понедельник, 8 декабря 2014 г.

Էջմիածնի Մայր տաճարը





Էջմիածնի Մայր տաճարը Ագաթանգեղոսի վկայությամբ կառուցվել է 301-303 թթ. Տրդատ 3-րդ թագավորի գահակալության (273-330 թթ.) և հայոց առաջին հայրապետ Գրիգոր Լուսավորչի օրոք: Հայաստանի այս առաջին եկեղեցին, որ առաջիններից է նաև բովանդակ քրիստոնեական աշխարհում, իր բազմադարյան գոյության ընթացքում բազում վերակառուցումների է ենթարկվել, ավերվել և վերաշինվել է, որոնց հետևանքով խաթարվել են նրա նախնական ձևերը։

Էջմիածնի Մայր տաճարի ընդհանուր տեսքը


Պարսից Շապուհ արքայի ասպատակությունների ընթացքում Հայաստանում քանդվել-ավերվել են բազում եկեղեցիներ (հավանաբար նաև Վաղարշապատի Մայր տաճարը): 4-րդ դ. երկրորդ կեսին դրանց վերաշինությունը ձեռնարկել են Ներսես կաթողիկոսն ու նրա հաջորդ Սահակը (387-389 թթ.)։
Տաճարի զանգակատունը
Մայր տաճարի հաջորդ նորոգումը տեղի է ունեցել 5-րդ դարի վերջին քառորդում Հայաստանի առաջին հայազգի մարզպան վահան Մամիկոնյանի անմիջական նախաձեռնությամբ, որը «...հիմնարկեալ նորոգեաց մեծապայծառ շքեղութեամբ զհնացեւպ գործ նախնեաց իւրոց»։ Վահան Մամիկոնյանի վերաշինական բեղմնավոր գործունեության մասին Հայաստանի զանազան տեղերում և Վաղարշապատում վկայում է նաև Սեբեոսը։ Նրա ժամանակ կատարված վերանորոգումների բնույթի շուրջ կան տարակարծություններ։ Թ. Թորամանյանը այն եզրակացությանն է հանգել, որ էշմիածնի Մայր տաճարը ի սկզբանե կենտրոնագմբեթ խաչաձև հորինվածք է ունեցել ու պսակված է եղել 5 գմբեթներով (գլխավորը կենտրոնում, մնացածները՝ անկյունային չորս ավանդատների վրա): Քառակուսի հատակագծում ամփոփված չորս աբսիդները Վահան Մամիկոնյանի կատարած վերակառուցման ընթացքում, աղոթասրահն ընդլայնելու նպատակով, իրենց հնգանիստ ծավալներով ճակատների նկատմամբ դուրս են բերվել։ Այդ հորինվածքով էլ 5-րդ դարից մեզ է հասել էջմիածնի Մայր տաճարը։
Ինչպես վկայում են այլ պատմիչներ, Վահան Մամիկոնյանի կողմից իրականցված վերակառուցումից հետո էշմիածնի Մայր տաճարը փայտածածկ է եղել, որը Հռիփսիմեի տաճարը կառուցել տվողի՝ Կոմիտաս կաթողիկոսի օրոք, փոխարինվել է քարակերտ թաղագմբեթային համակարգով։
Որոշ հետազոտողներ Ղ. Փարպեցու «Հիմնարկեալ նորոգեաց» վկայությունը մեկնաբանելով որպես հիմնովին նորոգում, նորից կառուցում, այն կարծիքն են առաշ քաշել, որ Մայր տաճարի նախնական շենքը եղել է բազիլիկատիպ, իսկ մեզ հասած հորինվածքը հետևանք է 7-րդ դարում Ներսես Գ կաթողիկոսի կողմից կատարված վերակառուցման, երբ տաճարի փայտաշեն ծածկը փոխարինվել է քարով:
Տաճարի 1954—1955 թթ. իրականացված վերանորոգման ու ամրացման աշխատանքների ընթացքում Ա. Սահինյանի կատարած պեղումների արդյունքները չհավաստեցին Մայր տաճարի նախնական շենքը բազիլիկատիպ լինելու մասին կարծիքը։
Շինության գմբեթը
Ներկա վիճակով տաճարի հատակագիծը քառանկյունի է, արտաքուստ 22,55X20,72 մ չափերով։ Նրա հարավային, արևմտյան և հյուսիսային կողմերից դուրս են շեշտված ներսից կիսաշրջան և դրսից հնգանիստ աբսիդները։ Արևելյան աբսիդը (ավագ խորանը) տեղավորված է հյուսիսից-հարավ ձգված երկու ավանդատների միշև։ Տաճարն ունի երեք մուտք։ Գլխավորը՝ արևմտյան զանգակատան տակից է, իսկ մնացած երկուսը՝ տաճարի հարավ-արևմտյան և հյուսիս-արևմտյան անկյուններին մոտ։ Ենթադրվում է, որ եղել է նաև չորրորդ մուտք՝ հարավ-արևելյան անկյան մոտ։
Քառանկյունի աղոթասրահի կենտրոնում տեղավորված են հատակագծում խաչաձև հատվածք ունեցող չորս հզոր մույթեր, որոնք միմյանց ու հանդիպակաց պատերի հետ միացված են կամարներով։ Մույթերի տեղադրությամբ առաջացած գմբեթատակ քառակուսու վրա բարձրանում են թմբուկն ու այն պսակող գմբեթը։ Աղոթասրահի առաստաղի չորս քառակուսի հատվածները ծածկված են խաչաձև, իսկ նրանց միշև գտնվող մասերը՝ գլանաձև թաղերով։
Տաճարի խորաններից
Տաճարի հնությունը վկայող մասեր նշմարելի են արևմտյան և հատկապես հյուսիսային ճակատներում։ Դրանցից են հյուսիսային ճակատի աշ և ձախ հատվածների վեոնամասերում պահպանված եռանկյունաձև ճակտոնների (որոնք Թ. Թորամանյանի կարծիքով տաճարի երբեմնի հինգ գմբեթների գոյության ապացույցն են), պճղակավոր քիվերի մնացորդները, նույն ճակատի արևելյան հատվածի հարթությանը ագուցված երկու սալաքարերը, որոնց վրա կան հունարեն մակագրություններով բարձրաքանդակներ։ Վերջիններից մեկում պատկերված են Պողոսն ու Թեկղեն, իսկ մյուսում՝ երկու թռչուններ շրջանագծի մեջ։ Հետազոտողները դրանք թվագրում են 5-7-րդ դարերով, ոմանք նույնիսկ ժամանակակից են համարում Տրդատ Երրորդին և Գրիգոր Լուսավորչին (4-րդ դարի սկիզբ
Հին շարվածքը քարերի գույնով ու պահպավածությամբ որոշակիորեն զատվում է հետագայում նորոգված-լրացված շարքերից։ 1954-55 թթ. կատարված աշխատանքների ժամանակ ծեփից ազատված հյուսիսային պատի ներսի երեսին բացվեց փայտե գերանների միջոցով իրականացված հակաերկրաշարժային գոտի (ինչպիսիք կային Տեկորի տաճարի ներքին պատերում): Ավագ խորանի տակին բացվեցին ավելի հին աբսիդի պատեր, որմնանկարի ու խճանկարի բեկորներ,որմնամույթերի տակին՝ տրամատավորված գետնախարիսխներ, որոնք հանդիպում են 4-5-րդ դդ. հուշարձաններում։
էջմիածնի տաճարի հնամենի ձևերի աղավաղումները հետևանք են 17-րդ դարում կատարված հիմնական վերանորոգումների։ 1627 թ. Մովսես կաթողիկոսի օրոք դրսից և ներսից ամրացվել են տաճարի խարխլված պատերը, վերականգնվել է աղոթասրահի ծածկը, հիմնահատակ կործանված գմբեթը։ 1633 թվականից շարունակելով իր նախորդի վերաշինական շանքերը, Փիլիպոս կաթողիկոսը տաճարի տանիքը և շրջապատը սալարկել է տվել քարե սալերով։ Այնուհետև՝ 1654-64թթ. տաճարի արևմտյան կողմից կցակառուցվել է աշտարակաձև զանգակատունը։ 1682 թ. Եղիազար կաթողիկոսի պատվերով տաճարի կենտրոնում՝ գմբեթի տակ, տեղադրվել է «իջման սեղանը»։ Աստվածատուր կաթողիկոսի օրոք, 1720 թ. տաճարի ներքին պատերը պատվել են որմնանկարներով (նկարիչ Նաղաշ Հովնաթանյան): Հետագայում այդ աշխատանքը շարունակել է նկարչի թոռ՝ Հովնաթան Հովնաթանյանը։ Չորս աբսիդների վրա փոքր գմբեթների հավելումով ավելի շատ աղճատվել են տաճարի արտաքին ծավալատարածական ձևերը, մանավանդ երբ 1869թ. արևելյան կողմից կցակառուցվել է իր ճարտարապետությամբ տաճարի հնամենի ձևերին անհարիր թանգարանի շենքը։ 1954-1955 թթ. կատարվել են տաճարի հիմնական նորոգման ու ամրացման, իսկ Վազգեն Ա կաթողիկոսի օրոք՝ 1956-1964 թթ. ներքին բարեզարդման աշխատանքներ։
Նյութը պատրաստեց Զառա Սիմոնյանը
Վարազդատ Հարությունյանի <<Հայկական ճարտարապետության պատմություն>> գրքից

լուսանկարները` www.ejmiatsin.am կայքից
www.ejmiatsin.am

Комментариев нет:

Отправить комментарий