понедельник, 2 июня 2014 г.

Գեորգ Վիլհելմ Ֆրիդրիխ Հեգել /1770-1830/



Հեգելը գերմանական եւ համաշխարհային փիլիսոփայական մշակույթի հազվագյուտ կաճառներից է: Ծնվել է Շտուտգարտում, ավարտել Տյուբինհենի համալսարանի աստվածաբանական ֆակուլտետը: Բեռնում եւ Մայնի Ֆրանկֆուրտում որոշ ժամանակ զբաղվել է տնային ու­սուցչությամբ: 1801 թ. պաշտպանել է դոկտորական ատենախո­սություն, հրատարակել «Ֆիխտեի եւ Շելլինգի փիլիսոփայական համակարգերի տարբերությունը» աշխատությունը` որդեգրելով Շելլինգի փիլիսոփայական հայացքները:
Հեգելը հոգեւոր բարձր զարգացման է հասել ծայրաստիճան խորաթափանց եւ բացառա­պես ինքնուրույն աշխատանքով: Նա անհագուրդ ուսումնասիրել է մաթեմատիկա, բնագի տություն, գրականություն, պատմություն գիտությունները, ոգեւորվել ֆրանսիական հեղափոխության գաղափարներով եւ նրա առաջնորդ Ժան Ժակ Ռուսոյի մարգարեական ան­ձով: Ֆրանսիական հեղափոխությունը նա համեմատել է արեւի հոյակապ ծագման հետ: «Դա մի խանդավառ ժամանակ էր, գրել է նա, երբ վրա էր հասել աստվածայինի` աշխարհի­ հետ իրական հաշտեցման»:
1807թ. Հեգելը հրատարակում է «Ոգու ֆենոմենոլոգիա» սիզբունքային աշխատությունը, որտեղ նա շարադրել է իր փիլիսոփայության հիմնադրայթները եև հետազոտել բանականության անատոմիան ու դիալեկտիկական ընթացքը: 1808-1816թ.թ. Հեգելը հրատարակում է իր գլխավոր աշխատությունը` «Տրամաբանության գիտությունը», որով հռչակվում է որպես «մեծագույն մտածող եւ փիլիսոփա»: Նրան հրավիրում են Հայդելբերգի համալսա­րան: Այստեղ նա հրատարակում է «Փիփսոփայական գիտությունների Հանրագիտարան» մոնումենտալ ամփոփիչ աշխատությունը: 1818 թվականից մինչեւ իր մահը` 1831 թվականը, Հեգելը դասավանդել է Բեռլինի համալսարանում:
Հեգելը նախկին, այդ թվում եւ իր անմիջական ուսուցիչների փիլիսոփայության մեծա­գույն թերություն է համարել այն, որ այդ փիլիսոփայությունը չի հասկացել, որ օբյեկտն ու սուբյեկտը, բնությունն ու ոգին դիալեկտիկական միասնություն են եւ արդյունք են բացարձակ իդեայի /Բացարձակ գաղափարի/ դիալեկտիկական զարգացման: Նույնիսկ շելլինգյան չտարբերակված Համաշխարհային ոգու արդյունք օբյեկտիվի ու սուբյեկտիվի նույնությունը վերացական, անպտուղ, մեռած եւ ձեւական միասնություն էր: Հեգելի բացարձակ գաղափարը, որպես գոյություն ունեցողի հիմք եւ գոյավորի բովանդակություն, ծավալվում եւ զարգանում է դիալեկտիկորեն, անցնում է տրամաբանական փուլից բնության զարգացման փուլ եւ հանգրվանում ոգու մեջ, ճանաչում է ինքն իրեն: Սրանով է բացատրվում, որ Հե­գելը իր փիլիսոփայական համակարգը բաժանել է երեք մասի` տրամաբանության եւ բնության ու ոգուփիփսոփայության:Հեգելի «ինքնաշարժվող» բացարձակ գաղափարը իրերի էությունն է, այդ թվում եւ հասկացությունների: Սա պետք է հասկանալ ոչ այն իմաստով, իբր գաղա­փարը`  իդեան, արարում էիրերի էությունը, այլ այն իմաստով, որ ճշմարիտ իդեան արտացոլում է իրերի էությունը, իսկ հասկացությունները` իրերի օբյեկտիվ հատկությունների  սուբյեկտիվ-մտածական ձեւեր են: Գաղափարների ինքնաշարժումը, մեկը մյու­սի կողմից ժառանգորդական բացասումը օբյեկտիվ իրականության օրինաչափ շարժման ընթացքի արտահայտումն է: Այս բացասման ընթացքը, ըստ Հեգելի, եռաստիճան է` թեզ, հակաթեզ եւ համաթեզ: Այս երրորդության դիալեկտիկական շարժումը հանգեցնում է նոր միասնության մեջ դրանց միաձուլման: Գաղափաարների հենց այս համապարփակամբողջությունն էլ Հեգելը անվանել է Բացարձակ գաղափար: Այդ համակարգը մտածողության էությունն է, որ Հեգելը համարում է փիլիսոփայության առարկա:
Մտածողությունը, Հեգելի համոզմամբ, աշխարհի ամբողջական ճանաչողությունն է, բնականաբար, փիլիսոփայությունը հետամուտ է այդ ամբողջական ճանաչողությունը: Այս հայեցակետից, նա իր փիլիսոփայությունն անվանել է «Բացարձակ իդեալիզմ», նկատի ունենալով ոչ թե այն, որ գաղափարներն արարում են աշխարհը, այլ այն, որ մտածողության կողմից աշխարհի ճանչումը հասկացությունների, սահմանումների եւ գաղափարների մեջ ողջ իրականութ­յան ճշմարտացի արտացոլումներն են: Հեգելը հետազոտել է մտածողության իմացա­բանական-տրամաբանական համակարգը, որի մեջ, նրա կարծիքով, պետք է ճշմարտացի արտացոլվեն համաշխարհը եւ նրա իրերի, ոլորտների եւ սեռատեսակային մակարդակների էությունները, դրանց շարժման ու զարգացման օբյեկտիվ ընթացքը: Հեգելը դա իրականացնում է մտածողությունից իջնելով իրականություն եւ նրան վերադառնալով: Այս վիթխարա­ծավալ գիտական-ստեղծագործական արշավանքի ընթացքում Հեգելը ճշգրտում եւ համա­կարգում է աշխարհն արտացոլող եւ ճանաչող հասկացությունների, սահմանումների բովանդակությունը: Մտածողության «Ալֆա-օմեգան» Հեգելը հետազոտում է իր օբյեկտիվ-իդեալիստական փիլիսոփայական համակարգի երեք մասերում` տրամաբանության, բնության եւ ոգու փիլիսոփայական ուսմունքներում:

Նյութը պատրաստեց Զառա Սիմոնյանը
Սանդրո Հակոբյանի  «Փիլիսոփայության տեսություն և պատմություն» գրքից

воскресенье, 1 июня 2014 г.

Կուբիզմ


Երբ մենք հայտնաբերեցինք կուբիզմը, դրա նպատակադրված չարեցինք: Մենք միայն ցանկանում էինք արտահայտել այն, ինչ կար մեր մեջ...
Պաբլո Պիկասո

Կուբիզմը (ֆրանս.` Cubisme) որպես ոճ արվեստ է ներխուժում XX դարի առաջին տարիներից: Նրա հայրենիքը համարվում է Ֆրանսիան, իսկ ոճն առավելապես տարբերակելի է իր երկրաչափական պայմանական ֆորմաներով: Կուբիզմի ծագումը թվագրում են 1907 թվականով և կապում են Պաբլո Պիկասոյի ու Ժորժ Բրակի գործունեության հետ: Կուբիզմ եզրույթն առաջին անգամ օգտագործել է արվեստի քննադատ Լուի Վոսելը` անվանելով Ժորժ Բրակի ստեղծագործությունները «կուբիստական քմահաճույքներ» (ֆրանս.` bizarreries cubiques): 
Սեզան- Պրովանսի սարերը
 Անգլիացի արվեստաբան Էռնստ Գոմբրիխը կուբիզմի նախատիպը համարում է ֆրանսիացի նկարիչ Պոլ Սեզանի արվեստը: Նա օրինակ է բերում վերջինիս ստեղծագործությունները` «Սենտ-Վիտուար լեռը Բելվյուի կողմից» և «Պրովանսի սարերը», ինչպես նաև նրա պատասխան նամակը երիտասարդ Պիկասոյին. «Նամակներից մեկում Սեզանը խորհուրդ է տալիս երիտասարդ նկարչին նայել բնությանը որպես պարզ ֆորմաների հանրագումար`գունդ, կոն և գլան: Նա ի նկատի ուներ, որ այս հիմքային ֆորմաները պետք է լինեն ցանկացած նկարի հիմքում: Սակայն Պիկասոն և նրա ընկերները ընդունեցին այս խորհուրդը բառացիորեն»:
1907թ. Պիկասոն ցուցադրում է իր «Ավինիոնի աղջիկները» կտավը, որը դառնում է ոճի առաջին օրինակներից: Կտավում հինգ աղջիկների ֆիգուրներ են, որոնց մարմինները հիշեցնում են երկրաչափական ֆորմաներ:
Պիկասո-Ավինիոնի աղջիկները
Նկարը մեծ արձագանք է ունենում, շատերը չեն ընդունում այն: Դեմ էր հատկապես ֆովիստ Ժորժ Բրակը, ով, սակայն, 1908թ. ցուցադրում է բնանկարներ` ստեղծված նույն մեթոդով: Այս ցուցահանդեսի քննադատական տեքստում էլ, ինչպես նշվեց նախորդիվ, օգտագործվում է «կուբիզմ» բառը: Բրակը փորձում էր ժամանակի արվեստի մեջ մտցնել իմպրեսիոնիզմից հետո կորցրածը` ծավալի զգացողությունը:
Կուբիզմի հետևորդնեն են դառնում Խուան Գրիսը, Ֆերնան Լեժեն, Ռոբեր Դելոնեն, Լուի Մարկուսին և այլք: Նրանցից յուրաքանչյուրը ոճի մեջ հանդես է գալիս իր ինքնատիպ ձեռագրով, սակայն բոլորն էլ զարգացնում են դարասկզբի առաջին ուղղություններից մեկի` կուբիզմի արվեստը:
Ֆերնան Լեժե-Երեք կանայք
1909 թվականից հետո կուբիզմում փոփոխություններ են նկատվում: Գնալով Պիկասոյի և Բրակի ֆորմաները դառնում են ավելի մանր հատվածների կտրատված (Ա. Վոլլարի դիմանկարը», «Ակորդեոնահարը», «Նատյուրմորտ ջութակով և կժով»): Այս ստեղծագործությունները հնարավորություն են տալիս դիտողին ֆորման սգալ տարբեր կողմերից, նույնիսկ տեսնել դրա հատվածները մեկը մյուսի միջով: Ուսումնասիրողները սա համարում են ոճի ուղղություններից մեկը` անվանելով «անալիտիկ կուբիզմ»:
Պիկասո-Նատյուրմորտ ջութակով և կժով
Ինչպես Բրակն էր ասում, «նկարում օբյեկտը բաժանվում է մի քանի տեսողական անկյունների`դիտողին մաքսիմալ ինֆորմացիա տալու նպատակով: Նա իրար է միացնում տեսողական տարբեր անկյունները և ցույց տալիս նույնիսկ դիտողից պահված գծերը: Հիմնականում գերակշռում է գույների բազմազանությունը, լույսը և միջավայրը բացակայում են. սա անալիտիկ կուբիզմն է»:
Ժորժ Բրակ-Շիշ, բաժակ և ծխամորճ
Որոշ ժամանակ անց ի հայտ են գալիս նոր էսթետիկ ընկալմամբ և տարբերվող ֆորմաներով կուբիստական ստեղծագործություններ: Նկարիչները սկսում են արվեստ ներմուծել իրական առարկաներ` տուփեր, երաժշտական գործիքներ, տարբեր նութեր` թուղթ, ծառ, կտոր և այլն (Բրակ-«Շիշ, բաժակ և ծխամորճ»): Այստեղ կտավն արդեն հավաքվում է…Եթե սեզանական կուբիզմում կարևորը տարբեր տարրերի` նույն նյութից պատրաստված լինելն ընգծելն էր, ապա այժմ նկարի` տարբեր նյութերից բաղկացած լինելը: Սա կտավը մասամբ դարձնում է դեկորատիվ: Նման ստեղծագործությունները դասվում են սինթետիկ կուբիզմի շարքին: Ընդունված է կուբիզմը ըստ ժամանակագրական հերթականության բաժանել 3 շրջանների`
Սեզանական (1907-1909)
Անալիտիկ (1909-1912)
Սինթետիկ (1913-1914)
Խուան Գրիս-Պիկասոյի դիմանկարը
Սրանցից յուրաքանչյուրն աչքի է ընկնում իր բնորոշ գծերով: Կուբիզմի որոշ ֆորմաներ բերում են անառարկայության, աբստրակտի…չէ որ այսքան ձևափոխվելու, կոտրատվելու, մասնիկների բաժանվելու արդյունքում ֆորման անհետանում է: Կուբիզմից անցումը դեպի աբստրակցիոնիզմի տեղի է ունենում օրֆիզմի (ֆրանս.` orphisme.անվանումը տվել է Գ. Ապոլլիները) միջամտմամբ: Այս իզմի հիմնադիրներն են դառնում Ռ. Դելոնեն, Ֆ. Կուպկան, Ֆ. Պիկաբիան, Մ. Դյուշանը և այլկուբիստներ, ովքեր օրֆիզմը դիտում էին որպես կուբիզմի գաղափարական զարգացում: 

Նյութը պատրաստեց Զառա Սիմոնյանը