четверг, 17 января 2013 г.

Էդվարդ Մունկ.Ճիչը





Էքսպրեսիոնիզմի վառ օրինակ այս կտավը ստեղծվել է չորս օրինակով և մինչև օրս էլ զարմացնում է իր յուրահատուկ ներքին ուժով ու լարումով: Այն զգացմունքային, բարդ խճճված գեղանկարչության արտահայտում է, գեղանկարչություն ոչ արտաքին ֆորմաների և գույների, այլ ներքին հորձանքների` փոխանցվող վրձնի և ներկերի միջոցով, որը հստակ և միանշանակ զգացվում է հանդիսատեսի կողմից:
Նորվեգացի նկարիչ Մունկն այս կտավում ներդրել է իր ծանր ճակատագիրն ապրելու ընթացքում կուտակած ողջ ցավը և ողջ հուսահատությունը, որն անհաղորդ չի թողնում ոչ ոքի... Նկարի առաջին տարբերակի ստեղծման ժամանակ (1893թ.) 30-ամյա Մունկի կյանքը լեցուն էր ցավի և հուզմունքի փորձով:
Նրա մանկությունն անցել է Քրիստիանիայում /այն տարիներին Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոն կրում էր այս անունը/: Երբ Էդվարդն ընդամենը հինգ տարեկան էր, մայրը մահացավ տուբերկուլյոզից: Առաջին ծանր կորստին հաջորդեց երկրորդը. 15 տարեկան հասակում այդ նույն հիվանդությունից մահացավ Էդվարդի քույր Սոֆին: Երկու ամենասիրելի անձանց կորուստը վերջնականապես խավար իջեցրեց ապագա նկարչի հոգուն` մթագնելով նրա մանկությունը: Առանց այդ էլ լինելով հիվանդոտ, թուլակազմ եւ հիվանդագին երևակայությամբ օժտված երեխա` Էդվարդն ընկավ մռայլության ու հոռետեսության գիրկը: Նա հետագա ողջ կյանքի ընթացքում այդպես էլ չկազդուրվեց ճակատագրի հասցրած հարվածներից ու վերքերից. հիվանդությունների, մահվան, թախծի, հուսալքության թեմատիկան դարձավ նրա ստեղծագործությունների հիմքը:
Հետազոտողները նշում են նաև նրա նախասիրության մասին դեպի օրագրային գրառումները,որոնցից մեկում նա գրում է. <<Ես երկու ընկերներիս հետ գնում էի ճանապարհով, հանկարծ արևը մայր մտավ և ամբողջ երկինքը դարձավ արյունոտ, ես կարծես զգացի տխրության շունչը:Ես կանգնցի, հենվեցի կամուրջին` մահացու հոգնած: Քաղաքի վրա կախվել էին արյունոտ գոլորշու քուլաները:Իմ ընկերները շարունակեցին քայլել, իսկ ես մնացի կրծքիս բաց վերքով:Բարձրաձայն, անսահման ճիչը մխրճվեց շրջապատող բնության մեջ>>:
Այսպիսին է Մունկի <<Ճիչը>>: Կտավի չորս տարբերակներից երեքը պահպանվում են թանգարաններում, եւ միայն մեկն էր, որ մինչ Sothebys աճուրդում վերջերս ռեկորդային գնով վաճառվելը պահպանվում էր նորվեգացի գործարար Պետեր Օլսենի անձնական հավաքածուում: Օլսենի հայրը բարեկամական հարաբերություններ ուներ Մունկի հետ եւ հովանավորում էր նրան: Ի դեպ, կտավի վաճառքից ստացված հասույթն ուղղվելու է Նորվեգիայում նոր թանգարանի, արվեստի կենտրոնի եւ հյուրանոցի կառուցմանը: Կտավի այս տարբերակը մյուսների համեմատ ավելի արժեքավոր է նաեւ այն պատճառով, որ Մունկը փոքրիկ բանաստեղծություն է գրել նկարի համար եւ սեփական ձեռքով պատրաստել նկարի փայտե շրջանակը: «Ճիչը» շարքի մյուս երեք կտավները մի քանի անգամ գողացվել են թանգարաններից, ապա հայտնաբերվել ու վերադարձվել: Ճանաչված արվեստաբան եւ Էդվարդ Մունկի կենսագիր Ալեքսանդր Փրուֆրոքը, փաստերը վկայակոչելով, պնդում է, թե իրականությունից հեռու չէ ժողովրդի շրջանում տարածված այն կարծիքը, որ «Ճիչը» անեծք պարունակող եւ միստիկական զորություն ունեցող կտավ է: Այս կամ այն կերպ նկարի հետ առնչված մարդկանց կյանքը ենթարկվում էր չար ուժերի ազդեցությանը`նրանք հիվանդանում էին, վիճում էին հարազատների հետ, ընկնում էին դեպրեսիայի մեջ կամ հանկարծակի մահանում: Այս ամենը ստեղծում են նկարի ոչ բարի համբավը և Օսլոյի թանգարանի այցելուները վախով էին դիտում այս կտավը: Բայց անգամ այստեղ նրանից փրկություն չկար: Մի անգամ թանգարանի աշխատակիցը պատահմամբ գցում է կտավը, որոշ ժամանակ անց նրա մոտ սկսվում են սարսափելի գլխացավեր:Ցավերը գնալով դառնում էին անտանելի և նա չդիմանալով ի վերջո ինքնասպան է լինում:Մյուս անգամ նկարը գցում է մի ուրիշ աշխատակից, մի շաբաթ անց նա սարսափելի ավտովթարի է ենթարկվում, որի ընթացքում մնում է հաշմանդամ: Մի անգամ էլ թանգարանի այցելուներից մեկը ձեռք է տալիս նկարին, մի քանի օր անց նրա տանը հրդեհ է բռնկվում , նա այրվում է:
Բայց արդյոք այս պատմությունները համապատասխանում են իրականությանը, թէ ֆանտազիայի արդյունք են, ոչ ոք չի կարող ասել: Ինչեւէ, փաստն այն է, որ փսիխոզի ծանր տեսակով տառապող Մունկը այս կտավը ստեղծել է հոգեկան խանգարման վիճակում, ինչով էլ շատերը բացատրում են նկարի յուրօրինակ էներգետիկան: Հատկանշական է, որ նացիստական Գերմանիայում Մունկի կտավների ցուցադրությունն առհասարակ արգելված էր, ընդ որում` անձամբ Ադոլֆ Հիտլերի կողմից: Կտավների զգալի մասը ոչնչացումից փրկել էր այն նույն Օլսենը, ում որդին «Ճիչը» վաճառքի դրեց նյույորքյան աճուրդում:
Շատ հետաքրքիր պատմություններ կան նաև կապված Մունկի կյանքի հետ: Մունկը առաջին հայացքից անմիջապես ուշադրություն էր գրավում կանանց շրջանում, սակայն ինքն էր խուսափում լուրջ, կայուն ու երկարատև հարաբերություններ հաստատելուց և ընտանիք կազմելուց` մտավախություն ունենալով, թե իր զավակներին կփոխանցի ժառանգական տուբերկուլյոզը և հոգեկան անհավասարակշռությունը: Նրա կյանքում տեղ գտած միակ հիշարժան սիրավեպի հերոսուհին նորվեգացի մի առևտրականի դուստր Տուլա Լարսենն էր, ում հետ նկարիչը ծանոթացել էր 1898-ին: Չորս տարի տևած սիրավեպը դրամատիկ ավարտ ունեցավ: Տուլան սիրահարված էր նկարչին և պնդում էր, որ իրենց հարաբերություններն օրինականացվեն, սակայն Մունկը խուսափում էր ամուսնությունից:
Կյանքի վերջին տարիներին Մունկը, գտնվելով հոգեբուժարանում, ծանոթացավ տաղանդավոր հոգեբույժ Լինդեի հետ, ով նրա արվեստի մեծ երկրպագուներից էր և իրապես կարողացավ մեծ արդյունքի հասնել նկարչի հոգեկան հավասարակշռությունը վերականգնելու և կայունացնելու գործում:
1943թ-ին, երբ ապաքինված Մունկը հիվանդանոցից արդեն վերադարձել էր իր առանձնատունը, մերձակայքում զինամթերքի պահեստի մեծ պայթյուն տեղի ունեցավ, ինչի հետեւանքով դեկտեմբերյան անտանելի ցուրտը թափանցեց փշրված ապակիներով նրա բնակարանը: 80-ամյա Մունկը, ով միայնակ էր բնակվում, չէր կարող հոգալ իր կարիքները: Ցրտահարությունը վերաճեց բրոնխիտի, եւ 1944-ին նա վախճանվեց միայնության մեջ` այդպես էլ չհասցնելով տեսնել Նորվեգիայի ազատագրումը ֆաշիստական նվաճողներից:

Նյութը պատրաստեց Նաիրա Աբրահամյանը