суббота, 15 июня 2013 г.

Յան վան Էյկ. Առնոլֆին ամուսինների դիմանկարը



  15-րդ դարի կեսին փոքրիկ Հոլանդիան  հայտնի դարձավ իր հարստությամբ  ու բարեկեցությամբ, չնայած այն հանգամանքին, որ երկիրն արդյունաբերական չէր:  Բայց դեպի նրա ափերն էին ձգտում  զանազան ապրանքներով բեռնված  նավերը, հոլանդական  քաղաքների փողոցներում առավոտից իրիկուն հնչում էին  օտարալեզու արտահայտություններ:  Ահա այսպիսին էր  նավահանգստային քաղաք Բրյուգը, որը լի էր հսկայական պահեստներով, որոնցում պահպանվում էին մահուդ, կտավ, բրդե գործվածքներ: Մեծ եւ հարուստ քաղաքներում թվում էր, թե միայն ապրում էին շահի ու առեւտրի մասին մտքերով, իսկ արվեստի հանդեպ հետաքրքրությունը բացակայում էր:  Բրյուգում չկար շլացուցիչ արեւ, չկար իտալական բնության  հրաշք տեսարանները,  քաղաքում չկային նկարիչների սերունդներ,  հին շինություններ, հուշարձաններ, որոնց միջոցով հաղորդակից կդառնային իտալական վերածննդի արվեստին:
   Բայց այստեղ՝ մի փոքրիկ տնակում, կարելի էր տեսնել  նկարակալների առջեւ աշխատող,  զարմանալիորեն մեկմեկու նման  երեք նկարչի: Նրանք  Յոհան  եւ Հիբերտ վան Էյկ եղբայրներն էին ու նրանց քույր Մարգարիտան:  Նրանք հիմնականում զբաղվում էին  եկեղեցական պատվերներով: Այս նկարիչների կտավներում թվում է՝ տեսնում ես  Բրյուգի տիպիկ բնակիչներին՝ վաճառականներին ու վաճառողուհիներին, որոնք կարծես դիտողին ապրանք են առաջարկում: Բայց հիանալին ու ապշեցնողը դա չէ, այլ այն զարմանալի գունային թարմ կոլորիտն ու խորը տոնը, որ մինչ այժմ չենք տեսնում նույնիսկ իտալական ոչ մի նկարչի մոտ:  Բանն այն է, որ  Էյկ եղբայրները բացահայտում են ներկի քիմիական այնպիսի բաղադրությունը, որն անհրաժեշտ էր  յուղաներկերի պատրաստման համար:  Դրանից հետո այդ տեխնիկան նորից կիրառեցին իտալացիները, իսկ հետո՝ ողջ աշխարհը:  Ճիշտ է, այժմ հետազոտողնրը  փաստում են, որ յուղաներկի տվյալ  բաղադրությունը 2-4-րդ դդ. հին հռոմեական  նկարներում եւս կիրառվել է, այն է՝ մեղրամոմե ներկեր՝ կաղնու յուղով: Այդուհանդերձ բազմաթիվ սերունդներ պարտական են հանճարեղ եղբայրներին յուղաներկի նոր բաղադրության  կատարելագործման ու  «շահագործման» համար:
   Փոքր եղբայրը՝ Յոհանը /Էյկ/,  բացի եկեղեցական թեմաներից նկարnւմ էր նաեւ  դիմանկարներ: Հետաքրքիր է, որ այդ մեծ նկարիչը եւ գյուտարարը եղել է բավականին համեստ. նրա բազմաթիվ նկարների ներքեւի մասում եղել է հետեւյալ  գրությունը. «Այնպես, ինչպես կարող եմ»: Ասես նկարիչը  խոհեմաբար բացատրում է աշխարհին, որ դրանից ավելի ի վիճակի չի եղել նկարել:
   Այս նկարչի գլուխգուրծոցներից է  իր ժամանակի ընդհանուր եվրոպական  գեղանկարչության մեջ եզակի  երեւույթ հանդիսացող /ինչպես պնդում են արվեստաբանները/ «Առնոլֆին ամուսինների դիմանկարը» ստեղծագործությունը:  


 Կտավում պատկերված են իտալական Լուկկի քաղաքից վաճառական Ջովանի Առնոլֆինին, ով Բրյուգեում  ներկայացրել է Պորտինարիի  ձեռնարկությունը, եւ նրա երիտասարդ կինը:  Երկուսն էլ հագնված են շքեղ տոնական զգեստներ, ընդ որում դրանց ոճը ժամանակի համար եղել է  բարդ եւ արտասովոր:  Հանդիսավոր ու հաստատուն կեցվածքը, դեմքերն արտահայտում են լրջություն: Առաջին հայացքից այն անգամ կարող է վանել դիտողին, բայց ուշադրությամբ դիտելուց  կարելի է նկատել ճշմարտության նկատմամբ հասարակ, բայց լուրջ վերաբերմունք, որով օժտված են պատկերված անձինք: Հարմարավետ սենյակի խորքում երեւում է կլոր հայելին, որն արտացոլում է երկու մարդկային ֆիգուրաներ, որոնք ներկա են սենյակում, բայց չեն երեւում դիտողին: Որոշ արվեստաբաններ, հենվելով գրության վրա,  ենթադրում են, որ մի ֆիգուրը հենց ինքը՝ նկարիչն է: Իսկ նկարի սյուժեն դիտարկելով որպես ամուսնությա տեսարան /կնոջ ձեռքը ամուսնու ձեռքում/՝ կարելի է  նկարչին վերագրել որպես արարողության վկա:   
 















 Նկարը ստեղծվել է  արտասովոր խնամքով, այն ապշեցնում է դիտողին  յուրաքանչյուր դետալի նուրբ հարաբերությամբ:  Կտավում պատկերված առարկաներն  ունեն խորհրդանշական  իմաստներ: Շունը խորհրդանշում է հավատարմություն,  խոզանակը՝ մաքրություն ու բարեպաշտություն,  ուռուցիկ հայելին՝ աշխարհի աչք, նարինջները՝ դրախտային այգու պտուղներ, իսկ խնձորը ակնարկում է հանցանք…   Վան  Էյկը, պատկերելով համեստ կահավորանք, հասարակ մարդկանց, նկարագրվածը դարձնում է առավել պոետիկ:   
    Նկարի շուրջ առաջարկվում են տարբեր վարկածներ: Մի մասը ընդունում է վերը նշվածը, երկրորդ խումբը  առավել հավանական է համարում այն, որ կտավը հեղինակի ինքնանկարն է: Հավանաբար նրանք այդպես են մտածում նկարում պատկերված հայելու տակ առկա գրությունից. «Յոհաննես Էյկը եղել է այստեղ. 1434»:  Մի շարք անպատասխան հարցեր նկարը դարձնում են առավել հանելուկային: 
 
           
 1934թ. ավստրիացի հայտնի արվեստաբան Էրվին Պանոֆսկին ենթադրել  է, որ նկարում պատկերվածը ոչ թե  ամուսնության /պսակադրության/, այլ նշանադրության  դրվագ է: Իր մի հոդվածում նա գրել է. «Նայե՛ք դրվագի մասնակիցների դեմքերին, ուշադրություն դարձրեք այն բանի վրա, թե ինչպես հանդիսավոր է կանգնած տղամարդը՝ պահելով ձեռքում   վստահաբար իրեն նայող կնոջ նուրբ ձեռքը: Նայե՛ք նրա փոքր-ինչ կարմրած նուրբ դեմքին: Նրանք գտնվում են իրենց սենյակում, եւ ոչինչ մեզ չի ստիպում մտածել, որ նրանք պատրաստվում են ինչ-որ տեղ գնալ: Ընդհակառակը՝  նրանք իրենց տանն են, ու խոսքն անկասկած հանդիսավոր արարողության մասին է, որին նրանք ե՛ւ մասնակից են, ե՛ւ գործող անձինք»: Էրվին Պանովսկին ընդգծում է, որ  նկարի այդպիսի մեկնաբանության է հանգել գրությունից: Վան Էյկը վկայում է, որ նա ներկա  է ծեսին: Հասկանալի է դառնում վառված մոմը. չէ՞ որ անհիշելի ժամանակներից հարսանեկան երթը ուղեկցվում էր ջահով եւ վառված լապտերով: Այս ուսումնասիրությունից հետո նկարը սկսեցին անվանել «Առնոլֆինիների նշանադրությունը»:
 








  




  


Բայց 1950թ. անգլիացի խոշոր արվեստաբան  Բռոկուելլը իր մասնագիտական ուսումնասիրության մեջ գրում է, որ  «Առնոլֆինիի եւ նրա կնոջ դիմակարը բոլորովին էլ գոյություն չունի»: Այո, նկարիչը նկարել է Ջիովանի Առնոլֆինիի ու նրա կնոջ դիմանկարը, բայց նա մահացել է Իսպանիայում հրդեհի ժամանակ: Իսկ դիմանկարի  այն պատմությունը, որը գտնվել է Լոնդոնյան պատկերասրահում, չի համապատասխանում նկարին, այնպես որ պատկերվածները բոլորովին այլ մարդիկ են:  Ինչպես վստահեցնում է Բրոկուելլը, ոչ մի փաստաթուղթ, որը հաստատում է կտավում Առնոլիֆինիի գոյությունը, չկա: Նա պնդում է, որ առեղծված չկա, պարզապես այն նկարչի ու իր կնոջ՝ Մարգարիտի դիմանկարն է:
   Նմանատիպ կարծիք է հայտնել  նաեւ  1972թ. սովետական  ուսումնասիրող Մ. Անդրոնիկովան՝ «Ուշադրությամբ նայե՛ք, մի՞թե հիշեցնում են իտալացիների, ախր նրանք ունեն մաքուր հյուսիսային դիմագծեր: Իսկ կինը Մարգարիտ վան Էյկն է, ում՝ 1439թ. Յան վան Էյկի կողմից ստեղծված դիմանկարը պահպանվել է մինչեւ մեր օրերը»:  Նման կարծիք հայտնողները պնդում են, որ տղամարդը չի կարող մոտեցնել ձախ ձեռքը, եթե խոսքը գնում է ամուսնության կամ նշանադրության մասին: Իսկ ահա վան Էյկը 1434թ. արդեն ամուսնացած էր: Բացի այդ, հաստատված է, որ Ջովանի Առնոլֆինին եւ նրա կինը երեխաներ չեն ունեցել, իսկ նկարում  պատկերված կինը, բացահայտորեն, երեխայի է սպասում:  Եվ իսկապես, Մարգարիտա վան Էյկը  1434թ. հունիսի 30-ին որդի է ունեցել, դա նույնպես հաստատված է փաստաթղթերով:
   Այսպիսով, ովքե՞ր են նկարի հերոսները,  իսկապե՞ս դա ընտանեկան տեսարան է, արդյո՞ք պատվիրված է… մինչեւ այսօր  չապացուցված այդ հարցերը կտավը դարձնում են խորհրդավոր:
    Նկարը հնարավորինս լավ է  պահպանված, չնայած որ անցել է երկար ճանապարհ: 16-րդ դարից սկսած «Առնոլֆին ամուսինների դիմանկարը»  պատկանում է Նիդեռլանդների փոխարքա  Մարգարիտ  Աբստրաիսկուն: Ավելի ուշ նկարը հայտնվում է Իսպանիայում եւ 18-րդ դարի վերջում հայտնվում է Մադրիդի  թագավորական  պալատում, որտեղ այն զարդարել է Մադրիդի թագավորական պալատի՝ առավոտյան հարդարանքի սենյակը: Նապոլեոնյան արշավանքների ժամանակ  մի ֆրանսիացի գեներալ տանում է այն Բրյուսել, որտեղ կտավը 1815թ. գնվում է գեներալ-մայոր Գեեմի կողմից, ով էլ բերում է այն Անգլիա, ու միայն 1842թ. նվիրվում է Ազգային պատկերասրահին:
  
Նյութը պատրաստեց Վարդուհի Կարապետյանը