четверг, 10 января 2013 г.

Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարան (MoMa)


Ամեն տարի Նյու Յորքի Ժամանակակից արվեստի MoMA (Museum of Modern art) թանգարան է այցելում շուրջ 3 մլն մարդ: Շատերին հիացնում են ինչպես նրանում ցուցադրվող արվեստի նմուշները, այնպես էլ հենց ինքը` շինությունը: Սակայն շատերն էլ այնպես էլ չեն ընկալում այդ պատերի ներսում պահվող ստեղծագործությունների իմաստը, քանի որ վերջիններս ներկայացնում են ժամանակակից արվեստը, ինչը ոչ բոլորի համար է ընդունելի ու ընկալելի:
Նյու Յորքի Ժամանակակից արվեստի MoMA թանգարանը գտնվում է Մանհեթենում, Հինգերորդ և Վեցերորդ Ավենյուների արանքում, Ռոկֆելլեր կենտրոնի հարևանությամբ: Սա աշխարհի առաջին ու ամենաահայտնի ժամանակակից արվեստի թանգարանն է: Նրա կառուցումից հետո  է միայն աշխարհի տարբեր քաղաքներում սկսվում ժամանակակից արվեստի կենտրոնների հիմնումը: Այն, որ այսօր թանգարանի շինությունը գտնվում է Ռոքֆելլեր կենտրոնի կողքին, բոլորովին էլ պատահական չէ: Բանն այն է, որ իր ստեղծման համար թանգարանը մասամբ պարտական է հենց Ռոքֆելլերների ընտանիքին: Այն հիմնադրվել է Ջոն Ռոքֆելլերի կնոջ, Լիլի Բլիսի և տիկին Սալիվանի կողմից: Թանգարանի ստեղծման տարիներին ժամանակակիցները չէին հետաքրքրվում արդի արվեստով, իսկ նմանատիպ թանգարանի ստեղծման գաղափարն աբսուրդ էր թվում: Արդեն հետագայում Ժամանակակից արվեստի թանգարանը աշխարհին համոզեց, որ միայն մեծ վարպետների աշխատանքները չեն, որ արժանի են հիացմունքի:
Իսկզբանե MoMA-ն տեղակարյված էր օֆիսային գործակալության մի քանի սենյակներում: Թանգարանի պատմությունը սկսվում է ընդամենը վեց օֆորտից և մեկ գծանկարից: Հետագայում նրա նմուշներն այքան էին շատանալու, որ թանգարանին հատկացվելու էր 6-հարկանի մի կառույց:
2004 թվականից թանգարանն այցելուների առաջ իր դռներն է բացում ներկայիս մասնաշենքում: Շինության ճարտարապետը ազգությամբ ճապոնացի Յոսի Տանիգուտին է, ով համարվում է ժամանակակից ճարտարապետության առաջատարներից մեկը: Թանգարանի այժմյան շենքն ինքնին ժամանակակից արվեստի գլուխգործոց է: 1964-ին շենքին կցվեցին ևս երկու կառույց՝ Ֆիլիպ Ջոնսոնի նախագծով, իսկ 1979-ին շինարարները կրկնակի ընդարձակեցին թանգարանի ցուցադրության հրապարակը: Թանգարանի առաջին ցուցահանդեսն ունեցել է շուրջ 50 հազար այցելու: Ցուցադրված էին Սեզանի, Գոգենի, Սյորայի, Վան Գոգի կտավները, որոնք մինչ այդ Նյու Յորքի ոչ մի թանգարանում չէին ցուցադրվել: Թանգարանի հետ ծանոթությունը, ինչպես և Գուգենհայմի թանգարանի դեպքում, առավել նպատակահարմար է սկսել շինության վերին հարկից` աստիճաբար իջնելով ներքև:
Նյու Յորքի թանգարանի 6-րդ հարկի ցուցադրությունը ոչ հիմնական է, այստեղ ժամանակ առ ժամանակ անցկացվում են տարբեր արվեստագետների ցուցահանդեսներ: 5-րդ հարկում մեծ մասամբ պոստիմպրեսիոնիստների աշխատանքներն են: Այսինքն այն արվեստագետների, որոնց գրոծերում արդեն նկատվում է դասական արվեստից հեռացումը: Այնուհետև ցուցադրված են Ռուսսոյի, Գոգենի, Կանդինսկու, Լիսիցկու, Միրոյի, Դյուշանի և այլ ուղղությունների նկարիչների աշխատանքները: МоМА-ի ամենասիրված նմուշներից է վան Գոգի «Աստղազարդ երկինքը», Պիկասոյի «Ավինյոնի աղջիկները» Մալևիչի «Սպիտակը սպիտակի վրա» ստեղծագործությունները: Հենց այս թանգարանում է գտնվում Պիկասոյի նկարների ամենամեծ հավաքածուն:
 Շինության 4-րդ հարկում զետեղված են 1940-70-ական թվականներին ստեղծված ինչպես գեղանկարչական աշխատանքները, այնպես էլ քանդակները: Այստեղ են աբստրակցիոնիստների, էքսպրեսիոնիստների աշխատանքները, ինչպես նաև մինիմալիզմ և պոպ-արտ ոճերի մի շարք ստեղծագործություններ: Այստեղ են ցուցադրվում նար  Օպպենհեյմի, Ջակոմետտիի, Համիլտոնի, Ռաուշենբերգի, Օլդենբուրգի աղմկահարույց ու բազում քննարկումների տեղիք տվող աշխատանքները:

Այս հարկում կարող եք հանդիպել նաև Էնդի Ուորհոլի և Մարկ Ռոտկոյի աշխատանքներին: МоМА թանգարանի 3-րդ հարկը նվիրված է ճարտարապետությանը: Այստեղ ցուցադրված են աշխարհի ամենահայտնի ճարտարապետների կողմից ստեղծված շինությունների կամ առարկաների գծանկարները, մանրակերտներն ու լուսանկարները: Սրանց մեջ են Անտոնիո Գաուդիի, Լյուդվիգ Միս Վան դեր Ռոեի, Լե Կորբյուզիեի, Ֆրենկ Լլոկդ Ռայթի և այլոց աշխատանքները:
Թանգարանի 2-րդ հարկում ցուցադրված են մեր օրերում ստեղծագործող արվեստագետների աշխատանքները: Սա թանգարանի հիմնական ցուցադրությունն է: Շինությունն ունի նաև երկու գետնահարկ, որոնք ծառայում են որպես կինոդիտման սրահներ: Այստեղ, ինչպես և թանգարան, մուտքը տոմսերով է: МоМА-ի տարածքում կա նաև քանդակների այգի, որտեղ գտնվում են Պիկասոյի, մատիսի, Ռոդենի որոշ աշխատանքներ: Դրա դիմաց The Modern  սրճարանն է և հուշանվերների խանութը, որտեղից թանգարանի այցելուները կարող են փոքրիկ հուշանվերներ գնել` Նյու Յորքի МоМА-ն չմոռանալու համար:
Թանգարանը վերապրել է վեց ճարտարապետական վերանորոգում: Իր հավաքածուն, որի նմուշները թվագրվում են 1880 թվականից մշտապես համալրվում է:
Այսօր թանգարանում ներկայացված են շուրջ չորս հազար գեղանկարչական և քանդակային գործեր, ավելի քան 40 հզ. գծանկար, լիթոգրաֆիաներ ևփորագրություններ, 20 հազար լուսանկարներ, ավելի քան 6000 ճարտարապետական նախագծեր, մանրակերտներ, արտադրողական դիզայնի օրինակներ և մոտ 10 հազար կինոժապավեն:

Դե եսիմ` Գ. Ն.