четверг, 1 августа 2013 г.

Հեսսեի գրվածքներից....


Եթե կավիճով հատակի վրա գիծ քաշես և փորձես ճշգրտությամբ քայլել այս գծի երկայնքով, ապա դժվար չի լինի համոզվել, որ դա գրեթե նույնչափ դժվար է, ինչպես եթե փորձես տեղաշարժվել բարակ ճոպանի վրա: Սակայն այդ կավճե հետագծի վրայով քայլելիս դու քեզ շատ հանգիստ ես զգում ու ապահով, որովհետև այստեղ վտանգի կամ ռիսկի խնդիր չկա, բայց եթե փորձես պատկերացնել, որ քո առջև պարզապես կավիճով քաշված գիծ է, իսկ հատակը լցված է օդով, այնժամ դու կքայլես ցանկացած ճոպանի վրայով:

Մենք փորձում ենք ապրել նրանով, ինչ ինքն է մեր ներսից դուրս ձգտում:
  
Այն մարդիկ, որոնց կյանքը չափազանց անհանգիստ է, իրենց երջանկության հազվադեպ ակնթարթների մեջ երբեմն այնպիսի ուժ ու անասանելի գեղեցկություն են զգում, երջանկության փրփուրը երբեմն տառապանքի ծովից այնպիսի կուրացուցիչ բարձրության է հասնում, որ այդ կարճատև բռնկման լույսը հասնում է նաև մնացած բոլոր մարդկանց ու կախարդում նրանց:

Ես ցանկանում էի լոկ այն փորձել ապրել, ինչը ինքնաբերաբար իմ միջից դուրս գալ էր  ուզում: Ինչո՞ւ էր դա այդչափ դժվար:

Մի՞թե ողջ տառապանք ասվածը ժամանակի մեջ գոյություն չի ունեցել, մի՞թե բոլոր հոգեկան կտտանքներն ու տագնապները ժամանակի մեջ չէին ամփոփված, և արդյոք աշխարհիս երեսին գոյություն ունեցող ողջ ծանրությունը, ողջ թշնամանքը չէ՞ր չքանում, հենց որ մարդս հաղթահարում էր ժամանակը, հենց որ նա մտքով վանում էր ժամանակը:

Հեսսեի արձանը Գերմանիայում
Զարմանալի է, ինչ ասես, որ չի կարող կուլ տալ մարդը: Մոտ տասը րոպե ես ինչ-որ թերթ էի կարդում՝ աչքերիս միջով դեպի իմ ներսը ներարկելով մտքերն անպատասխանատու մեկի, որ հաճույքով իր բերանում ծամում էր ուրիշի բառերը և դուրս տալիս՝ չմարսելով դրանք...
 
Յուրաքանչյուր մեղք արդեն իսկ իր մեջ կրում է շնորհ ու ողորմածություն, յուրաքանչյուր փոքրիկ երեխայի մեջ արդեն իսկ ապրում է ալևորը, բոլոր նորածինները իրենց մեջ մահն են կրում, և բոլոր մահացողները` հավերժական կյանքը:

Որպեսզի կործանում կամ բարձրացում լինի, դրա համար պետք է վերև և ներքև գոյություն ունենա: Բայց տիեզերքում վերև ու ներքև չկա, այն գոյություն ունի միայն մարդուս ուղեղում՝ պատրանքի ու մոլորության այդ հայրենիքում: Բոլոր հակադրությունները մոլորություններ են. սպիտակը և սևը մոլորություն է, մահվան և կյանքի հակադրությունը մոլորություն է, բարին և չարը նույնպես մոլորություն է: Դա մեկ րոպեի գործ է, ընդամենը մի պայծառատեսության րոպեի գործ, բավական է ատամները կրճտացնել, որպեսզի մարդս հաղթահարի մոլորությունների տիրապետությունը:

Այն, որ ես ձեզ սիրում եմ, կյարող եք ուշադրություն չդարձնել: Սիրված լինելը մի մեծ երջանկություն չէ: Յուրաքանչյուր ոք միմիայն ինքն իրեն է սիրում, և սակայն, այդ չիմանալով, հազարները տանջվում են իրենց ողջ կյանքի ընթացքում: Ոչ, սիրված լինելը բոլորովին էլ երջանկություն չէ: Սիրելը՝ ահա թե որն է իսկական երջանկությունը...

Յուրաքանչյուր մարդու կյանքը մի ճանապարհ է՝ ինքն իրեն ուղղված, ճանապարհի մի փորձ, մի թելի մատնանշում: Ոչ ոք երբեք էլ հենց միայն ինքը չի եղել, յուրաքանչյուրը, սակայն ձգտում է այնպիսին դառնալ՝ անզգա ու բութ կամ լուսավոր մեկը, յուրաքանչյուր ոք՝ ով ինչպես կարող է: ...Մենք կարող ենք իրար հասկանալ, սակայն մեկնել, ցուցանել յուրաքանչյուրս կարող ենք միայն ինքներս մեզ:

Ժամանակ հասկացությունը, որպես այդպիսին գոյություն չունի.. Այն միակ բանը, որ ժամանակային սահման է դնում ծերության և երիտասարդության միջև, Բաբելոնի և Բեռլինի, բարու և չարի, տալու և վերցնելու միջև, այն, որ աշխարհը լցնում է տարբերություններով, արժեքավորում գնահատականներով, տառապանքով, վիճաբանություններով ու պատերազմով, մարդկային միտքն է, երիտասարդ հախուռն և դաժան մարդկային բանականությունը…