среда, 13 марта 2013 г.

Անհետացել էր դա Վինչիի Մոնա Լիզան

1911 թվականի օգոստոսի 22-ին Լուվրից անհետանում է Լեոնարդո դա Վինչիի աշխարհահռչակ “Ջոկոնդան”: Գողության մեջ կասկածվում է բանաստեղծ Ապոլիները, ում հանցակիցն իբրև հենց ինքը Պիկասոն էր:
Պատմենք ձեզ այն սիրո մասին, որը ծնվել էր իտալացի աղքատ ապակեգործի սրտում աշխարհում ամենահայտնի կնոջ' Ջոկոնդայի նկատմամբ: Ապակեգործը սիրահարվել էր նրա ժպիտին, որն իր մանկության ընկերուհու ժպիտն էր հիշեցնում: Դա էր այն գողանալու պատճառներից մեկը: Կտավը նրա մոտ մնաց երկու տարի:
Վինչենցո Պերուջիան (այդպես էին անվանում ապակեգործին), կարծում էր նաև, որ Ջոկոնդան պետք է իր հայրենիքում լիներ, ոչ թե Լուվրում: Ինչևէ, նրան ձերբակալեցին երկու տարի անց, երբ փորձում էր վաճառել կտավը: Իսկ այդ ընթացքում Ֆրանսիայում իսկական իրարանցում էր առաջացել: Ջոկոնդայի անհետացման լուրը տարածվեց հենց օգոստոսի 22–ին, երբ նկարիչ Լուի Բերուն, ով ցանկանում էր նրա կրկնօրինակն անել, նկատեց, որ կտավն իր տեղում չէր: Դա նրան սկզբում այնքան էլ չանհանգստացրեց, նա նույնիսկ անվտանգության աշխատակցին կատակով ասաց.” Եթե կանայք իրենց սիրելի տղամարդկանց հետ չեն, ուրեմն այդ պահին լուսանկարվում են”: Բայց մի փոքր ուշ վերադառնալուց հետո էլ նա Ջոկոնդային չգտավ: Սկսվեց իրարանցումը: Կտավը գողացել էին!Ոստիկանությունն անցավ գործի, թանգարանը տակնուվրա արեցին, սակայն ապարդյուն:
Միակ հանցանշանը նոր տեղադրված պաշտպանիչ ապակու վրայի մատնահետքն էր: Կանչեցին Ալֆոնս Բերտիլիոնին, որպեսզի վերջինս մատնահետքը համեմատեր թանգարանի 257 աշխատակիցների մատնահետքերի հետ: Ոչ մի զուգադիպություն: Ոչ ոքի մտքով չէր անցնում կասկածել ապակին տեղադրած վարպետին: Լուվրի տնօրենը աշխատանքից հեռացավ: Թերթերում հազարավոր վարկածներ գրվեցին: Դրանցից մեկի համաձայն կատարվածի ետևում կանգնած էր Գերմանիայի կայսրը:
Առևանգումից հետո Ջոկոնդայի հռչակն ավելի է տարածվում: Լուվր են այցելում հազարավոր մարդիկ ընդամենը դատարկ ապակուն նայելու համար, երգ է հորինվում “Մոնա Լիզայի” մասին, նա դառնում է իսկական աստղ, ինչպես այսօր Մադոննան է, իհարկե' հագուստով:
Սեպտեմբերի 7-ին մի անսպասելի լուր է տարածվում. ոստիկանությունը խուզարկություն է կատարում բանտում' բանաստեղծ Ապոլիների խցում: Մի՞թե նա էր գողացել Ջոկոնդային… Ճիշտ է, բանաստեղծը մի քանի տարի առաջ իսկապես կապ էր ունեցել մեկի հետ, ով Լուվրից գողություն էր կատարել… բայց դա վաղուց էր… 1904 թվականին Ապոլիների քարտուղարը' Պիերը, իրեն էր վաճառել փյունիկյան արձանիկներ, որոնք պատկանում էին Լուվրին: Ասել էր, թե գողացել է, քանի որ ոչ ոք չէր հսկում դրանք: Այդ արձանիկներից վաճառել էր նաև Պիկասոյին: Եվ բանաստեղծը, և նկարիչը կարծում էին, թե դա ընդամենը կատակ էր: Պիկասոն նույնիսկ այնքան էր ոգեշնչվել դրանցով, որ դրանք պատկերել էր կտավի վրա ու այն անվանել “ Աղջիկներն Ավինիոնից”:
Նրանք դեռ պահում էին այդ արձանիկները: Ջոկոնդայի առևանգումից հետ լուրեր տարածվեցին, թե նաև մի քանի նմուշներ են անհետացել: Եվ դա անհանգստացրեց Պիկասոյին ու Ապոլիներին: Սկզբում նրանք որոշեցին արձանիկները նետել Սենա գետը, բայց Ապոլիների համար շատ դժվար էր բաժանվել նրանցից: Ուստի որոշում է այդ արձանիկներն անանուն ուղարկել "Փարիզ"ամսագրին, որտեղ աշխատում էր իր ընկեր Անդրե Սալմոնը: Արձանիկները վերադարձվում են Լուվր: Իսկ ոստիկանությունն սկսում է խուզարկել բանաստեղծի տունը, այնուհետև' բանտախուցը: Կարո՞ղ էր Ջոկոնդան Ապոլիների մոտ լինել: Դատավոր Դրիուն հավանաբար ուզում էր մեղադրել նրան վաղուց գողացված արձանիկների համար:
Հետաքննությունը նորից է հայտնվում փակուղում: Թվում էր' Ջոկոնդան ուղղակի անհետացել էր, սակայն երկու տարի անց նրան գտնում են Ֆլորենցիայում, այնքան անսպասելի, որքան անհետացել էր:
Մի իտալացի, որն արվեստի գործերի վաճառքով էր զբաղվում, նամակ է ստանում ոմն Վինչենցո Լեոնարդից, որն առաջարկում էր վաճառել “Ջոկոնդան”: Գնորդն իհարկե չի հավատում նրան, բայց, այնուամենայնիվ, այդ մասին տեղեկացնում է Ֆլորենցիայի Ուֆֆիցի պատկերասրահի տնօրենին ու նրա հետ գնում “Տրիպոլի” հյուրանոց, որտեղ նշանակված էր հանդիպումը: Լեոնարդը ցույց է տալիս կտավը ու գնորդներն ապշում են' տեսնելով դա Վինչիի բնօրինակը: Հայտնում են ոստիկանությանը, առեղծվածային վաճառողին անմիջապես ձերբակալում են: Վերջինս խոստովանում է, որ իր իսկական անունը Վինչենցո Պերուջիա է, ու պատմում եղելությունը. օգոստոսի 21–ին մյուս աշխատողների հետ եկել էր “ Կարրե” սրահ, որտեղ գտնվում էր կտավը, հանել էր այն շրջանակներից: Ոչ ոք իր վրա ուշադրություն չէր դարձրել. բոլորը ենթադրում էին, որ վարպետն ընդամենը իր գործն է կատարում: Կտավը թաքցնելով սեղանիկի տակ, որի վրա ապակի էր տեղափոխում' դուրս էր եկել թանգարանից: Երկու տարվա ընթացքում իտալացին Ջոկոնդայի գաղտնիքը պահել էր համր ձկան պես, սակայն այն վաճառելու փորձը ձախողվեց:
Պերուջիային դատապարտում են մեկ տարվա ազատազրկման, իսկ Իտալիայում շատերը նրան ազգային հերոս են համարում: Վերջապես 1914 թվականի հունվարի 4–ին “ Մոնա Լիզան” վերադարձվում է Լուվր, այնտեղ, որտեղ պետք է լիներ:
աղբյուրը`  http://legalportal.am/

Комментариев нет:

Отправить комментарий