понедельник, 3 ноября 2014 г.

Գրքեր, որ կարելի է կարդալ աշնանը




Կարծես թե յուրաքանչյուր եղանակ ունի գրքերի իր ցանկը: Աշնան ամիսներին առաջարկում ենք կարդալ հետևյալ գրքերը.

Ռեյ Բրեդբերի-<<Ուրախության մեխանիզմները>>
Այս մեխանիզմները երբեք չեն խաթարվում: Դրանք հավիտենական  են, ինչպես հավերժական շարժիչները, քանի որ ստեղծվել են աշխարհում գոյություն չունեցող առարկաներ մտածող մի գրողի` Ռեյ Բրեդբերիի կողմից: Ռեյի համար մեխանիզմներ ստեղծելը ուրախություն է, մի սովորական արհեստ, ինչպիսին հացթուխի համար հաց թխելն է, գինեգործի համար` գինի պատրաստելը:

Ֆեննի Ֆլեգ -<<Ամանորը և կարմիր կարդինալը>>
Բժշկական ախտորոշումից վախեցած` գրքի գլխավոր հերոսը` Օսվալդը, խոնավ ու ցուրտ Չիկագոյից փախչում է հարավ, որտեղ պատրաստվում էր տոնել իր վերջին Ամանորը: Նա ոչ մի լավ բանի չի սպասում, սակայն իրականությունը չի դադարում զարմացնել Օսվալդին:

 
Աննա Գավալդա-<<Պարզապես միասին>>
 Սա Գավալդայի ամենահայտնի ստեղծագործություններից է, սիրո ու միայնության մի պատմություն` լի ուրախությամբ ու արցունքներով, անհաջողություններով ու երջանիկ պահերով: Վեպը աշխարհի տարբեր երկրներում արդեն գտել է իր ընթերցողներին:

 
Դիանա Ուինն Ջոնս- <<Քայլող ամրոցը>>
Սա հեքիաթ է` առաջինից մինչև վերջին էջը լի կախարդանքով:  Այն ընթերցողին վերադարձնում է մանկություն, հրաշքների ու սիրո գեղեցիկ աշխարհ: Պատմությունը կախարդված Սոֆիի ու արտասովոր կախարդ Հոուլի մասին է: Այն ուսուցանում է հավատալ ինքդ քո ուժերին: Դժվարություններն ու անհաջողությունները հետևում են մեզ այնքան ժամանակ, քանի դեռ հավատում ենք դրանց: 2000-ականներին գրքի հիման վրա նկարահանվել է նաև մուլտիպլիկացիոն կինոնկարը:

Քարել Չապեկ-<<Պատմվածքներ>>
Չապեկին, առանց չափազանցությունների, կարելի է անվանել հոյակապ գրող: Նրա պատմվածքները գրավիչ ու հետաքրքիր են: Դրանցից յուրաքանչյուրը մի առանձին պատմություն է: պատմվածքները հեշտ են կարդացվում, բայց յուրաքանչյուրից հետո ուզում ես կարդալ նորից ու նորից...

 
Թինաթին Մժավանաձե-<<Ամառը, տատիկը և ես>>
Մեր առջև բացվում է 19 տարեկան մի աղջկա կյանքի պատմությունը, որտեղ մեծ դեր է խաղացել հերոսուհու տատիկը: Ծեր ու բարի վրացի կինը այս գրքի բոլոր իրադարձությունների կենտրոնում` թե ֆիզիկապես, թե ներգործող ուժով: Գիրքը կազմված է փոքրիկ, իրական պատմություններից, որոնք ևուրախություն են պարգևում, ևտխուր ու հուզական րոպեներ:  

Սթիվեն Չբոսքի-<<Լավ է լինել սուսիկ-փուսիկ>>
Սա շատ անկեղծ գիրք է, հասունացման մի զգացմունքային պատմություն: Չարլին տեղափոխվում է ավագ դպրոց: Դեպրեսիաներից խուսափելու համար նա սկսում է նամակներ գրել մեկին, ում երբեք չի տեսել, բայց վստահ է, որ այդ մեկն անպայման հասկանալու է իրեն:

Ջոան Հարիս-<<Շոկոլադ>>
Գիրքը, կարելի է ասել, հատուկ քաղցրակերների համար է: Փոքրիկ քաղաք Լանսկնե-սու-Տաննում մի օր հայտնվում են մի մայր ու աղջիկ: Նրանք քաղաքում շոկոլադի խանութ են բացում, և բնակիչների կյանքը փոխվում է ընդմիշտ: Դոգմաների ու կարծրացած գաղափարների պայքար ընդդեմ թեթև, “համեղ կյանքի”…. Սա այն գիրքն է, որի հիման վրա նկարահանվել է հայտնի <<Շոկոլադ>> ֆիլմը:

Ջերալդ Դարրել- <<Թռչուններ, կենդանիներ և հարազատներ>>
Սա գրող-նատուրալիստ Ջերալդ Դարրելի` հունական Կորֆու կղզում անցկացրած մանկության մասին գրքի երկրորդ հատվածն է: Բավականին սրամտորեն ու նրբությամբ նա նկարագրում է կղզու կենդանիներին ու նրանց տարօրինակ սովորությունները: Գիրքը կարդալով ևս մեկ անգամ կհամոզվեք, որ մեզ շրջապատող աշխարհը հիանալի է 

Նյութը պատրաստեց Զառա Սիմոնյանը

Комментариев нет:

Отправить комментарий