Լևիտանի նկարները նրա
հոգևոր երգերն են` ներկերով կտավին պատկերված…
Վ. Ե. Սիզով
Ես կարող եմ պատկանել
միայն իմ անհանգիստ մուսային. մնացյալը` ունայնություն ունայնությանց…
Իս. Լևիտան
Ռուսական բնանկարի ժանրի մեջ կարևոր ներդրում ունի Իսահակ Իլյիչ Լևիտանը: Նա
ծնվել է հրեական աղքատ ընտանիքում, մանուկ հասակում որբացել և ապրել առանց մշտական
տանիքի: Սակայն, անհաջող դասավորված անձնական կյանքին հակառակ, Լևիտանը շատ տաղանդավոր
էր: Նա սովորել է Մոսկվայի նկարչական դպրոցում, եղել է Սավրասովի սիրելի աշակերտը:
1919թ. աշակերտական ցուցահանդեսի
ժամանակ Տրետյակովը գնում է 19-ամյա Լևիտանի նկարներից մեկը: Դա ‹‹Աշնանային օր.
Սոկոլնիկի›› կտավն էր, որը մեծ ճանաչում է բերում ապագա նկարչին: Ռուս նկարիչները
սիրում էին հեռուն վազող արահետի մոտիվը: Սա հանդիպում է Շիշկինի, Սավրասովի,
Վաիլևի մոտ: Լևիտանն իր կտավում պատկերել էր այգու նեղ արահետ` ծածկված դեղին
տերևներով: Արահետի վրա պատկերված է մի սևազգեստ կին, որն ամբողջովին արտահայտում
է աշնան ամպամած օրվա մռայլությունն ու թախիծը:
Ասում են` Սավրասովը քննադատել է այս ստեղծագործությունը` կնոջ ֆիգուրի
համար ասելով հետևյալը` ‹‹Բնությունն ինքն իրենով պետք է տրամադրություն հաղորդի,
ոչ թե ֆիգուրի միջոցով››: Սավրասովի դասարանից հեռանալուց հետո Լևիտանը մտերմանում
է Պոլենովի հետ: Նա վերջինիցս շատ բան է սովորում և իր շատ
ստեղծագործություններում միանգամից զգացվում է Պոլենովի ազդեցությունը:
Աշնանային օր. Սոկոլնիկի |
Հետաքրքիր են Լևիտանի նկարների թեմաները: Նա նկարում էր Մաոսկվայի մոտ
գտնվող տարածքները, նույնիսկ այն, ինչը ոչ
ոքի համար նկատելի չէր: Նա ամեն ինչի մեջ տեսնում էր յուրահատուկ գեղեցկություն:
‹‹Բնությունը պետք չէ կրկնօրինակել, բայց պետք է զգալ այն ու ազատել
պատահականություններից,-ասում էր նկարիչը
և հավելում,-սայլ ես տեսնում, սայլ նկարիր, կով ես տեսնում, նկարիր այնպես, ինչպես
տեսնում ես, աշխատիր փոխանցել այն, ինչ զգում ես, այն տրամադրությունը, որն
ունենում ես բնության այս կամ այն պատկերը տեսնելիս››: Լևիտանի նկարներում կարող
ենք տեսնել թե’ հասարակ կամուրջներ, թե’ փոշոտ ճանապարներ, թե’ ոսկեզօծ սոճիներ:
Նկարիչը խորը համոզմունք ուներ, որ չկա ավելի լավ երկիր, քան Ռուսաստանը: Նա տարվա
եղանակներից սիրում էր հատկապես գարունը: ‹‹Պատկերացնում եմ, թե ինչ հրաշք է այժմ
մեզ մոտ` Ռուսաստանում, գետերը վարարել են, ամեն ինչ վերակենդանանում է…Չկա ավելի
լավ երիկիր, քան Ռուսաստանն է: Միայն Ռուսաստանում կարող է լինել իսկական
բնանկարիչ››,-գրել է Լևիտանը իր հուշերում:
Լևիտանի բեղուն ստեղծագործական շրջանը սկսվում է Վոլգայից: Մինչ այս
նկարիչը Վոլգան իր զգալի ազդեցությունն էր թողել նար Ռեպինի, Սավրասովի ու Վասիլևի
ստեղծագործությունների վրա: Ուրույն մի
դպրոց էլ մայր գետը հանդիսանում է Իսահակի համար: Նա շատ անգամներ է նկարել
Վոլգան, բայց յուրաքանչյուր կտավ ստացվել է տարբեր: Գետը պատկերող բնանակրներից են
‹‹Երեկոն››, ‹‹Անձրևից հետո››, ‹‹Թարմ քամի›› ստեղծագործությունները: Նկարները
դինամիկ են, պատկերված ալիքներն ասես շարժվում են: Լողացող նավակները ևս շարժում
են ընդգծում:
Մարտ |
Ստեղծագործություններից առանձնանում է ‹‹Ոսկե աշունը›› /1895թ./: Նկարիչը
պատկերել է անհատակ երկինք, որն ակամայից հանգստություն է հաղորդում, կապույտ
գետակ, վառ դեղին սաղարթներով ծառեր: Սակայ, միևնույն ժամանակ, Լևիտանը մեզ
պարտադրում է սիրել նաև ուշ աշունը: Համանուն կտավում /1894թ./ չորացած անտառ է`
սոճիների կատարներին մնացած ոսկեգույն տերևներով, մռայլ ամպերով, մարգագետնի թաց
տերևներով:
Լևիտանի պատկերած գարունները միշտ ուրախություն են բերում, ուժերի զարթոնք,
հոգու խաղաղություն ու հավերժ հանգիստ: ‹‹Մարտ›› բնանկարում ասես լսվում է հալվող
ձյան կաթիլների ձայնը: Ձյան ծանրությունից կիսով չափ ազատված տանիքներն ու ծառերը,
բակի հալոցքն ու տեղ-տեղ մնացած ձյան հետքերը ավետում են գարնան գալուստը: ‹‹Մեծ
ջուր›› /1897թ./ և ‹‹Վաղ գարուն››
նկարներում ծառերի, երկնքի, տոնային նուրբ անցումների միջոցով տաղանդավոր նկարիչը ցույց է տալիս
ձմռան հեռանալը:
Մեծ ջուր |
Իր ստեղծագործություններից մի քանիսը Լևիտանն անավարտ է թողել: Ինչպես իր
հուշերում է գրել, նկարը ավարտելը երբեմն շատ դժվար է: Վախենում ես այն փչացնել
ընդամենը մեկ վրձնահարվածով: Պետք է արագ աշխատել, բայց ոչ շտապելով…
Լևիտանն ուներ գունային հզոր ընկալում: Նա աշխատում էր առանց վախենալու,
բաց ու պինդ քսվածքներով, գույների համադրումով: Մի գույնից անցումը մյուսին
իրականացնում էր այնքան մեղմ, որ նկարի և ոչ մի անկյուն գույնով աչքի չէր ընկնում:
Իզուր չէր, որ իր ժամանակակից մեկին` Ժուկովսկուն Լևիտանն ասել էր, որ բնության
մեջ գույներ չկան, կան միայն տոներ…Բացի գունային ու տոնային անցումներից Լևիտանը
մեծ ուշադրություն էր դարձնում նաև նյութերին ու տեխնիկային: Ոչ մի նյութ, ըստ այս
նկարչի, այնքան խորություն չի կարող
հաղորդել սպիտակ քսվածքին, որքան պաստելը /‹‹Անտառի արահետի մարգագետինը››/, ոչ մի
նյութ այնքան շնչող չէ, որքան ջրաներկը /‹‹Մառախուղ››/:
Վլադիմիրկա |
Լևիտանի գլուխգործոցներից է հանդիսանում ‹‹Հավերժական հանգիստ›› /1894թ./ կտավը, որը միանգամից հռչակ վայելեց ու ձեռք բերեց մեծ ճանաչում:
Հենց ինքը` նկարիչը, այս
ստեղծագործությանը մեծ տեղ էր տալիս: Նա անչափ ուրախացավ, երբ Տրետյակովը
գնեց իրենից նկարը: Այդ կապակցությամբ բնանկարիչն ասել է. ‹‹Իմ նկարներից ձեզ մոտ
շատ կան, բայց ահա այս մեկն իր մեջ ինձ է պարունակում, իմ ներաշխարհն ու
բնավորությունը››: Այս նկարի վրա Լևիտանը շատ է աշխատել: Նա բլրի վրայից զննել է
տեղանքը, ծայրամասերը: Կտավում քամուց օրորվող ծառեր են, խմբված ու պայթելու
պատրաստ ամպեր: Նկարում պատկերված
եկեղեցին ու գերեզմանոցը ավելացել են վերջնական տարբերակում: Նախնական էսքիզը ևս
պահպանվել է: Վերջնական տարբերակում գրեթե ամբողջ մակերեսը ծածկված է ջրով ու
ամպերով, ավելացել է լույսը, ջրից առանձնացել են ափերը, ամպերի ծավալը փոքրացել է, դրանք խտացել են, դարձել
ամբողջական, առանց ստվերների: Սակայն պահպանվել է հիմնական գաղափարը. Դա մահվան
մասին միտքն է, և ավելին, քան մահվան գաղափարը, ինչը տանջում էր նկարչին: Լևիտանի
աշակերտուհի Կուվշիննիկովան ասում էր, որ այս կտավը ստեղծելիս ուսուցիչը հաճախ
է խնդրել իրեն նվագել Բեթհովենի ‹‹Հերոսական
սիմֆոնիան››: Նկարի գաղափարը հետևյալն է` ցանկացած ոք մահանում է, սակայն աշխարհը
շարունակում է գոյություն ունենալ, բնությունը միշտ հիասքանչ է մնում, իսկ մարդը`
իր տագնապներով ու վշտերով, կյանքի շղթայի միայն մի փոքր մասնիկն է…
Հավերժական հանգիստ |
Նյութը պատրաստեց Զառա Սիմոնյանը
Комментариев нет:
Отправить комментарий