Ջրաներկով մարդիկ նկարում էին դեռևս մեր
թվարկությունից առաջ, սակայն նրանք չէին էլ գիտակցում, որ նյութը, որը հորինել ու
ստացել են պատահաբար, կիրառվելու է նաև հազարավոր տարիներ անց…. Ջրաներկը
հեշտությամբ է լուծվում ջրում, ուստի նրանով հեշտ է աշխատելը: Ջրաներկը լայն
կիրառում է ստացել Վերածննդի դարաշրջանում: Այս հարմար և մյուսների համեմատ առավել
մատչելի նյութով իրենց գլուխգործոցներն են ստեղծել Վերածննդի բոլոր վարպետները:
Գյումրիում ծնված երևանաբնակ արվեստագետ Պետո Պողոսյանը իր աշխատանքները նկարում է բացառապես ջրաներկով: Արդեն քանի տարի է, ինչ այս արվեստագետն իր ստեղծագործություններն է ներկայացնում բնանկարի, առավելապես քաղաքային տեսարանների ժանրում: Նկարիչը պատկերում է քաղաքի փողոցներ, գեղատեսիլ վայրեր կամ պարզապես արդեն հարազատ դարձած տեսարաններ....Այն հարցին, թե ինչու է Պետո Պողոսյանը միշտ քաղաքային
տեսարաններ նկարում, արվեստագետը պատասխանում է. <<Քաղաքից եմ վերցնում լիցքերս,
այն ինձ շատ հարազատ է…>>:
Պետոն իր նկարների համար նույնիսկ նոր ժանր, նոր
անվանում է մտածել. Քաղաքանկարներ: Այո, քանի որ այս արվեստագետը հիմնականում
նկարում քաղաքային տեսարաններ, դրանք բնանկարներ չեն, իսկ քաղաքը բնության մի
մասնիկն է: Թե հայոց լեզվի տեսանկյունից դիտարկելով, թե պարզապես գաղափարային
առումով “քաղաքանկարներ” տերմին մեր խոսակցականի մեջ մտցնել հնարավոր է:
<<Մարդիկ թող աստիճանաբար վարժվեն, ժամանակի ընթացքում ականջին հաճելի
կլինի>>,-ասում է երիտասարդ արվեստագետը:
Պետոն իր նկարները
հիմնականում նկարում է դրսում` այս կերպ զարգացնելով նաև պլեներային ժանրի
նկարչությունը Հայաստանում: Նկարների մի մասը ստեղծվում են բնության գրկում, մի
մասը արվեստանոցում` նախապես արված լուսանկարներից:
Պետո Պողոսյանը մասնակցել է մի շարք անհատական և խմբակային ցուցահանդեսների ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: Մասնակացած նախագծերի մեջ առաջնային է 2012 թվականի Շանհայի Ջրաներկի Միջազգային Բիենալեն: Պետոն
որպես արվեստագետ ծավալում է ակտիվ ստեղծագործական գործունեություն:
Դեկտեմբեր-հունվար ամիսներին նա իր մասնակցությունն է ցուցաբերելու Շենժենի
միջազգային բիենալեին: Այս արվեստագետն առանձնանում է իր ինքնատիպ "արվեստով",
ներկայացնում է Հայաստանը իր բնապատկերներով, ինչպես հեղինակն է նշում,
"քաղաքանկարներով", պարզ, հասարակ տեսարաններով` դարձնելով փողոցները հիմնական լեյտմոտիվ, բնանկարն ու ջրաներկը` աշխարհը ճանաչելու միջոց....
Ջրաներկը որպես ներկանյութ զարգացում ապրել, մետամորֆոզների է ենթարկվել
տարբեր նկարիչների կողմից, սակայն հիմնական ֆունկցիան մնացել է անփոփոխ` ներկ, որը
բացվում է ջրի մեջ… Պետոյի նկարներում ևս ջրաներկն ապրում է իր տրամաբանական
զարգացումը, սակայն իր հանդիսատեսին այն արդեն դարձել է սիրելի: Շատերը գիտեն, որ
Պետոյի համար ջրաներկը զուտ նկարչական արտահայտչամիջոց չէ…