понедельник, 28 января 2013 г.

Մարկ Շագալ. Զբոսանք

      Կան նկարիչներ, ովքեր պատկերում են իրականությունը այնպիսին, ինչպիսին կա, նրանք նայում են կյանքին իրենց անկյունից և որոշակի հեռավորության վրա: Սակայն կան նաև արվեստագետներ, որոնք ցանկացած նկար ստեղծելիս դրա մեջ դնում են իրենց կենսագրությունը, ներաշխարհն ու զգացմունքները, իրենց իսկ կերպարը դարձնում են կտավի հերոս` ներկայացնելով և' որպես իրականություն, և' ֆանտաստիկա
  Շագալն իր ստեղծագործություններում իրեն պատկերել է հազարավոր անգամներ` տարբեր իրավիճակներում և տարբեր մեկնաբանությամբ. թե' ոպես քնարական հերոս, թե' ամենատարբեր սյուժետային կերպարներ, թե' կենտավրոսներ և նույնիսկ կենդանիներ: Եվ սա ոչ թե ինչ-որ շեղվածություն է, այլ սեփական միջոցների սիմվոլիկ-սխեմատիկ բանաձևով ներկայացում:
Մոտ հարյուրամյա կյանքի ընթացքում Շագալին ճակատագիրը պարգևել է երջանիկ ու հաջողակ պահերով, միևնույն ժամանակ կյանքն հաղորդակից է դարձրել ողբերգությունների ու տհած իրադարձությունների: Անգամ նկարչի ծննդյան օրը Վիտեբսկում հրդեհ է սկսվել, և Շագալին մոր հետ փրկել է հորդառատ անձրևը: Սակայն այս արվեստագետի ուղին լի է եղել մեծ ձեռքբերումներով, պարգևատրումներով, ցուցահանդեսներով, սիրով ու հարգանքով: Շագալի արվեստն այնքան տպավորիչ ու նոր էր, որ Գ. Ապոլլիները նրա գործերի համար առաջ բերեց  <<սյուրնատուրալիզմ>> տերմինը, որն արդեն կանխորոշում էր սյուրռեալիզմը:
Շագալը միշտ փորձում էր բացահայտել առարկաների նյութականությունը: Գույնը իր աշխարհն էր, տիեզերքը: Ինչպես գրում է Բ. Զինգերմանը, <<Վերլուծել Շագալի արվեստը շատ դժվար է, այն կարելի է սիրել կամ չսիրել, բայց գրեթե հնարավոր չէ մեկնաբանել: Նրա գեղանկարչությունը լի է քնարական սյուժեներով, փոխաբերություններով ու սիմվոլներով. ցանկության դեպքում կարելի է դրանք ինչ-որ կերպ բացահայտել, բայց արժե արդյոքէլ չխոսենք այն մասին, որ Մ. Շագալի ողջ ստեղծագործությունը մի բարդ ու ամբողջական այլաբանություն է` իր անձնական կյանքը և մեր դարի հոգևոր փնտրտուքները արտացոլող>>: 
<<Զբոսանք>>: Մարկ Շագալի ստեղծագործության տարածական կոմպոզիցիայի հիմքում ընկած է երկրային <<ներքևի>> և երկրային <<վերևի>> գաղափարը: Սա իր մեջ ինքնըստինքյան ներառում է թռիչք, բարձրություն, իրարից տարբեր և իրարց սահմանազատված աշխարհներ: Երկնքի խորը կապույտը, որն առկա է այս նկարչի ստեղծագործություններում, կարծես լինի հեղինակի տունը, որտեղ ոչ թե ապրում, այլ ճախրում են Շագալի կերպարները: Շագալի ռեալիզմը տանում է դեպի հոգևոր և ֆիզիկական սկզբերի միաձուլում:
<<Զբոսանք>>
Իր մեջ բացահայտելով սերը դեպի նկարչությունը` Շագալը հեռանում է Վիտեբսկից, սակայն շարունակում է նկարել հայրենի քաղաքի սյուները, ցանկապատները, ցեխաջրերը, խրճիթները, նույնիսկ այծերին ու խոզերին: Սակայն իր ստեղծագործության գլխավոր թեման, որը երկար ժամանակ է նկարելու, 22-ամյա երիտասարդը գտնում է Պետերբուրգում: Դա Բելլա Ռոզենֆելդն էր,ով արտաքինով շատ նման էր Շագալին` չնայած նրան, որ գեղեցկուհի էր, իսկ տղան բոլորովին չէր փայլում արտաքին տեսքով: Բելլան ասես երկնային էակ լիներ, իրեն փորձում էր բոլոր բնագավառներում` դերասանության, փիլիսոփայության և գրականության մեջ: Այս կնոջ կոքին Մարկն իրեն զգում էր ինչպես երկնքում: Հաճախ Շագալն իրենց այդպես էլ պատկերում էր` երկնքում ճախրելիս` սյուների, խոզերի, ցանկապատների, Վիտեբսկի վրայովՈրոշ ժամանակ անց Շագալը հանկարծակի լքում է Բելլային և մեկնում Փարիզ: Վերջինս չորս տարի համբերությամբ սպասում է նկարչին, ռոմանտիկ նամակներ գրում: 1915թ. զույգերն ամուսնանում են, երկար սպասված <<թռիչքը>> վերջապես տեղի է ունենում:
Նկարում պատկերված է Բելլայի ֆանտաստիկ թռիչքը, ով ասես սավառնում է <<թռիչքին պատրաստված>> երնքում: Երկրի հետ միակ կապը նկարչի ֆիգուրն է և ձեռքը, որը կապում է նաև երկու տարբեր աշխարհները: Նկարը, որ ստեղծվել է հեղափոխության տարիներին, կարծես խաղաղության խորհրդանիշ լիներ. այն բաժանում էր երկինքն ու երկիրը, սակայն վերև ձգված ֆիգուրով մաքրություն ու հանդարտություն էր քարոզում:
<<Զբոսանքը>> համարվում է տրիպտիխի մի մաս, որի մեջ մտնում են նաև <<Կրկնակի դիմանկար>> և <<Քաղաքի վրա>> կտավները:


<<Քաղաքի վրա>>


Երիտասարդ զույգերը սավառնում են, բայց հանգրվան ունեն, թռիչքից հետո վերադառնալու են քաղաք:
Նկարչի ֆիգուրը կանգնած է գետնին,բայց ասես ամուր հենարան չունի և ուր որ է թռչելու է: Երկնքում է միայն Բելլան, ի տարբերություն <<Քաղաքի վրա>> կտավի, որի մեջ երկուսն էլ <<բացակայում են աշխարհից>>: Շագալի աջ ձեռքում մի թռչուն կա. այսպիսով մարդուն հաջողվում է երկնային էակին /թռչուն/ բռնել ձեռքում, իսկ երկրայինին /Բելլա/` պահել երկնքում:
Նկարը կառուցված է երկրաչափական ճշգրտություններով և համաչափությամբ: Մեկ այլ տեսանկյունից այն թատերական ներկայացում կամ կրկեսային բեմադրություն է հիշեցնում: Տրիպտիխի հիմնական գաղափարն ասես դարձել է <<երկրի ձգողության նկատմամբ տարած հաղթանակը>> և մարդու ազատ թռիչքը երկնքի բաց տարածությունում: Այսպիսի մոտիվ Մ. Շագալի նախորդ ստեղծագործություններում ևս կար, սակայն 1910-ականներին նկարիչն այդ կերպ փորձում էր տարօրինակ նկարներ ստեղծել` բոլորից տաբերվելու և անսովոր կերպարներով հայտնի դառնալու նկատառումով: <<Զբոսանք>>-ում նկարչի նպատակը միանգամից փոխվում է. նկարիչն իր առջև խնդիր է դնում ցույց տալու մարդու <<հնարավոր և իրական>> թռիչքը, որը թերևս հաջողված է այնքանով, որ դիտողը կարծես չի էլ զարմանում, որ մարդիկ երկնքում են: Երեք նկարներում էլ մարդիկ այնքան բնական են թռչում, որ թվում է, թե մարդը ծնված է հենց երկնքում ճախրելու համար...
Կտավում ասես Շագալը փորձել է պատկերել  հայտնի գրող Շոլոմ-Ալեյհեմի <<Օդի մարդը>>  արտահայտությունը, սակայն, եթե վերջինիս մոտ <<օդի մարդը>> երազկոտ ու երևակայական էակ է և թռչում է միայն երազներում, ապա Շագալի պատկերած հերոսները երկնքում են, որովհետև հավատում են, որ կարող են թռչել և թռչում են, որովհետև ճախրում են իրենց ռոմանտիկ զգացմունքներում: Թռիչքը նրանց համար նույնքան բնական է, որքան առօրյա կյանքը կամ քայլելը: Նրանք թռչում են իրենց և բոլորին ցույց տալու համար, որ երկնքի և երկրի միջև պատնեշ այլևս չկա...

Դե եսիմ`. Գ.Ն.