понедельник, 24 февраля 2014 г.

Ռեմբրանդտ...Անառակ որդու վերադարձը




Ռեմբրանդտի նկարները անվիճելիորեն հոլանդական գեղանկարչության գլուխգործոցներից են: Այդ անգնահատելի գլուխգործոցներից է «Անառակ որդու վերադարձը» կտավը, որը նա ստեղծել է կյանքի վերջին տարիներին, երբ արդեն ծեր էր և աղքատ: Եվ այնուամենայնիվ, անտեսելով ամեն ինչ, նա շարունակում էր ստեղծագործել:
Կտավի թեման վերցված է ավետարանի հայտնի առակից, որտեղ որդին  երկար դեգերումներից հետո, չիրականացված երազանքներով վերադառնում  է հոր մոտ: Մինչ Ռեմբրանդտը այս պատմությունը հետաքրքրել է նաև այլ նկարիչների. վերածննդի վարպետները մոլորյալ որդու և հոր հաշտության մեջ գեղեցիկ  և գրավիչ տեսարան էին տեսնում:
 Ռեմբրանդտ վան Ռեյն- Անառակ որդու  վերադարձը
Ահա Նոր կտակարանից վերցված առակը.
Մի մեծահարուստ երկու որդի ուներ: Մի օր կրտսերը հորն ասում է. «Հա՛յրտուր քոունեցվածքից ինձ ընկնող բաժինը»: Հայրն այդպես էլ վարվում է: Մի քանի օր անց որդին, ամեն ինչ փողի վերածելով, գնում է հեռավոր մի երկիր:
Այնտեղ նա վատնում է իր հարստությունը, քանի որ անառակ կյանք էր վարում: Ամբողջ ունեցվածքը սպառելով՝ որդին չքավոր է դառնում, իսկ այն երկրում, ուր բնակվում էր, սով է սկսվում: Նա ճարահատյալ դառնում է խոզարած, իսկ ագարակատերը նրան զրկում է անգամ խոզերի կերակուրից:
Սովատանջ օրեր անցկացնելուց հետո, մի օր նա ինքն իրեն խորհում է. «Քանի՜ վարձու աշխատողներ կան իմ հոր տանը, որ առատ հաց ունեն, իսկ ես այստեղ սովամահ կորչում եմ: Վեր կենամ գնամ իմ հոր մոտ եւ նրան ասեմ. «Հա՛յրմեղանչեցի երկնքի դեմ ու քո աոաջ եւ այլեւս արժանի չեմ քո որդին
 կոչվելուինձ վերցրու իբրեւ քո աշխատավորներից մեկը» (Ղուկ. 15:17-19):


Հատված նկարից
Նկարչի կյանքի ընթացքում  <<Անառակ որդու>> թեման շատ է  ուղեկցել: Այս թեմային նա անդրադարձել է դեռևս 1636թ-ին, երբ աշխատում էր նույնանուն օֆորտի վրա: Ռեմբրանդտի կողմից անառակ որդու պատմությունը առաջին անգամ ներկայացվել է փորագրության տեսքով: Այս ժամանակաշրջանին է վերաբերում նաև մի նկար, որտեղ հայրը ջերմորեն փարվում է ապաշխարող որդու գլուխին` նույնիսկ հաշտության պահին ցույց տալով իր հայրական իշխանությունը: Տարբեր ժամանակահատվածներում անդրադառնալով այս թեմային` նկարիչը այն ամեն անգամ տարբեր կերպ է պատկերել:
Սկզբնական տարբերակներում որդին բուռն կերպով արտահայտում է իր զղջումը: Ավելի ուշ անրված նկարներում հոր և որդու հոգեկան ապրումները այդքան էլ վառ արտահայտված չեն: Հետագայում Ռեմբրանդտին սկսեց հետաքրքրել հոր և որդու պատահական հանդիպումը, որտեղ մարդկային սիրո և ամեն ինչ ներելու ուժը նոր պետք է բացահայտվեն: Երբեմն դա միայնակ ծերունի է` նստած ընդարձակ սենյակում, իսկ նրա առջև ճիշտ ուղուց շեղված` ծնկաչոք որդին է: Պատահում է, որ փողոց դուրս եկած ծերունուն պատահաբար հանդիպում է որդին: Հետագայում նկարիչը ստեղծում է կոմպոզիցիա` շեշտը դնելով  ծերունի հոր վրա և ներդնելով  իր ողջ ստեղծագործական և կյանքի փորձըՆկարիչը այնպես է ներթափանցել առակի մեջ, որ կարծես այդ իրադարձություններին վկան է եղել և դա նրան իրավունք է տալիս նկարի միջոցով պատկերել մինչև վերջ չասվածը:
Տանը դիմաց հավաքվել են մի քանի մարդիկ: Ծերունու դիմաց ծնկաչոք որդին է` դեմքը թաքցրած հոր կրծքի տակ: Ամոթով և ապաշխարությամբ համակված` նա հնարավոր է տարիներ անց  առաջին անգամ է  զգում մարդկային ջերմություն, իսկ հայրը քնքշորեն փարվում է <<թափառական>> որդուն: Այդ րոպեն իր հոգեբանական վիճակով հավասար է հավերժության. նրանց երկուսի աչքերի առաջ անցնում են միմյանցից հեռու անցկացրած տարիները, որոնք այդքան հոգեկան տանջանքներ են պատճառել: Թվում է տանջանքները նրանց այնպես են կոտրել, որ հանդիպման ուրախությունը թեթևություն չի պատճառում:
Հոր ճակատը կարծես լույս է առկայծում և դա կտավի ամենալուսավոր մասն է: Ոչ ոք չի խախտում լռությունը և ներկաները ուշադրությամբ հետևում են հոր և որդու հանդիպմանը: Նրանց մեջ առանձնանում է կարմիր թիկնոցով մի մարդ, որը միավորում է գլխավոր գործող անձանց և նրանց շրջապատող մարդկանց: Իրադարձություններին ուշադիր հետևում է նաև հետևում կանգնած մարդը, իսկ քիչ հեռու` համակ կարեկցությամբ կագնած է մի կին: Դժվար է ասել, թե ովքեր են այդ մարդիկ:
Հատված նկարից
Կտավում անառակ որդին դասական գեղանկարչության մեջ  գրեթե  միակ հերոսն է, ով հանդիսատեսից երեսը շուռ  տված է պատկերված: Երիտասարդը երկար է թափառել և շատ փորձությունների միջով  անցել: Նրա կոշիկները մաշված են: Կոշիկներից մեկը ոտքից ընկել է և դիտողը կարող  է տեսնել նրա կոշտացած կրունկը: Նա հազիվ է հասել հայրական տանը և ծնկաչոք  եղել հոր ոտքերի առաջ: Ոտքից ընկած կոշիկը լավագույն կերպով ցյուց է տալիս թե որդին ինչ երկար ճանապարհ է անցել և ինչքան ստորացումների է ենթարկվել:
Կիսախավար կտավի խորքից առեղծվածային լույս է առկայծում: Այն նրբորեն պարուրում է   մթության միջից որդուն ընդառաջ եկող կույր հորը: Հայրը կույր մարդու տպավորություն է թողնում, չնայած առակում հոր կույր լինելը չի նշվում
Արվեստաբան Մ.Ալպատովը կարծում է, որ կտավի գլխավոր հերոսը հայրն է, իսկ որդին հայրական մեծահոգությունը պատկերելու միջոց է: Նա նույնիսկ կարծում է, որ կտավը կարելի է անվանել <<Հայր, ով ներում է անառակ որդուն>>: Նա, ով կտավում առաջին հերթին գնահատում է  արտաքին գեղեցկությունը, հնարավոր է  ոչ գեղեցիկ և անհարթ տարրեր նկատի: Բայց խորհրդավոր լույսը` ուժգնացնելով հեռվում տարածվող մթությունը, դեպի իրեն է գրավում դիտողին, իսկ  գույների երանգների հիանալի հարմոնիան հին կրոնական մեղեդիներ է հիշեցնում:

Նյութը պատրաստեց Լուսինե Մակիյանը

Комментариев нет:

Отправить комментарий