среда, 28 мая 2014 г.

դ’Օրսե կայարան-թանգարան


Այս թանգարանի ստեղծումը մեծ իրադարձություն էր Փարիզի մշակութային կյանքի համար: Օռլեանյան ընկերությանը պատկանող հսկայական կայարանը, կորցնելով իր ֆունկցիոնալ նշանակությունը, պետք է կայարանից վերածվեր թանգարանի…Այս մետամորֆոզն իրականացնող մասնագետների առաջնային խնդիրն էր պահպանել կայարանի ընդհանուր ճարտարապետական տեսքը և միևնույն ժամանակ այն մտցնել ժամանակակից փարիզյան կյանք: Այսինքն նպատակը հնի ու նորի յուրօրինակ համադրումն էր:
Փարիզի Օրսե կայարանը
Օրսե կայարանը գտնվում էր Փարիզի կենտրոնում` Լուվրի և Տյուիլրիի հարևանությամբ: Այն կառուցվել է 1900թ. Ճարտարապետ Վիկտոր Լալուի կողմից: Շատերի խոսքերով, այս կայարանը ֆրանսիական մոդեռնիզմի կարապի երգն էր, այսինքն սրանից հետո Ֆրանսիայում ոչ մի նշանակալից մոդեռնիստական շինություն չի կառուցվում: Այս կայարանը արդյունաբերական դարի փառաբանումն էր…

Իր ինտերիերով կայարանը գրավում էր բոլորին. հսկայական տարածություն, ահռելի բարձրություն, կիկլոպյան սյունասրահներ, լուսատու ժամացույցներ…Այս ամենով հանդերձ կայարանը հնարավորինս չափ ֆունկցիոնալ էր: Սակայն ժամանակի ընթացքում այն սկսեց չբավարարել ֆրանսիացիների պահանջներին: 1960-ականներին այն սկսեց ենթարկվել մոռացության: Նրան փոխարինելու եկավ միջազգային հյուրանոցը, որի կառուցմանը մասնակցություն ունեցան ժամանակի բոլոր հայտնի ճարտարապետները, այդ թվում `Կորբյուզիեն: Սակայն 1973թ.  հյուրանոց կառուցելու նախագիծը չեղյալ է համարվում: Կայարանը ընդունում են որպես պատմական հուշարձան և այն գնում է Ֆրանսիայի մշակույթի նախարարությունը: Հենց այս ժամանակ էլ ծնվում է կայարանը XIX դարի թանգարան վերածելու գաղափարը:
Փարիզի դ'Օրսե թանգարանը
  Կազմակերպիչները մտադրվել էին թանգարանում ստեղծել ցուցադրության նորագույն տեխնոլոգիաներ, սակայն ձեռք չտալշինության ինտերիերին, դեկորներին և այլն: Սակայն  կայարանի նախկին շինությունները բոլորովին չէին համապատասխանում թանգարանի պահանջներին: Բարդ խնդիրը կարողանում է լուծել АКТ-аршитектюр խումբը, որը կայարանի վերանորոգման և ձևափոխման մրցույթում զբաղեցնում է 1-ին տեղը: Այս խմբի ռեկոնստրուկցիայի ծրագրի հիմքում հետևյալ կոնցեպցիան էր.  «Ոչ թե ստեղծել թանգարան կայարանում,  այլ կայարանից ստեղծել թանգարան»: Այս նախագիծը հավանության է արժանանում Ֆրանսիայի նախագահ Վալերի Ժիսկար դ’Էստենի կողմից և վերջինս հովանավորում է շինարարական աշխատանքները: Կայարանը սկսում են վերածել դ’Օրսե թանգարանի…Թանգարանը պետք է լիներ դիսցիպլինար, ունենալու էր քանդակի, գրաֆիկայի, գեղանկարչության, դեկորատիվ կահույքի, ճարտարապետության, քաղաքաշինության, լուսանկարների, կինոարվեստի, դոկումենտալ և պատմական նյութերի ցուցադրության սրահներ:

Շինության ինտերիերը
Թանգարանի առաջին հավաքածուի նմուշներ դարձան Լուվրում, Ժե դո Պոմ թանգարանում, Տոկիոյի պալատում, ինչպես նաև շատ այլ մշակութային կենտորններում ու ամսնավոր հավաքածուներում պահհվող արվեստի նմուշների մի մասը: Թանգարանի նմուշները ներկայացնում են բավականին կարևոր մի ժամանակաշրջանի արվեսը` XIX դարի վերջ - XX դարի սկիզբ: Գեղանկարչական աշխատանքներից են Դավիդի, Էնգրի, դելակրուայի, իմպրեսիոնիստների աշխատանքները: Քանդակներից մեծ թիվ են կազմում Ռոդենի աշխատանքները, որոնց հատկացված է առանձին դահլիճ: Այստեղ դրված մեծ չափերի քանդակները չափազանց ներդաշնակ են նախկին կայարանի ճարտարապետական ինտերիերի հետ:
Կայարանի ռելսերի ու երկաթե ճանապարհի փոխարեն շինության ճարտարապետները հատակ են կառուցել, որը կառույցի մեծ նեֆի մի մասն է: Շինության առաստաղը ապակեպատ է, ինչի միջոցով էլ լուսավորվում է թանգարանը, իսկ դրանում դրված էքսպոնատները վերևից ընկնող լույսի միջոցով կայարանի հսկայական չափերի համեմատ դառնում են էլ ավելի փոքր: Նեֆի խորքում տեղադրված են երկու աշտարակներ, որտեղ ցուցադրված են «ար նուվո»-յի ստեղծագործությունները: Սրա տարբեր կողմերում դեկորատիվ արվեստի և գեղանկարչության ցուցասրահներն են: Մի կողմից Դոմիեյի, Կոռոյի, Միլլեի սրահներն են, մյուս կողմից` Էնգրի, Դելակրուայի, Դավիդի և Մորոյի: Երկրորդ հարկի պատկերասրահում տեղ են գտել իմպրեսիոնիստների և պոստիմպրեսիոնիստների աշխատանքները: Այս դահլիճների լուսավորվածությունը էլ ավելի է ընդգծում Մոնեի, Սիսլեյի, Սեզանի, Ռենուարի, վան Գոգի և այլոց գլուխգործոցների գունային գամման: Ընդհանրապես, լուսավորության համակարգը հանդիսանում է Օրսե թանգարանի գլխավոր ձեռքբերումներից և առավելություններից մեկը: Թանգարանում կան շուրջ 8000 բնական և արհեստական լուսատուներ, հալոգեն լապտերներ, լույսեր և լուսաֆորներ, որոնք մաիսին կազմում են մի ամբողջություն: Բոլոր սրահներում գործում է այնպիսի հարմարանք, որը մարքում է ինչպես բնական, այնպես էլ արհեստական լուսը կտավների համար վնասակար ճառագայթներից:
Օրսե թանգարանի առաջին հարկի օվալաձև սրահները հակտացված են ակադեմիական, նատուրալիստական և սիմվոլիստական ոճերով ստեղծագործող վարպետների աշխատանքներին: Սրանցից երեքը ներկայացնում են նոր արվեստը` դրանք Հարտի և Վան դեր Վելդեի գործերն են:
Թանգարանում մեծ հետաքրքրություն են առաջացնում ճարտարապետական մակետները: Սրանք նախորդող դարերում կառուցված խոշոր շինությունների մանրակերտերն են, որոնք այցելուն կարող է տեսնել մոտիկից:
Կայարանից թանգարան դարձած դ’Օրսեն մինչ օրս համարվում է Փարիզի առաջնային մշակութային կենտորններից: Այն Լուվրի և Ժորժ Պոմպիդուի անվան արվեստի և մշակույթի կենտրոնի հետ միասին շարունակում է ամեն օր բավարարել հարյուրավոր արվեստասերների հետաքրքրությունը…

Դե եսիմ` Գ.Ն.

Ֆուտուրիզմ



    20-րդ դարը արվեստում թողնում  է տասնյակ իզմեր, սրանցից առաջինը ֆուտուրիզմն է`  ապագայի արվեստը:  Այն արվեստի ու գրականության մեջ ծագած ձևապաշտական ուղղություն է, որը ժխտում էր ռեալիզմը, հրաժարվում ամբողջ կուլտուրական ժառանգությունից ու իրեն ժամանակակից արվեստից և փորձում ստեղծել նոր ոճ, որն իբրև թե պետք է կործաներ բոլոր ավանդույթները և ավանդական արվեստի սկզբունքներն ու ոճերը:
Ջակոմո Բալլա. Վազող շան շարժումը. 1912թ.
    Ֆուտուրիզմը (լատ.` futur-ապագա, futurism-ապագայապաշություն) ավանգարդ արվեստի    շարժում է։ Այն հղացել է Իտալացի բանաստեղծ Ֆիլիպպո տոմազզո մարինետտին (<<Կարմիր շաքար>> պոեմի հեղինակ): 1909թ.   փետրվարի 20-ին Մարինետտին ֆրանսիական Լը Ֆիգարո հանդեսում հրապարակում է Ֆուտուրիզմի մանիֆեստը`ծնունդ տալով այս շարժմանը: Մանիֆեստը հայտարարում է  անցյալի վերջը և ապագայի արվեստի ծնունդը: Իսկ 1910թ. մարտի 3-ին Թուրինի Կեարելլա թատրոնում հրապարակվում է Ումբերտո Բոչչոնիի կազմած Ֆուտուրիստ նկարիչների մանիֆեստը, որը գրված էր իտալացի երիտասարդ ֆուտուրիստ նկարիչների համար: Մանիֆեստի հիմնական բբովանդակությունը  հետևյալն էր. "Մեր պոեզիայի գլխավոր տարրերն են լինելու քաջությունը, ըմբոստոթյունը և բողոքը. առանց ագրեսիայի գլուխգործոցներ չեն ստեղծվում": Ծրագրեր և մանիֆեստեր ֆուտուրիստներն ունեին ավելի շատ, քան ստեղծագործություններ: Օրինակներից են "Կալանենք արևի լույսը", "Մանիֆեստ "Մոնմարտրի" դեմ" և այլն:Մանիֆեստի մեջ մտնում էին հետևյալ կետերը` 
·         պետք է արհամարվեն նմանակման բոլոր ձևերը, իսկ ինքնատիպության բոլորձևերը պետք է փառաբանվեն
·         պետք է ապստամբել ներդաշնակություն և ճաշակ բառերի բռնակալության դեմ։ Այսպիսով պետք է ջախջախել Ռեմբրանդտի, Գոյայի և Ռոդենի աշխատանքները
·         արվեստի քննադատությունները կամ անօգուտ են, կամ վնասակար
·         պետք է ազատվել բոլոր հնացած և ծեծված թեմաներից և արտահայտել արդի կյանքի՝ պողպատի, արագության, հպարտության, տենդի հորձանուտը
·         խելագար մեղադրանքը, որ օգտագործվում էր նորարարներին լռեցնելու համար, պետք է համարել ազնվական և պատվաբեր տիտղոս
·         նկարչության մեջ կոմպլեմենտարիզմը բացարձակ անհրաժեշտություն է, ինչպես ազատ ոտանավորը պոեզիայում և պոլիֆոնիան երաժշտության մեջ
·         համընդհանուր դինամիզմը նկարչության մեջ պետք է ներկայացվի որպես դինամիկ զգայություն
·         անկեղծությունն ու անարատությունը, ավելի քան որևէ այլ որակ անհրաժեշտ են բնության նկարագրման համար
·         շարժումն ու լույսը քայքայում են մարմինների նյութականությունը

Ումբերտո Բոչչոնի. Ապստամբած քաղաքը
 Մարինետտին ասում էր. «Մեր մեջ եղած տարեցները 30 տարեկան են, մենք 10 տարվա ընթացքում պետք է կատարենք մեր հանձնարարությունը, քանի դեռ չի եկել նոր սերունդը և մեզ չի նետել աղբամանը…»: Նա չսխալվեց, քանի որ 10 տարի անց արդեն իրենց արվեստը չէր ընկալվում և չէր ընդունվում հասարակության կողմից:
    Արվեստի այս ուղղությունը ձևավորվում է Իտալիայում, և տարածում գտնում հատկապես Ռուսաստանում: Ռուս հայտնի ֆուտուրիստ արվեստագետներ էին Մայակովսկին, Խլեբնիկովը, Բենեդիկտ Լիվշիցը, Կռուչյոնիխը, Ելենա Գուռոն, Բուռլյուկ եղբայրները և այլք: Այս իզմը արվեստում մնում է մոտ 10 տարի, ինչպես 20-րդ դարի գրեթե բոլոր ուղղությունները, որոնք կայծակնային արագությամբ հաջորդում էին միմյանց: 1912թ. Փարիզում տեղի է ունենում այս ոճի նկարիչների առաջին խմբակային ցուցահանդեսը: Իտալիայում ֆուտուրիզմի առաջամարտիկներն են դառնում Կարլո Կարրան, Ջակոմո Բալլան, Ումբերտո Բոչչոնին, Ֆրանչեսկո Բալիլլա Պրատելլան, Լուիջի Ռուսսոլոն, Ջինո Սեվերինին, Ալֆրեդո Գաուրո Ամբրոզին: 

Ջակոմո Բալլա. Մոտոցիկլետի արագությունը. 1913թ.
   Ֆուտուրիստներին հետաքրքրում էր ոչ այնքան ստեղծագործության բովանդակությունը, որքան ֆորման: Նրանք մտածում էին նոր բառեր, ունեին գռեհիկ բառապաշար, փայլում էին պրոֆեսիոնալ տերմինների կիրառմամբ, ինչպես նաև փաստերի, պաստառների և աֆիշի <<լեզվի իմացությամբ>>: Ֆուտուրիզմին բնորոշ է ավանդական քերականությունից շեղումը. պոետը պետք է ազատ լիներ իր քերականության և ուղղագրության մեջ, պետ է կիրառեր ցանկացած բառ, որով կկարողանար արտահայտել իր մտքերը: Ինչ վերաբերում է կերպարվեստին, նրանք նկարում էին գնացք, ինքնաթիռ, մեքենաներ, մոտոցիկլետներ, այն, ինչ ստեղծել էր նոր քաղաքակրթությունը և այն ամենը, ինչը փառաբանում էր շարժումն ու ռիթմը: Մարինետտին ասում էր.  «Ջերմությունը, որը գալիս է մի կտոր փայտից կամ երկաթից, մեզ ավելի է հետաքրքրում, քանի ժպիտը և կնոջ արդյունքները»: Ֆուտուրիստները համարում էին, որ նոր արվեստը պետք է լինի հինը քանդող, կործանող: Նրանք փառաբանում էին պատերազմներն ու հեղափոխությունը` որպես զառամյալ աշխարհի նոր երիտասարդություն: Կարելի է ֆուտուրիզմը դիտարկել որպես նիցշեականության և կոմունիստական պարտիայի մանիֆեստի ինքնատիպ խառնուրդ:
Կառլո Կարրա. Թատրոնը լքելիս. 1909թ.
  Դինամիկան և շարժումը փոխարինելու էին եկել անցյալի ստատիկ ֆորմաներին, քարացած իրականությանը, իսկ կերպարվեստում` քանդակներին, հաստոցային գեղանկարչությանը և դիմանկարներին: Լուսանկարչական ապարատն ու տեսախցիկը լրացնելու էին աչքի և գեղանկարչության ոչ կատարյալ միջավայրում եղած բացերը: Ֆուտուրիզմի գլխավոր արտահայտչամիջոցները շարժումն են, արագությունը, էներգիան, ռոբոտացումն ու մեխանիզացումը, ինչը շատ նկարիչներ հաղորդում են բավականին պարզ արտահայտչամիջոցներով: "Շարժումը, որը մենք ուզում ենք արտահայտել կտավի վրա, չի լինի համաշխարհային դինամիզմի մի ակնթարթ, այն կլինի հենց դինամիկ զգացողություն",-ասում էին ֆուտուրիստները: Շարժումը պատկերվում էր շատ հեշտությամբ: Մեթոդը նման էր մուլտիպլիկատորների աշխատանքին: Նկարները նման են կադրերի: Բոլոր շարժումները ցույց են տրված մեկ կադրում: Ավելի ուշ այս շարժումը բերում է աբստրակցիոնիզմի /Ջակոմո Բալլա-"Արագություն. բնանկար", "Գիծ-արագություն"/:
 Ֆուտուրիստական գեղանկարչությանը բնորոշ է էներգիայով լեցուն կոմպոզիցիան, որտեղ ֆիգուրները կտրատված են, բաժանված անկյունների, աչքի են ընկնում տարբեր շարժումն ընդծող երկրաչափական ֆորմաներով` զիգզագով, գալարներով և այլն:
Ջինո Սեվերինի. Երկնագույն պարուհին
  Ֆուտուրիստական արվեստում պետք չէ փնտրել հոգեբանություն, խորություն, ներաշխարհ, զգացմունքներ: 1913թ. հրատարակվում է "Մեխանիկական արվեստի մանիսֆեստը": Սեվերինին և նրա համախոհները իրենց կտավներում մտցնում են մեխանիկական տարրեր` նմանաեցնելով գործերը ռոբոտների: Սակայն սա արդեն ֆուտուրիզմի մնացորդն էր և ոճը սկսում է դադարել գոյություն ունենալուց:  Ֆուտուրիզմն այս ոճի արվեստագետները համարում էին ապագայի արվեստը, սակայն նրանց գործունեությունից ընդամենը մի քանի տարի անց ապագայի արվեստն արդեն այլ ուղղության ստեղծագործություններն էին…այսպես էր լինում 20-րդ դարի արվեստի իզմերից գրեթե յուրաքանչյուրի հետ:

Դե եսիմ` Գ.Ն.