Շատերը գիտեն նիդերլանդացի հայտնի նկարիչ Պիտեր Բրեյգելին /1525-1569/: Նա զարգացրել է հյուսիսային երկրների և համաշխարհային արվեստն
իր ուրույն թեմաներով ու մտածողությամբ: Բրեյգելը նիդերլանդական արվեստ է ներմուծում փիլիսոփայություն, կյանքի ինքնատիպ աշխարհընկալում ու կրոնական թեմաներ, որոնք պատկերելու համար ընտրում է ալեգորիկ տեսարաններ` հասարակ մարդկանց մասնակցությամբ:
Բրեյգելի հայտնի ստեղծագործություններից է «Կույրերը»: Նկարը ստեղծվել է 1568թ., չափերը` 86 × 154 սմ, նկարված է յուղաներկով` տախտակի վրա: Այն եզակի ստեղծագործություններից է, որ ունի մի քանի վերնագրեր` <<Առակ կույրերի մասին>>, <<Կույրերի պարաբոլ>>, <<Կույրն առաջնորդում է կույրին>>: Ստեղծագործությունը խոհափիլիսոփայական մեկնություն ունի, հիմքը
աստվածաշնչյան <<կարո՞ղ է արդյոք կույրը կույրին առաջնորդել, արդյո՞ք նրանք երկուսն էլ չեն գլորվի անդունդը>> արտահայտությունն է, սակայն նկարն
արված է կենցաղային ժանրում:
Բրեյգելը ցանկացած թեմա հասարակությանն էր ներկայացնում պարզ ու մատչելի: Միանշանակ չենք կարող ասել, որ իր ժամանակին սա ընկալվել է իբրև աստվածաշնչյան խորհուրդ ունեցող ստեղծագործություն: Այժմ այս կտավը գտնվում է Նեապոլի Կապադիմոնտե թանգարանում:
Ժամանակաշրջանը, որտեղ ստեղծագործել է Բրեյգելը, արգելում
էր Աստվածաշունչն ուսումնասիրել և մեկնաբանել յուրովի, ուստի նկարիչը այս սյուժեի տակ
է թաքցնում նկարի բուն գաղափարը: Կտավն ունի բարդ կոմպոզիցիա, որը պատկերում է վեց ֆիգուրների: Մարդկանց խումբն ասես նկարի խորքից գալիս է դեպի դիտողը: Կույրերը մոտենում են անդունդի եզրին, նրանցից առաջինը գլորվում է, երկրորդը ևս,
սակայն մյուսները դեռ տեղյակ չեն, թե ինչ է կատարվում: Կերպարներից յուրաքանչյուրն
օժտված է ինքնատիպ բնավորությամբ, նրանք տարբեր են, սակայն միևնույն ժամանակ
հավաքական է, միակի, քանի որ նրանց ամբողջացնում է մեկ ընդհանուր արատը` կուրությունը:
Կոմպոզիցիայի ցանկացած հատված սերտորեն կապված է մեկը մյուսի հետ: Ֆիգուրները կապված
են ձեռքերի միջոցով: Առանձնահատուկ տեղ է զբաղեցնում գետնին ընկած կույրը, ով ասես
հանդիսանում է նկարի բանալին:
Հիսուսի ասած խոսքերը, որոնք դարձել են նկարի ստեղծման
դրդապատճառ, ունեն փոխաբերական իմաստ: Նա
ի նկատի ունի հոգևոր կուրությունը. ըստ Աստվածաշնչի` կույր են այն մարդիկ, ովքեր
չեն հավատում Հիսուսին և նրանց «տեսնող,առողջ» առաջնորդ է պետք, ով տանելու է
մարդկությանը դեպի հավատ: Այս հանգամանքը ևս տեղ է գտել «Կույրերը կտավում»: Բրեյգելը նկարի հետին պլանում եկեղեցի է նկարել, որը համարվում է հոգով կույրերի միակ հանգստության վայրը: Սակայն եկեղեցի մտնելու համար պետք է հոգով մաքուր ու հավատացյալ լինել, իսկ Բրեյգելի մոտ բոլորը կույր են, և եթե նրանցից առաջինը սայթաքի, կսայթաքեն մյուսները ևս, քանի որ կույրերին կույր է առաջնորդում:
Ֆիգուրները` կամ որ նույնն է ողջ մարդկությունը /ըստ Բրեյգելի/ ունեն փրկության ճանապարհ, որը հավատն է, մինչդեռ նրանք գնում են դեպի անդունդը` կործանում:
Պատկերված եկեղեցին այժմ գործում է: Դա Բիլբեկի Սբ. Աննա գյուղական եկեղեցին է: Նկարի երկրորդ պլանում բնություն է` ոչ խիտ ծառերով,
ինչը Բրեյգելի մոտ, կարծում եմ, ևս սիմվոլիկ է և ուղիղ կապ
ունի Աստվածաշնչի հետ:
Նկարը
կառուցված է սառը գույներով, բացակայում է լույսի ու ստվերի հարաբերությունը:
Կտավի տոնը միապաղաղ է, միանգամից աչքի ընկող հատվածներ չկան: Այս
ստեղծագործությունն ասես աստիճանաբար «կարդալ», մեկնաբանել է հարկավոր: Բրեյգելը իր խոսքն է հղում
մարդկությանը, ում պետք է դարձի գալ և փրկվել:
Հատված նկարից` Բիլբեկի եկեղեցին |
Սբ. Աննա եկեղեցին Բիլբեկում |
Դե եսիմ` Գ. Ն.
Комментариев нет:
Отправить комментарий