Օտտավիո Լեոնի-Կառավաջոյի դիմանկարը |
Կառավաջոյի
տաղանդը եղել է համարձակ, բուռն, անսանձ ուժով
լի, չնայած նկարիչը հաճախ է կշտամբվել այն բանի համար, որ փնտրել է ճշմարտություն
իդեալականից հեռու: Նա օժտված էր անզուսպ երևակայությամբ և տիրապետում էր
գեղանկարչության տեխնիկայի բարձր որակի, նրան խոստանում էին խոշոր ապագա, եթե նա
թափանցեր կամ հասու լիներ մինչ իրեն բացահայտված կանոնների մեջ, եթե չգերադասեր, այսպես կոչված, անախրոնիզմը
/ժամանակին ոչ համապատասխան ընկալում/, եթե սնվեր հին ժառանգությունից:
Այս նկարչին
անծանոթ էր հանգստությունը և' կյանքում, և' ստեղծագործությունում: Կառավաջոն
համարձակվեց հրաժարվել նրանից, ինչ ստեղծվել էր մինչ նա, ստեղծագործելիս հայացք էր
գցում նկարչական ամենամեծ ուսուցչից` բնությունից: Կառավաջոն իր կտավներում <<մտցրեց>> հասարակ, պարզ մարդկանց` օժտելով նրանց
կոպտությամբ ու հիանքանչ գեղեցկությամբ` կյանքի ճշմարտությամբ: Նրան կշտամբում էին
այն բանի համար, որ նկարչության մեջ հետևում էր իր սեփական հանճարին` չսնվելով
անտիկ մարմարին կենդանություն տված ոչ մի
էտալոնից… Նկարչի առաջին կենսագիրներից մեկը գրել է. <<Երբ նրան ցույց են
տալիս Ֆիդիասի ու Գլիկոնայի հայտնի արձանները, որպեսզի նա ուսումասիրի ու օգտվի
դրանցից, նա, մատնանշելով հավաքված
բազմությանը, պատասխանում է, որ վարպետին բավարար են բնավորությունները: Եվ որպես իր խոսքերին ապացույց`
կանչում է պատահաբար անցնող գնչուհու, տանում է իր արվեստանոց և սկսում նկարել:
Արդյունքում ստեղծվում է
<<Գնչուհին>> կտավը, որի հերոսուհուն Կառավաջոն պատկերել էր ապագան
գուշակելով:
Կառավաջոն 27
տարեկանում ստեղծում է <<Մատթեոս>> -ը, որը ավանդույթների շեղման պատճառով
մերժվում է պատվիրատուների կողմից:
Նկարիչը պատկերել էր առաքյալին հասարակ ձկնորսի կերպարանքով: Նրա կտավները այնքան
վառ էին ու ապշեցնող, որ հաճախ ցուցադրությունների ժամանակ նրա նկարները
ծածկվում էին մուգ կանաչ մահուդով,
որպեսզի այցելուները կարողանային դիտել ցուցահանդեսի մնացած գործերը:
Կառավաջոն
եղել է խոշորագույն ու ինքնուրույն հանճար: Չնայած նրա ստեղծագործությունները
ժամանակակիցներից շատերին ապշեցրել են, շատերին էլ թվացել գռեհիկ, այդուհանդերձ, նա ունեցել է մի քանի հարուստ ու ազդեցիկ
հովանավորներ: Նրանց թվում էր կարդինալ դել Մոնտեն, ում պատվերով էլ նկարիչն ստեղծում է իր հայտնի
<<Վինահարը>> /<<Ջնարահարը>>/:
Նկարի մյուս անվանումն է
<<Վինով աղջիկը>>: Հիմնականում այս կտավի հիմքում հետազոտողները
տեսնում են բնավորությունների ուսումնասիրումը: Դիտողն անգամ կարող է ճանաչել դեմքը, որը կրկնվում է հեղինակի նկարներում: Կառավաջոյի մի քանի կտավներում
հանդիպում ենք վինահարի կերպարին`
կլորերես, խիտ հոնքերով: Անդրադառնալով կերպարին, պետք է նշել, որ Կառավաջոն դուրս
է հանել ամբողջ պատահականությունը, փորձել է առավելապես կենտրոնանալ հիմնական գաղափարի վրա: Նկարիչը
կտավում մարմնավորել է իր ամենասիրելի կերպարին ժողովրդի միջից: Վինահարն ունի լիքը դեմք, լայն հոնքերի տակ մեծ սև աչքեր, փարթամ
շրթունքներ… Սև, անհնազանդ գանգուր մազերը հարդարված են լայն ժապավենով, ոչ մեծ, գեղեցիկ ձեռքերը շոշափում են վինի լարերը: Սեղանի վրա դրված է
ջութակ, նոտաների բացված տետր, մրգեր, ծաղիկներ` ապակե անոթում: Պատանին լարել է
վինը և ամբողջովին կլանված է հնչյուններով, ինչի մասին են խոսում և' գլխի
թեքվածությունը, և' կիսաբաց բերանը, և' անուշադիր հայացքով դիտողին նայող աչքերի արտահայտությունը: Այդ ամենը նկարված է
այնքան նրբորեն, այնքան վիրտուոզ, որ
թվում է, թե դիտողն ու ինքը լսում են երաժշտությունը:
Կտավում
պատկերված վինահարը, բացահայտորեն արիստոկրատ չէ, նրա կլորադեմ, առողջ դեմքում կա
որոշ կոպտություն, բայց այն մեղմվում է նուրբ մաշկով, աղջկական խոնարհած գլխով,
նրբագեղ երկարավուն մատներով, որոնք պատանու կերպարին հաղորդում են հմայիչ կանացիություն:
Հատված նկարից |
Կառավաջոյի
ապրած ժամանակահատվածում իտալական գեղանկարչությունում հաճախ շրջանառվող թեմա էր կյանքի ունայնության,
մահվան մասին հիշեցումների գաղափարը: Եվ <<Վինահարը>> նկարը ևս որոշ
ուսումնասիրողներ մեկնաբանում են որպես
տվյալ գաղափարի կրող, օրինակ կտավում առկա նատյուրմորտը կարելի է վերագրել
որպես կյանքի` այդ թվում գեղեցկության, երաժշտության ու այլ արժեքների
անցողիկության խորհրդանիշ: Բազմաթիվ հետազոտողներ նկարում գտնում են երկվության
երանգավորումներ: Որոշները դրանում տեսնում են գեղանկարչական քայլ, երբ նկարիչը
փորձում է միտումնավոր բարդացնել ձևը: Մի մասն էլ կարծում է, որ Կառավաջոն փորձել
է <<խոսել>> ֆիզիկական վերափոխման մասին:
Չնայած առկա
վարկածների բազմազանության` ակնհայտ է մի
փաստ. Կառավաջոն, ում արվեստը հագեցած է լույսուստվերային կոնտրաստներով,
բարդ ռակուրսներով, երբեմն ողբերգական ու էքսպրեսիվ երանգներով, մեծապես նպաստել է 17–րդ դարի իտալական /և ոչ
միայն/ արվեստի, առավելապես ռեալիստական ուղղության զարգացմանը:
Նյութը պատրաստեց Վարդուհի Կարապետյանը