովրդական բնակելի տան ճարտարապետության մշտական բարերար ազդեցությունը։ Թե մեկում, և թե մյուսում՝ հնարքներն անսահմանորեն հարուստ են, բազմազան, աչքի են ընկնում կուռ տրամաբանությամբ, գեղարվեստական բարձր կատարելությամբ։
Հաջորդականության սկզբունքի պահպանումը, անքակտելի կապը զարգացման նախորդ փուլերի միջև՝ հանդիսացավ այն էական սկզբունքը, որի շնորհիվ քրիստոնեական և մուսուլմանական աշխարհի սահմանագլխին գոյատևող Հայաստանի ճարտարապետությունը ազդեց և ազդվեց, հարստացրեց և հարստացավ, սակայն իր երկարատև զարգացման ընթացքում (որում եղան ընդհատումներ) մնաց ավանդապաշտ, պահպանեց ցայտուն արտահայտված իր ազգային նկարագիրը։
Միևնույն ժամանակ միջնադարյան Հայաստանի ճարտարապետությունը ղեկավարվեց այն հիմնական օրենքներով, որոնք ընկած են ճարտարապետական արվեստի զարգացման հիմքում։ Այն հարազատորեն արտահայտեց իր զարգացման յուրաքանչյուր փուլի իշխող գաղափարներն ու գեղարվեստական ըմբռնումները, տրամաբանական փոխներթափանցումը հորինվածքի և նրա կառուցողական իրականացման միջև, մշտական հավատարմությունը գործածված շինանյութի հնարավորություններին, դրանց առավելագույն հնարամիտ գործադրմանը, ի հայտ բերելով արտահայտչամիջոցների կիրառման սահմանային պարզություն և պատճառաբանվածություն։
Ֆեոդալական հարաբերությունների կազմավորման սկզբից Հայաստանում ճարտարապետությունը թևակոխում է իր զարգացման նոր փուլը և նշանավորվում ծանրակշիռ նվաճումներով, որոնք համակողմանի արտացոլում են նոր հասարակարգի նյութական և հոգևոր կյանքի էությունը։ Մեսրոպ Մաշտոցի կողմից գրերի գյուտը 5-րդ դարում և որպես դրա անմիջական հետևանք՝ պատմագրության ու գրականության զարգացումը նպաստեց մտածողության և արվեստների, այդ թվում նաև ճարտարապետության, աննախընթաց ծաղկմանը։ Նոր հավատքի՝ քրիստոնեության հետ միասին այն որոշիչ նշանակություն ունեցավ հայերի ազգային գիտակցության բարձրացման ու հայապահպանության գործում, մանավանդ Հայաստանը Պարսկաստանի ու Բյուզանդիայի միջև բաժանելուց (387 թ.) և պետականության կորստից՝ Արշւսկունյաց թագավորության վերացումից (428 թ.) հետո։ Պետականության կորստից հետո պարսկական տիրապետության դեմ ուղղված ազատագրական ապստամբությունները (450—451 և 480—484 թթ.) հարկադրեցին Պարսկաստանի տիրակալներին վերանայել իրենց քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ և տալ նրան սահմանափակ ինքնուրույնություն։ Այդ ապստամբությունների շնորհիվ ձախողվեցին Արևելյան Հայաստսէնը Պարսկաստանին կցելու և հայ ժողովրդին ձուլելու Սասանյանների փորձերը։
Դրանից հետո, թեև կարճ ժամանակով, Հայաստանում խաղաղություն է տիրում, զարգացում է ապրում տնտեսական ու մշակութային կյանքը, ծավալվում է շինարարական բեղմնավոր գործունեություն։

Պեղումներով բացված բնակավայր Արտաշատում
Հայաստանում ֆեոդալական հարաբերությունների հաստատման ժամանակաշրջանում ստեղծված քաղաքական և սոցիալ-տնտեսական պայմանների հետևանքով հին քաղաքներն ապրում էին տնտեսական անկում, թեև առանձին քաղաքներ (Արտաշատ, Տիգրանակերտ) շարունակում էին տակավին որոշ դեր կատարել երկրի կյանքում։

Արշակունյաց թագավորության անկումից հետո Հայաստանի բաժանումը Պարսկաստանի և Բյուզանդիայի միջև անհրաժեշտություն առաջացրեց Հայաստանի երկու մասերում ստեղծել վարչական առանձին կենտրոններ՝ Կարինը՝ Արևմտյան Հայաստանում և Դվինը՝ Հայաստանի արևելյան մասում։
Հիշատակված երկու քաղաքներն էլ, որ առաջացել են գրեթե միաժամանակ՝ 4-րդ դարում, Հայաստանի վաղ ֆեոդալիզմի քաղաքաշինության օրինակներ են։ Նշված ժամանակաշրջանի քաղաքներ էին նաև Արշակավանը (հիմնադրված 4-րդ դարում Արշակ բ-ի կողմից Արարատ լեռան հարավային փեշին) և Նփրկերտը կամ Ս՜արտի–
րոպոլիսը (Մուաֆարկինը կամ Միա Ֆարկինը` հիմնադրված Տիգրանակերտի ավերակների վրա) :
Ինչպես ցույց է տալիս Դվինի և Կարինի քաղաքաշինական նյութերի քննությունը, վաղ ֆեոդալիզմի շրջանում առաջացած այս երկու քաղաքները բնութագրվում են քաղաքաշինական ընդհանրությամբ, հատակագծային հորինվածքի, պաշտպանական կառուցվածքների համակարգի, ինչպես նաև այլ հատկանիշների (որոնք կիրառելի էին ոչ միայն վաղ. միջնադարյան Հայաստանում, այլև հարևան երկրներում) համանմանությամբ։
Ստրկատիրության շրջանում քաղաքաշինության սկզբունքները թելադրոդ որոշ գործոններ (ինչպես օրինակ տնտեսական և ռազմավարական, քաղաքի դիրքի աշխարհագրական և պաշտպանական, ջրամատակարարման նպատակահարմարությունը և այլն), չկորցնելով իրենց նշանակությունը, ենթարկվեցին կազմավորվող ֆեոդալական հասարակության բնույթից բխող որոշ փոփոխությունների։
Դրանով պետք է բացատրել քաղաքների արդեն եռամաս հատակագծային կառուցվածքի առաջացումը՝ բաղկացած միջնաբերդից, բուն քաղաքից կամ շահաստանից և արվարձաններից, միջնաբերդի հանդես գալը որպես ռազմավարչական միավոր, իսկ շահաստանը՝ որպես քաղաքի հասարակական և գործարար կենտրոն, որն սկսում է կատարել նաև միջնաբերդի որոշ ֆունկցիա։ Միջնաբերդն ու շահաստանը շրջափակվում էին պաշտպանական ինքնուրույն պարսպապատերով՝ կազմելով քաղաքի ամրակուռ մասը։   
Վաղ ֆեոդալիզմի շրջանում առևտրի և արհեստների զարգացումը էապես ազդում է շահաստանի հատակագծային կառուցվածքի վրա։ Նրա կենտրոնական, միջնաբերդին մոտակա տարածքում էին տեղաբաշխված պաշտամունքային և հա֊ սարակական, առևտրական և արհեստավորական շենքերը, քաղաքային ավագանու բնակարանները, այստեղ էր ընթանում ֆեոդալական քաղաքի ողջ գործարար կյանքը։
Դվինում և Կարինում քաղաքի արվարձանները բոլոր կողմերից շրջապատում էր շահաստանը՝ (աշխատավոր բնակչությամբ խիտ բնակեցված բնակելի թաղամասերով։
Քաղաքաշինական արվեստի բաղկացուցիչ մասն էին կազմում կոմունալ տնտեսության և քաղաքային բարեկարգման տարրերը, ջրամատակարարումն ու ջրահեռացումը։ Առանձնապես մեծ կարևորություն էր տրվում ջրամատակարարման կարգավորմանը՝ որպես բնակչության կենսապայմանների և քաղաքի պաշտպանողունակության ապահովման անհրաժեշտ միջոց։
Դվինի մնացորդներից
Վաղ միջնադարյան պատմական աղբյուրներից մեկում (Պ. Կեսարացի) Դվինի արժանիքների թվում հիշատակված է նաև խմելու լավորակ ջրով քաղաքն ապահովված լինելու հանգամանքը։ Ենթադրվում է, որ խմելու ջուրը բերվում,էր Գսանիի աղբյուրներից, իսկ միջնաբերդի շրջապատող խանդակները լցվում էին Դվինից ոչ հեռու հոսող Ազատ գետի ջրերով։ Սառնորակ աղբյուրների ջրով ապահովված էր նաև Կարինը։
Դվինում տարբեր տարիներին կատարված պեղումների ժամանակ միջնաբերդում և կենտրոնական թաղում բացվել են ջրամատակարարման երկու գծեր, որոնցից պահպանվել են թրծված կավից պատրաստված խողովակների առանձին հատվածներ և ավերված մի աղբյուր։
Բաղնիքներից, արտադրական շենքերից ու բնակելի տներից ջրահեռացումը կատարվել է տեղական հարմարանքների՝ կլանոդ հորերի միջոցով, որպիսիք մեծ թվով բացվել են պեղումների ժամանակ։
Բացի բաղնիքներից, Դվինում կառուցվել են կոմունալ սպասարկման այլ շենքեր, այդ թվում կենտրոնական թաղամասից ոչ հեռու գտնվող սյունազարդ մի շենք, որը թերևս կարավանատուն կամ վաճառատուն է եղել։

Նյութը պատրաստեց Զառա Սիմոնյանը
Վարազդատ Հարությունյանի <<Հայկական ճարտարապետության պատմություն>> գրքից

Комментариев нет:

Отправить комментарий