четверг, 31 января 2013 г.

Օնորե դը Բալզակ-«Շագրենի կաշին»

Եթե դու ձեռք բերես ինձ, ձեռք կբերես ամեն ինչ: Բայց քո կյանքը ինձ կպատկանի: 
Աստծու կամքն է այդ: Ցանկացիր, և քո ցանկությունները կկատարվեն: 
Բայց քո ցանկությունները համապատասխանեցրու քո կյանքին: 
Կյանքդ այստեղ է: Յուրաքանչյուր ցանկության ժամանակ ես կպակասեմ, 
բայց կպակասեն և քո օրերը: Ուզում ես տիրանալ ինձ: 
Վերցրու: Աստված քեզ կլսի: 
Ամեն


Հիմա ձեր ցանկությունները կգոհացվեն, բայց ի հաշիվ ձեր կյանքի: Այս հաշվով նշված ձեր օրերի շրջանակը կսեղմվի` համաձայն ձեր ցանկությունների ուժի և թվի, սկսած ամենաչնչին ցանկություններից մինչև ամենասանձարձակը...

Երեկոյան խաղացողի և առավոտյան խաղացողի միջև կա այնպիսի տարբերություն, ինչպիսին կա անհոգ ամուսնու և իր գեղեցկուհու լուսամուտի տակ մարմրող սիրահարի միջև:

Օրը ցերեկով մահը նրան  գարշելի թվաց, նա որոշեց մեռնել գիշերով, որպեսզի անհայտ մի դիակ հան ձներ այն հասարակությանը, որ չէր ճանաչել իր կյանքի մեծությունը:

 Քո սերը մի ամբողջ աշխարհ արժե ինձ համար: Երբ քո միտքն ինձ պատկանի, ես կլինեմ երջանիկներից ամենաերջանիկը...

Միայն ժամանակը կարող է սանձահարել մեր խենթությունները, բայց երջանկությունը մեզ կարդարացնի...

 Մարդ իրեն ուժասպառում է բնազդաբար կատարվող երկու արարքներով, որոնք ցամաքեցնում են նրա գոյության աղբյուրները: Մահվան  այդ երկու պատճառների բոլոր ձևերը արտահայտում են երկու բայեր` ցանկանալ և կարողանալ: Ցանկանալը մեզ այրում է, իսկ կարողանալը` խորտակում....
 
 Կան անդունդներ, որոնց վրայով չի կարող անցնել սերը, որքան էլ հզոր լինեն նրա թևերը: Նա պետք է իրեն թաղի այնտեղ....

 Իմ սիրույն հարկավոր են մետաքսե սանդուղքներ, որոնցով սիրահարվածը լռությամբ բարձրանում է ձմեռային գիշերով...

 Կանայք, իրենց մտքի ինչ-որ առանձնահատկությամբ, սովորաբար տաղանդավոր մարդու մեջ տեսնում են միայն նրա թերությունները, իսկ հիմարի մեջ՝ միայն նրա արժանիքները...

 Դուք չգիտեք, թե ինչ է նշանակում ուրախանալ՝ մահ ունենալով հոգու մեջ...

 Ես երբեք ոչինչ չեմ տենչացել, ես միայն ակնկալել եմ...

Սիրել մի ջահել աղջկա կամ սիրվել նրանից, դա նույնն է, թե իսկական ամուսնական դաշինք կնքել, որի պայմանները պետք է նախապես որոշել: Մենք իրավունք ունենք թողնելու այն կնոջը, որը վաճառվում է, բայց չի կարելի լքել ջահել աղջկան, որ հանձնվում է մեզ, որովհետև նա չի հասկանում իր զոհաբերության հետևանքները…

 Ինչ-որ մեծ և ահավոր բան կա ինքնասպանության մեջ: Շատ մարդկանց համար անկումը լինում է ոչ սոսկալի, ինչպես երեխաների համար, որոնք ընկնում են այնքան փոքր բարձրությունից, որ չեն ճմլվում, բայց երբ ջարդվում է մի մեծ մարդ, ապա այդ նշանակում է, որ նա ընկել է մեծ բարձրությունից, որ նա բարձրացել է մինջև երկինք և տեսել ինչ-որ անմատչելի դրախտ: Անողորմ պետք է լինեն այն ներքին փոթորիկները, որոնք նրան ստիպում են խաղաղություն հայցելու ատրճանակի փողից: Որքա՜ն երիտասարդ տաղանդներ, ձեղնահարկի խցում ներփակված, միլիոնավոր կենդանի էակների մեջ կորած, ձուլվում ու կործանվում են ոսկուց հղփացած ու ձանձրացած մարդկանց աչքերի առջև, որովհետև չունեն մի բարեկամ, մի սփոփարար կին: Բավական է միայն այս մասին մտածել, և մենք կպատկերացնենք ինքնասպանության հսկայական չափերը:

Այո, ես ընդունում եմ, որ մարդ կարող է խաղալու գնալ, բայց միայն այն ժամանակ, երբ իր և մահվան միջև տեսնում է սոսկ իր վերջին ստակը...