Ֆրանսիսկո Գոյա |
18-19 դարի իսպանական արվեստի վերելքը, կարելի է ասել, պայմանավորված էր մի ինքնատիպ նկարչի
գործունեությամբ, ով ապրել և ստեղծագործել է 1746-1828 թվականներին: Այդ մարդը
Ֆրանսիսկո Խոսե դե Գոյա ի Լուսիենտեսն էր` առավելապես հայտնի Ֆրանսիսկո Գոյա
անվամբ: Նա համարձակորեն բողոքում էր ինկվիզիցիայի դեմ, անգամ ծաղրում այն` չվախենալով
հալածանքներից ու պատժից: Գոյայի ապրած տարիները համընկան պատերազմական
ժամանակաշրջանի և իսպանական երկու հեղափոխությունների հետ:
Նկարիչը ծնվել է Սարագոսայում` ոսկերչի ընտանիքում: 1760 թ-ից սովորել է ծննդավայրում,
1769 թ. մեկնել է Իտալիա. ուսումնասիրել է իտալացի նշանավոր արվեստագետների ստեղծագործությունները: Գոյան բավական ուշ է սկսել նկարել: Նա 1776-80, 1786-91թթ. Մադրիդի պաստառների թագավորական մանուֆակտուրայի համար ստեղծել է 60-ից ավելի պաննո: Մեծ վարպետությամբ է պատկերել թափառաշրջիկներին, մուրացիկներին, գյուղացիներին, պալատական պահակներին, նաև բնությունը: Խռովահույզ բնավորությամբ Գոյան երիտասարդ տարիներին
տարբեր քաղաքներում մասնակցում էր քանդակագործության և գեղանկարչության մրցույթների, սակայն,
չկարողանալով ենթարկվել մրցության պահանջներին և չունենալով ոչ մի հաջողություն, նա
կրկին վերադառնում է Սարագոսա, որտեղ նրա տաղանդը բացահայտվում և գնահատվում է
եկեղեցականների կողմից, ովքեր էլ նրան պատվիրում են նկարել կրոնական և դիցաբանական
սյուժեներով աշխատանքներ: Վաղ շրջանի այս աշխատանքներում զգացվում է Վելասկեզին
հատուկ հանգիստ երանգավորում, նուրբ և թափանցիկ օդային շերտեր, որոնց կատարման
տեխնիկան Գոյան շատ լավ յուրացրել էր իր հայրենակցից` 17-րդ դարի հանճարեղ նկարիչ
Դիեգո Վելասկեզից: Այդպիսի աշխատանքներից են`
“Զոհաբերություն Պանին”, “Զոհաբերություն Վեստային”, “Վեներա և Ադոնիս”,
“Խաչելություն”, “Պիետտա” և այլն:
Իզաբել դե Պորսելի դիմանկարը |
Այս աշխատանքները նրան մեծ հռչակ են բերում, արդյունքում
Գոյան ծանոթանում է ժամանակի նշանավոր նկարիչ Ֆրանցիսկո Բայի հետ, և սիրահարվելով
նրա քրոջը` Խոսեֆային, ամուսնանում է: Կորցնելով իր 5 երեխաներից 4-ին, Գոյան ծանր
ողբերգություն է ապրում, ինչը արտահայտվում է նրա արվեստում ևս: Ի հայտ են գալիս երևակայական, հաճախ նաև սարսափելի
կերպարներ ու տեսարաններ, ինչին էլ ավելի են նպաստում ժամանակի ծանր ու անարդար
իրադարձությունները: Այնուամենայնիվ, տաղանդավոր նկարիչը 1789թ. դառնում է Կառլ
4-րդ-ի պալատական առաջին նկարիչը: Նրա առաջին պատվերները` “Գարուն”, ”Ձմեռ”,
“Աշուն” աշխատանքներն էին` պատվիրված Մարիա Լուիզա թագուհու կողմից: 1780–1800-ական թվականների սկզբին նկարիչը բացառիկ հաջողության է հասել դիմանկարչության մեջ: Լավագույն գործերից են՝ “Սենյոր Բարմուդես”, “Լա Տիրանա” /1799 թ./, “Ի Կովոս դե Պորսել” /մոտ 1806 թ./ և այլն: Աշխատելով պալատական արքունիքում` նա ստեղծում է Կառլոս 4-րդ-ի,
նրա ընտանիքի անդամների դիմապատկերները ևս: Հատկապես նշանավոր է Կառլոս 4-րդ-ի ընտանիքի խմաբակային
դիմանկարը` արված 1800 թվականին: Այս նկարում թեպետ պատկերված են արտաքնապես ճոխ
հագնված, բարձր խավին պատկանող անձիք, սակայն Գոյան բացահայտում է նրանց ներքին
իմաստազրկությունը` այլանդակ, գրոտեսկային միմիկաներով և ժեստերով: Չարասիրտ ու
լարված նրանց դեմքերը ուղղված են կտավից դեպի դիտորդը: Բայց այս աշխատանքի մի
անկյունում ստվերի մեջ կանգնած է մեկը` խելացի և հանգիստ հայացքով, դա հենց ինքն
է` Գոյան` ժամանակի մեծ ու իմաստուն, բայց դժբախտ նկարիչը:
"Կառլոս 4-րդի ընտանիքի խմբակային դիմանկարը" |
Ի հակադրություն պալատական կերպարների` անսահման սիրով և
ջերմությամբ են համակված Գոյայի մտերիմների և հարազատների դիմանկարները: Ահա մեկը`
“Իզաբելլա Կոբոս դե Պորսելը”` հմայիչ վարվռուն աչքերով,բարի մի կնոջ կերպար:
Ինկվիզիցիայի կողմից իր բազմաթիվ ընկերների մահը և
հալածանքները խորը ազդեցություն թողեցին Գոյայի վրա: Ֆրանսիսկոյին, ով նույնպես
ֆեոդալական հետադիմության դեմ մղվող պայքարի մասնակից էր, նույնիսկ չխանգարեց իր հիվանդությունը:
Գոյան կորցրել էր լսելու ունակությունը.... Եվ ինչքան դժվար էր ստեղծագործող մարդու համար տեսնել ժամանակի իրադարձությունները, բայց ոչինչ չլսել....Գոյան պատկերում էր աղմուկը առանց դա լսելու....
"Կապրիչոս" շարքից
Նա ամենահամարձակ ու վառ կերպով հանդգնում էր ինկվիզիցիայի և կառավարության դեմ: Դրա
վառ արտահայտությունն է 1799թ. ստեղծված “Կապրիչոս” /իսպան.` կապրիզներ, ֆանտազիաներ/
80 թերթից բաղկացած օֆօորտների շարքը: Սրանք կարծես իրականության և երևակայության
միաձուլում լինեն: Գրոտեսկային, սարսափազդու կերպարների միջոցով Գոյան ծաղրում ու
քննադատում էր կառավարիչներին, մերկացնում նրանց իրական դեմքը: Սրանցում ավանակներ են` մարդկանց ուսերին
նստած, հրեշներ ու սատանաներ, վհուկներ, դժոխային տեսարաններ, դեֆորմացված և
այլանդակ հարուստների կերպարներ, որոնց մեջ հանդիպում ենք նաև թագավորի ու
թագուհու դեմքերին:
"Կապրիչոս" շարքից
Պատմական հավաստիությամբ և անձնական վերապրումներով են ներթափանցված “1808 թ-ի մայիսի 2-ի ապստամբությունը Մադրիդում”, “Ապստամբների գնդակահարումը 1808-ի մայիսի 3-ի գիշերը” /երկուսն էլ՝ մոտ 1814 թ./ նկարները:
1810-ականներին
ստեղծվեց “Պատերազմի արհավիրքները” օֆորտների շարքը, որտեղ հանդիպող տեսարաններին,
ականատես էր եղել հենց ինքը` նկարիչը: Պատերազմը, որ Գոյայի համար ամեն տեսակ
մարդասիրական դրսևորման և բանականության կործանումն էր, ներկայացվում է իր ողջ
ողբերգական բնույթով: Մենք տեսնում ենք ավիրված տներ, մարդկային դիակների խմբեր, քաղցած,
վտիտ եւ թափառական երեխաներ: Բայց, այնուամենայնիվ, Գոյան մարդու մեջ տեսնում էր
պայքարող և դիմակայող էակին: Դրա վառ
ապացույցն է Մարիա Ագուստինայի կերպարը,
ով կանգնած հրանոթների կողքին, փոխարինում է իր մեռած ընկերներին:
“1808 թ-ի մայիսի 2-ի ապստամբությունը Մադրիդում” |
Իր
գեղանկարչական աշխատանքներում Գոյան փառաբանում ու գովերգում էր ազատ մարդուն: Դրա
կատարյալ դրսևորումն է “Գնդակահարություն” կտավը /1814թ./: Զինվորները,
ապստամբների վրա են ուղղել իրենց զենքերը, բայց կենտրոնում կանգնած սպիտակ շապիկով
ապստամբը վեր է պարզել ձեռքերը, և մարմնով առաջ է գնում` կարծես մարտի հրավեր նետելով
թե’դահիճներին, թե’ կյանքին, քանի որ ապստամբելւ նույնն էր, ինչ մեռնելը:
1810–20
թթ-ին Գոյան միայնակ է ապրել “Խուլի տուն” կոչվող քաղաքամերձ իր առանձնատանը, որի պատերին ստեղծել է “Սատուրն” և “Հուդիթ” /1820–23 թթ./ որմնանկարները: Գրոտեսկային կերպարներով է կառուցված նրա "Դիսպարատես" /1820–23 թթ./ օֆորտների շարքը, իսկ “Տավրոմախիա” /1815 թ./ շարքին բնորոշ են աշխույժ շարժումը, ռիթմը: Գոյայի վերջին շրջանի գործերում կրկին ի հայտ են եկել վառ ու արտահայտիչ գույները /”Ջրկիրը”, 1810 թ., և այլն/: Նկարչի ինչպես ինքնանկարներում, այնպես էլ “Կաթնավաճառուհին Բորդոյից” /1827–28 թթ./ և այլ դիմանկարներում խորապես արտացոլված են կերպարների խոհականությունն ու իմաստնությունը:
Դերասանուհի Անտինիա Սարատեի դիմանկարը |
“Մերկ Մախա” |
Նյութը
պատրաստեց Անետ Ռիդլը
Комментариев нет:
Отправить комментарий