воскресенье, 20 января 2013 г.

Դիեգո դե Սիլվա Վելասկես. «Վեներան հայելու դիմաց»




 1478 թվականին Իսպանիայում հաստատվում է դատական իշխանություն, որը  պետք է վերահսկեր կաթոլիկ  հավատքի մաքրությունը  երկրում: Այդ մարմինը /համակարգը/  ստացավ իսպանական  ինկվիզիցիա  անվանումը: Բարձր ինկվիզիցիան  իշխեց  Իսպանիայում  ավելի քան 300 տարի:  Այն  մեծ  իշխանություն  ուներ  մարդկանց աշխարհայացքի, նրանց  գործողությունների,  ստեղծագործությունների վրա:  Հերետիկոսությունը  կարող էր  դրսեւորվել   ցանկացած բնագավառում.  եթե  դու  չես սիրում եւ  չես ուտում խոզի  միս, ուրեմն  դու  կաթոլիկ  չես  եւ քո  տեղը  ցցի վրա  է կամ  բանտի խոնավ նկուղներում:
Վելասկես.   «Վեներան  հայելու  դիմաց»
   Իսպանական ինկվիզիցիան  ուներ  հսկայական ազդեցություն  իր ժամանակի  գրողների, բանաստեղծների, նկարիչների  ստեղծագործություններիի  վրա:  Իսկ ստեղծագործ մարդուն  արգելքները   միշտ  վրդովեցնում  են:  Այսպիսով այդ  ժամանակ  Իսպանիայում  արգելված էր  մերկ մարմնի պատկերումը:  Իսկ  դրան չենթարկվողներից  ինկվիզիցիան  կարող էր պահանջել, լավագույն դեպքում, վերանկարել նկարը, կամ  բռնագրավվել նկարը`  այրելու նպատակով, վատագույն դեպքում՝  տուգանել նկարչին՝ վռնդելով  երկրից կամ  վտարելով պալատից:
  Այդ պատճառով  17-րդ դարի  իսպանացի  նկարիչ Դիեգո դե Սիլվա  Վելասկեսի  «Վեներան  հայելու  դիմաց» նկարը  նկարչի  կենդանության օրոք հայտնի  չի եղել: 
 Իհարկե,  այն հայտնի է եղել  նեղ շրջանակներում, բայց ճանաչման արժանացել է միայն  որոշ ժամանակ անց:

  Չկա  կոնկրետ  ամսաթիվը, թե  երբ է Վելասկեսը  նկարել իր  Վեներային. մոտավոր  ժամկետով դա  1640-1650 թթ. են:  Այդ  ժամանակահատվածում նա  ճանապարհորդել  է  Հռոմում:  Հավանական է, որ հատկապես  Իտալիայում  է  նկարիչը  ստեղծել  իր  գլուխգործոցը:  Նա  եղել  է վենետիկյան վերածննդի  վարպետների  ազդեցության տակ:  Վելասկեսի  նկարի  նախատիպը  կարելի է տեսնել  իտալացի  Տիցիանի  «Վեներան հայելու  դիմաց» /1555/  եւ «Ուրբինյան  վեներա» /1538/, վենետիկցի  նկարիչ  Ջորջոնեի  «Քնած վեներա» /1510/  եւ ֆլամանդացի Ռուբենսի  «Վեներան  հայելու  դիմաց»  /1615/ նկարներում: 

Ջորջոնե  «Քնած վեներա»
 Միեւնույն ժամանակ  Վելասկեսի  վեներան  խիստ տարբերվում է իտալական մերկ կանանցից:  Նկարիչները միշտ  ձգտել են պատկերել  մերկություն /հատկապես տղամարդ  նկարիչները/.  չ՞է որ մի բան  է  նկարել  անհոգի  զգեստ, բոլորավին  այլ է՝  մարդկային մարմինը:  Եվ  նկարում  էին  հիմնականում  կանացի մարմին:  Չնայած,  մինչեւ  համեմատաբար  վերջերս  շատ երկրներում  պատկերում են  պարզապես մերկություն, որը  կապված  չէ  դիցաբանության կամ կրոնի  հետ  եւ  ընկալվում է  քննադատաբար: 
   Ի՞նչ է պատկերել  Վելասկեսը  նկարում:  Սկզբում այն պարզապես կոչվում էր  Dona  Desnuda /իսպաներեն՝  մերկ տիկին/:  Հետո արդեն այն ստացավ  «Վեներան  հայելու  դիմաց»  անվանումը:
   Նկարում պատկերված  է հավանաբար իսպանուհի:  Վելասկեսյան  վեներայի  մեկնումը  հետեւյալն է.  ի տարբերություն  ընդունված սիրո աստվածուհիների  կերպարների, այն ունի  մուգ մազեր,  նկարն ունի  անսովոր  կոմպոզիցիա. կինը  պառկած  է  բարձի  վրա մեջքով, եւ նրա  դեմքը չի երեւում:  Այն ավելի շատ  հիշեցնում է  սովորական  երկրային  կնոջ, քան  թե  աստվածուհու:  Իսկ  նկարի երանգը  նպաստում է դրան՝  սառը մոխրագույն մետաքսից  սավան /իսկ  մետաքսը  սառնություն է  հաղորդում/,  մուգ կարմիր  կտորեղենով վարագուրված   հետին  պլան:   Իսկ  կնոջ  մաշկը  լուսավոր  է, այն  ամենեւին  նման չէ  վարդագույն,  թմբլիկ  իտալական վեներաների:  Նրա  գեղեցկությունը  չի  առաջացնում  ցանկասիրության  զգացում,  այն  ավելի շուտ վանում է,  զգուշացնում…

Տիցիան  «Վեներան հայելու  դիմաց»
 Միակ բանը, որ  մատնանշում է  կնոջը, որ նա   վեներա  է, դա  հրեշտակն է /ըստ առասպելի՝  աստվածուհու  որդին/, որը  պահել է հայելին: Հրեշտակի  թեւերի գույնը  ակտիվ կերպով տարբերվում  է  նրա  մաշկի  գույնից:  Վերջինիս ուսի վրա  կախված  է  երկնագույն  մետաքսե  ժապավեն   /նույնը կարելի է տեսնել  Տիցիանի  1555թ. նկարում/,  էլի մեկը, վարդագույն, ընկած հայելու  վրա:  Որոշ  քննադատներ տեսնում են այդ  ժապավենում կապանքի սիմվոլ,   որը բնորոշ  է սիրահարներին:
   Ընդհանրապես  Վելասկեսը  հաճախ է օգտագործել  հայելու մոտիվը  իր  նկարներում,  որպեսզի  հասնի  որոշակի  ազդեցության  դիտողի վրա:  Այս  դեպքում  հայելում   արտացոլված  է  կնոջ  դեմքը՝  աղոտ  կերպով:  Դեմքը  երեւում է  ոչ  այնպիսին, ինչպիսին ակնկալում ենք տեսնել:  Այն թվում է ավելի  ծեր, քան  երիտասարդ  նազելի  մարմինը:  Ահա  այստեղ  է  անհամապատասխանությունը:  Համաձայն մի  վարկածի,  Վելասկեսը  այս ձեւով  փորձում է  ցույց տալ  ծերության ու  երիտասարդության  փոխհարաբերությունը.  միգուցե  նա  առաջ  է  քաշում կյանքի  ու  գեղեցկույթան  անցողիկ  լինելու  փաստը:
  Մեկ այլ տեսության համաձայն՝  հայելին հանդիսանում է սահմանազատիչ  իրական  աշխարհի /արտացոլանքի/  եւ  երեւակայական  աշխարհի /գեղեցկության/ միջեւ:  Ավելին,  դեմքը  հայելում արտացոլված  չէ այնպես, ինչպես պետք է լիներ իրականում:  Իհարկե  սա  նկարչի  կողմից հատուկ  կանխամտածված  քայլ է:
   Մինչեւ 19-րդ դարը   «Վեներան  հայելու  դիմաց» նկարը   գտնվել է Իսպանիայում  մասնավոր  հավաքածուներում:  Այնուհետեւ՝  1813թ.,  տեղափոխվել է  Անգլիա, այժմ գտնվում է  Լոնդոնի  ազգային պատկերասրահում:

   1914թ.  նկարի  հետ  անախորժ  դեպք է տեղի ունեցել:   Մերի  Ռիչարդսոնը  անցնելով  թանգարանով,  մսի  կտորով  7 անգամ  հարվածել  է  նկարին /վեներայի  մարմնի  նկարված  հատվածում/:  Հետագայում  հարցազրույցի ժամանակ  նա ասել է  հետեւյալը. «Ես փորձել եմ ոչնչացնել  դիցաբանական  ամենագեղեցիկ  կնոջ  պատկերը, քանի  որ  ինձ  դուր  չի  եկել,  թե  ինչպես են բոլորը  ամբողջ օրը  նայում դրան»:  Թերեւս  անբացատրելի  է  տղամարդու  ագրեսիվ եւ  բացասական վերաբերմունքը   կանացի  գեղեցիկ մարմնի հանդեպ:  Ի  դեպ, Մերի  Ռիչարդսոնը  կես տարի  անցկացրել  է բանտում: Բարեբախտաբար   Վելասկեսի  գլուխգործոցը  ամբողջությամբ  վերականգնվել է:            
   
նյութը պատրաստեց Վարդուհի Կարապետյանը