Ամենափրկիչը Ալեքսանդրապոլ-Գյումրու
հոգևոր-պաշտամունքային խորհրդանիշն է, քաղաքի գլխավոր եկեղեցին` չնայած այն հանգամանքին,
որ երբեք առաջնորդանիստ չի եղել: Նախկինում
եկեղեցուն կից գործել է տղայոց հայկական ծխական դպրոցը, որը քանդվել է խորհրդային տարիներին:[1] Դպրոցից բացի եկեղեցին շրջապատված է եղել խանութներով: «Մշակ» թերթը գրում է, որ «Ժողովուրդը խնդրել է վեհափառից այդ եկեղեցու չորս կողմը գտնված պարսպի
առաջ խանութներ շինել թույլատրելու համար»:[2] Վեհափառը միանշանակ օժանդակել է քաղաքացիների հայցը, քանի որ
պահպանված լուսանկարներից երևում է, որ Ամենափրկիչի բոլոր կողմերում կրպակներ են: Այժմ
եկեղեցին կենտրոնական հրապարակի տարածքում է` բնակելի շենքերով և զբոսայգով շրջապատված:
2008թ. երկրաշարժի 20-րդ տարելիցի կապակցությամբ Ամենափրկիչի տարածքում դրվեց երկրաշարժի
զոհերին նվիրված «Անմեղ զոհերին, բարեգութ սրտերին» մակագրությամբ հուշարձանը (քանդակագործ` Ֆրիդ Սողոյան):
Եկեղեցն նախքան երկրաշարժը. խաչի ամրացումը |
Եկեղեցու շինարարական աշխատանքները սկսվում են Սբ. Նշանի կառուցմանը զուգահեռ,
Աբովյան փողոցի վրա (այժմ` Աբովյան 145): Սբ. Ամենափրկիչը կառուցվել է
1859-1873թթ. քաղաքի բնակչության հանգանակություններով, բավականին
երկար ժամանակաշրջանում` 14 տարում: Շինարարական աշխատանքների նման երկար ժամկետն ունի
իր բացատրությունը. շինարարության ընթացքում միտումնավոր ընդհատումներ էին արվում,
որպեսզի շաղախն արևի տակ ամրանա, իսկ ցուրտ եղանակներին աշխատանքները կանգ էին առնում:[3]
Եկեղեցու մասին «Մշակը» գրել է. «Մոտ ժամանակներս կավարտվի քաղաքիս նորաշեն եկեղեցու շինարարությունը, որը տասն և չորս տարի շարունակվում է ու մինչեւ
հիմա 80000 մանեթից ավելի ծախք է արված։ Նա իր մեծությամբ և գեղեցկությամբ համարվելու
է երևելիների կարգը»։[4]
Զավեն Կոշտոյան-Թադևոս Անտիկյան |
Պատմում են, որ եկեղեցու շինարարության
համար հավաքված գումարի կեսը նվիրել է Դրամփյանների ընտանիքը այն բանից հետո, երբ Դրմփոնց
աղան խոստացել է, որ կկրկնապատկի այն գումարը, որը կհավաքվի ամբողջ քաղաքի բնակիչների
ջանքերով: Շինարարությունը իրականցրել են Թադևոս Կարապետյանը (Անտիկյանց, Անտիկենց
Թաթոս) և Պապիկ Կարապետյանը (Բարտաշոյանց)` Արդար Մանուկի (Պետրոսյանց) ղեկավարությամբ:
Անտիկենց Թաթոսի գերեզմանաքարին գրված է,
որ այդտեղ հանգչում է Ամենասուրբ եկեղեցու կառուցողը, իսկ Արդար Մանուկի գերեզմանաքարին
եղել է հետևյալ մակագրությունը` «Ես եմ ծառայ Ածոյ, ճարտարապետ, եկեղեցիքը
շինողն և խչքալները զարդարող վարպետ Մանուկ Պետրոսյանց վ. 1909թ. նոյեմբ. 15-ին»: Եկեղեցին
օծվել է Գևորգ 4-րդ Ամենայն Հայոց կաթողիկոսի կողմից: Հետագայում (1892թ.) դրված փառահեղ խաչը եկեղեցուն նվիրել են
Գորոյանները:[5] Աղբյուրներում
պահպանվել են Ամենափրկիչը կառուցող վարպետների մի քանի անուններ ևս` Ուստա Պապո, Հեփոյենց
Սահակ, Ավետիք Անտիկյան:[6] Վերջինս կառուցել է եկեղեցու
փոքր գավիթը: Եկեղեցին օծվել է Գևորգ 4-րդ Ամենայն Հայոց կաթողիկոսի
կողմից: Հետագայում (1892թ.) դրված փառահեղ խաչը եկեղեցուն նվիրել են
Գորոյանները:
Ամենափրկիչի հատակագիծը |
Ժամանակակիցները պատմել են, թե ինչպես է ուստա
Թաթոսը երեկոները կառքով գնացել Անի, նայել Մայր տաճարի կառուցվածքին և առավոտյան հետ
վերադառնալով` շարունակել Ամենափրկիչի շինարարությունը: Ասում են, Ամենափրկիչը ժամանակին եղել է ոչ միայն Ալեքսանդրապոլի, այլև ողջ Հայաստանի ամենաբարձր եկեղեցին:[7] Ուշադրության
են արժանի եկեղեցու ճարտարապետական-գեղարվեստական այն արտահայտչամիջոցները, որոնք վերցված
են Անիի Մայր տաճարից: Սրանցից առաջնայինը և աչքի ընկնողը կլոր լուսամուտները եզրափակող
վերնասլաց որմնակամարաշարերն են: Նմանօրինակ գեղարվեստական լուծում ունեն նաև Մարմաշենի
գլխավոր եկեղեցու պատերը: Սբ. Ամենափրկիչը գմբեթավոր բազիլիկ տիպի շինություն է: Այսպիսին
են Գյումրու գրեթե բոլոր եկեղեցիները: Աղոթասրահում դրված սյուները եկեղեցու ներքին
տարածությունը բաժանում են երեք մասի: Ամենափրկչի սև և կարմիր տուֆի համադրությամբ
շարված պատերը մշակված են բազմաթիվ հարթաքանդակներով, որոնք պատկերում են հատվածներ
Աստվածաշնչից: Զանգակատան կարմիր և սև քարերով հավաքված հարթ առաստաղը ալեքպոլցի վարպետների
կողմից կիրառված հետաքրքիր ճարտարապետական լուծումների օրինակ է: Եկեղեցում կիրառելուց
առաջ այս տիպի կոնստրուկցիայով Թադևոս Անտիկյանը ծածկել էր իր տան նկուղային սենյակներից
մեկը (տունը չի պահպանվել, բայց հնաբնակները հիշում են այն որպես «նավթի պադվըլի տուն»): Եկեղեցու ներքին պատերը և առաստաղը սվաղված էին հատուկ շաղախով,
որտեղ կրից բացի օգտագործված էր ուղտի բուրդ: 1882թ. Ձիթողցյանների միջոցներով հյուսիսային
ճակատին կից կառուցվել է փոքրիկ գավիթ: Եկեղեցին ունի այս տիպի կառույցներում հազվագյուտ
հանդիպող նկուղային հարկ:[8]
Ամենափրկիչը այժմ |
1988թ. աղետը եկեղեցուց թողնում է
միայն մեկ պատը: Երկրաշարժից հետո եկեղեցու վերակառուցման նախագիծը մշակել են ճարտարապետ Ռաֆայել
Եղոյանը և կոնստրուկտոր Հովհաննես Մեյրոյանը: Շուրջ 25 տարի անց Ամենափրկիչը կրկին ունի իր նախաերկրաշարժյան
տեսքը: Այն վեր է հառնում քաղաքի կենտրոնական հրապարակի տարածքում` գերակա դիրք գրավելով
քաղաքի ողջ տեսլականում:
[1] Գյումրի. Քաղաքը և մարդիկ. «Տիգրան Մեծ» հրատարակչություն, 2009թ., էջ 170-171:
[2] «Մշակ», 1872, №37, էջ 3:
[3] «Ճարտարապետություն
և շինարարություն» ամսագիր. #2 ապրիլ
2006, էջ 27:
[4] http://lraber.asj-oa.am/3202/1/69.pdf. Ս. Ղ.
Մաթևոսյան-«Լենինականի հատակագծումը և կառուցապատումը
XVIII-XIX դդ»., Լրաբեր հասարակական գիտությունների,
N 10, 1972թ., էջ 75:
[5] Գյումրի. Քաղաքը և մարդիկ. «Տիգրան Մեծ» հրատարակչություն,
2009թ., էջ 170:
[6] Նույն տեղում, էջ 286:
[7] http://virtualani.org/gyumri/. Surp Amenaprkich (Church of the Holy Saviour of
All) in Gyumri /Leninakan/Alexandropol. վերցված է 2014թ., փետրվարի 18:
[8] Գյումրի. Քաղաքը և մարդիկ. «Տիգրան Մեծ» հրատարակչություն, 2009թ., էջ 171:
Գոհար Նավասարդյան
հատված դիպլոմային աշխատանքից
թեմա` «Գյումրի քաղաքի հայկական եկեղեցիների ճարտարապետությունը»
հատված դիպլոմային աշխատանքից
թեմա` «Գյումրի քաղաքի հայկական եկեղեցիների ճարտարապետությունը»