понедельник, 5 августа 2013 г.

Ալբեր Քամյու...Ժանտախտը


Երջանկությունը գալիս էր մի ամբողջ ընթացքով, իրագործումը ավելի արագ էր գալիս, քան սպասումը:

Ամբողջ աշխարհը ենթադրելուց բացի ուրիշ ոչինչ չի անում:

Ինձ նման մարդկանց համար մահը դատարկ բան է: Պարզապես մի երևույթ, որ ապացուցում է մեր իրավացիությունը:

 Բախտը մի դաշնակից է, որի վրա հույս դնել չի կարելի:

Ժանտախտը բոլորից վերցրել էր սիրո, նույնիսկ բարեկամության ամբողջ կարողությունը: Որովհետև սերը մի քիչ ապագա է պահանջում, իսկ մեզ մնացել էին միայն հաշվված վայրկյաններ...

Եվ ժանտախտի բարձրագույն օրենքով ամեն մարդ, բանտապետից մինչև վերջին բանտարկյալը, դատապարտված էր, և գուցե առաջին անգամ բանտում տիրում էր բացարձակ արդարություն

 Ես երբ նրան ասացի, որ մարդկանցից չբաժանվելու միակ ձևը, ի վերջո, մաքուր խիղճ ունենալն է, նա ինձ չարությամբ նայեց և ասաց. «– Այդ դեպքում ոչ ոք երբեք մյուսի հետ չէ»: Հետո ավելացրեց. «– Դուք կարող եք մտածել՝ ինչպես ցանկանում եք, բայց լսեցեք իմ կարծիքը, մարդկանց միասին պահելու միակ ձևը նրանց ժանտախտ ուղարկելն է: Նայեցեք ձեր շուրջը...

Մարդը ընդունակ չէ տառապելու կամ երկար ժամանակ երջանիկ լինելու: Հետևաբար նա ընդունակ չէ  որևէ բանի, որ արժեքավոր է:   

Հասկանալի է, որ միշտ հնարավոր է աչքերը փակել և չտեսնել ճշմարտությունը, մերժել այն: Ճշմարտությունը սարսափելի ուժ ունի և ի վերջո հաղթում է ամեն ինչ:

Մարդիկ կարիք ունեն օրինակների և բնորդների, որոնց հերոսներ են կոչում, և անպայման անհրաժեշտ է , որ որևէ մեկը լինի այդ պատմության հերոսը , պատմիչը առաջարկում է այդ աննշան և չերևացող մարդուն, որ սրտում բարություն ուներ և ակնհայտորեն ծիծաղելի մի իդեալ:

Աշխարհում գոյություն ունեցող չարը համարյա միշտ տգիտության ծնունդ է , և բարի կամեցողությունը կարող է նույնքան գործել, որքան չարությունը, եթե լուսավորված , գիտակցված չէ: Մարդիկ ավելի շուտ բարի են, քան չար, և իրականության մեջ հարցը դա չէ: Բայց մարդիկ առավել կամ նվազ չափով այդ չեն գիտակցում և հենց դա էլ նրանք անվանում են առաքելություն կամ մոլություն: Ամենահուսահատականը տգիտության մոլությունն է, որը կարծում է ամեն ինչ գիտե և թույլ է տալիս սպանել:
 
Ինչ-որ իմաստով նա այն զգացումն ուներ, որ ժանտախտը շատ բիրտ ձևով էր վերջացել, և նա իր նախկին պատրաստամտությունը չուներ: Երջանկությունը գալիս էր ամբողջ ընթացքով, իրագործումը ավելի արագ էր գալիս, քան սպասումը: Ռամբերը հասկանում էր,որ ամեն ինչ իրեն վերադարձվում էր միանգամից, և որ խինդը մի այրվածք էր, որ ըմբոշխնել չի լինում:
 Սովորական ժամանակ մենք բոլորս ընդունում ենք, գիտակցաբար կամ ոչ, որ ոչ մի սեր էլ չկա, որ ավելի լավ է չլինի, սակայն առավել կամ նվազ հեշտությամբ հաշտվում ենք այն մտքի հետ, որ մեր սերը միջակ է եղել:  
  
Անհանգիստ սրտի միակ ցանկությունը անվախճանորեն ունենալն է այն էակին, որին սիրում է, իսկ երբ դա անհնար է բացակայության պատճառով` աներազ քնի մեջ խորասուզվել կարողանալը այդ էակի խորքում, այդ վիճակը կարող է վախճան ունենալ լոկ այն օրը, երբ նրանք նորից հանդիպեն:

Ժանտախտի սկզբում նրանք շատ լավ հիշում էին իրենց կորցրած էակին և ափսոսում էին: Բայց եթե հստակորեն հիշում էին սիրված դեմքը, նրա ծիծաղը, այն օրը, որը համարում էին իրենց երջանկության օրը, դժվարությամբ էին պատկերացնում, թե ի՞նչ էր անում մյուսը, ճիշտ այդ ժամին, երբ հիշում էին իրեն, և այն վայրերում, ուր այլևս այնքան հեռու էին: Ի վերջո, այդ պահին նրանք հիշողություն ունեին, բայց անբավարար երևակայություն: Ժանտախտի երկրորդ շրջանում նրանք կորցրին նաև հիշողությունը

Եվ այդ բոլորի վերջում հասկանում էին , որ ոչ ոք կարողություն չուներ իսկապես մտածել որևէ մեկի մասին, նույնիսկ եթե նա ամենածանր դժբախտության մեջ լիներ: Որովհետև, իսկապես մտածել որևէ մեկի մասին, նշանակում էր մտածել րոպե առ րոպե , առանց ուրիշ մտքով ցրվելու, ոչ տնտեսության խնամքով, ոչ թռչող ճանճով, ոչ նախաճաշով, ոչ սաստիկ ցանկությամբ: Բայց ճանճերն ու ցանկությունները միշտ գոյություն ունեն: Ահա թե ինչու կյանքը դժվար էր ապրել:

Սակայն ի՞նչ տեսք ունեին այդ բաժանվածները...
նման էին բոլորին, մի շատ ընդհանուր տեսք ունեին: Նրանք կորցրել էին սիրո եսասիրության այն առավելությունը, որ դրանից ստանում էին: Այժմ վիճակը պարզ էր, աղետը բոլորին էր վերաբերում....

Ուրիշ բան չկար, բացի անապագա համբերությունից և համառ սպասումից...

Առանց սիրո այս աշխարհը նման էր մեռած աշխարհի և միշտ գալիս է մի ժամ, երբ մարդիկ հոգնում են բանտից` աշխատանքից և քաջությունից պահանջելու համար մի էակի դեմքը և քնքշությունից սքանչացած սիրտը:

Աշխարհում ոչ մի բան չարժե, որպեսզի մարդ իր սիրածից հեռանա: Սակայն ես էլ եմ հեռանում, առանց իմանալ կարողանալու, թե ինչու....

Առաջին շրջանում իրարից բաժանվածները իսկապես դժբախտ չէին, նրանց դժբախտության մեջ կար մի լույս, որ հետզհետե մարում էր: Այժմ նրանց կարելի էր տեսնել փողոցների անկյուններում, սրճարաններում կամ բարեկամների մոտ, հեզ ու ցրված, այնպիսի ձանձրացած հայացքով, որ նրանց պատճառով ամբողջ քաղաքը նմանվել էր մի սպասասրահի:

 ...նրանք մտել էին ժանտախտի կարգուկանոնի մեջ, որն այնքան ավելի էր ազդեցիկ, որքան մարդու կարողությունները միջակ էին: Այլևս ոչ ոք մեծ զգացումներ չուներ մեզ մոտ: Բոլորը միատեսակ զգացումներ ունեին: «– Ժամանակն է, որ սա վերջանա»: 

Ժանտախտի ուշ շրջանում մարդիկ ունեին միայն ընդհանուր գաղափարներ, նույնիսկ իրենց սերը ստացել էր ամենավերացական ձևը: Նրանք այնպես էին իրենց հանձնել ժանտախտին, որ միայն քնելու հույսն էին ունենում, և զարմանում էին, որ մտածում են. «– Ուռուցքները, երանի վարակվեի և ամեն ինչ վերջանար»: 

Այս ինքնամոռաց զույգերը, շատ կիպ գրկված և խոսքի ծարավ, ժխորի մեջ հաստատում էին, երջանկության ամբողջ հաղթանակով և անարդարությամբ, որ ժանտախտը ավարտված էր, և սարսափի ժամանակը՝ անցած: