воскресенье, 27 января 2013 г.

Օդիլոն Ռեդոն



      Օդիլոն Ռեդոնը ֆրանսիացի նկարիչ  է, գրաֆիկ, դեկորատոր, սիմվոլիզմի հիմնադիրներից մեկը, եղել է «Անկախ նկարիչների միության» հիմնադիրներից: Նրա ստեղծագործության  փուլերը՝  «Սեւ» եւ «Գունավոր», աչքի են ընկնում  իռեալիզմի եւ սիմվոլիզմի  բացահայտ դրսեւորումներով: Չնայած նրան, որ  Ռեդոնի  ստեղծագործելու  ժամանակահատվածը համընկել է  իմպրեսիոնիզմի  ծաղկման  հետ, այդուհանդերձ  նրա  աշխատանքները  ձեւով եւ բովանդակությամբ  արտահայտում են  սյուրռեալիստական  տենդենցներ, իսկ  վերջինս, որպես  ուղղություն, այդ ժամանակ դեռեւս  ձեւավորված  չի եղել: Շատ նկարիչներ  Ռեդոնին համարում են իռեալիզմի  նախահայրը, ով  անդրադարձել  է  մարդկային հոգեբանությանը:

   Ռեդոնը ծնվել է 1840թ.: Ապագա նկարչի մանկությունը անց է կացել Պեյեռբալդում /Բորդոյից  մի քանի մղոն հարավ-արեւմուտք/: Այստեղ նա 11 տարի մնացել է ստնտուի մոտ: Տղան տառապում էր  ընկնավորության  նոպայով:  Ենթադրվում է, որ ծնողները նրան միտումնավոր թաքցրել են մարդկանց աչքից:
  1851թ. Օդիլոնը վերադառնում է ընտանիք եւ ընդունվում  դպրոց: 1857թ.  նա փորձում է ընդունվել փարիզյան Նրբագեղ արվեստների դպրոց, սակայն ձախողում է  առաջին քննությունը:
  1855թ. սովորում է Բորդոյում, տեղի նկարիչ-վերանորոգող  Ստանիսլավ Գոռենի մոտ, որը նրան սովորեցնում է ջրաներկի տեխնիկան: 3 տարի անց սիրողական նկարիչների ցուցահանդեսում նա ցուցադրում է 2 նկարներ: 1863թ. եղբայրը  նրան ծանոթացնում է  գրաֆիկ  Ռուդոլֆ Բռեդենի հետ /պռոտոսիմվոլիստ/, ով խորը ազդեցություն է թողնում  Ռեդոնի՝ գրաֆիկ դառնալու  որոշման վրա:
«Օֆելիա»

  1864թ. սովորում է Փարիզի  Նրբագեղ արվեստների դպրոցում՝ Ժան Լեոն Ժեռոմի մոտ: Լիթոգրաֆիա  սովորել է Անրի Ֆանտեն-Լատուրի  մոտ:
  1865-1870թթ. Ռեդոնը աշխատել է հիմնականում  ածուխով, իր սեւ-սպիտակ  մակերեսները  նկարիչը  կոչում էր  «սեւ»  կամ  «մթություն»:
  Լինելով հիվանդագին կասկածամիտ մարդ՝   Ռեդոնը  երկար ժամանակ չի կարողացել  գտնել իր տեղը  արվեստում, չի հավատացել, որ կարող է  ստեղծել  ինչ-որ  արժեք: Օրինակ՝  1868թ., երբ նրա  «Ռոլանդ Ռոնսեվալիայի մnտ»  նկարը   ընդունվում է փարիզյան սրահի հանձնաժողովի  կողմից, հեղինակը, վերջին րոպեին, վախենալով քննադատությունից, վերցնում է իր աշխատանքը:
  1874թ. մարտին մահանում է նկարչի հայրը, ինչը  մեծ ցնցում էր նկարչի համար, չնայած որ երբեք չի ձերբազատվում հոր նկատմամբ վրդովմունքից՝ իր մանկության  տարիների  «անտուն» կարգավիճակի համար:  Հոր մահից հետո նա  մեկում է Փարիզ եւ նվիրվում արվեստին:
  1879թ. Ռեդոնը  վերջապես որոշում է թողարկել իր գծանկարների ալբոմը:  Այս ալբոմը կոչվում էր «Երազների աշխարհում», որին հաջորդում են ուրիշները՝ «Էդգար Պո» /1882/, «Աղբյուրներ» /1883/, «Ի պատիվ Գոյայի» /1885/, «Սբ. Անտոնիոսի գայթակղությունը» /1888,  1889, 1896/, «Գուսթավ Ֆլոբեր» /1889/, «Չարի ծաղիկներ» /1890/,  «Ապոկալիպսիս» /1899/: 
«Ապոկալիպսիս» շարքից

   1881թ. Ռեդոնը առաջին անգամ  ցուցադրում է  «Վի մոդեռն»-ի տարածքում իր «սեւ» նկարը: 1886թ. մասնակցել է իմպրեսիոնիստների 8-րդ եւ վերջին ցուցադրությունը:  Այդ ցիկլի ամբողջ  աշխատանքները  լի էին  տարօրինակ  արարածներով:
  1880թ. նկարիչը  ամուսնանում է  Կամիլ  Ֆոլտի  հետ: Նրանց  առաջին երեխայի մահը  ճնշում է  Ռեդոնին. նա  երկար ժամանակ չի կարողանում աշխատել:  Դեպրեսիան տեւում է  մինչեւ  1889թ.՝  երկրորդ երեխայի ծնունդը:
  1890թ. Ռեդոնի  ստեղծագործական  դաշտում եղավ  բեկումնալի, հենց այս ժամանակահատվածից սկսած  նա  դիմում է յուղաներկի, պաստելի  օգտագործմանը,  ծաղիկներով  էքսպերիմենտների կիրառմանը: Այս փուլի  ստեղծագործություններին  բնորոշ են բազմագույն երանգներ, թիթեռների,  ծաղիկների  մոտիվներ, կանացի պատկերներ՝ վառ բնանկարի ֆոնին:
  Ցուցադրվել է 1906թ.-ին Աշնանային սալոնում, 1913թ.՝ Նյու-Յորքի միջազգային ցուցահանդեսին:

  «Սեւ» շրջան
 Ռեդոնի   այս շրջանի ստեղծագործությունները արդյունքն են նկարչին  մանկության  տարիներից  անհանգստացնող  դեպրեսիաների, որոնք  պատճառն էին  նկարչի ենթագիտակցական վախերի եւ սարսափների:  Ինչպես  նկարիչն է նշել. « «Սեւը» ծնվել է հոգու խորքի  գաղտնիքներից»:
  Առանձնահատուկ է  նրա  «Սեւ ագռավ»  գծանկարը , որտեղ ագռավը  դիտվում է որպես մահվան դեսպան: Նրան բնորոշ է նաեւ  ահավոր մազակալած մարդկային դեմքերի պատկերումը:  Սիրել է օգտագործել  հսկայական  աչքի  մոտիվը, ինչը  իր  արվեստում  խորհրդանշում է  վախի մղձավանջ:
«Սեւ ագռավ»

«Պառսիֆալ» /1891/ փորագրությունը գրաֆիկական արձագանք  էր  օպերային  երաժիշտ  Ռիխարդ Վագներին, ով   80-ականներին ցնցեց Փարիզը:  Ուղիղ  գծերը եւ փափուկ օդային  ֆորմաները  կարծես մատնանշում են, ընդգծում Վագների երաժշտության գեղեցկությունը:    
«Ժպտացող սարդ»
  «Սեւ» շարքի  կոմպոզիցիաներում  գերիշխում են  տագնապալի, սյուրռեալիստիկ  շունչը:  Այս շարքի  գործերից են «Օդային փուչիկ աչքի հետ» ,  «Ժպտացող  ցիկլոպ»,  «Լացող  սարդ»,  «Ժպտացող սարդ», «Պառսիֆալ»:
«Լացող  սարդ»


   
  «Գունավոր» շրջան
   Ռեդոնի  ստեղծագործության  երկրորդ փուլում  վերանում է  սեւ գույնը /տոնը/, տեսնում ենք բնությունը իդեալականացնելու միտում, անտիկ  /հնաոճ/ տարրերի  ներմուծում:  

«Ցիկլոպ»
 Հայտնի  են  նրա  ամպերի  գունավոր ու վերացական պատկերները, մեդուզայի, խեցեմորթների եւ այլ ծովային բնակիչների  պատկերումը:  Այս փուլում  բնորոշ է գունավոր մշուշի  օգտագործումը՝  /«Փակ աչքերով»/1890/,  «Ցիկլոպ» /1914/, «Բեատրիչե» /1855/,  «Խեցգետնիկ» /1912/, «Վեներայի ծնունդը» /1912/, «Պեգաս» /1900/, «Երաժշտություն  Պեգասի վրա» /1900//:
«Բեատրիչե»

    
  Նկարչի  պոլիխրոմ  գեղանկարչությունը  ուսումնասիրողների  պատճառաբանությունները  տարբեր են, ոմանք ասում են, որ  վարպետը այս փուլում  «խաղում է ռեալիզմի հետ», սակայն դա  չի նշանակում, որ նրա  «գունավոր» շրջանի   գործերը պակաս  ֆանտաստիկ են, քան  նախորդ շրջանի  աշխատանքները: 

«Վեներայի ծնունդը»
Ոմանք էլ կարծում են, որ  նկարիչը  ձգտում է վառ գուներով  ներկայացնել կորսված դրախտը:   Ոճային  փոփոխությունը նկարիչը բացատրում է. «Ես հասկացա, որ  աստիճանաբար  կծիկը քանդվում է: Կյանքի ժապավենը  պարունակում է  ոչ միայն տխրություն, այլեւ  ուրախությունը: Եթե նկարչի աշխատանքը, որը երգ է իր կյանքի մասին, արտահայտում է տխրության  սեւ-ապիտակ  նոտաները, ապա նրանում  պետք է հնչեն նաեւ  ուրախ  գամմաներ»:
   
  Վարդուհի Կարապետյան
 ԵԳՊԱ ԳՄ արվեստաբանության բաժին
4-րդ կուրս