вторник, 13 августа 2013 г.

Հայկական ճարտարապետական տաճարային տիպերը

Հայաստանի մեզ հասած հնագույն եկեղեցիները միանավ դահլիճներ են և, ավելի սակավ, եռանավ բազիլիկներ: IV–VI դդ. տարածված միանավ եկեղեցիների (Լեռնակերտի, Թուղի, Ագարակի, Շենիկի, Կարենիսի վանքի) մեծ մասի խորանը ներգծված է շենքի արտաքին պատերի ուղղանկյուն պարագծի մեջ, սակայն կան նաև ընդհանուր ծավալից դուրս եկող, արտաքուստ կիսաշրջանաձև կամ բազմանիստ խորանով եկեղեցիներ (Լուսակերտի, Ջարջառիսի, Ոսկեվազի, Փարպիի, Բայբուրդի): IV դ. վերջին եկեղեցիների խորանի մեկ կողքին կամ երկու կողքերին կառուցվել են սենյակներ` եկեղեցում քահանայի բնակվելու վերաբերյալ կաթողիկոս Սահակ Ա Պարթևի կանոններին համապատասխան: IV–VI դդ. միանավ եկեղեցիների առանձին ենթատիպն են արտաքին սրահ ունեցողները: Արլ. Պատում հաճախ փոքրիկ խորանով այդ սրահները նախատեսվել են դեռ չմկրտվածների և ապաշխարողների համար (Գառնի, Թանահատի վանք, Կուրթան, Վարդաբլուր):
Թանահատի եկեղեցին
 Վաղ միջնադարում Եկեղեցական ճարտարապետությյան մեջ եռանավ բազիլիկները տարածում չեն ստացել. այդ ժամանակաշրջանից հայտնի են միայն յոթ այդ տիպի եկեղեցիներ (ընդ որում VI դարից մինչև XVII դ. բազիլիկներ այլևս չեն կառուցվել): Դրանք բոլորն էլ պատկանում են, այսպես կոչված, «արևմտյան» տիպին. միջին նավը բարձր է կողայիններից և ունի առանձին ծածկ: Եռանավ բազիլիկները, չնայած փոքրաթվությանը, ունեն բազմապիսի ճարտարապետական լուծումներ: Որոշ միանավ ու եռանավ եկեղեցիներ նախապես ունեցել են փայտե ծածկ, որը VI–VII դդ. փոխարինվել է թաղով: Հայաստանի վաղքրիստոնեական Եկեղեցական ճարտարապետությյան մեջ հստակ նկատվում է նրա զարգացման հիմնական գիծը` գմբեթավոր, հիմնականում` կենտրոնագմբեթ եկեղեցիների կառուցումը: Ճարտարապետական այս հորինվածքն ունի տեղական արմատներ` քարե գմբեթների ակունքները բխում են հայկական ժողովրդական բնակելի տների երդիկով, փայտե գմբեթով ծածկերից (Ք.ծ.ա. V դ. այն նկարագրել է հույն պատմագիր Քսենոփոնը): Հայաստանի հնագույն գմբեթավոր եկեղեցին Էջմիածնի Մայր տաճարն է` ողջ քրիստոնեական Եկեղեցական ճարտարապետության մեջ հանգուցային մի կառույց, որի հորինվածքը հետագայում տարածվել է նաև Եվրոպայում:
 
Էջմիածնի Մայր տաճարը

 Ըստ պատմիչ Ստեփանոս արք. Օրբելյանի նկարագրության` Մեծ Հայքի Սյունիք նահանգի կենտրոն Շաղատի եկեղեցին (IV դ.) եղել է խորանարդաձև գմբեթով, ուղղանկյուն խորաններով խաչաձև կառույց: Հայաստանում եկեղեցական շենքի խաչաձևությունը` քրիստոնեական կրոնի խորհրդանիշը, առավել հստակ արտահայտվել է «ազատ խաչ» տիպի գմբեթավոր եկեղեցիներում, որոնք ստորաբաժանվում են երեք ենթատիպի` քառախորան, եռախորան և միախորան (միայն արլ. կողմում): Դրանց լավագույն օրինակներն են VII դարից անփոփոխ պահպանված` Աշտարակի Կարմրավոր Ս. Աստվածածին եկեղեցին և վերձիգ համաչափություններով Լմբատավանքի Ս. Ստեփանոս եկեղեցին: Ներսից և դրսից խաչաձև հորինվածքի զարգացման հաջորդ փուլն է ներկայացնում Մաստարայի Ս. Հովհաննես եկեղեցին, որի գմբեթատակ տարածությունը զգալի ընդարձակվել է: Այս տիպին են պատկանում նաև VII դ. Ոսկեպարի Ս. Աստվածածին, Արթիկի Ս. Գևորգ և Հառիճավանքի Ս. Գրիգոր եկեղեցիները: Հայաստանում եկեղեցական շենքի կենտրոնագմբեթ համակարգը VI դ. նոր ուղղություն է ստացել` միջանկյալ խորշերով և անկյունային սենյակներով քառախորանի ձևով, որի ամենավաղ թվագրված օրինակը Ավանի կաթողիկոսության Ս. Հովհաննես եկեղեցին է (VI դ.վերջ):
Ավանի Մայր տաճարի հատակագիծը
  Կոմիտաս Ա Աղցեցի կաթողիկոսը այս հորինվածքն առավել կատարյալ կիրառել է հայկական ճարտաչապետության գլուխգործոց` Էջմիածնի Ս. Հռիփսիմե վանքի եկեղեցում: Նույն տիպին են պատկանում Սիսիանի Ս. Հովհաննես եկեղեցին, Արծվաբերի Ս. Աստվածածին վանքը, Զորադիրի Ս. Էջմիածին եկեղեցին, Արամուսի Ծիրանավոր, Գառնհովտի Ս. Գևորգ եկեղեցիները: VI–VII դդ. հայկական կենտրոնագմբեթ եկեղեցիների մեկ այլ տարբերակն են բազմախորանները, որոնց թվում են Արագածի Գրիգորաշեն, Եղվարդի Ս. Թեոդորոս վանքի և Իրինդի Ս. Աստվածածին եկեղեցիները: Շրջանի մեջ ներգծված քառախորանի յուրօրինակ հորինվածք է մարմնավորել Ներսես Գ Տայեցի կաթողիկոսի կառուցած Զվարթնոց տաճարը
 
Զվարթնոց

 Այն ունեցել է եկեղեցական շենքի նոր` եռայարուս ծավալային լուծում և VII դ. Հայկական Եկեղեցական ճարտարապետության մեծ նվաճումն է: Կենտրոնագմբեթ եկեղեցիների` Հայաստանում ստեղծված և կիրառված տիպերի նման բազմազանությունը, գմբեթատակ տարածության շուրջը ինտերիերի միավորման ձգտումը VII դ. հայկական Եկեղեցական ճարտարապետության բնորոշ գծերն են, որոնք նրան առանձնացնում են քրիստոնեական աշխարհի մյուս ճարտարապետական դպրոցներից:

Օձունի Ս. Աստվածածին եկեղեցին
Հայաստանում վաղ միջնադարում կենտրոնագմբեթներից բացի կառուցվել են նաև երկայնական` բազիլիկատիպ եկեղեցիներ: Քառամույթ գմբեթավոր բազիլիկ են Տեկորի Ս. Սարգիս վկայարանը, Օձունի Ս. Աստվածածին եկեղեցին, Էջմիածնի Ս. Գայանե վանքի եկեղեցին, Բագավանի Ս. Հովհաննես վանքը, Մրենի Կաթողիկե եկեղեցին: Հայաստանում VII դ. մշակվել է խաչաձև, եռախորան գմբեթավոր բազիլիկի տիպը, որին պատկանում են Դվինի Կաթողիկե Ս. Գրիգոր եկեղեցին (վերակառուցումից հետո) և Թալինի Կաթողիկեն: Սակայն գմբեթավոր բազիլիկների ներսի մասնատումը առանձին կանգնած մույթերով նպատակահարմար չէր ծիսակատարության ժամանակ բեմի առջև աղոթասրահի միասնական տարածություն ունենալու առումով: Միաժամանակ, առանձին կանգնած մույթերը կամ սյուները շենքի թույլ տարրերն են երկրաշարժերի ժամանակ, և վաղ միջնադարում հայ ճարտարապետները հաղթահարել են երկայնական, բազիլիկ եկեղեցական շենքերի այդ թերությունը` ստեղծելով միանգամայն նոր` առանց միջանկյալ հենարանների «գմբեթավոր դահլիճ» տիպը: VII դ. այդ տիպի լավագույն կառույցներն են Պտղնավանքը և Արուճի Ս. Գրիգոր եկեղեցին, որոնց գմբեթները հենվում են երկայնական պատերին կից երկու զույգ հզոր որմնամույթերի վրա
 
Արուճի եկեղեցին

 IVVII դդ. հայ ճարտարապետները եկեղեցիներ կառուցելիս հիմնականում ուշադրություն են դարձրել արտաքին ճակատներին: Հարդարանքի տարրերով շեշտվել են. շքամուտքերով` դռները, հոնքաձև քանդակազարդ շրջանակներով` լուսամուտները, նախապես ատամնավոր, ապա կիսակամարիկներով գոտիներով` քիվերը: Ներսի պատերը սրբատաշ քարերից են և մեծ մասամբ` առանց որմնանկարների: Բազմաթիվ լայն պատուհաններով եկեղեցիների ներսը ողողվում է լույսով: Գմբեթների թմբուկներն արտաքուստ բազմանիստ են, գմբեթատակ քառակուսուց գմբեթին անցումը մինչև VII դ. սկիզբը իրականացվել է տրոմպներով, հետո` առագաստներով: Ըստ V դարից գործող հայկական եկեղեցական կանոնի` կառուցվելիք եկեղեցու ձևը հաստատել է եպիսկոպոսը: Հովհաննես Ա Մանդակունի կաթողիկոսի կանոններով եկեղեցու հատակագիծը գծվել է գետնին, 12 առաքյալներին խորհրդանշող 12 քարերով նշվել են եկեղեցու անկյունները, աբսիդը, մույթերը, մուտքերը, և քարերն օծվելուց հետո սկսվել է շինարարությունը: Վաղ միջնադարից մինչև XIV դ. եկեղեցիների նախագծումն իրականացվել է քարե մանրակերտներով
 
Պտղնավանքի ավերակները

 Շինարարությունն ավարտվելուց հետո եկեղեցին օծվել է և անվանակոչվել: Միջնադարում Հայաստանի եկեղեցիների մեծ մասը կոչվել է Աստվածածնի, ապա` Գրիգոր Լուսավորչի, ս. Հովհաննեսի, ս. Գևորգի, ս. Ստեփանոսի և այլ սրբերի անուններով: VII դ. ավարտվել է եկեղեցական ճարտարապետության հայկական դպրոցի ձևավորումը, որին նպաստել է նաև VI դ. հայ և բյուզանդական եկեղեցիների խզումը: IVVI դդ. հայկական եկեղեցական ճարտարապետությունը շատ ընդհանուր գծեր ունի հարևան քրիստոնյա երկրների ճարտարապետության հետ, բայց VII դարից այն դարձել է միանգամայն ինքնատիպ: Հայաստանում եկեղեցական շենքերի նոր ձևերը հայկական Եկեղեցական ճարտարապետության խոշոր ավանդն են ողջ քրիստոնեական ճարտարապետության մեջ:

Լուսինե Բադալյան
ԵԳՊԱ արվեստաբանության բաժին, 2-րդ կուրս