Ջերմուկ
քաղաքը Հայաստանի զբոսաշրջության ամենագրավիչ կենտրոններից է: Որպես
բնակատեղի այն հիմնադրվել է Արշակունյաց հարստության օրոք և իր բուժիչ
հանքային ջրերով հայտնի է դեռևս վաղ ժամանակներից:
Հայաստանի ազգային պատկերասրահի Ջերմուկի մասնաճյուղը, որը գործում է
1972 թվականից, տեղակայված է Արփա գետի առափնյա լանջին` քաղաքի գողտրիկ
անկյուններից մեկում: Ցուցադրությունում ընդգրկված շուրջ 100 գեղանկարների և
քանդակների միջոցով Ջերմուկի հասարակությանը և հյուրերին հնարավորություն է
ընձեռվում պատկերացում կազմելու նորագույն շրջանի հայկական կերպարվեստի
մասին` սկսած 1930-ական թթ. մինչև մեր օրերը:
Պատկերասրահի այցելուները կարող են ծանոթանալ մեր ժամանակների խոշոր
արվեստագետներ Մ. Սարյանի, Ա. Սարգսյանի, 1930-40-ական թթ. ստեղծագործական
ասպարեզ իջած նկարիչներ Գ. Գրիգորյանի, Մ. Աբեղյանի, Հ. Զարդարյանի, Է.
Իսաբեկյանի աշխատանքներին, որոնք լավագույնս ներկայացնում են դարաշրջանի
առանձնահատկությունները` թեմատիկ և ոճական ողջ բազմազանությամբ: Ավելի ուշ
շրջանի արվեստը ներկայացված է Բ. Վարդանյանի, Հ. և Ա. Կալենցների, Գ.
Խանջյանի, Մ. Ավետիսյանի, Լ. Բաժբեուկ-Մելիքյանի, Ս. Բաղդասարյանի, Խ.
Իսկանդարյանի, Մ. Պետրոսյանի, Ռ. Ադալյանի և այլոց աշխատանքներով:
Ստեղծագործական տարբեր նախասիրությունների ու անհատականության տեր
նկարիչների բնանկարները, թեմատիկ հորինվածքներն ու նատյուրմորտները նվիրված
են հայրենի բնաշխարհին, այն իր աշխատանքով շենացնող մարդուն:
Դիմանկարչական ժանրի հերոսները մեր երկրի քաղաքացիներն են ու անցյալի հայ
մշակույթի երախտավորները:
Բացի մշտական ցուցադրությունից, մասնաճյուղում պարբերաբար կազմակերպվում են մշակութային բազմաբնույթ միջոցառումներ:
աղբյուրը՝ http://www.gallery.am/hy/
Комментариев нет:
Отправить комментарий