Ծագումով շվեյցարացի ֆրանսիաբնակ ճարտարապետ, մոդեռնիզմի
առաջամարտիկ, ինտերնացիոնալ ոճի ճարտարապետության ներկայացուցիչ, դիզայներ և նկարիչ
Լե Կորբյուզիեն /Շարլ Էդուարդ Ժաններե Գրի/ ծնվել է 1887թ. Շվեյցարիայի Լա Շո-դե-Ֆոն
քաղաքում, փորագրիչի ընտանիքում: 20-րդ դարի ճարտարապետությունն անհնար է ներկայացնել
առանց Կորբյուզիեի և նրա ստեղծագործությունների: Նա նույն հարթության վրա կանգնած է
այնպիսի ճարտարապետների կողքին, ինչպիսիք են Ֆրենկ Լլոյդ Ռայտը, Վալտեր Գրոպիուսը,
Միս վան դեր Ռոեն:
13 տարեկանում Կորբյուզիեն ընդունվում է քաղաքի արվեստների դպրոց, որտեղ կիրառական արվեստ
է սովորում Շարլ Լեպլատենիեի արվեստանոցում, որն էլ ծանոթացնում է տղային արվեստի աշխարհի
հետ` ստիպելով նրան անընդմեջ էսքիզներ անել: Էդուարդի առաջին խոշոր աշխատանքը դառնում
է փորագրիչ Լուի Ֆալլեի համար կառուցած տունը, որի բերած հասույթով էլ նա անում է իր
առաջին ճամփորդությունը: Երիտասարդ արվեստագետն ընդունում էր ոչ միայն ներկայի, այլև
անցյալի արվեստը: Մեկ տարվա ընթացքում Կորբյուզիեն լինում է Բալկաններում, Փոքր Ասիայում,
Հունաստանում և Հռոմում: Նա աշխատում է Օգյուստ Պերեի Փարիզի արվեստանոցում, Բեռլինում
կարճ ժամանակ աշխատում է Պիտեր Բերենսի հետ, ինչպես նաև Օտտո Վագների աշակերտ Յոզեֆ
Հոֆմանի հետ:
Կորբյուզիեն ոչ միայն ճարտարապետ էր, այլև նկարիչ և դիզայներ:
Նման բազմակողմանի զարգացած արվեստագետներ 20-րդ դարը քիչ ուներ: Նրա տաղանդը հիշեցնում
է Լեոնարդո դա վինչիի ունիվերսալությունը: Արվեստի բոլոր ճյուղերում էլ Կորբյուզիեն
զարգացնում է իր տարածական կոնցեպցիաները: Ճարտարապետությունը և գեղանկարչությունը
միայն տարբեր գործիքներ են, որոնց միջոցով նա արտահայտում է միևնույն գաղափարը:
Կորբյուզիեի գեղանկարչական աշխատանքներից |
Կորբյուզիեի կառուցած տները նման են
գեղանկարչական ստեղծագործությունների: Նա իր նկարներում պատկերում է հասարակ կենցաղային
առարկաներ` շշեր, բաժակներ և այլն: Սա արվում է նրա համար, որպեսզի առարկաները, ավելի
ճիշտ, նկարի բովանդակությունը չշեղի դիտողի ուշադրությունը, և առաջին տեղում լինի միայն
նկարչությունը, կատարողականությունը: Կորբյուզիեի ստեղծագործության շատ ուսումնասիրողներ
պնդում են, որ իր նկարները նման են կառուցած շենքերին: ֆորմաները տարբեր բարձրության
վրա են, տարբեր հարթությունների վրա: Հենց սա էլ նրա նոր տարածական կոնցեպցիայի արտահայտությունն
էր: Նկարի ֆորմաները <<մտնում են>>
մեկը մյուսի մեջ, ինչպես քաղաքում փոքր տարածության վրա իրար մոտ հեռավորության վրա
կառուցված շենքերը:
Ճարտարապետության մեջ Կորբյուզիեն իր գաղափարներն արտահայտում
էր երկաթբետոնի միջոցով: Ամենակարևորն այն է, որ այս ճարտարապետի ստեղծած նոր ոճը և՛
նորարար էր, և՛ ֆուկնիոնալ, և՛ հարմարավետ ու ժամանակակից: 1915թ. ներկայացրած իր գծանկարում
Կորբյուզիեն նկարել է ընդամենը վեց երկաթբետոն և երեք ուղղահայաց քարեր: Սա խոսում
է այն մասին, որ նա կարողանում էր մինիմալ արտահայտչամիջոցներով հասնել մեծ արտահայտչականության:
Կորբյուզիեն ստեղծում էր այնպիսի շինություններ, որոնց ներքին պատերը հնարավոր էր տեղաշարժել:
Այսպիսի նախագծումը գալիս էր դեռևս Ֆրենկ Լլոյդ Ռայտից: Նմանատիպ առաջին կառույցներից
է 1916թ. շվեյցարական Յուրեի շենքը:
Կորբյուզիեն ձևավորել և կիրառել է ճարտարապետության և կոնստրուկցիայի
հինգ հիմնական սկզբունքներ`
1. կրող սյուն, որն ազատ կանգնած է բնակարանի բաց տարածության
մեջ
2. կարկասի և պատի ֆունկցիոնալ անկախություն շինության մյուս
պատերից. յուրաքանչյուր հարկ անկախ է մյուս հարկից
3. ազատ նախագծում. շարժական պատեր, որոնց ֆունկցիան բնակարանի ինտերիերը փոխելն
է
4. ազատ ֆասադ, որը կարկասային
կառուցվածքի հիմնական մասն է
5. տանիքի վրա այգի, որը ստեղծում
է շինության վրա այլ շինություն
Լե Կորբյուզիեն ծավալել է նաև տեսական գործունեություն: Մի շարք
ամսագրերում նա տպագրել է տարբեր բնույթի հոդվածներ: Իր աշխատություններում միշտ ընդգծել
է ճարտարապետի և ինժեների կապի անհրաժեշտությունը, համեմատականներ է տարել Պարթենոնի
գեղեցկության և 20-րդ դարի տեխնիկաների գեղագիտության միջև: Կորբյուզիեն ուշադրություն
է դարձրել շենքերի սեյսմոգրաֆիկ հատկանիշներին: Նա հանում է շինության ավելորդ ծանրությունը,
ազատում կառույցը փակվածությունից, տալիս է դրան <<շնչելու հնարավորություն>>:
Իր հինգ սկզբունքները Կորբյուզիեն արտահայտում և իրագործում
է Վիլլա Սավոյում /1928-1930թթ./, որը գտնվում
էր Պուասիում: Ճարտարապետը փորձել է կապ ստեղծել ինտերիերի և էքստերիերի միջև: Տարածքը,
որտեղ գտնվում էր վիլլան, ամբողջովին իզոլացված էր: Շինությունը կառուցված էր այնպես,
որ երբ արևը դուրս էր գալիս, անմիջապես ներքին տարածությունը լուսավորվում էր: Շինության
միջնապատերը ապակուց են:
Վիլլա Սավոյ |
Կորբյուզիեն կառուցել է մի շարք վիլլաներ`Ֆալլեն, Ժաններե-Պեռռեն
և Շվոբը Շվեյցարիայի Լա Շո-դե-Ֆոն քաղաքում, Լա Ռոշը, Սավոյը և Շտեյնը Ֆրանսիայում:
Կառուցել է անթիվ տներ` Ամեդե Օզանֆանի բնակարանը, Կուկի բնակարանը, Ժաուլը և Պորտ-Մոլիտորը Ֆրանսիայում, այստեղ կառուցել է նաև
Ֆռուժե թաղամասը: Գերմանիայի Շտուտգարդտ քաղաքում նախագծել է Վեյսսենգոֆ թաղամասը,
Ժնևում` Կլարտե բազմասենյականոց բնակարանը, Արգենտինայում` Կուրուչետի բնակարանը:
Լա Ռոշ տան կառուցումից սկսած /1923-1924/ Կորբյուզիեն տան
մեջ պանդոսներ է մտցրել: Դրանք աստիճաններից բացի հարկից հարկ տեղափոխելու ֆունկցիան
են կատարում: Պանդոսներ հետագայում Կորբյուզիեն կիրառում է նաև Չանդիգարխում և Հարվարդի
համալսարանի գեղարվեստի ուսումնասիրման կենտրոնում:
Ժնևի Ազգերի լիգայի շենքի նախագիծը |
1927թ. Կորբյուզիեն մասնակցում է Ժնևի Ազգերի լիգայի պալատի
շինարարության համար նախատեսված մրցույթին: Ներկայացված բոլոր 337 նախագծերը դեմ էին
ակադեմիական կանոններին: Կորբյուզիեն նախագիծը կազմել էր ծարտարապետ Պիեռ Ժանների հետ:
Շենքը ունենալու էր երեք հատված` քարտուղարություն, ժողովատեղի և ամենամյա Ասամբլեայի
հավաքի դահլիճ: Քարտուղարության շենքին զուգահեռ համահեղինակները ն ախագծել էին արհեստական
լիճ: Ասամբլեայի դահլիճը պետք է տեղավորեր 2600 մարդ և նախատեսված էր այնպես, որ նրանցից
յուրաքանչյուրի համար ցանկացած կետից ամեն ինչ լիներ տեսանելի և լսելի: Գուստավ Լիոնի
խորհրդով առաստաղին տվել էին պարաբոլիկ կորություն: Նույնպիսի առաստաղ 1870-80-ականներին
Դավիուդը կառուցելու է 5000 հոգանոց թատրոնի, Ադլերը և Սալիվիենը` <<Աուդիտորիում>>
թատրոնի համար:
Ազգերի լիգայի պալատի համար հայտարարված մրցույթի վերջում
հակասություններ են սկսվում ժյուրիի անդամների միջև: Հոլանդիան ներկայացնում էր Բեռլագեն,
Ավստրիան` Հոֆմանը, Բելգիան` Վ. Օռտան, Շվեյցարիան` Մ. Կառլը, սակայն հաղթում է ընդամենը
4 նախագիծ, որոնք պետք է սինթեզվեին, և արդյունքում ստեղծվելու էր ավանդական մոնումենտալ
ոճի կառույց: Մինչդեռ ներկայացված բոլոր նախագծերը ներկայացնում էին ժամանակի ճարտարապետական
ամենատարբեր ուղղությունները: Կորբյուզիեի և Ժանների նախագիծը մնում էթղթի վրա, սակայն
դրա որոշ տարրեր հետագայում կիրառվելու են Մոսկվայի Կենտկոմի շենքի շինարարության ժամանակ
/1828-1934թթ./: Սրան գրեթե զուգահեռ Կորբյուզիեն աշխատում է նաև շվեյցարացի ուսանողների
հանրակացարանի շենքի վրա, որը ամբողջովին հենված է երկաթբետոնե սյուների վրա:
1938-1952թթ. Կորբյուզիեն կառուցում է սոցիալ-գեղարվեստական
նշանակության շինություններ: Դրանցից են Սեն-Դյե հասարակական կենտրոնը /1945թ./, Մարսելի
բնակելի համալիրը /1947-1952թթ./ և Չանդիգարխի Կապիտոլիումը /1952թ./: Սեն-Դյեի հրապարակը
կառուցված էր անտիկ ֆորումի օրինակով: Սա առաջին դեպքն էր ժամանակակից ճարտարապետության
մեջ:
Մարսելի բնակելի համալիրի ընդհանուր տեսքը |
Մարսելի բնակելի համալիրի էքստերիերն ուներ եռաչափ արտահայտչականություն:
Մարսելցիներն այն անվանում են <<Լե Կորբյուզիեի տուն>>: Համալիրը կառուցված
էր 1600 մարդու համար: 17-հարկանի շենքն ուներ
337 տարբեր տիպի բնակարաններ` 1 սենյականոցից մինչև 8 երեխա ունեցող ընտանիքների համար
նախատեսված: Նորարար համալիրի կենտրոնում տեղակայված էր առևտրի կենտրոնը, դրա շուրջը`
խանութներ, քիմմաքրման կետ, վարսավիրանոցներ, փոստ, ռեստորաններ և ոչ մեծ հյուրանոց:
Եթե Ռոբերտ Մայերի ձեռքում երկաթբետոնը դառնում է նուրբ,
անօրգանական զանգված, ապա Կորբյուզիեի մոտ այն մոնոլիտ քարի վերածվում` կոպիտ և ամբողջական:
Կորբյուզիեն, որպես նորարար, ներկում է այս շինության պատշգամբի կողային մասերը և կողային
պատերը կարմիր, կանաչ և դեղին գույներով: Ֆասադը րի ներկում: Սա համարձակ փորձ էր այս
ժամանակների համար: Ֆրանսիական կառավարությունը թերահավատորեն է մոտենում այս շինությանը
և շտապ հանձնում վարձակալության, սակայն Մարսելի բնակելի համալիրը իր նկատելի ազդեցությունն
է թողնում ճարտարապետության հետագա զարգացման վրա:
Ասամբլեայի շենքը Չանդիգարխում |
Երբ 1947թ. Փենջաբը բաժանվում է Հնդկաստանի և Պակիստանի միջև,
հին մայրաքաղաք Լափորը ևս միանում է Պակիստանին: Փենջաբի 12.5 միլիոնանոց բնակչության
համար հարկավոր էր կառուցել նոր մայրաքաղաք, որի համար ընտրվում են Հիմալայների լանջերը:
Նոր մայրաքաղաքը հարևան գյուղի անունից ելնելով անվանում են Չանդիգարխ: Մայրաքաղաքի
կառուցումն հանձնարարվում է Պիեռ Ժաններին, Մաքսվել Ֆրագին և Ջեյնին, իսկ Կապիտոլիումի
շինարարությունը` Կորբյուզիեին:
Կապիտոլիումի համալիրը բաղկացած է պառլամենտի շենքից, նախարարություններից
և Արդարության պալատից: Վերջինիս շինարարությունը սկսվել է 1953թ.: Շենքն ունի 7 պալատներ: Շինության
տանիքը ծածկված է թիթեռի թևերի տեսք ունեցող նյութով: Կորբյուզիեն համալիրում տեղադրում
է արհեստական բլուրներ, լճեր, լողավազաններ: Համալիրի բոլոր շինությունները կառուցված
էին իրարից որոշակի հեռավորության վրա, և արհեստական բլուրներն ու լճերը լցնում են
բաց տարածությունները:
Կապիտոլիումի Արդարության պալատը |
1953-1964թթ. Կորբյուզիեի պատվերների թիվը կրկնապատկվում
է, սակայն նա մերժում է գրեթե բոլոր պատվերները: Նա հնարավարություն ուներ, բայց երբեք
չհիմնեց ճարտարապետական ընկերություն, որը կունենար շատ աշխատողներ, որոնցից յուրաքանչյուրը
կունենար իր դերը: Առանց նման ընկերության հսկայական պատվերներն իրականացնելն անհնար
էր: Կորբյուզիեն աշխատում էր փոքրիկ արվեստանոցում,
ուներ ընդամենը 4-5 օգնական:
Կորբյուզիեի արվեստանոցում դարաշրջանի ճարտարապետության առաջընթացն
է: 1958թ. Բրյուսելի համաշխարհային ցուցահանդեսում Կորբյուզիեն ներկայացնում է մի քանի
պարաբոլիկ կառկասով շինություններ, որոնցից հայտնի է դառնում <<Ֆիլիպս>>
ընկերության շենքը: Հետագայում Կորբյուզիեի օրինակին է հետևելու Կենձո Տանգեն` կառուցելով
Տոկիոյի Օլիմպիական մարզադաշտը:
Էսպրի Նուվո տաղավարը |
Կորբյուզիեն հայտնի է նաև տաղավարների նախագծմամբ և շինարարությամբ:
Դրանց թվին են պատկանում էսպրի Նուվոն, որը ցուցադրվել է Փարիզի համաշխարհային ցուցահանդեսում,
բրազիլական տաղավարը Փարիզում, Հեյդի վեբերը Ցյուրիխում և այլն: Մոդեռն ճարտարապետի
ստեղծագործությունների թվին են պատկանում նաև առողջապահության և կրթության նախարարության
շենքը Բրազիլիայում, որը տեղացիները կոչում են Գուշտավու Կապանեմա, Դյուվալ գործարանը
Ֆրանսիայի Սեն-Դիե քաղաքում, Ռոնշանի մենաստանը Ֆրանսիայում, Արևմտյան արվեստի ազգային
թանգարանի շենքը Տոկիոյում, Տեսանելի արվեստների Կարպենտեր կենտրոնը Բոստոնի Հարվարդյան
համալսարանում:
Վերջինս արվեստի գործերի ուսումնասիրության կենտրոն էր, որը գտնվում
էր Ֆոգ թանգարանի մոտ: Կորբյուզիեն նախագծում է շինությունը Տ-աձև պանդուսներով,
1-ին և 2-րդ հարկերում տեղադրում է արվեստանոցները, մյուս երկու հարկերում` գրադարանը,
լսարանները և այլն:
Հարվարդի համալսարանի Կարպենտեր կենտրոնը |
1947թ. Կորբյուզիեն մի շարք ճարտարապետների հետ կառուցում
է ՄԱԿ-ի շենքը Նյու Յորքում: Ճարտարապետների 10-հոգանոց խումբը ղեկավարում էր ամերիկացի
Ուոլլես Գարիսոնը: Կորբյուզիեի հետ հեշտ չէր աշխատել, սակայն նա հարգանք էր վայելում
իր ընկերների շրջանակում: Փարիզի և Նյու Յորքի իշխանությունները երբեք էլ չհամարձակվեցին
Կորբյուզիեին լուրջ սոցիալական պատվերներ տալ, մինչդեռ Հնդկաստանի նման երկիրը և Ներուի
նման պատվիրատուն առանց կասկածի հանձնարարեց նրան մի ամբողջ մայրաքաղաքի շինարարություն:
Դա Չանդիգարխն էր` ճարտարապետի գլուխգործոցը, որի կառուցման ժամանակ Կորբյուզիեն հանդես
եկավ իր ողջ տաղանդով, ճարտարապետական ունակություններով և նկարչական զգացողությամբ:
Գոհար Նավասարդյան
ԵԳՊԱ ԳՄ արվեստաբանության բաժին
4-րդ կուրս
Комментариев нет:
Отправить комментарий