суббота, 17 января 2015 г.

Վասիլի Վերեշագին. Պատերազմի աստվածացում



<<Նվիրվում է բոլոր մեծ մարտիկներին` անցյալի, ներկայի և ապագայի….>>:

Վերլուծության օբյեկտն այս անգամ ռուս նկարիչ Վասիլի Վերեշագինի «Պատերազմի աստվածացում» կտավն է: Սկզբից այն կոչվել է «Լենկ-Թեմուրի հաղթանակը»: Նկարի գաղափարը կապված է եղել Լենկ-Թեմուրի անվան հետ, ով պատերազմից հետո թողել է մարդկային գլուխների յոթ հսկայական բուրգեր: Սակայն, չնայած այս հանգամանքի, նկարը չի դասվում պատմական ժանրի ստեղծագործությունների շարքին: Մեկ այլ վարկածի համաձայն` Վերեշագինն այս նկարը ստեղծել է թուրքմենական զորքերի ղեկավար Կաուֆմանի մոտ ծառայելուց հետո, երբ բռնակալը ստիպել է մարդկանց գլուխները տեղադրել գանգերից գոյացած բուրգերի վերևում: Նկարչին այս իրադարձությունները ստիպում են տանջվել, լցվել մարդասիրական գաղափարներով: Վերեշագինը սկսում է ցավալ ոչ թե առանձին մարդկային ողբերգությունների, այլ մարդկային զանգվածային ոչնչացման` պատերազմների արգասիքի համար:
Վասիլի Վերեշագին. Պատերազմի աստվածացում
«Պատերազմի աստվածացում» կտավում Վերեշագինը պատկերել է կործանիչ պատերազմ, ավելի ճիշտ, ցանկացած պատերազմի էություն: Սա, ըստ իս, նկարիչ-փիլիսոփայի ստեղծագործություն է, որն առավել ամբողջական է դառնում կտավի ենթավերնագրով` նվիրվում է բոլոր մեծ մարտիկներին` անցյալի, ներկայի և ապագայի….
 Այս կտավը Վերեշագինի բողոքն է ընդդեմ պատերազմների, բռնության և սպանության: Այն հարկ է վերլուծել ոչ թե ստացված գույների, կոմպոզիցիայի կամ տարրերի դասավորվածության, այլ զուտ սիմվոլիզմի տեսանկյունից: Ավերված քաղաքի և չորացած ծառերի ֆոնին պատկերված է բուրգ, որը կազմվել է մարդկային գանգերից: Արևելքի նվաճողների արշավանքներին ծանոթ լինելով` Վերեշագինը գիտեր, որ նրանք հաճախ իրենց զոհերի գլուխներից բուրգեր են կառուցում, սակայն նկարիչն այդքան <<դաժան չգտնվեց>> իր արվեստը գնահատողների հանդեպ: Նա պատկերեց մարդկան ոչ թե գլուխներ, այլ գանգեր: Մի պահ պատկերացրեք, թե ինչ կլիներ, եթե նկարում իրար վրա դարսված լինեին արյունոտ գլուխներ: Միանշանակ, գանգերի դատարկ ակնախոռոչները ևս սարսափ են տարածում, սակայն գլուխների դեպքում ամեն ինչ այլ կլիներ:

Շատ գիտնականներ փորձել են ապացուցել` արդյո՞ք համապատասխնում է այս բուրգը իրական երկրաչափափական համաչափություններին, արդյո՞ք բուրգի բոլոր կողմերն իրար հավասար են և անգամ, թե քանի գանգից է կազմված բուրգը:  Դրանց թիվը տարածվում է 54-ից 987-ի սահմանում: Սրանք, իմ կարծիքով, անհեթեթ ուսումնասիրություններ են, և դժվար թե Վերեշագինը փորձեր ճշգրտությամբ պատկերել մարդկային գանգերից գոյացած բուրգը կամ հաշվել գանգերը` դրանք օգտագործելով որպես սիմվոլներ: Իրականում սիմվոլիկան այս նկարի մեջ ոչ թե բուրգի կողմերի և անկյունների հավասարության կամ գանգերի քանակի, այլ ընդհանրապես նույնիսկ մեկ գանգի գաղափարի, նկարի կոլորիտի ու բաղկացուցիչ տարրերի մեջ է: Նկարի բոլոր դետալները, ագռավները, չորացած ծառերը, այդ թվում` կտավի դեղին կոլորիտը, մահ և դատարկություն են խորհրդանշում: Նկարն ինքնին ասես դատարկության սիմվոլ լինի` մահվան հոտով լցված:
Եթե նույնիսկ կտավն ունի որոշակի նկարչական, տեխնիկական անճշտություններ, այնուամենայնիվ, այն յուրօրինակ է իր ձևի մեջ: Նրա ցանկացած «չստացված» հատված կոմպենսացվում է իր իսկ գաղափարով, որն է ցույց տալ մահը` միևնույն ժամանակ բողոքելով դրա դեմ: Ցանկացած պատերազմ իրենից սա է ներկայացնում` թե' ուղիղ, թե' փոխաբերական իմաստով: Կարևորը պատերազմի էությունն է, որն անկախ ամեն ինչից կյանքեր է խլում:
Նյութը պատրաստեց Արև Ալեքսանյանը

Комментариев нет:

Отправить комментарий